Գլխավոր տեղեկություն
Համար
N 742-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (31.03.2019-06.06.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 25.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 742-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասը՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  
2018 թ. հունիսի 11
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

հունիսի 11-ի N 742
որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 7-րդ կետով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, այլ իրավական ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն.

2) ռուսերեն` Министерство сельского хозяйства Республики Армения.

3) անգլերեն` Ministry of Agriculture of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Ministère de l'agriculture de la Republique d'Armenie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականների, մամուլի քարտուղարի, օգնականների և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն N 3:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են`

1) գիտատեխնիկական միասնական քաղաքականության հիման վրա Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ներուժի առավելագույնս օգտագործման միջոցով գյուղատնտեսության զարգացման, գյուղատնտեսական գործունեության արդյունավետության բարձրացման ապահովումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների նպատակային ու արդյունավետ օգտագործման ապահովումը.

3) ագրոպարենային ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության ագրարային քաղաքականության հիմնական ուղղությունների մշակումը և միասնական ագրարային քաղաքականության իրականացումը.

4) ագրոպարենային ոլորտում տնտեսական աճին և պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը նպաստելը.

5) տեղական արտադրողների մարքեթինգային գործունեության իրականացման աջակցության ապահովում և գյուղատնտեսական մթերքների ու հումքի արտահանման խթանումը, ներմուծման փոխարինումը.

6) բարձրարժեք գյուղատնտեսության խթանումը.

7) նախարարությունը մշակում և իրականացնում է գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, անասնաբուժության, բուսասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության, գիտատեխնիկական ապահովման և խորհրդատվության, գյուղատնտեսության արտադրատեխնիկական սպասարկման, գյուղատնտեսական հողերի մոնիթորինգի և գյուղատնտեսությանը պետական աջակցության ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

10. Նախարարության խնդիրներն են՝

1) ագրոպարենային ոլորտում կատարվող գործընթացների համալիր վերլուծությունների, համապատասխան կանխատեսումների հիման վրա ագրարային և ինվեստիցիոն քաղաքականության հիմնադրույթների, հայեցակարգերի, ծրագրերի մշակումն ու իրականացումը, շուկայական հարաբերությունների ձևավորման և համապատասխան ենթակառուցվածքների զարգացման գործընթացին աջակցությունը.

2) գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման բնագավառում քաղաքականության մշակումը և իրականացումը.

3) կոոպերացիայի զարգացման ու ընդլայնման ապահովումը.

4) ագրովերամշակող արդյունաբերության զարգացման ու ընդլայնման ապահովումը.

5) սննդի շղթայի բոլոր փուլերում միջազգայնորեն ընդունված սննդամթերքի ապահովումը.

6) գյուղատնտեսական գործունեության իրականացման լիցենզիաների և (կամ) արտոնագրերի տրամադրման ապահովումը.

7) նախարարության համակարգի զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովումը.

8) սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակումը.

9) անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառներում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) ագրոպարենային ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

2) գյուղատնտեսության բնագավառում միջպետական համագործակցության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

3) ոլորտում համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների ձևերի հաստատում և հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

4) գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության աջակցության, բույսերի, բուսական արտադրանքի ու կարգավորող առարկաների կարանտին հիվանդությունների ու առավել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

5) կենդանիների տոհմային գործի զարգացման, անասնաբուժության ու հակաանասնահամաճարակային միջոցառումների ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման ու մելիորացիայի (բարելավման) ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

7) ոլորտի չսեփականաշնորհված պետական գույքի մասնավորեցման գործընթացին աջակցություն.

8) ոռոգման արդի համակարգերի ներդրմանն աջակցության ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

9) ոլորտում կադրերի պատրաստման, վերապատրաստման և վերաորակավորման մասնագիտական պահանջարկի ծրագրավորում, քաղաքականության ու ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

10) ոլորտում գիտատեխնիկական քաղաքականության և առաջադիմական տեխնոլոգիաների ներդրման, ինովացիոն ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գնումների գործընթացի կազմակերպում.

12) գյուղատնտեսության բնագավառին առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) մշակման ու քննարկման գործընթացներին` սահմանված կարգով մասնակցություն.

13) բնագավառին առնչվող օրենսդրական ակտերի նախագծերի մշակում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում բնագավառը կարգավորող իրավական ակտերի մշակում և հաստատում.

14) իր ենթակայության կազմակերպություններին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն, իսկ հիմնադրի որոշմամբ կամ կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված դեպքերում` գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար համաձայնության տրամադրում.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժնետիրական ընկերություններում` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարում.

16) նախարարության տեղեկատվական քաղաքականության և հասարակայնության հետ կապերի կազմակերպում ու իրականացում.

17) ագրոպարենային ոլորտի գործունեության զարգացմանը նպաստող ծրագրային փաստաթղթերի մշակում, ոլորտում ծագած խնդիրների գնահատում, լուծման մոտեցումների առաջադրում և իրականացվող ծրագրերի մոնիթորինգ.

18) Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության ծրագրերի մշակում, պարենային անվտանգության հիմնախնդիրների գնահատում, դրանց լուծման մոտեցումների ձևավորում և իրականացվող ծրագրերի մոնիթորինգ.

19) Եվրասիական տնտեսական միության և Եվրամիություն-Հայաստան համագործակցության շրջանակներում ագրոպարենային ոլորտին առնչվող խնդիրների լուծման գործընթացին մասնակցություն.

20) գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման բնագավառի ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ.

21) գիտատեխնիկական ապահովման և գյուղատնտեսական գործունեության խորհրդատվական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ:

(11-րդ կետը լրաց. 28.03.19 N 322-Լ)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետ նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է նախարարության կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, կազմակերպությունների և հիմնադրամների ղեկավարները, նախարարի խորհրդականները, օգնականները, մամուլի քարտուղարը, ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են գլխավոր քարտուղարի տեղակալը, աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

18. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա կազմակերպության կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրա նկատմամբ.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է յուրաքանչյուր նախարարի տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին, օգնականներին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, կազմակերպությունների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, կազմակերպություններին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

27. Նախարարի խորհրդականը (խորհրդականները)՝

1) համաձայնեցնելով նախարարի հետ` կազմում է իր աշխատանքային ծրագրերը.

2) պարբերաբար նախարարին է ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի, երևույթների և իրադարձությունների մասին և առաջարկություններ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.

3) նախարարի հանձնարարությամբ մասնակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում` իրեն հանձնարարված բնագավառներին վերաբերող հարցերի քննարկմանը.

4) նախարարի որոշմամբ կարող է ղեկավարել նախարարին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.

5) նախարարի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում իրեն հանձնարարված հարցերի քննարկումներ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

28. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) նախարարի պաշտոնական տեսակետները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.

2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.

3) իր գործունեության ծրագրման և իրականացման վերաբերյալ առաջարկություններ ու վերլուծություններ է ներկայացնում նախարարին և նախարարի հետ համաձայնեցնելուց հետո հետևում դրանց իրականացմանը.

4) կազմակերպում է նախարարի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչների հետ.

5) նախարարի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

29. Նախարարի օգնականը (օգնականները)՝

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարին.

2) համաձայնեցնելով նախարարի հետ՝ կազմակերպում է նախարարի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարին.

3) կազմակերպում է նախարարի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) նախապատրաստում և նախարարին է ներկայացնում առաջարկություններ աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.

6) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

30. Նախարարի տեղակալի օգնականը՝

1) կազմակերպական, տեղեկատվական և տեխնիկական աջակցություն է ցուցաբերում նախարարի տեղակալին.

2) համաձայնեցնելով նախարարի տեղակալի հետ՝ կազմակերպում է նախարարի տեղակալի ընթացիկ և հեռանկարային աշխատանքների ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում նախարարի տեղակալին.

3) կազմակերպում է նախարարի տեղակալի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի և ուղևորությունների նախապատրաստումը.

4) համագործակցելով նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների հետ` նախարարի տեղակալի համար նախապատրաստում է տեղեկատվական և վերլուծական նյութեր.

5) կատարում է նախարարի տեղակալի կողմից տրված այլ հանձնարարականներ:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

31. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) գյուղատնտեսության զարգացման և պլանավորման վարչություն.

2) բուսաբուծության և բույսերի պաշտպանության վարչություն.

3) անասնաբուծության և անասնաբուժության վարչություն.

4) ագրովերամշակման զարգացման վարչություն.

5) գյուղատնտեսական ծրագրերի մոնիթորինգի և վերլուծության վարչություն.

6) հողերի օգտագործման և մելիորացիայի վարչություն.

7) «Լիցենզավորման կենտրոն» գործակալություն.

8) գիտության և խորհրդատվության վարչություն.

9) սննդամթերքի անվտանգության բաժին.

10) գյուղատնտեսական կոոպերացիային աջակցության բաժին.

11) ներքին աուդիտի բաժին։

(31-րդ կետը խմբ. 28.03.19 N 322-Լ)

32. Նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) իրավաբանական վարչություն.

2) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն.

3) արտաքին կապերի վարչություն.

3.1) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն.

4) քարտուղարություն.

5) անձնակազմի կառավարման բաժին.

6) առաջին բաժին.

7) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին.

8) տնտեսական բաժին.

9) զորահավաքային բաժին։

(32-րդ կետը լրաց. 28.03.19 N 322-Լ)

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

33. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

34. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

35. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

36. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

37. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

VII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

38. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ, որոնց համակարգման աշխատանքներն իրականացնում և ապահովում է գլխավոր քարտուղարը:

39. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

40. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

41. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

(հավելվածը լրաց., խմբ. 28.03.19 N 322-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան