Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 2-2563/06թ., 07-884, 3-419(ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 2-2563/06թ., 07-884, 3-419(ՎԴ)

2017թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

Դատավորներ՝

Վ. Ավանեսյան

Գ. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2017 թվականի նոյեմբերի 06-ին

քննարկելով ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Թամարա Դոմազյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, անշարժ գույքի սեփականության և վարձակալության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է լուծել իր և Թամարա Դոմազյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը, անվավեր ճանաչել Թամարա Դոմազյանին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության իրավունքի գրանցման վկայականը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր`Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2007 թվականի որոշմամբ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.07.2017 թվականի որոշմամբ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը բավարարվել է՝ նոր հանգամանքի հիմքով վերանայվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և այն վերացվել է. Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վարույթ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Դոմազյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը, նույն օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 2-րդ կետը, 139-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ գործում առկա չէ որևէ ապացույց (հանձնման մասին ծանուցում, ստացական և այլն), որով կհաստատվեր առաջին ատյանի դատարանի վճիռը պատասխանողին սահմանված ժամկետում հանձնված լինելու հանգամանքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի    1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի, նույն օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 2-րդ կետի, 139-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանն իր մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93, 22095/93 գանգատներով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 207-րդ և 212-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով):

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 138-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճիռը կայացնելուց անմիջապես հետո նախագահողը դատական նիստում հրապարակում է վճռի եզրափակիչ մասը և հայտարարում, թե գործին մասնակցող անձինք երբ կարող են ծանոթանալ վճռի բնագրին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճռի բնագրի կազմելը կարող է հետաձգվել ոչ ավելի, քան երեք օրով, իսկ բացառիկ դեպքերում, առանձնապես բարդ գործերով` ոչ ավելի, քան յոթ օրով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 139-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի վճիռը, այն կազմելուց անմիջապես հետո, պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

 ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 140-րդ հոդվածի համաձայն` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն հրապարակելուց տասնհինգ օր հետո:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 207-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոք բերվում է առաջին ատյանի դատարանի վճիռը հրապարակվելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 212-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարում արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ գտել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալվինա Սիմոնյանն ընդդեմ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/3145/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.02.2017 թվականի որոշումը):

Այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դիրքորոշումները կիրառելի են նաև սույն գործով իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորումների նկատմամբ` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում այնուհանդերձ չի փոփոխվել անձի դատական պաշտպանության իրավունքի բովանդակությունը, որը ներառում է նաև բողոքարկման իրավունքը: Փոփոխությունները հիմնականում կրել են ձևական բնույթ, մասնավորապես՝ փոփոխվել են ժամկետները, սակայն ընդհանուր սկզբունքը՝ անձի դատական պաշտպանության իրավունքի բուն էությունը խաթարող սահմանափակման անթույլատրելիությունը, մնացել է անփոփոխ:

Սույն գործով Դատարանը վճիռը հրապարակել է 01.11.2006 թվականին՝ հայտարարելով, որ գործին մասնակցող անձինք 5 օրվա ընթացքում կարող են ծանոթանալ վճռի բնագրին (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 52-53): Թամարա Դոմազյանը վճռի հրապարակմանը ներկա չի գտնվել, ինչպես նաև գործում առկա չէ Թամարա Դոմազյանի կողմից վճիռն առձեռն ստանալու վերաբերյալ ապացույց: Գործին մասնակցող մյուս անձինք 06.11.2006 թվականին առձեռն ստացել են վճիռը (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 57-58): Գործում առկա է Դատարանի 01.11.2006 թվականի վճիռը Թամարա Դոմազյանին հանձնելու համար 18.11.2006 թվականին փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ թիվ 1337 անդորրագիրը (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 59): Թամարա Դոմազյանի ներկայացուցիչը Դատարանի 01.11.2006 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքն առձեռն ներկայացրել է 28.11.2006 թվականին, այսինքն` օրենքով սահմանված տասնհինգօրյա ժամկետը լրանալուց հետո, և միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը` այն հիմնավորմամբ, որ Դատարանի 01.11.2006 թվականի վճիռը Թամարա Դոմազյանին սահմանված ժամկետից ուշ է հանձնվել (թիվ 07-884 քաղաքացիական գործ, գ.թ. 3): 

Վերաքննիչ դատարանը 19.01.2007 թվականին որոշում է կայացրել Թամարա Դոմազյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին, մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ «բողոքաբերն իր միջնորդությունում նշված հանգամանքը հիմնավորող որևէ գրավոր ապացույց չի ներկայացրել, ավելին քաղաքացիական գործի ուսումնասիրությունից պարզվել է, որ գործում առկա է 1337 անդորրագիրը, համաձայն որի՝ առաջին ատյանի դատարանի կողմից վերը նշված վճռի օրինակը պատասխանող Թամարա Դոմազյանին ուղարկվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 138-րդ և 139-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում՝ 08.11.2006 թվականին՝ պատվիրված նամակով»:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 01.11.2006 թվականին, վճռի բնագիրը պատրաստ է եղել 06.11.2006 թվականին, իսկ Թամարա Դոմազյանին ուղղված նամակը փոստային ծառայությանը հանձնվել է 18.11.2006 թվականին, այլ ոչ թե վճիռը կազմելուց  անմիջապես հետո: Այսինքն՝ վճիռը Թամարա Դոմազյանին ուղարկվել է իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջների խախտմամբ:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ վճռի օրինակը Թամարա Դոմազյանին ուղարկվել է 08.11.2006 թվականին պատվիրված նամակով, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ  Թամարա Դոմազյանին հասցեագրված՝ Դատարանի 01.11.2006 թվականի վճիռն ուղարկելու վերաբերյալ 08.11.2006 թվականով թվագրված ուղեկցական գրությունը (թիվ 2-2563/06թ. քաղաքացիական գործ, գ.թ. 60) չի կարող դիտվել որպես Դատարանի 01.11.2006 թվականի վճիռը սահմանված ժամկետում պատվիրված նամակով Թամարա Դոմազյանին ուղարկելու վերաբերյալ ապացույց՝ նկատի ունենալով, որ նամակը փոստին հանձնվել է 18.11.2006 թվականին:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցի առկայության դեպքում ենթակա է վերականգման իրավունքի ուժով (ex jure):

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, առանց հիմնավոր պատճառաբանության հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու հանգամանքը և վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ սահմանափակելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան