ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/2168/05/14 Դատավորներ՝ Գ. Ղարիբյան
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/2168/05/14
Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան
Ք. Մկոյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ե. Խունդկարյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
2018 թվականի նոյեմբերի 30-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արմեն Մելկումի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արմեն Մելկումի ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն), երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Ծառայությանը 26.02.2014 թվականի դիմում-բողոքի հիմքով Արմեն Մելկումին կենսաթոշակ վճարելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն, 01.05.2013 թվականից սկսած Արմեն Մելկումի սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը, ինչպես նաև կենսաթոշակին հաշվեգրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 01.05.2013 թվականից մինչև կենսաթոշակի ամբողջական փաստացի վճարման պահը, վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Արմեն Մելկումը պահանջել է պարտավորեցնել Ծառայությանը 26.02.2014 թվականի թիվ 14/3173-14 դիմում-բողոքի հիմքով ընդունել իրեն կենսաթոշակ վճարելու մասին բարենպաստ վարչական ակտ և 01.05.2013 թվականից սկսած վճարել իր սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով կենսաթոշակին հաշվեգրված տոկոսները` սկսած 01.05.2013 թվականից մինչև կենսաթոշակի ամբողջական փաստացի վճարման պահը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 25.03.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ծառայությանը պարտավորեցվել է Արմեն Մելկումին վճարել վերջինիս սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը սկսած 01.05.2013 թվականից` վերացնելով 07.03.2014 թվականի թիվ 54/14-215 միջամտող վարչական ակտը, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.12.2016 թվականի որոշմամբ Ծառայության և Նախարարության վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 25.03.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Մելկումը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 60-րդ և 83-րդ հոդվածները, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Արմեն Մելկումը կենսաթոշակ նշանակելու խնդրանքով իրավասու վարչական մարմնին դիմելիս արդեն իսկ ներկայացրել է օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հավաստում են իր` կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալը: Փաստորեն, Արմեն Մելկումն իրեն օրենքով հասանելիք կենսաթոշակի նկատմամբ ունի սեփականության իրավունք: Մինչդեռ այդ իրավունքի իրացման համար ՀՀ քաղաքացու վավեր անձնագիր ներկայացնելը զուտ ձևական պահանջ է, քանի որ տվյալ դեպքում վարչական մարմինն առանց այդ փաստաթղթի էլ կարող էր նույնականացնել Արմեն Մելկումին: Հետևաբար Արմեն Մելկումը զրկվել է իր սեփականության իրավունքից Ծառայության կողմից դրսևորված ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 25.03.2016 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Արմեն Մելկումի` 25.12.1995 թվականին տրված ՀՀ քաղաքացու թիվ AA0277243 անձնագրի վավերականության ժամկետը, որը պետք է ավարտվեր 25.12.2005 թվականին, երկարաձգված է եղել մինչև 25.12.2010 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 21):
2) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երևան քաղաքի թիվ 6 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի թիվ 621874 տեղեկանքի համաձայն` Արմեն Մելկումը հանդիսանում է երկրորդ կարգի հաշմանդամ (հատոր 1-ին, գ.թ. 51):
3) Ծառայության պետի տեղակալի 18.07.2013 թվականի թիվ ՎԳ/ԼԼ-1/7418-13 գրության համաձայն` ՀՀ պետական կենսաթոշակային համակարգի շտեմարանի տվյալներով Արմեն Մելկումին 02.04.1999 թվականից նշանակվել և վճարվել է հաշմանդամության կենսաթոշակ: Արմեն Մելկումի կենսաթոշակը վերջին անգամ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) թիվ 16045106758300 հաշվեհամարին փոխանցվել է 2013 թվականի ապրիլ ամսին, իսկ Բանկում 10.04.2013 թվականին Արմեն Մելկումի նոր` թիվ 16045106758303 հաշվեհամարը բացվել է զինվորական գրքույկի և անվավեր սոցիալական քարտի հիման վրա, որը իրավաչափ չէ և չի կարող հիմք հանդիսանալ կենսաթոշակի վճարումը բանկի միջոցով վերսկսելու համար: Հետևաբար 2013 թվականի մայիս ամսից Արմեն Մելկումի կենսաթոշակի վճարումը շարունակելու հիմքեր չկան (հատոր 1-ին, գ.թ. 41-42):
4) Բանկի կողմից 21.05.2013 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արմեն Մելկումը մինչև 02.04.2013 թվականը Բանկում բացված կենսաթոշակի հաշվեհամարից ստացել է կենսաթոշակային փոխանցումները (հատոր 1-ին, գ.թ. 25):
5) Ծառայության աշխատակազմի Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 07.03.2014 թվականի թիվ 54/14-215 գրությամբ, ի պատասխան Արմեն Մելկումի 26.02.2014 թվականի դիմումի, վերջինիս հայտնվել է, որ ըստ բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` Արմեն Մելկումի` ՀՀ քաղաքացու թիվ AA0277243 անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է 25.12.2010 թվականին, ուստի 2013 թվականի մայիս ամսից չստացած կենսաթոշակի վճարման հարցը կարող է քննության առնվել ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի թիվ 665-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն անհրաժեշտ անձը հաստատող փաստաթուղթը` ՀՀ քաղաքացու անձնագիրը, ներկայացնելու դեպքում (հատոր 1-ին, գ.թ. 48):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի վճարումը դադարեցնելու իրավական հիմքերի և առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի վճարումը կարող է դադարեցվել կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթի` ՀՀ քաղաքացու անձնագրի, վավերականության ժամկետն ավարտվելու հիմքով այն պայմաններում, երբ անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվել:
ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
ՀՀ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի (...) հաշմանդամության (...) և այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք (...):
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պետական կենսաթոշակային ապահովության կառավարմանը և ֆինանսավորմանն առնչվող հարաբերությունները, սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենքով կենսաթոշակի իրավունք ունեցող անձը կենսաթոշակ ստանալու իրավունք ունի, եթե օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել է կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում (...), և նրան նշանակվել է կենսաթոշակ (...):
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը (...):
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ամսվա կենսաթոշակը վճարվում է տվյալ ամսվա ընթացքում կենսաթոշակառուի դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` կենսաթոշակը անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուն (...) կենսաթոշակի վճարումը շարունակելու համար պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ, վերջին անգամ բանկ ներկայանալու (կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստանալու համար դիմելու) ամսվան հաջորդող տասներկուերորդ ամսվա վերջին աշխատանքային օրվանից ոչ ուշ, ներկայանալ բանկ և հայտարարություն ստորագրել Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին (...):
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կենսաթոշակ վճարելը դադարեցվում է` (1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում. (2) կենսաթոշակառուին (...) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում. (2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (...)` լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում. (2.2) եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն տասներկու ամիս անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (...). (3) նույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ չներկայանալու) դեպքում (...):
ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 670-Ն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետի համաձայն` կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարելը կենսաթոշակի գումարը կենսաթոշակառուի բանկային հաշվին փոխանցելն է:
ՀՀ սահմանադրական դատարանը 04.10.2006 թվականի թիվ ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է:
Կենսաթոշակը, սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է նաև ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի: Այս համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հիշատակել, որ Եվրոպական դատարանի կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն` Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված «գույք» հասկացությունն ունի ինքնավար նշանակություն, որը չի սահմանափակվում նյութական իրերի նկատմամբ սեփականության իրավունքով և կապված չէ ներպետական օրենսդրության ձևական դասակարգման հետ: Ինչպես նյութական իրերը, գույքային հանդիսացող որոշակի այլ իրավունքներ ու շահեր նույնպես կարող են համարվել «գույքային իրավունքներ» և հետևաբար նաև` «գույք» նույն դրույթի իմաստով: Յուրաքանչյուր գործով պարզաբանման ենթակա հարցն այն է, թե արդյոք, գործի բոլոր հանգամանքներից ելնելով, դիմումատուն ունեցել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող նյութական շահ (տե´ս, օրինակ, Մինասյանը և Սեմերջյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 23.06.2009 թվականի վճիռը, 55-րդ կետ):
Միաժամանակ Եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով «սեփականություն» հասկացության ընդլայնված մեկնաբանություն` օգտագործելով «օրինական սպասելիք» հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքը ստանում է «սեփականություն» որակումն այն պահից, երբ անձն ունենում է «օրինական սպասելիք» իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and others v. Belgium (17849/91) գործով Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` պահանջի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի իմաստով կարող է ընկալվել որպես գույքային իրավունք, եթե բավարար չափով հիմնավորված է, որ այն կարող է իրավաբանորեն իրացվել (տե՛ս, Burdov v. Russia (59498/00) գործով Եվրոպական դատարանի 07.05.2002 թվականի վճիռը, 40-րդ կետ):
ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի վերոգրյալ իրավական դիրքորոշումները, իր նախկին որոշումներում ևս արձանագրել է, որ կենսաթոշակի իրավունքը Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածով պաշտպանվող գույքային իրավունք է (տե՛ս, օրինակ` Թերեզա Գևորգյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության թիվ ՎԴ/5086/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդիրը տարանջատել է «կենսաթոշակի իրավունք» և «կենսաթոշակ ստանալու իրավունք» հասկացությունները: Ընդ որում, դրանցից յուրաքանչյուրի ծագման համար նախատեսվել են տարբեր իրավաբանական փաստեր: Մասնավորապես` կենսաթոշակի իրավունքը ծագում է օրենքով նախատեսված որոշակի պայմանների առկայության դեպքում, իսկ կենսաթոշակ ստանալու իրավունքը` կենսաթոշակի իրավունքի առկայությամբ պայմանավորված` համապատասխան մարմին սահմանված կարգով դիմելու պարագայում (տե՛ս, Արարատ Ափոյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության թիվ ՎԴ/6690/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային ապահովության հետ կապված հարաբերությունները կարգավորող հիմնական օրենսդրական ակտը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն է, որը սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները, կենսաթոշակ հաշվարկելու, նշանակելու և վճարելու պայմաններն ու կարգը: Օրենսդիրը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով ամրագրելով պետական կենսաթոշակների տեսակները, դրանց շարքում սահմանել է նաև հաշմանդամության կենսաթոշակը, որը դասվում է աշխատանքային կենսաթոշակների շարքին («Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ):
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի իմաստով ֆիզիկական անձանց կենսաթոշակ նշանակելը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի առթիվ հարուցված վարչական վարույթի արդյունքում կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի կողմից կայացվող որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին հնարավորություն է տալիս անարգել օգտվելու կենսաթոշակ ստանալու իր իրավունքից: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ ֆիզիկական անձինք կարող են ձեռք բերել հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունք, եթե կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող մարմնի համապատասխան ստորաբաժանում դիմելու պահին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու մարմնի կողմից ճանաչվել են հաշմանդամ և ունեն որոշակի աշխատանքային ստաժ: Ընդ որում, հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում և վճարվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի վկայակոչված իրավադրույթների, ինչպես նաև ՀՀ կառավարության 05.05.2011 թվականի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» թիվ 670-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումներից հետևում է, որ նշանակված կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարումը կատարվում է երկու եղանակով` կանխիկ ու անկանխիկ: Ընդ որում, կենսաթոշակի վճարման անկանխիկ եղանակը ենթադրում է կենսաթոշակի գումարի փոխանցում կենսաթոշակառուի անվամբ օրենքով սահմանված կարգով բացված սոցիալական ապահովության բանկային հաշվին: Միևնույն ժամանակ օրենսդիրը նշված օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասում անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների համար սահմանել է տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն ստորագրելու պարտականություն:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում սպառիչ կերպով սահմանել է նշանակված կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարումը դադարեցնելու հիմքերը: Նշանակված կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարման դադարեցումն օրենսդիրը պայմանավորել է այնպիսի իրավաբանական փաստերի առաջացմամբ, ինչպիսիք են կենսաթոշակառուի` կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարումը, կենսաթոշակառուին տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարվելը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով բանկ ներկայանալու և Հայաստանի Հանրապետությունում լինելու մասին հայտարարություն ստորագրելու պարտականությունը կենսաթոշակառուի կողմից չկատարվելը և այլն:
Այսպիսով, կենսաթոշակ նշանակելու իրավասություն ունեցող վարչական մարմինը կարող է դադարեցնել նշանակված կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարումը բացառապես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հիմքերի բացակայության պայմաններում կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարման դադարեցումը ոչ իրավաչափ միջամտություն է կենսաթոշակառուի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի նկատմամբ: Այլ կերպ ասած` իրավասու վարչական մարմնի կողմից, առանց օրենքով սպառիչ սահմանված հիմքերի առկայության, անձի կենսաթոշակի վճարումը դադարեցնելը ոչ իրավաչափ վարչարարության դրսևորում է, որը խախտում է կենսաթոշակառուի սեփականության իրավունքը:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ անձին հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակի վճարումը դադարեցնելու հիմքերի շարքում օրենսդիրը չի նախատեսել կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթերի, մասնավորապես` ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետի ավարտվելը:
Այսպես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին անձնագիր ստանում է կամավոր` անկախ տարիքից, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) 16 տարին լրացած քաղաքացիներին [անձնագիրը տրամադրվում է] 10 տարի վավերականության ժամկետով (...):
ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության» 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության 16 տարին լրացած քաղաքացու անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով: Ժամկետանց անձնագրերն անվավեր են և ենթակա են փոխանակման` սահմանված կարգով:
Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ իրավակիրառ պրակտիկայում կարող են հանդիպել այնպիսի իրավիճակներ, երբ կենսաթոշակի նշանակումից հետո` կենսաթոշակի վճարման ենթակա լինելու ժամանակահատվածի ընթացքում, կենսաթոշակառուի անձնագրի վավերականության ժամկետն ավարտվում է: Այդպիսի իրավիճակ կարող է առաջանալ, օրինակ, այն դեպքում, երբ տվյալ կենսաթոշակառուի անձնագիրը, որը տրվել է 10 տարի ժամկետով, կենսաթոշակի նշանակման պահին վավերական է եղել, սակայն կենսաթոշակի վճարման ժամանակահատվածի ընթացքում նշված տասնամյա ժամկետը լրացել է, և կենսաթոշակառուի անձնագիրը դարձել է անվավեր: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննարկվող իրավիճակի առաջացումը չի կարող հիմք հանդիսանալ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու համար, քանի որ նշանակված կենսաթոշակի վճարումը կարող է դադարեցվել բացառապես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, իսկ կենսաթոշակառուի անձնագրի վավերականության ժամկետի ավարտվելն այդ հիմքերի շարքում նախատեսված չէ:
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարման ենթակա լինելու ժամանակահատվածի ընթացքում կենսաթոշակառուի անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելու հիմքով կենսաթոշակի վճարումն իրավասու վարչական մարմնի կողմից դադարեցնելը ոչ իրավաչափ վարչարարություն է, որը հանգեցնում է կենսաթոշակառուի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտման:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Արմեն Մելկումին` որպես երկրորդ կարգի հաշմանդամի, 02.04.1999 թվականից նշանակվել և վճարվել է հաշմանդամության կենսաթոշակ: Արմեն Մելկումին հաշմանդամության կենսաթոշակի վճարումն անկանխիկ եղանակով` Բանկում բացված հաշվեհամարի միջոցով, վերջին անգամ կատարվել է 2013 թվականի ապրիլ ամսին: Այնուհետև` 2013 թվականի մայիս ամսից Ծառայությունը դադարեցրել է Արմեն Մելկումին հաշմանդամության կենսաթոշակի վճարումը: Արմեն Մելկումը դիմել է Ծառայությանը` 2013 թվականի մայիս ամսից իրեն չվճարված կենսաթոշակը վճարելու և վճարումները շարունակելու պահանջով, սակայն Ծառայությունը 07.03.2014 թվականի թիվ 54/14-215 գրությամբ մերժել է Արմեն Մելկումի պահանջը` պատճառաբանելով, որ Արմեն Մելկումի թիվ AA0277243 անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է 25.12.2010 թվականին, ուստի 2013 թվականի մայիս ամսից չստացած կենսաթոշակի վճարման հարցը կարող է քննության առնվել վավերական անձնագիր ներկայացվելու դեպքում: Ծառայությունն Արմեն Մելկումի հաշմանդամության կենսաթոշակի վճարումը դադարեցնելու հիմքում, ըստ էության, դրել է այն հիմնավորումը, որ Բանկում 10.04.2013 թվականին բացված Արմեն Մելկումի նոր հաշվեհամարը բացվել է զինվորական գրքույկի և անվավեր սոցիալական քարտի հիման վրա, ինչն իրավաչափ չէ, քանի որ զինվորական գրքույկը չի հանդիսանում Արմեն Մելկումի անձը հաստատող փաստաթուղթ և չի կարող հիմք հանդիսանալ 2013 թվականի մայիս ամսից Արմեն Մելկումի կենսաթոշակի վճարումը շարունակելու համար:
Արմեն Մելկումը դիմել է վարչական դատարան` պահանջելով պարտավորեցնել Ծառայությանը 26.02.2014 թվականի թիվ 14/3173-14 դիմում-բողոքի հիմքով ընդունել իրեն կենսաթոշակ վճարելու մասին բարենպաստ վարչական ակտ և 01.05.2013 թվականից սկսած վճարել իր սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված կարգով կենսաթոշակին հաշվեգրված տոկոսները` սկսած 01.05.2013 թվականից մինչև կենսաթոշակի ամբողջական փաստացի վճարման պահը:
Դատարանը մասնակիորեն բավարարել է Արմեն Մելկումի հայցը` Ծառայությանը պարտավորեցնելով Արմեն Մելկումին վճարել վերջինիս սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը սկսած 01.05.2013 թվականից և վերացնելով Ծառայության աշխատակազմի Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 07.03.2014 թվականի թիվ 54/14-215 միջամտող վարչական ակտը, իսկ մնացած մասով հայցը մերժել է: Դատարանը պատճառաբանել է, որ զինվորական գրքույկը Հայաստանի Հանրապետությունում նույնպես հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ: Հետևաբար, ըստ Դատարանի, պատասխանող վարչական մարմինը, հիմք չընդունելով Արմեն Մելկումի զինվորական գրքույկը որպես անձը հաստատող փաստաթուղթ և չվճարելով վերջինիս կենսաթոշակը, չի իրականացրել պատշաճ վարչարարություն: Դատարանը գտել է, որ Ծառայության կողմից Արմեն Մելկումին կենսաթոշակ չվճարելը հակասում է ՀՀ կառավարության 22.12.1999 թվականի «Անձը հաստատող փաստաթղթի մասին» թիվ 767 որոշմանը և խախտում է վերջինիս կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Վերաքննիչ դատարանը բավարարել է Ծառայության և Նախարարության վերաքննիչ բողոքները և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` ամբողջությամբ մերժել է Արմեն Մելկումի հայցը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Արմեն Մելկումի կողմից կենսաթոշակը վճարելու պահանջով վարչական մարմնին դիմելիս ներկայացվել է ՀՀ քաղաքացու անվավեր անձնագիր, իսկ հայցվորի կողմից որպես անձը հաստատող փաստաթուղթ ներկայացված զինվորական գրքույկը չի կարող համարվել կենսաթոշակ վճարելու համար անձը հաստատող փաստաթուղթ, քանի որ զինվորական գրքույկը հանդիսանում է անձը հաստատող փաստաթուղթ միայն ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց համար: Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ծառայության կողմից Արմեն Մելկումին կենսաթոշակ չվճարելն իրավաչափ է:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Արմեն Մելկումին 25.12.1995 թվականին տրված ՀՀ քաղաքացու թիվ AA0277243 անձնագրի վավերականության ժամկետն ավարտվել է 25.12.2010 թվականին, քանի որ Արմեն Մելկումի անձնագրի վավերականության տասնամյա ժամկետը երկարաձգված է եղել ևս հինգ տարով` ՀՀ կառավարության 25.12.1998 թվականի թիվ 821 որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետությունում անձնագրային համակարգի կանոնադրության»` մինչև 12.08.2017 թվականը գործող խմբագրությամբ 3-րդ կետի ուժով, որի համաձայն` (...) գործածության համար պիտանի անձնագրերի ժամկետը (...) կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով (...): Ծառայությունը 2013 թվականի մայիս ամսից դադարեցրել է Արմեն Մելկումին 02.04.1999 թվականից նշանակված հաշմանդամության կենսաթոշակի վճարումը` Արմեն Մելկումի թիվ AA0277243 անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելու հիմքով:
Մինչդեռ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն` նշանակված հաշմանդամության կենսաթոշակի վճարումը կարող է դադարեցվել բացառապես «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, իսկ կենսաթոշակառուի անձնագրի վավերականության ժամկետի ավարտվելն այդ հիմքերի շարքում նախատեսված չէ: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, Արմեն Մելկումի հաշմանդամության կենսաթոշակի վճարումը վերջինիս անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելու հիմքով դադարեցնելը Ծառայության կողմից ոչ իրավաչափ վարչարարության դրսևորում է, որը հանգեցրել է Արմեն Մելկումի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտման:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Արմեն Մելկումին 02.04.1999 թվականից նշանակված հաշմանդամության կենսաթոշակի վճարումը չէր կարող դադարեցվել 2013 թվականի մայիս ամսից, քանի որ տվյալ դեպքում բացակայել են այդ կենսաթոշակի վճարումը դադարեցնելու համար անհրաժեշտ` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերը: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործում առկա չէ որևէ փաստական տվյալ, չի ներկայացվել որևէ իրավական հիմք կամ փաստարկ, որի համաձայն` Արմեն Մելկումին 02.04.1999 թվականից նշանակված հաշմանդամության կենսաթոշակ ստանալու իրավունքը 2013 թվականի մայիս ամսին դադարած է եղել կամ ներկայումս այն դադարած է: Այսինքն` Ծառայությունը 2013 թվականի մայիս ամսից դադարեցրել է Արմեն Մելկումին 02.04.1999 թվականից նշանակված հաշմանդամության կենսաթոշակի վճարումը` այդ կենսաթոշակը ստանալու վերջինս իրավունքը դադարած չլինելու պայմաններում: Ասվածն էլ իր հերթին ենթադրում է, որ Ծառայությունը պարտավոր էր որոշում կայացնել Արմեն Մելկումին 02.04.1999 թվականից նշանակված և 2013 թվականի մայիս ամսից վճարումը դադարեցված հաշմանդամության կենսաթոշակի վճարումը շարունակելու վերաբերյալ, ինչն էլ վերջինիս հնարավորություն կտար անարգել օգտվելու կենսաթոշակ ստանալու իր գույքային իրավունքից:
Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայությունը, 07.03.2014 թվականի թիվ 54/14-215 գրությամբ մերժելով 2013 թվականի մայիս ամսից իրեն չվճարված կենսաթոշակը վճարելու և վճարումները շարունակելու պահանջի վերաբերյալ Արմեն Մելկումի դիմումը, կայացրել է ոչ իրավաչափ վարչական ակտ: Այդ միջամտող վարչական ակտը` Ծառայության աշխատակազմի Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 07.03.2014 թվականի թիվ 54/14-215 գրությունը, ընդունվել է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, որի արդյունքում տեղի է ունեցել ոչ իրավաչափ միջամտություն Արմեն Մելկումի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի նկատմամբ: Ընդ որում, Արմեն Մելկումին 02.04.1999 թվականից նշանակված հաշմանդամության կենսաթոշակի վճարումը պետք է շարունակվի այն Ծառայության կողմից ոչ իրավաչափ կերպով դադարեցվելու պահից, այսինքն` 2013 թվականի մայիս ամսից: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված այն իրավակարգավորումը, որի համաձայն` կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ամբողջ ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակի իրավունք է ունեցել:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ Արմեն Մելկումի զինվորական գրքույկը որպես վերջինիս անձը հաստատող պատշաճ փաստաթուղթ հանդիսանալու կամ չհանդիսանալու հանգամանքը որևէ նշանակություն չունի սույն գործի քննության և լուծման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Արմեն Մելկումի հաշմանդամության կենսաթոշակի վճարումը Ծառայության կողմից դադարեցվել է ապօրինի կերպով, և այն ենթակա է վերականգնման` առանց որևէ լրացուցիչ նախապայմանի:
Հետևաբար Դատարանն իր վճռում իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ Արմեն Մելկումին նշանակված հաշմանդամության կենսաթոշակը ենթակա է վճարման վերջինիս սկսած 01.05.2013 թվականից, իսկ Ծառայության աշխատակազմի Մալաթիա-Սեբաստիայի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետի 07.03.2014 թվականի թիվ 54/14-215 գրությունը ենթակա է անվավեր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը սխալ է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դատական ակտին պետք է օրինական ուժ տալ` սույն որոշման պատճառաբանություններով:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն որոշմամբ Դատարանի վճռին օրինական ուժ է տրվում միայն Ծառայությանը 26.02.2014 թվականի դիմում-բողոքի հիմքով Արմեն Մելկումին կենսաթոշակ վճարելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն և 01.05.2013 թվականից սկսած Արմեն Մելկումի սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը 01.05.2013 թվականից մինչև կենսաթոշակի ամբողջական փաստացի վճարման պահը վճարելուն պարտավորեցնելու պահանջը բավարարելու մասով, քանի որ Դատարանի վճիռը` Ծառայությանը կենսաթոշակին հաշվեգրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 01.05.2013 թվականից մինչև կենսաթոշակի ամբողջական փաստացի վճարման պահը, վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասով, վերաքննության կարգով չի բողոքարկվել և այդ պահանջը մերժելու մասով արդեն իսկ մտել է օրինական ուժի մեջ:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
Սույն գործով նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.06.2017 թվականի որոշմամբ Արմեն Մելկումն ազատվել է վճռաբեկ բողոքի համար գանձվող պետական տուրքից, իսկ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայությունից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.12.2016 թվականի որոշումը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը 26.02.2014 թվականի դիմում-բողոքի հիմքով Արմեն Մելկումին կենսաթոշակ վճարելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն և 01.05.2013 թվականից սկսած Արմեն Մելկումի սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը 01.05.2013 թվականից մինչև կենսաթոշակի ամբողջական փաստացի վճարման պահը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասով օրինական ուժ տալ ՀՀ վարչական դատարանի 25.03.2016 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:
2. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի գումար:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող |
Ե. Խունդկարյան | |
զեկուցող |
Ա. Բարսեղյան | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | ||
Վ. Ավանեսյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|