ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/0774/05/15 |
Վարչական գործ թիվ ՎԴ/0774/05/15 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
|
զեկուցող |
Մ. Դրմեյան |
|
|
Ս. Անտոնյան |
|
|
Վ. Ավանեսյան |
|
|
Ա. Բարսեղյան |
|
|
Ե. Խունդկարյան |
|
|
Գ. Հակոբյան |
|
|
Ս. Միքայելյան |
|
|
Տ. Պետրոսյան |
|
|
Է. Սեդրակյան |
|
|
Ն. Տավարացյան |
2018 թվականի նոյեմբերի 30-ին
քննելով «Իրավունքի եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Կազմակերպության ընդդեմ Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ)՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կազմակերպությունը պահանջել է պարտավորեցնել Խորհրդին տրամադրել 27.01.2015 թվականի դիմումով պահանջված տեղեկատվությունը։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Լ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 19.10.2015 թվականի վճռով հայցը մերժվել է։
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ա. Աբովյան, Ա. Սարգսյան, Գ. Ղարիբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.04.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.10.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Տվյալ դեպքում բողոք բերած անձը որպես նոր հանգամանք ներկայացրել է ՀՀ սահմանադրական դատարանի 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշումը, ըստ որի՝ Կազմակերպության դիմումի հիման վրա քննարկելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը՝ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ այն մասով, որով դատավորների թեկնածությունների ցուցակ ընդգրկված հավակնորդների հոգեբանական թեստի արդյունքները, որոնք վերաբերում են նրանց հանրային իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, ենթակա չեն հրապարակման, և այդ ցուցակը Հանրապետության նախագահի կողմից հաստատվելուց հետո ենթակա է ոչնչացման, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, մասնավորապես՝ տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունն ամրագրող դրույթին հակասող և անվավեր:
Ինչ վերաբերում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցին, ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նշված նորմի վերլուծությունից բխում է, որ վերջինս չի նախատեսում հարցազրույցի արդյունքները, տվյալ դեպքում՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը երրորդ անձանց տրամադրելու ուղղակի ամրագրված արգելք: «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի` «Տեղեկատվության ազատության սահմանափակումները» վերտառությամբ 8-րդ հոդվածը սահմանափակում է այն տեղեկատվության մատչելիությունը, որը պարունակում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություն: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը չի ներառում հավակնորդի մասնավոր կյանքի տարր: Առավել ևս, որ խոսքը վերաբերում է պետական պաշտոն զբաղեցնելու հավակնությունը: Տվյալ պարագայում ժողովրդավարական պետության սկզբունքի շրջանակներում հասարակությունն իրավունք ունի հանրային վերահսկողություն սահմանելու հանրային իշխանության, տվյալ պետական պաշտոնը զբաղեցնելու համար որակավորման ստուգման ընթացակարգի նկատմամբ, այն արդարության և հավասարության պայմաններում անցկացնելու նկատառումներով, իրազեկ լինելու տվյալ պետական պաշտոնի հավակնորդի մասնագիտական ունակություններին: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերն իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա` նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել Վերաքննիչ դատարանի 27.04.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և «կայացնել նոր դատական ակտ՝ հայցը բավարարել»:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Կազմակերպության կողմից Խորհրդին ուղղված 27.01.2015 թվականի դիմումով վերջինիցս պահանջվել է տրամադրել ՀՀ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 10-12-ին և 26.01.2015 թվականին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ Խորհրդի անդամների եզրակացությունները և հատուկ կարծիքները, մանրամասնել գնահատման չափորոշիչները, տրամադրել հարցազրույցի փուլի հարցաշարերը, հոգեբանական թեստերը, հարցազրույցի գնահատականները, ինչպես նաև մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը (հատոր 1-ին, գ.թ. 14):
2) Կազմակերպության 27.01.2015 թվականի գրությանն ի պատասխան՝ Խորհրդի 06.02.2015 թվականի թիվ ԴԴ5-Ե-431 գրությամբ հայտնվել է, որ Խորհրդի անդամների եզրակացություններին, որոնցում ամփոփվում են նաև գնահատականները, կարող են ծանոթանալ միայն օրենքով սահմանված սուբյեկտները, ուստի դրանք տրամադրվել չեն կարող, իսկ հոգեբանական թեստերը ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով, հետևաբար դրանք նույնպես տրամադրվել չեն կարող: Ինչ վերաբերում է «մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը» տրամադրելու պահանջին, ապա այն ենթակա է մերժման՝ անորոշ ձևակերպման պատճառաբանությամբ: Նույն գրությամբ Կազմակերպությանը տրամադրվել է պահանջված հատուկ կարծիքի պատճենը (հատոր 1-ին, գ.թ. 15-16):
