Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.01.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3466/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3466/02/15
2018թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2018 թվականի հունվարի 24-ին

քննարկելով Ալվարդ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների, Քաջիկ Գրիգորյանի իրավահաջորդ Ալվարդ Գրիգորյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների ընդդեմ Նվարդ Խաչատրյանի` փաստացի տիրապետման հիմքով Աթանես և Նվարդ Գրիգորյանների ժառանգությունն իրենց կողմից ընդունված ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանները պահանջել են փաստացի տիրապետման հիմքով իրենց կողմից ընդունած ճանաչել Աթանես և Նվարդ Գրիգորյանների ժառանգությունը։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 09.11.2015 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ` Ն. Բարսեղյան, Լ. Գրիգորյան, Մ. Հարթենյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.02.2016 թվականի որոշմամբ Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 09.11.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2016 թվականի որոշմամբ Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է ու սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալը շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի որոշմամբ Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը թողնվել է առանց քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ալվարդ, Արամայիս, Խաչիկ Գրիգորյանները և Քաջիկ Գրիգորյանի իրավահաջորդ Ալվարդ Գրիգորյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը   

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանը, 04.05.2016 թվականի որոշմամբ վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, վճռաբեկ բողոքը վերադարձրել է, իսկ 01.06.2016 թվականի որոշմամբ առաջնորդվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի դրույթներով` վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ «ՀԱՅՓՈՍՏ»-ի թիվ 0009 փոստային բաժանմունքում ք. Երևան-0010 Հանրապետության թիվ 32/29 հասցեի փոխարեն գրվել է «ք. Երևան-0010 Հանրապետության 23/29» հասցեն այն դեպքում, որ իրենք նամակի վրա նշել են ճիշտ հասցեն, և պատասխանող կողմը ստացել է նամակը:

ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշումը սույն գործով նոր հանգամանք է և վճռաբեկ բողոքը վերանայելու հիմք:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն փոփոխել հետևյալ կերպ` վճռաբեկ բողոքը բավարարել` բեկանել Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի որոշումը և այն փոփոխել հետևյալ կերպ` վերաքննիչ բողոքը բավարարել և բեկանել Դատարանի 09.11.2015 թվականի վճիռը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է դատարանի կիրառած օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը կամ այն սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ կիրառելը: Հետևաբար, եթե դատարանը կիրառել է այն դրույթը, որը ՀՀ սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական և անվավեր, կամ կիրառված դրույթի վերաբերյալ դատարանի մեկնաբանությունները և այդ դրույթի կիրառումը դրա սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում չեն, ապա դատական ակտն օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման նոր հանգամանքի հիմքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքին կցվում են նաև օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարած լինելը հավաստող փաստաթուղթը և բողոքի պատճենը` գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վճռաբեկ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

Նույն օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում` նշելով առկա թերությունները։ Վճռաբեկ բողոքը կրկին ներկայացվելու դեպքում ժամկետները հաշվարկվում են վերստին։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը թողնվում է առանց քննության, եթե` բողոքում նշված հիմքով նույն գործով վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2016 թվականի որոշմամբ Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների վճռաբեկ բողոքը վերադարձվել է ու սահմանվել է հնգօրյա ժամկետ` որոշումն ստանալու պահից վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար: Ձևական սխալները կայացել են նրանում, որ բողոք բերած անձինք վճռաբեկ բողոքին կից չեն ներկայացրել վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը), վճռաբեկ բողոքի պատճենը դատավարության մասնակիցներին ուղարկելու մասին ապացույցները, ինչպես նաև վճռաբեկ բողոքին չկցելով օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը հավաստող փաստաթուղթը և միջնորդելով հետաձգել պետական տուրքի վճարումը` չեն հիմնավորել նշված արտոնությունը սահմանելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածում նշված հիմքի առկայությունը` գույքային դրությունը: Այսինքն` մատնանշված թերությունները չեն առնչվել վճռաբեկ բողոքի տեքստին: Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանները սահմանված ժամկետում ուղղել են նշված թերություններն և կրկին ներկայացրել են նույնաբովանդակ վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը, Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների կողմից կրկին ներկայացված վճռաբեկ բողոքը 01.06.2017 թվականի որոշմամբ թողել է առանց քննության՝ պատճառաբանելով, որ «տվյալ դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 04.05.2016 թվականի որոշմամբ Ալվարդ, Քաջիկ, Արամայիս և Խաչիկ Գրիգորյանների կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վերադարձվել է և միաժամանակ սահմանվել է ժամկետ` վճռաբեկ բողոքի ձևական սխալները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար: Մինչդեռ վերջիններս, վերացնելով որոշմամբ արձանագրված ձևական սխալները, միաժամանակ թույլ են տվել նոր սխալ, մասնավորապես` բողոք բերած անձանց կողմից կցված՝ Նվարդ Խաչատրյանին ուղարկելու մասին փոստային անդորրագրում հասցեն նշված է «Հանրապետության փողոց 23/29», իսկ վճռաբեկ բողոքում նշված է «Հանրապետության փողոց 32/29», այսինքն` կրկին նույն հիմքով ներկայացրել է վճռաբեկ բողոք, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել»:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասի և 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ Ալվարդ, Խաչիկ Գրիգորյանների, «ՄԼԼ Ինդասթրիզ» ՍՊԸ-ի դիմումները, 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ որոշել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի՝ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն վճռաբեկ բողոքի հետ կապված առկա բոլոր այն թերությունները, որոնք օրենքի համաձայն հիմք են վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար և որոնց շտկելուց հետո բողոքը կհամարվի սահմանված կարգով ներկայացված: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշումը չի կարող համարվել բողոքում նշված հիմքով նույն գործով արդեն իսկ կայացված Վճռաբեկ դատարանի որոշում: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիման վրա դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ` (…) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` դիմողներ Ալվարդ Գրիգորյանի և Խաչիկ Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է սույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ կետում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ»:

Նույն որոշման պատճառաբանական մասում ՀՀ սահմանադրական դատարանը նշել է, որ երբ վճռաբեկ դատարանի մատնանշած թերությունները չեն առնչվի վճռաբեկ բողոքի տեքստին, նույն բողոքի պատճեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան գործը քննող դատարան և գործին մասնակցող անձանց կրկին ուղարկելու մասին ապացույցներ ներկայացնելու պահանջն անհարկի ծանրաբեռնում է ոչ միայն բողոքաբերին, այլ նաև համապատասխան կողմերին, որոնք ստիպված են լինելու կրկին ուսումնասիրել նույնաբովանդակ բողոքը: Այդ տեսանկյունից վերադարձնելուց հետո կրկին ներկայացված նույն տեքստն ունեցող բողոքի պատճենը կողմերին կրկին ուղարկելը չի բխում ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից և չի հետապնդում որևէ իրավաչափ նպատակ:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի և 231-րդ հոդվածի 5-րդ կետի վերաբերյալ մեկնաբանությունները չեն կատարվել, և այդ դրույթները չեն կիրառվել դրանց սահմանադրաիրավական բովանդակության համատեքստում, այսինքն` այդ դրույթները կիրառվել են ՀՀ սահմանադրական դատարանի վերը նշված որոշմամբ բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներով անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնելու դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 18.04.2017 թվականի թիվ ՍԴՈ-1363 որոշմամբ կատարված այն բացահայտումը, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.1-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը և 231-րդ հոդվածի 5-րդ կետը կիրառվել են նույն որոշման մեջ նշված սահմանադրաիրավական բովանդակությանը հակասող մեկնաբանությամբ, նոր հանգամանք է ու ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշման վերանայման հիմք։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի որոշման դեմ Ալվարդ, Արամայիս, Խաչիկ Գրիգորյանների և Քաջիկ Գրիգորյանի իրավահաջորդ Ալվարդ Գրիգորյանի կրկին բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ բողոքը բերվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների հիմքով:

Բողոքում պատճառաբանվել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ, 8-րդ, 17-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ, 1225-րդ հոդվածները, ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձինք նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը պատճառաբանել են այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մեջ բացակայում են ոչ միայն դատարանի կողմից առանձնացված փաստերն ու ապացույցները, այլև` փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն կարող են ունենալ սույն գործով դատական ակտը կայացնելու համար: Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանական մասում բացակայում է նյութաիրավական կամ դատավարական կոնկրետ նորմի նշման և հատկապես այդ նորմի կիրառման` դատարանի համապատասխան պատճառաբանությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 26.02.2016 թվականի որոշումը և փոփոխել հետևյալ կերպ` վերաքննիչ բողոքը բավարարել և բեկանել Դատարանի 09.11.2015 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը բավարարել:

Վճռաբեկ դատարանը, քննարկելով բողոք բերած անձանց հիմնավորումը՝ վճռաբեկ բողոքը քննության ընդունելու մասին, գտնում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով և 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որ կարող էր ազդել գործի ելքի վրա, կամ առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով ներկայացնելու դեպքում վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում պետք է նշի այն նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, որը խախտվել է` հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա: Մինչդեռ սույն գործով բողոք բերած անձանց ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումը բավարար չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով բողոքը քննության ընդունելու հետևության հանգելու համար: Հետևաբար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 231-րդ,     233.2-րդ, 234-րդ, 240-րդ, 2411-րդ և 241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 01.06.2016 թվականի «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշումը և այն վերացնել:

2. Թիվ ԵԿԴ/3466/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.02.2016 թվականի որոշման դեմ Ալվարդ, Արամայիս, Խաչիկ Գրիգորյանների և Քաջիկ Գրիգորյանի իրավահաջորդ Ալվարդ Գրիգորյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

 

Դատավորներ`

Ն. Տավարացյան

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

   

Վ. Ավանեսյան

   

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

   

Գ. Հակոբյան

   

Ռ. Հակոբյան

   

Տ. Պետրոսյան

   

Ե. Սողոմոնյան