Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.277.46
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.11.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/3310/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/3310/05/15
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Բաբայան

Դատավորներ՝

 Ա. Աբովյան

 Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով

 

 

նախագահող

Ռ. Հակոբյան

 

զեկուցող

Տ. Պետրոսյան

 

 

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

 

 

Մ. Դրմեյան

 

 

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

 

 

Է. Սեդրակյան

 

 

Ն. Տավարացյան

 

2018 թվականի նոյեմբերի 30-ին

դռնբաց դատական նիստում քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Գեորգի Թովմասյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ Երևանի քաղաքապետի 20.05.2015 թվականի «Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված Հ.01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու մասին» թիվ 1549-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Գեորգի Թովմասյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 20.05.2015 թվականի «Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված Հ.01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու մասին» թիվ 1549-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 11.04.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.10.2016 թվականի որոշմամբ Գեորգի Թովմասյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 11.04.2016 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը համարվում է վարչական ակտ, քանի որ այն իր մեջ ներառում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված բոլոր տարրերը: Հետևաբար Գեորգի Թովմասյանին տրամադրված 22.11.2011 թվականի թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը կարող էր Երևանի քաղաքապետի կողմից անվավեր ճանաչվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.10.2016 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)     Երևանի քաղաքապետի կողմից 22.11.2011 թվականին Գեորգի Թովմասյանին է տրամադրվել թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը երկու տարի ժամկետով` անավարտ շինությունների վերակառուցման, ինչպես նաև առևտրի և վարչատնտեսական շենքի կառուցման համար (հատոր 1-ին, գ.թ. 15).

2)     Երևանի քաղաքապետն իր նախաձեռնությամբ հարուցել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզել է, որ 22.11.2011 թվականին Գեորգի Թովմասյանին տրամադրված թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը ենթակա չի եղել տրամադրման, քանի որ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով Բաբաջանյան փողոցի թիվ 2/15 հասցեում գտնվող տարածքը նախատեսված չէ կառուցապատման նպատակով օգտագործման համար, և այդ տարածքով նախագծային ճանապարհ նախատեսված լինելու պայմաններում 22.11.2011 թվականին Գեորգի Թովմասյանին տրամադրված թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը ենթակա է վերացման՝ որպես քաղաքաշինական նորմերին հակասող վարչական ակտ: Արդյունքում Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով, 20.05.2015 թվականին ընդունել է  «Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված Հ.01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու մասին» թիվ 1549-Ա որոշումը, որի համաձայն՝ Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը ճանաչվել է անվավեր (հատոր 1-ին, գ.թ. 16-17):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական   դիրքորոշումները` Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավաբանական  բնույթի և նշանակության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. ճարտարապետահատակագծային առաջադրանքն արդյո՞ք կարող է համարվել վարչական ակտ և անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար օրենքով սահմանված հիմքերով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է՝ ա) օրենքի խախտմամբ, այդ թվում՝ օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում (...):

Վկայակոչված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտն ընդունվում է վարչական մարմնի հատուկ գործունեության արդյունքում, որը կոչվում է վարչական վարույթ: Վարչական վարույթի հարուցումը և դրա արդյունքում վարչական ակտի ընդունումը պայմանավորված են հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն՝ ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն, վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունն առաջանում է այն բոլոր դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի հասկացության վերլուծությանը՝ արձանագրելով, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1)   վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն պաշտոնական գրավոր փաստաթուղթ է (բացառությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածով նախատեսված բանավոր և այլ ձևի վարչական ակտերի), որը չի պարունակում իրավական նորմեր և սահմանում է պարտադիր ճանաչման, պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, սահմանափակումներ կամ այլ վարքագծի կանոններ միայն դրանում ուղղակիորեն անհատապես նշված կամ նախատեսված ֆիզիկական և իրավաբանական անձանց համար, այսինքն՝ ունի հստակորեն որոշված հասցեատեր,

2)   վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

3)   վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

4)   վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

5)   վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

6)   վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց համար:

Ընդ որում, թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե՛ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանելով վարչական ակտի հատկանիշները, ինչպես նաև դրա ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընդհանուր կարգը, միաժամանակ նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսել է ոչ իրավաչափ վարչական ակտն անվավեր ճանաչելու իրավական հիմքերը: Ըստ այդմ, անվավեր է ճանաչվում այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն առ ոչինչ չէ, սակայն ընդունվել է օրենքի խախտմամբ կամ կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ բովանդակությամբ վարչական ակտ: Ընդ որում, վարչական ակտի ոչ իրավաչափ՝ անվավեր, լինելու հանգամանքը ճանաչվում է ինչպես այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, այնպես էլ դատական կարգով (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Կամո Պետրոսյանի, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի թիվ ՎԴ1/0143/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.04.2012 թվականի որոշումը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով կարող է անվավեր ճանաչվել միայն այն անհատական իրավական ակտը, որը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում համապատասխանում է վարչական ակտի հատկանիշներին: Հետևաբար որևէ անհատական իրավական ակտ (փաստաթուղթ) վարչական կամ դատական կարգով անվավեր ճանաչելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի կիրառելիության հարցը նախևառաջ պայմանավորված է այն հանգամանքով, թե այդ փաստաթուղթը հանդիսանում է արդյոք վարչական ակտ, թե՝ ոչ: Եթե տվյալ անհատական իրավական ակտը վարչական ակտ չէ, ապա այն չի կարող անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավական բնույթի, բովանդակության, ինչպես նաև դրա տրամադրման հետ կապված հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության հիմնադրույթները և կարգավորում այդ գործունեության հետ կապված հարաբերությունները:

Այսպես, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ (...) կառուցապատողները պարտավոր են` «դ» քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք (...) ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից (...):

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝ ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար կառուցապատողին տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն), որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պայմաններ, պահանջներ և սահմանափակումներ։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում և այլն) նախագծման տեխնիկական պայմանները (...) և սահմանափակումները (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված և օբյեկտի նախագծմանն առնչվող քաղաքաշինական, պատմության և մշակույթի հուշարձանների ու շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային, քաղաքացիական պաշտպանության, հաշմանդամների ու բնակչության սակավաշարժ խմբերի պաշտպանության և այլ նորմատիվ ակտերով սահմանված պահանջները:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող կամ այն փոփոխելու իրավասությամբ օժտված օգտագործողին ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է վերջինիս կողմից նույն հոդվածի վեցերորդ մասով սահմանված մարմնին ներկայացված հայտի հիման վրա:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները հիմք են ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մասնակիցների համար (...):

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը` Կառավարության սահմանած կարգով:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ համայնքի գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով սահմանված պահանջներին հակասող ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումն արգելվում է:

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում: Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը Կառավարության սահմանած կարգով: Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրած մարմնի կողմից ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը Կառավարության սահմանած կարգով համաձայնեցնելուց և կառուցապատողի կողմից դրանք հաստատելուց հետո` նույն օրենքի 6-րդ հոդվածի չորրորդ մասի «ժ» կետով նախատեսված ժամկետով (...):

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 20-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը սահմանում է Կառավարությունը։

Վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից ելնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը կամ նախագծման թույլտվությունը` շինարարության թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքների իրականացման համար պարտադիր փաստաթուղթ է, որը սահմանում է կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները և սահմանափակումները և հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար: Ընդ որում, ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը պարտադիր է շինարարության թույլտվություն ստանալու համար. առանց առաջինի առկայության երկրորդը չի կարող տրամադրվել:

Օրենսդիրը ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման կարգը սահմանելու լիազորությունը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իրեն վերապահված այդ լիազորությունը, 19.03.2015 թվականին ընդունված թիվ 596-Ն որոշմամբ հաստատել է Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն նույն որոշման թիվ 1 հավելվածի:

Կարգի 2-րդ կետի համաձայն՝ կառուցապատման նպատակով թույլտվությունները և այլ փաստաթղթեր տրամադրվում են հետևյալ փուլերով` նախագծման թույլտվություն (կամ ճարտարապետահատակագծային առաջադրանք), շինարարության թույլտվություն և ավարտական ակտ (կամ շահագործման թույլտվություն) (...):

Նախագծման և շինարարության թույլտվությունների տրամադրման՝ ՀՀ կառավարությունը 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման թիվ 1 հավելվածով սահմանված ընթացակարգի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կառուցապատողը քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար հայտով դիմում է իրավասու մարմնին (Կարգի 47-րդ կետ): Իրավասու մարմինն ինժեներական ենթակառուցվածքի ցանցերին միանալու տեխնիկական պայմաններն ստանալու նպատակով հայտի ընդունման օրվանից եռօրյա ժամկետում հարցում է ներկայացնում մատակարար կազմակերպություններին (Կարգի 50-րդ կետ): Վերջիններս սահմանված ժամկետում իրավասու մարմնին են տրամադրում տեխնիկական պայմանները (Կարգի  51-րդ կետ), իսկ իրավասու մարմինը սահմանված ժամկետում կառուցապատողին է տրամադրում ճարտարապետահատակագծային առաջադրանքը (Կարգի 52-րդ կետ):

Ստանալով ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ կառուցապատողը նախագծային փաստաթղթերի մշակման նպատակով նախագծային փաստաթղթեր մշակող կապալառուի հետ կնքում է նախագծային և հետազոտական աշխատանքների կապալի պայմանագիր (Կարգի 72-րդ կետ): Կառուցապատողը նախագծային աշխատանքների ավարտից հետո նախագծային փաստաթղթերը, որպես կանոն, ներկայացնում է փորձաքննության (Կարգի 93-րդ կետ): Նախագծային փաստաթղթերի փորձաքննության դրական եզրակացության դեպքում (եթե տվյալ նախագծի համար պահանջվում է փորձաքննություն) կառուցապատողը դիմում է իրավասու մարմնին՝ նախագծային փաստաթղթերի համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվության ստացման նպատակով (Կարգի 98-րդ կետ): Այնուհետև իրավասու մարմինը սահմանված ժամկետում համաձայնեցնում է նախագծային փաստաթղթերը և միաժամանակ տալիս է շինարարության թույլտվություն (Կարգի 100-րդ կետ), ինչից հետո նախագծային փաստաթղթերը համարվում են հաստատված (Կարգի 100-րդ կետ), և կառուցապատողը ձեռք է բերում այդ փաստաթղթերին համապատասխան շինարարություն իրականացնելու իրավունք:

Վերոգրյալ իրավակարգավորումների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքաշինական գործունեության բնագավառում կառուցապատողի վերջնական նպատակը շինարարության իրականացումն է, որը կարող է կատարվել միայն շինարարության թույլտվության հիման վրա, իսկ շինարարության թույլտվությունն էլ կարող է տրվել միայն ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա: Այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի առկայությունը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախապայման է: Հետևաբար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու համար Կարգի 47-րդ կետով սահմանված հայտով  իրավասու մարմնին դիմած կառուցապատողի իրական շահագրգռվածությունն ու մտադրությունն ուղղված է ոչ թե սոսկ ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուն, այլ` շինարարություն իրականացնելու համար անհրաժեշտ թույլտվություն ստանալուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ կառուցապատողը մինչև համայնքի վարչական տարածքում շինարարության իրականացման համար շինարարական թույլտվություն պահանջելը, պարտավոր է նախապես սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմնին դիմել և ստանալ ճարտարապետահատակագծային առաջադրանք, որը համայնքի ղեկավարի կողմից տրվում է, եթե հայտով ներկայացված պահանջները համապատասխանում են օրենսդրությամբ, տարածական պլանավորման փաuտաթղթերով, բնակավայրի քաղաքաշինական կանոնադրությամբ, ինչպեu նաև քաղաքաշինական փաստաթղթերով սահմանված պահանջներին։ Առաջադրանքով uահմանված պայմանները հիմք են հանդիuանում նախագծային փաuտաթղթերի մշակման համար և պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր մաuնակիցների համար։ Հետևաբար առանց նշված առաջադրանքի առկայության կառուցապատողը չի կարող մշակել և նախապատրաստել նախագծային փաստաթղթերի փաթեթը, որի համաձայնեցման պարագայում միայն համայնքի ղեկավարը կարող է կառուցապատողին տրամադրել շինարարական թույլտվություն (տե՛ս, «Գյումրի-հաց» ՍՊԸ-ն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ 3-20(ՏԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.05.2007 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրվում է շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում: Շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթն առանձին տեսակի, բարդ ընթացակարգով իրականացվող վարչական վարույթ է, որը հարուցվում է ճարտարապետահատակագծային առաջադրանք (նախագծման թույլտվություն) ստանալու վերաբերյալ համապատասխան համայնքին ներկայացված կառուցապատողի հայտի (դիմումի) հիման վրա, ինչին վարույթի ընթացիկ փուլում հաջորդում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը և Կարգով սահմանված վերը նկարագրված մյուս գործողությունների կատարումը, իսկ վարույթը եզրափակվում է վարչական ակտի (շինարարության թույլտվության) ընդունմամբ: Շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման փուլն ունի առաջնահերթ նշանակություն, քանի որ այդ փաստաթղթով կառուցապատողը հնարավորություն է ստանում ձեռնարկելու շինարարության օբյեկտի նախագծային աշխատանքները և մշակելու համապատասխան նախագծային փաստաթղթերը: Փաստորեն, ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավաբանական բնույթը հանգում է հետևյալին. այդ փաստաթուղթը շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի հետագա իրականացման համար անհրաժեշտ ճարտարապետաշինարարական նախագծային փաuտաթղթեր ձեռք բերելու և նշված վարչական վարույթն իր տրամաբանական ավարտին հասցնելու նախադրյալն է: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի տրամադրվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունվելիք վարչական ակտի՝ շինարարության թույլտվության, տրամադրման ապահովմանը:

Այսպիսով, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի համատեքստում դիտարկելու արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևյալ եզրակացության.

1)  ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանվում են կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջները, պայմանները և սահմանափակումները, և այն հիմք է հանդիսանում ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար,

2)  ճարտարապետահատակագծային առաջադրանքով կառուցապատվող օբյեկտի նախագծման պարտադիր պահանջների և պայմանների սահմանումը և դրանց համապատասխան ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակումը վերջիվերջո միտված են շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծմանը, այսինքն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը շինարարության թույլտվության տրամադրման համար անհրաժեշտ նախադրյալներից մեկն է,

3) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրվում է ոչ թե դրա տրամադրմանն ուղղված ինքնուրույն վարչական վարույթի, այլ` շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի շրջանակներում,

4) ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով ընդունվելիք վարչական ակտի՝ շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի փուլերից մեկն է,

5) ի տարբերություն շինարարության թույլտվության՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրումը չի հետապնդում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ չէ, քանի որ այն չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի բոլոր հատկանիշներին: Մասնավորապես՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի ընդունվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով: Հետևաբար ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի կարող անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար օրենքով սահմանված հիմքերով: Այլ կերպ ասած՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվություն) չի կարող վարչական կամ դատական կարգով անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, քանի որ այն Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ոչ թե վարչական ակտ է, այլ վարչական ակտի՝ շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացիկ փուլում տրամադրվող փաստաթուղթ, որն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում այդ վարույթի եզրափակման՝ շինարարության թույլտվության տրամադրման համար:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Գեորգի Թովմասյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի «Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված    Հ.01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու մասին» թիվ 1549-Ա որոշումը: Նշված վարչական ակտով Երևանի քաղաքապետն իր նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում գտել է, որ Գեորգի Թովմասյանին տրամադրված 22.11.2011 թվականի թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը քաղաքաշինական նորմերին հակասող վարչական ակտ է և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով՝ այն ճանաչել է անվավեր:

Դատարանը մերժել է Գեորգի Թովմասյանի հայցը՝ իր վճռի հիմքում դնելով նաև այն փաստարկը, որ Գեորգի Թովմասյանին տրամադրված 22.11.2011 թվականի թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը վարչական ակտ է և կարող էր Երևանի քաղաքապետի կողմից անվավեր ճանաչվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Գեորգի Թովմասյանի վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը՝ անվավեր է ճանաչել Երևանի քաղաքապետի 20.05.2015 թվականի «Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված Հ.01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու մասին» թիվ 1549-Ա որոշումը: Վերաքննիչ դատարանը, ի տարբերություն Դատարանի, գտել է, որ Գեորգի Թովմասյանին տրամադրված 22.11.2011 թվականի թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը վարչական ակտ չէ և չէր կարող Երևանի քաղաքապետի կողմից անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը նախ արձանագրում է, որ թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը Գեորգի Թովմասյանին տրամադրվելու պահին՝ 22.11.2011 թվականին, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում շինարարության թույլտվության տրամադրման կարգը սահմանված էր ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 որոշման թիվ 1 հավելվածով (ուժը կորցրած է ճանաչվել 27.06.2015 թվականից՝ ըստ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի), իսկ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման կարգը՝ ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշման հավելվածով (ուժը կորցրած է ճանաչվել 27.06.2015 թվականից՝ ըստ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի):  Թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը Գեորգի Թովմասյանին տրամադրվելու պահին՝ 22.11.2011 թվականին, գործող վերոգրյալ ենթաօրենսդրական իրավական ակտերի բովանդակության վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ ժամանակահատվածում ևս ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրվում էր շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված միասնական վարչական վարույթի շրջանակներում և հանդիսանում էր այդ վարույթը եզրափակող վարչական ակտի (շինարարության թույլտվության) ընդունման նախադրյալներից մեկը: Հաշվի առնելով ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավաբանական բնույթի, նշանակության, տրամադրման նպատակի ու ընթացակարգի վերաբերյալ ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 և 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշումներով սահմանված իրավակարգավորումների և ներկայումս գործող՝ ՀՀ կառավարության 19.03.2015 թվականի թիվ 596-Ն որոշման իրավակարգավորումների նմանությունը, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքի՝ վարչական ակտ չհանդիսանալու վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հավասարապես կիրառելի են նաև ՀՀ կառավարության 02.02.2002 թվականի թիվ 91 և 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշումների գործողության ժամանակ և դրանց հիման վրա տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների նկատմամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը վարչական ակտ չէ: Նշված ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի բոլոր հատկանիշներին, մասնավորապես՝ այն չի ընդունվել հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով: Հետևաբար Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված թիվ 01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքը Երևանի քաղաքապետի կողմից չէր կարող անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով: Ավելին, Գեորգի Թովմասյանին արդեն իսկ տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու արդյունքում տեղի է ունեցել ոչ իրավաչափ միջամտություն շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի բնականոն ընթացքի նկատմամբ՝ Գեորգի Թովմասյանին զրկելով իր համար բարենպաստ վարչական ակտ (շինարարության թույլտվություն) ստանալու իրական հնարավորությունից: Ընդ որում, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, թեև ճարտարապետահատակագծային առաջադրանքը վարչական ակտ չէ, այդուհանդերձ այն անվավեր ճանաչելու մասին որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է միջամտող վարչական ակտ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Երևանի քաղաքապետի «Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված   Հ.01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու մասին» թիվ 1549-Ա որոշումն ընդունվել է օրենքի, մասնավորապես՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի խախտմամբ, և ենթակա է անվավեր ճանաչման նույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի հիմքով:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ անվավեր ճանաչելով Երևանի քաղաքապետի 20.05.2015 թվականի «Գեորգի Թովմասյանին 22.11.2011 թվականին տրամադրված Հ.01/18-07/1-Թ-989-913 ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու մասին» թիվ 1549-Ա որոշումը՝ Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն անփոփոխ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Քաղաքապետարանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս բողոքը ենթակա է մերժման:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.10.2016 թվականի որոշումը թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

2.  Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

3.  Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Ռ. Հակոբյան

Զեկուցող

Տ. Պետրոսյան

 

Ս. Անտոնյան

  Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Ե. Խունդկարյան
 

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

  Ն. Տավարացյան