Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.06.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3193/02/13

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3193/02/13
2018թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(
այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունիսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանի և Զարուհի Հայրապետյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Աղասի Տեր-Եսայանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` պատասխանողի գործողություններն ապօրինի (ոչ իրավաչափ) ճանաչելու և վնասի հատուցման պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,  

Պ Ա Ր Զ Ե Ց
 
 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աղասի Տեր-Եսայանը պահանջել է Երևան համայնքի (քաղաքապետարանի) գործողությունները, որոնցով Աղասի Տեր-Եսայանի անվամբ վարձակալության իրավունքով գրանցված 0,0020հա մակերեսով հողամասից քանդվել է Երևանի Գլխավոր պողոտայի և Մարգարյանի անվան հիվանդանոցի հարակից տարածքում սեփականության իրավունքով Աղասի Տեր-Եսայանին պատկանող 19,0քմ մակերեսով առևտրի կրպակը, ճանաչել ապօրինի, ինչպես նաև որպես հետևանք` պահանջել է Երևան համայնքին պարտավորեցնել հատուցելու ապօրինի գործողությունների արդյունքում Աղասի Տեր-Եսայանին պատճառված վնասը` բռնագանձելով 4.750.000 ՀՀ դրամ` որպես գույքի կորստի գումար, 1.705.000 ՀՀ դրամ` որպես բաց թողնված օգուտ, ինչպես նաև 2011 թվականի օգոստոս ամսից սկսած 4.750.000 ՀՀ դրամին հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված` ՀՀ կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքին համապատասխան տոկոսներ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 17.06.2015 թվականի վճռով հայցը մերժվել է

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ս. Միքայելյան, Ն. Բարսեղյան, Հ. Ենոքյան)  (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.11.2015 թվականի որոշմամբ Աղասի Տեր-Եսայանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.06.2015 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչները։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։ 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը      

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացվել էր երկու հիմքով՝ օրենքի միատեսակ կիրառության՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը) հիմքերով, ինչպես նաև դատական սխալի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: ՀՀ վճռաբեկ դատարանն օրենքի միատեսակ կիրառության հիմքով բողոքը վարույթ ընդունելը մերժել է այն պատճառաբանությամբ, որ թեև բողոքաբերը վկայակոչել է ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները և մեջբերել է դրանց ու բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ հակասող մասերը, սակայն չի կատարել բավարար համեմատական վերլուծություն, իսկ դատական սխալի հիմքով պատճառաբանել է, որ բերված փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը, քննելով Աղասի Տեր-Եսայանի և Նշան Իսպիրյանի դիմումները, 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշմամբ` իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի` «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` բողոքարկվող դատական ակտի և նույնաբնույթ փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծությունը կամ դրանց համադրման արդյունքում անհամապատասխանության փաստումն ինքնին հանդես է գալիս որպես հիմնավորում առ այն, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը, ըստ բողոքաբերի, հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման փուլում նման վերլուծության բնույթի ըստ էության գնահատմամբ չի կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել:

ՀՀ սահմանադրական դատարանը որոշման եզրափակիչ մասում արձանագրել է, որ վեճի առարկա դրույթն Աղասի Տեր-Եսայանի նկատմամբ կիրառվել է որոշման եզրափակիչ մասով բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ մասի` «...հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտությունը ճանաչվել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` նյութական կամ դատավարական իրավունքի խախտման իրավական համարժեք հիմքը վկայակոչելը, վերաբերելի հանգամանքները և այդ իրավական հիմքը համադրելը` նպատակ ունենալով փաստելու այդ հիմքի առկայությունը, նյութական կամ դատավարական իրավունքի խախտման և գործի ելքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը ներկայացնելը (այն ներառում է նաև վերլուծություն առ այն, որ եթե չլիներ այդպիսի խախտում, ապա կկայացվեր այլ ելքով ակտ) ինքնին հանդես են գալիս որպես հիմնավորում առ այն, որ խախտվել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, և որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա:

Բողոք բերած անձի ներկայացուցիչները նշել են, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու որոշման կայացման օրվանից՝ 10.02.2016 թվականից սկսած Աղասի Տեր-Եսայանն իրավունք է ունեցել ՀՀ սահմանադրական դատարանի որոշման օրվա դրությամբ՝ 27.12.2016 թվականին, բացի իր կողմից վիճարկվող հոդվածից, դիմելու ՀՀ սահմանադրական դատարան և իրացնելու իր իրավունքը` նաև «հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտության մասով, քանի որ երկու գործերի փաստական հանգամանքները նույնն են: Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասի հիմքով «հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտության մասով ևս ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է Աղասի Տեր-Եսայանի համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին»  որոշումը՝ վերացնել այն և բողոքն ընդունել վարույթ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։

