Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.05.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.05.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1012/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1012/02/12

2017թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝

Ն. Բարսեղյան

Մ. Հարթենյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2017 թվականի մայիսի 10-ին

քննարկելով ըստ հայցի Վարդան Ղազարյանի ընդդեմ Մելիք Գասպարյանի իրավահաջորդներ Անահիտ Մնացականյանի և Ալեքս Գասպարյանի, «Մ. Գ. Հաուզինգ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի` բաց թողնված օգուտի` 66.700.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչ Մակիչ Մանուչարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Վարդան Ղազարյանը պահանջել է պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ իրեն բռնագանձել 66.700.000 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ՝ Դատարան) 24.11.2016 թվականի վճռով հայցը՝ Մելիք Գասպարյանի իրավահաջորդներ Անահիտ Մնացականյանից ու Ալեքս Գասպարյանից հօգուտ Վարդան Ղազարյանի` բաց թողնված օգուտի` 66.700.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով, բավարարվել է: Քաղաքացիական գործի վարույթը՝ Ընկերության դեմ ներկայացված պահանջի մասով, կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 22.12.2016 թվականի որոշմամբ Դատարանի 24.11.2016 թվականի վճռի դեմ Անահիտ Մնացականյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Մնացականյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Վարդան Ղազարյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը      

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի «դ» կետը, 31-րդ հոդվածի «գ» կետը, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի     53-րդ հոդվածի 1-ին կետը և 131-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացնելիս և պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելիս, պատշաճ չի գնահատել միջնորդությանը կից ներկայացված բողոք բերած անձի գույքային դրությունը հիմնավորող ապացույցները, մասնավորապես՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են թիվ ԵԿԴ/0815/02/14 և թիվ ԵԿԴ/0243/02/14 քաղաքացիական գործերից և թիվ ՎԴ/13154/05/13 վարչական գործից քաղվածքներ, որոնցից հստակ երևում է, որ Անահիտ Մնացականյանի դեմ հարուցվել են բավականին մեծ գումարների բռնագանձման պահանջներով հայցեր, կիրառվել են արգելանքներ, որոնց հետևանքով վերջինս հնարավորություն չունի տնօրինելու իր գույքը և զրկված է նման մեծ գումարի չափով պետական տուրք վճարելու հնարավորությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» 22.12.2016 թվականի որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ պետական տուրքի գծով արտոնություններից պետական տուրքի հետաձգումը կարող է սահմանվել, այսինքն՝ օրենսդիրը չի նախատեսել իմպերատիվ պահանջ բոլոր դեպքերում կիրառելու պետական տուրքի գծով արտոնություն, այն հանդիսանում է հայեցողական լիազորություն:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի     1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։ Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները` ա) պետական տուրքի վճարումից ազատում, բ) պետական տուրքի նվազեցում, գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում, դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում, ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

ՀՀ սահմանադրական դատարանը, 25.05.2010 թվականի թիվ ՍԴՈ-890 որոշման շրջանակներում արձանագրելով, որ պետական տուրք վճարելու սահմանադրական պարտականության կատարումը սերտորեն առնչվում է անձի` դատարան դիմելու սահմանադրական իրավունքի իրացման հնարավորության հետ, ընդգծել է, որ դատարաններում պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատարան դիմելու սահմանադրական իրավունքից անձին զրկելու նպատակ: Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի      1-ին պարբերության «գ» կետը դատարանի մատչելիության իրավունքի իրացման հնարավորություն է երաշխավորում ոչ բավարար ֆինանսական միջոցներ ունեցող անձանց համար: Ընդ որում, համապատասխան արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշումներում անդրադառնալով վկայակոչված հոդվածներին,  նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից, և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի    1-ին կետով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տե´ս, Արմենակ և Գուլյա Սահակյաններն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ            3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 վճիռը, կետ 44):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը նախատեսում է դատարանում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառման երկու ընթացակարգ` օրենքի ուժով և դատարանի հայեցողությամբ: Այսպես, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածը սպառիչ ամրագրել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում դատական պաշտպանություն հայցող սուբյեկտն օրենքի ուժով ազատվում է պետական տուրքի վճարումից: Նման հիմքերից որևէ մեկի առկայությունը չի պահանջում շահագրգիռ անձի կողմից պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության հարուցում և դրա քննարկում ու լուծում դատարանի կողմից: Միաժամանակ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նման արտոնություն կիրառելու հնարավորություն ընձեռել է դատարաններին կամ դատավորներին այն դեպքերում, երբ թեև բացակայում են նույն օրենքի 22-րդ հոդվածով սահմանված հիմքերը, սակայն ելնելով կողմերի գույքային դրությունից` անհրաժեշտ է սահմանել նման արտոնություն` երաշխավորելու անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե´ս, Շամամ Կարապետյանն ընդդեմ Արայիկ Միրզոյանի թիվ ԱՐԴ/0913/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառումը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա (սուբյեկտիվ չափորոշիչ), որը, սակայն, ձևավորվում է ապացույցների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտման վրա (օբյեկտիվ չափորոշիչ): Բացի այդ, ներքին համոզման հիման վրա ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի բաղկացուցիչ մաս, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի քաղաքացիական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականը` իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է (տե´ս, <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ Ափինյանների, Սիրանուշ Ծատինյանի թիվ ԵԿԴ/0536/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.06.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ յուրաքանչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության պայմաններում դատարանները պետք է նշված միջնորդությունները քննության առնեն և լուծեն` հաշվի առնելով նաև գործի հանգամանքները: Այսպես, օրինակ, օրենսդիրը, ամրագրելով հայցադիմումների, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրք վճարելու պարտականություն, տարբերակված մոտեցում է դրսևորել պետական տուրքի չափի հարցում` հիմք ընդունելով վիճելի իրավահարաբերության բնույթը` գույքային կամ ոչ գույքային: Դատարանները միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրությունը գնահատելիս որպես ուղղորդող չափանիշ հիմք են ընդունում նաև վճարման ենթակա պետական տուրքի չափը, հետևաբար վիճելի իրավահարաբերության բնույթը պարզելը յուրաքանչյուր դեպքում օբյեկտիվորեն անհրաժեշտ է կամ միջնորդություն հարուցած անձի գույքային դրության վերաբերյալ փաստարկները կարող են հիմնավորվել քննվող գործի շրջանակներում ձեռնարկված դատավարական միջոցներով (օրինակ` որպես հայցի ապահովման միջոց` արգելանք է դրվել անձի դրամական միջոցների վրա):

Վերոգրյալից հետևում է, որ միջնորդություն ներկայացրած անձի գույքային դրության գնահատումը չի կարող իրականացվել` անտեսելով գործի հանգամանքները, հետևաբար դատարանները նման միջնորդություններ քննության առնելիս պետք է ուսումնասիրեն նաև համապատասխանաբար հայցադիմումները, վերաքննիչ և վճռաբեկ բողոքները (տե´ս, <<Ռեքվիեմ>> ՍՊԸ-ն ընդդեմ <<Մեգարոն>> ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն՝ պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի  վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է՝ այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք, հետևաբար դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց՝ դատական ակտի օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե´ս, Միշա և Յաշա Գրիգորյաններն ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի և մյուսների թիվ ՏԴ1/0171/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն՝ Անահիտ Մնացականյանը Դատարանի 24.11.2016 թվականի վճռի դեմ ներկայացրել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացված պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությամբ խնդրել է հետաձգել պետական տուրքի վճարումն այն պատճառաբանությամբ, որ թիվ ԵԿԴ/0815/02/14, թիվ ԵԿԴ/0243/02/14 քաղաքացիական և թիվ ՎԴ/13154/05/13 վարչական գործերով Անահիտ Մնացականյանի գույքի և դրամական միջոցների վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հետևանքով հնարավորություն չունի վճարելու վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը: Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է նաև վերոնշյալ քաղաքացիական և վարչական գործերի ընթացքի վերաբերյալ www.datalex.am կայքից արված քաղվածքները:

Վերաքննիչ դատարանը, մերժելով նշված միջնորդությունը, վերադարձրել է վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձը չի ներկայացրել միջնորդությունը հիմնավորող բավարար ապացույցներ այն մասին, որ բողոքաբերի գույքային դրությունը տուրքի վճարման համար արտոնություններ կիրառելու հիմքեր է առաջացնում, իսկ ինչ վերաբերում է բողոքին կից ներկայացված ապացույցներին, ապա դրանցով չի բացահայտվում բողոքաբերի գույքային դրությունը։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին և բողոք բերած անձի ներկայացրած ապացույցներին` թիվ ԵԿԴ/0815/02/14, թիվ ԵԿԴ/0243/02/14 քաղաքացիական և թիվ ՎԴ/13154/05/13 վարչական գործերի ընթացքի վերաբերյալ www.datalex.am կայքից արված քաղվածքներին, արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0815/02/14 վերոգրյալ քաղաքացիական գործով Անահիտ Մնացականյանի գույքի վրա որպես հայցի ապահովում արգելանք դնելու հետևանքով պետական տուրքը վճարելու հնարավորության բացակայության հանգամանքը համարվում է բավարար օբյեկտիվ հիմք Անահիտ Մնացականյանի գույքային դրությունը ծանր դիտելու համար՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սույն գործով ներկայացված գույքային պահանջն իրենից ներկայացնում է 66.700.000 ՀՀ դրամի բռնագանձման պահանջ: Անահիտ Մնացականյանի գույքի նկատմամբ որպես հայցի ապահովում արգելանք դնելու պայմաններում վերջինս զրկված է գույքը տնօրինելու հնարավորությունից, որը հանգեցնում է բողոքաբերի գույքային և ֆինանսական վիճակի վատթարացմանը և արդյունքում բողոքաբերը, զրկված լինելով վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու հնարավորությունից, զրկվում է նաև իր համար անբարենպաստ դատական ակտը վերանայելու հնարավորությունից: Հաշվի առնելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձի կողմից ներկայացված ապացույցն արտացոլում է նրա գույքային ծանր դրությունը, հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի հիմքով որպես պետական տուրքի գծով արտոնություն, այն է՝ պետական տուրքի վճարման հետաձգումը, կարող էր սահմանվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/0243/02/14 քաղաքացիական և թիվ ՎԴ/13154/05/13 վարչական գործերի ընթացքի վերաբերյալ www.datalex.am կայքից արված քաղվածքները՝ որպես Անահիտ Մնացականյանի գույքային դրությունը հիմնավորող ապացույցներ գնահատելուն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց չի անդրադառնում, քանի որ այդ գործերի շրջանակներում ներկայացված հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Անահիտ Մնացականյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ խախտելով Անահիտ Մնացականյանի` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը և չի ապահովել Դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:  

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան