ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Վ. Ավանեսյանի | |
Ս. Անտոնյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի | ||
Ն. Տավարացյանի |
2017 թվականի օգոստոսի 23-ին
քննարկելով «Անելիք բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2016 թվականի որոշման դեմ,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով 20.08.2015 թվականին կայացված վճռով հաստատված պարտավորության կատարումն ապահովելու համար բռնագանձում տարածել գրավի առարկա` Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող տան և հողամասի վրա:
Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 13.10.2016 թվականի որոշմամբ Բանկի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 11.11.2016 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է մինչև 22.12.2015 թվականը գործող խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածը (դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ նորմերի մասով նույնաբովանդակ է 06.12.2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի hետ), ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը, խախտել է Բանկի դատական պաշտպանության իրավունքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ սույն գործով ներկայացված հայցի առարկան, հիմքը և հայցապահանջն էականորեն տարբերվում են թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով ներկայացվածներից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործով միակ պատասխանողը Վերժին Սահակյանն է, ում սեփականության իրավունքով պատկանող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջ է ներկայացրել Բանկը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 11.11.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության»։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) որոշումներում:
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):
Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանը եզրահանգել է նաև, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում են «դատարան դիմելու» և «դատարանի մատչելիության» իրավունքները, բացարձակ չեն և կարող են ենթարկվել սահմանափակումների, սակայն կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական և արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովվմամբ (տե՛ս, Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44): Միաժամանակ Եվրոպական դատարանը նշել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է դատարան դիմելու արդյունավետ իրավունք, այնուամենայնիվ, պետության հայեցողությանն է թողնված նշված նպատակի համար անհրաժեշտ միջոցների ընտրության հարցը (տե՛ս, Էյրին ընդդեմ Իռլանդիայի թիվ 6289/73 գանգատով Եվրոպական դատարանի 09.10.1979 թվականի վճիռը, կետ 26):
Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` հայցը կամ դիմումը դատական իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից:
Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանել դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների ու ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը: Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն՝ դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`
1) վեճը ենթակա չէ դատարանում քննության.
2) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է արբիտրաժային տրիբունալի վճիռ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժային տրիբունալի վճռի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելու դեպքի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում` հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկելով հայցվորին:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրն երաշխավորելով յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքը, միաժամանակ սպառիչ կերպով ամրագրել է հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքերը, որոնք ենթակա չեն փոփոխման: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ հայցի ներկայացումը դատարան և դրա հիման վրա քաղաքացիական գործի հարուցումը, առաջ են բերում որոշակի իրավական հետևանքներ: Մասնավորապես, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից է սկսվում հարուցված քաղաքացիական գործի ընթացքը, իսկ դատական պաշտպանություն հայցած անձն իր հերթին ակնկալում է համապատասխան քաղաքացիադատավարական իրավահարաբերությունների առաջացում, այն է՝ և՛ դատարանի, և՛ գործին մասնակցող անձանց մոտ առաջ են գալիս որոշակի դատավարական իրավունքներ և պարտականություններ, որոնց իրականացումը տեղի է ունենում գործի քննության ընթացքում: Հետևաբար, բոլոր այն դեպքերում, երբ դատարանի կողմից որոշում է կայացվում հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, դատարան դիմած անձի դատական պաշտպանության իրավունքը չի իրացվում՝ դրանից բխող իրավական հետևանքներով: Ընդ որում, եթե հայցադիմումի ընդունումը մերժվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով, ապա այդ դեպքում պետք է առկա լինի օրինական ուժի մեջ մտած վճիռ նույն անձանց միջև, միևնույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նույն անձանց միջև, նույն առարկայի մասին միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով գործի վարույթը կարճելու հիմքին, արձանագրել է, որ գործի վարույթը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, կարող է կարճվել միայն այն դեպքում, երբ նույնն են օրինական ուժի մեջ մտած վճռով լուծված և տվյալ քաղաքացիական գործերի
1. կողմերը, այսինքն` քաղաքացիական վարույթում հակադիր շահերով օժտված անձինք,
2. հայցի առարկան, այսինքն` հայցվորի կողմից պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը,
3. հայցի հիմքը, այսինքն` այն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները` բացառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքի:
Հետևաբար վերը նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում քաղաքացիական գործի վարույթը կարճվել չի կարող (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնքն ընդդեմ «Գ. Արշակյան» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0407/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2012 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով հայցադիմումի ընդունումը մերժելու և գործի վարույթի կարճման վկայակոչված հիմքի նույնաբովանդակ լինելը, գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նշված դիրքորոշումը կիրառելի է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու վերաբերյալ որոշում կայացնելիս:
Սույն գործով Բանկը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Վերժին Սահակյանի և երրորդ անձ Յուլիաննա Գրիգորյանի՝ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին (գ.թ. 4-7):
Դատարանը, պատճառաբանելով, որ «թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով 20.08.2015 թվականին կայացված վճռի համաձայն` Բանկն ընդդեմ Յուլիաննա Գրիգորյանի և Վերժին Սահակյանի ներկայացրել է գումար բռնագանձելու, տոկոսներ հաշվեգրելու, բռնագանձումը գրավադրված, ինչպես նաև պատասխանողին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա տարածելու պահանջների մասին հայցադիմում, որը բավարարվել է, այսինքն` տվյալ դեպքում նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ», 13.10.2016 թվականին որոշում է կայացրել Բանկի կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու մասին (գ.թ. 1):
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Դատարանը ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժել է իրավացիորեն` հաշվի առնելով, որ սույն քաղաքացիական գործով և թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով գործին մասնակցող անձինք` կողմերը, հայցադիմումի առարկան և հիմքերը նույնն են, այն է` երկու դեպքում էլ Բանկը հայցադիմում է ներկայացրել նույն անձանց դեմ` գումարի բռնագանձումը գրավադրված գույքի վրա տարածելու պահանջի մասին», Բանկի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 13.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել է օրինական ուժի մեջ (գ.թ. 78-79):
Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.
Սույն գործում առկա՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով 20.08.2015 թվականին կայացված վճռի ներածական մասի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ տվյալ գործով Բանկի կողմից, որպես հայցի առարկա, նշվել է նաև բռնագանձումը գրավադրված, ինչպես նաև պատասխանողին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա տարածելը: Մինչդեռ նույն վճռի` «Հայցվորի փաստարկները և իրավական դիրքորոշումը» բաժնի բովանդակության ուսումնասիրությունը վկայում է, որ նշված գործով Բանկը միայն խնդրել է պատասխանողից բռնագանձել որոշակի գումար և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները, իսկ «բռնագանձումը գրավադրված, ինչպես նաև պատասխանողին պատկանող այլ գույքի և դրամական միջոցների վրա տարածելու մասին» պահանջ Բանկն անգամ գործի քննության ժամանակ չի ներկայացրել: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր հերթին նշված գործով 20.08.2015 թվականին վճիռ է կայացրել միայն գումար բռնագանձելու մասին: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով Բանկը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Վերժին Սահակյանի և երրորդ անձ Յուլիաննա Գրիգորյանի` պահանջելով «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով 20.08.2015 թվականին կայացված վճռով հաստատված պարտավորության կատարումն ապահովելու համար բռնագանձում տարածել գրավի առարկա` Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 77 հասցեում գտնվող տան և հողամասի վրա»:
Այսինքն` թեև սույն գործով և թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով կայացված ու օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վեճը եղել է նույն անձանց` Բանկի, Վերժին Սահակյանի և Յուլիաննա Գրիգորյանի միջև, այնուամենայնիվ սույն քաղաքացիական գործով ու թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով հայցի առարկան նույնը չէ: Մասնավորապես, սույն գործով ներկայացված հայցի առարկան օրինական ուժի մեջ մտած վճռով որոշված դրամական պարտավորության կատարումն ապահովելու նպատակով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին պահանջն է, իսկ թիվ ԵԿԴ/0189/02/15 քաղաքացիական գործով ներկայացված հայցինը` գումար բռնագանձելը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացրած հայցի և վերը նշված գործով հայցի առարկաները տարբեր են, այսինքն` տվյալ դեպքում բացակայում է նույն անձանց միջև, նույն առարկայի մաuին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճռի առկայության հիմքով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը, իսկ Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ, թույլ են տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի խախտում՝ սահմանափակելով Բանկի՝ դատարան դիմելու և դատարանի մատչելիության իրավունքները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.11.2016 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2016 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Վ. Ավանեսյան | |
Ս. Անտոնյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|