Իրավահարաբերության  ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը: 

Իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233.2-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե բացակայում են նույն օրենսգրքի 233-րդ հոդվածով, 233.1-րդ հոդվածով և 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը հանգում է այն հետևության, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար կամ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որ կարող էր ազդել գործի ելքի վրա։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի բացակայության պատճառաբանությամբ։ Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ արձանագրել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը բացակայում է, քանի որ սույն գործով բողոք բերած անձի ներկայացրած փաստարկները բավարար չեն դատական սխալի առկայությունը և գործի ելքի վրա դրա ազդեցությունը հիմնավորված համարելու համար: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը գտել է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը ևս բացակայում է, քանի որ «(...) թեև բողոքաբերը բերված վճռաբեկ բողոքում վկայակոչել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.06.2013 թվականի թիվ ԵՄԴ/0599/02/12 որոշումը, ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 և 18.07.2014 թվականի թիվ ՍԴ3/0055/02/13 որոշումները և մեջբերել է դրանց և բողոքարկվող դատական ակտի ենթադրյալ հակասող մասերը, սակայն չի կատարել բավարար համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և վերոնշյալ դատական ակտերում կիրառված միևնույն նորմի` իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ: Հետևաբար բերված բողոքում [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմքը նույնպես հիմնավորված չէ (...)»: Նշված եզրահանգման համար, ըստ էության, հիմք է ընդունվել իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը, որի համաձայն՝ վճռաբեկ բողոքը նույն օրենսգրքի 234-րդ հոդվածի  1-ին մասի 1-ին կետի հիմքով ներկայացնելու դեպքում բողոքը բերած անձը պետք է հիմնավորի, որ դրա վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կնպաստի օրենքի միատեսակ կիրառության ապահովմանը, մասնավորապես վճռաբեկ բողոքում հիմնավորելով, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը` կցելով այդ դատական ակտերը և մեջբերելով դրանց հակասող մասերը` կատարելով համեմատական վերլուծություն` բողոքարկվող դատական ակտի և նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ։