3) Դատարանը 19.10.2015 թվականի վճռով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը նախատեսում են հարցազրույցի ավարտին քվեարկության գաղտնիություն և հարցազրույցի արդյունքները երրորդ անձանց տրամադրելու արգելք, այսինքն` տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով: Հաշվի առնելով, որ հարցազրույցի փուլում Խորհրդի անդամների քվեարկության արդյունքները բովանդակում են անձնական տվյալներ, որոնց պաշտպանության իրավունքը կազմում է անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի բաղկացուցիչ մասը՝ Դատարանը գտել է, որ քվեարկության արդյունքների գաղտնիության ապահովմամբ հետապնդվել է ինչպես քվեարկողների, այնպես էլ հարցազրույցի մասնակիցների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրավաչափ նպատակ: Դատարանը գտել է նաև, որ խնդրո առարկա հարցաշարերը չեն հանդիսանում պաշտոնական փաստաթղթեր, հետևաբար նաև՝ տեղեկատվություն՝ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքի իմաստով: Հետևաբար հարցաշարերը չեն կարող պահանջվել տեղեկատվություն փնտրելու և ստանալու իրավունքի համատեքստում՝ որպես այդ իրավունքի իրացման դրսևորում: Բացի այդ, Դատարանը, հաստատված համարելով, որ հոգեբանական թեստերն այլևս պատասխանողի տնօրինության ներքո չեն գտնվում, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջին համապատասխան ոչնչացվել են, գտել է, որ թեստերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը ևս ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է հատուկ կարծիքները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջին, ապա դրա մերժման հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ հատուկ կարծիքի պատճենը տրամադրվել է, իսկ այլ հատուկ կարծիքներ առկա չեն եղել, իսկ «մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը» տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը մերժվել է՝ պահանջի ոչ հստակ լինելու պատճառաբանությամբ (հատոր 1-ին, գ.թ. 83-95):
4) Վերաքննիչ դատարանի 27.04.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.10.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները (հատոր 2-րդ, գ.թ. 81-88):
5) ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27.04.2016 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 145-149):
6) Կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի, ինչպես նաև 117-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը՝ այն մասով, որով դատավորների թեկնածությունների ցուցակ ընդգրկված հավակնորդների հոգեբանական թեստի արդյունքները, որոնք վերաբերում են նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, ենթակա չեն հրապարակման, և այդ ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո ենթակա է ոչնչացման, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, մասնավորապես` տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունն ամրագրող դրույթին հակասող և անվավեր:
Միաժամանակ որոշվել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, որի համաձայն` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը չի արգելափակում երրորդ անձանց իրավունքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը: Բացի այդ, նշվել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման (ներկայացվել է վճռաբեկ բողոքին կից)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե սահմանադրական դատարանը տվյալ գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը:
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից և վերոգրյալ իրավական դիրքորոշումներից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում դատարանի կողմից կիրառված օրենքի հոդվածի կամ հոդվածի դրույթի ՀՀ սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչումը կամ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում դրա սահմանադրաիրավական բովանդակությունը բացահայտելու դեպքում՝ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալը, որ այդ դրույթը կիրառվել է սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող` այլ մեկնաբանությամբ: Այլ կերպ, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակությանը չի համապատասխանում, ապա դատական ակտը ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 21.02.2007 թվականին ընդունված, 18.05.2007 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ հոգեբանական թեստի արդյունքներն ունեն միայն խորհրդատվական նշանակություն, ենթակա չեն հրապարակման և տրամադրվում են միայն Արդարադատության խորհրդի անդամներին՝ խորհրդում հարցազրույցի անցկացումից հետո մինչև ամփոփիչ քննարկումը: Հոգեբանական թեստի արդյունքները, դատավորների թեկնածությունների ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո, ենթակա են ոչնչացման:
Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Արդարադատության խորհրդում հարցազրույցին մասնակցած անձինք իրավունք ունեն դիմելու և Արդարադատության խորհրդում քվեարկության արդյունքների ամփոփումից հետո` մեկշաբաթյա ժամկետում, ստանալու (…) իրենց վերաբերյալ կազմված զեկույցը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Կազմակերպության կողմից Խորհրդին ուղղված 27.01.2015 թվականի դիմումով վերջինիցս պահանջվել է տրամադրել ՀՀ դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 10-12-ին և 26.01.2015 թվականին անցկացված որակավորման ստուգման քննության բանավոր փուլի յուրաքանչյուր մասնակցի վերաբերյալ Խորհրդի անդամների եզրակացությունները և հատուկ կարծիքները, մանրամասնել գնահատման չափորոշիչները, տրամադրել հարցազրույցի փուլի հարցաշարերը, հոգեբանական թեստերը, հարցազրույցի գնահատականները, ինչպես նաև մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը:
Կազմակերպության 27.01.2015 թվականի գրությանն ի պատասխան՝ Խորհրդի 06.02.2015 թվականի թիվ ԴԴ5-Ե-431 գրությամբ հայտնվել է, որ Խորհրդի անդամների եզրակացություններին, որոնցում ամփոփվում են նաև գնահատականները, կարող են ծանոթանալ միայն օրենքով սահմանված սուբյեկտները, ուստի դրանք տրամադրվել չեն կարող, իսկ հոգեբանական թեստերը ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով, հետևաբար դրանք նույնպես տրամադրվել չեն կարող: Ինչ վերաբերում է «մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը» տրամադրելու պահանջին, ապա այն ենթակա է մերժման անորոշ ձևակերպման պատճառաբանությամբ: Նույն գրությամբ Կազմակերպությանը տրամադրվել է պահանջված հատուկ կարծիքի պատճենը:
Դատարանը 19.10.2015 թվականի վճռով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ մասերը նախատեսում են հարցազրույցի ավարտին քվեարկության գաղտնիություն և հարցազրույցի արդյունքները երրորդ անձանց տրամադրելու արգելք, այսինքն` տեղեկատվություն ստանալու իրավունքի սահմանափակումը նախատեսված է օրենքով: Հաշվի առնելով, որ հարցազրույցի փուլում Խորհրդի անդամների քվեարկության արդյունքները բովանդակում են անձնական տվյալներ, որոնց պաշտպանության իրավունքը կազմում է անձի անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի բաղկացուցիչ մասը՝ Դատարանը գտել է, որ քվեարկության արդյունքների գաղտնիության ապահովմամբ հետապնդվել է ինչպես քվեարկողների, այնպես էլ հարցազրույցի մասնակիցների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության իրավաչափ նպատակ: Դատարանը գտել է նաև, որ խնդրո առարկա հարցաշարերը չեն հանդիսանում պաշտոնական փաստաթղթեր, հետևաբար նաև՝ տեղեկատվություն՝ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության իրավունքի իմաստով: Հետևաբար հարցաշարերը չեն կարող պահանջվել տեղեկատվություն փնտրելու և ստանալու իրավունքի համատեքստում՝ որպես այդ իրավունքի իրացման դրսևորում: Բացի այդ, Դատարանը, հաստատված համարելով, որ հոգեբանական թեստերն այլևս պատասխանողի տնօրինության ներքո չեն գտնվում, քանի որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջին համապատասխան ոչնչացվել են, գտել է, որ թեստերը տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը ենթակա է մերժման: Ինչ վերաբերում է հատուկ կարծիքները տրամադրելուն պարտավորեցնելու պահանջին, ապա դրա մերժման հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ հատուկ կարծիքի պատճենը տրամադրվել է, իսկ այլ հատուկ կարծիքներ առկա չեն եղել, իսկ «մնացած բոլոր մրցութային փաստաթղթերը» տրամադրելուն պարտավորեցնելու պահանջը մերժվել է՝ պահանջի ոչ հստակ լինելու պատճառաբանությամբ:
Վերաքննիչ դատարանի 27.04.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 19.10.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ՝ ըստ էության հիմնավոր համարելով Դատարանի պատճառաբանությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27.04.2016 թվականի որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Կազմակերպության դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասի, ինչպես նաև 117-րդ հոդվածի 5-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը՝ այն մասով, որով դատավորների թեկնածությունների ցուցակ ընդգրկված հավակնորդների հոգեբանական թեստի արդյունքները, որոնք վերաբերում են նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, ենթակա չեն հրապարակման, և այդ ցուցակը Հանրապետության Նախագահի կողմից հաստատվելուց հետո ենթակա է ոչնչացման, ճանաչել է ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին, մասնավորապես` տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունն ամրագրող դրույթին հակասող և անվավեր: Միաժամանակ որոշվել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, որի համաձայն` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը չի արգելափակում երրորդ անձանց իրավունքը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստանալու իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված զեկույցը: Բացի այդ, նշվել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա` դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքի հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշմամբ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր է ճանաչվել Դատարանի կողմից կիրառված իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 115.2-րդ հոդվածի 10-րդ մասը, ինչպես նաև արձանագրվել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ դատական օրենսգրքի 117-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի բովանդակությամբ, որը տարբերվում է Դատարանի կողմից տրված մեկնաբանությունից: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի որոշմամբ Դատարանի վճիռը թողնվել է անփոփոխ, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի կողմից բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է։ Հետևաբար ՀՀ սահմանադրական դատարանի 20.06.2017 թվականի թիվ ՍԴՈ-1374 որոշումը սույն գործով նոր հանգամանք է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմի, ինչպես նաև օրենքի դրույթը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Կազմակերպության համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի նոր քննության արդյունքում:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և Վերաքննիչ դատարանի 27.04.2016 թվականի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 17.08.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 27.04.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող |
Ռ. Հակոբյան | |
Զեկուցող |
Մ. Դրմեյան | |
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ս. Միքայելյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Է. Սեդրակյան | ||
Ն. Տավարացյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|