ՀՀ սահմանադրական դատարանը, Աղասի Տեր-Եսայանի և Նշան Իսպիրյանի դիմումների հիման վրա քննելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի, 231-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի և 231-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը, 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշմամբ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի` «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` բողոքարկվող դատական ակտի և նույնաբնույթ փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի դատական ակտի միջև առկա հակասության վերաբերյալ համեմատական վերլուծությունը կամ դրանց համադրման արդյունքում անհամապատասխանության փաստումն ինքնին հանդես է գալիս որպես հիմնավորում առ այն, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը, ըստ բողոքաբերի, հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծման փուլում նման վերլուծության բնույթի ըստ էության գնահատմամբ չի կարող վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշմամբ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ կետի` «...հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` նյութական կամ դատավարական իրավունքի խախտման իրավական համարժեք հիմքը վկայակոչելը, վերաբերելի հանգամանքները և այդ իրավական հիմքը համադրելը` նպատակ ունենալով փաստելու այդ հիմքի առկայությունը, նյութական կամ դատավարական իրավունքի խախտման և գործի ելքի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը ներկայացնելը (այն ներառում է նաև վերլուծություն առ այն, որ եթե չլիներ այդպիսի խախտում, ապա կկայացվեր այլ ելքով ակտ) ինքնին հանդես են գալիս որպես հիմնավորում առ այն, որ խախտվել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմը, և որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի հիմքով դիմողների նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը նոր հանգամանքների հիմքով օրենքով սահմանված կարգով ենթակա են վերանայման, քանի որ իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի՝ «կատարելով համեմատական վերլուծություն» եզրույթը և իրավահարաբերության  ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «...հիմնավորելով այդ խախտումը և այն, որ այդ խախտումն ազդել է գործի ելքի վրա» արտահայտությունը դիմողների նկատմամբ կիրառվել են նույն որոշման եզրափակիչ մասի երկրորդ և երրորդ կետերում բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշումը նոր հանգամանք է սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու համար:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածով սահմանված` վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում ենթակա է լուծման սույն գործով Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Անդրադառնալով նշված վճռաբեկ բողոքին և նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականից ուժի մեջ մտած ՀՀ  քաղաքացիական  դատավարության  օրենսգրքի  439-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված հայցադիմումների, դիմումների և բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են ՀՀ քաղաքացիական դատավարության 17.06.1998 թվականի օրենսգրքի նորմերը, իսկ սույն գործի փաստերի համաձայն` Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչները սույն վճռաբեկ բողոքը փոստային առաքման եղանակով ներկայացրել ենմինչև նոր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ուժի մեջ մտնելը` 09.04.2018 թվականը, որի պայմաններում նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է կիրառել 17.06.1998 թվականի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է ընդունել վարույթ, քանի որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշմամբ արտահայտված դիրքորոշման հիմքով բողոքը համապատասխանում է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի պահանջներին:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը ներկայացվել է երկու հիմքով՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի հիմքով, սակայն Աղասի Տեր-Եսայանը ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացրել է միայն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Նույն հոդվածի 12-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածում նշված գործերով` դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ սահմանադրական դատարանը, որոշման եզրափակիչ մասում բացահայտելով օրենքի դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը, այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ գտել է, որ այդ դրույթը նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 12-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք սահմանադրական դատարանի տվյալ որոշումը հրապարակելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի պահպանված լինելու հարցը լուծելիս նույն մասի առաջին պարբերությունում նշված անձանց նկատմամբ չեն կիրառվում նույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ սահմանադրական դատարանը գործի քննությունը ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե նույն օրենքի 68-74-րդ և 77-րդ հոդվածներում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը, կամ եթե դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն Աղասի Տեր-Եսայանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացրել է 10.02.2016 թվականին, որոշումը փոստային առաքմամբ Աղասի Տեր-Եսայանին և նրա ներկայացուցչին ուղարկվել է 26.02.2016 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 120-121): Աղասի Տեր-Եսայանը ՀՀ սահմանադրական դատարան դիմում ներկայացրել է 01.09.2016 թվականին, իսկ Նշան Իսպիրյանը՝ 05.10.2016 թվականին (հիմք՝ ՀՀ սահմանադրական դատարանի 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշում): Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Աղասի Տեր-Եսայանի նկատմամբ կիրառելի չէ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 13-րդ մասով սահմանված կարգավորումը՝ նկատի ունենալով, որ ինչպես ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կայացման, այնպես էլ Նշան Իսպիրյանի կողմից դիմումի ներկայացման պահի դրությամբ Աղասի Տեր-Եսայանի համար լրացել էր «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված վեցամսյա ժամկետը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 27.12.2016 թվականի թիվ ՍԴՈ-1334 որոշումը՝ որպես նոր հանգամանք, վերաբերում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման` միայն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի բացակայության հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելուն:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նշված դատական ակտի վերանայման արդյունքում այն ենթակա է վերացման ամբողջությամբ, իսկ Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը ենթակա է վարույթ ընդունման վճռաբեկ բողոքում ներկայացված բոլոր հիմքերով: Այսինքն՝ թեև տվյալ դեպքում առկա նոր հանգամանքը վերաբերում է միայն Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքն իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով վարույթ ընդունելը մերժելու հարցին, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման պայմաններում ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է վարույթ ընդունման թե՛ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, թե՛ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով:

Վերոգրյալ դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն իրողությունը, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մի քանի հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու՝ օրենքով սահմանված հիմքերից միայն մեկի առկայության դեպքում այդ վճռաբեկ բողոքը մասնակիորեն վարույթ ընդունելու իրավական կառուցակարգ չի նախատեսել: Այլ կերպ ասած՝ այն դեպքում, երբ առկա է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մի քանի հիմքերով ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերից որևէ մեկը, ապա այդ վճռաբեկ բողոքն ընդունվում է վարույթ ոչ թե միայն առկա հիմքի մասով, այլ՝ ամբողջությամբ: Հետևաբար  ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերացնելու պայմաններում Վերաքննիչ դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչների բերած վճռաբեկ բողոքը ենթակա է վարույթ ընդունման իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի թե՛ 1-ին և թե՛ 2-րդ կետերով նախատեսված հիմքերով:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 416-րդ, 426-րդ և 427-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 10.02.2016 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը և այն վերացնել:

2. Թիվ ԵԿԴ/3193/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.11.2015 թվականի որոշման դեմ Աղասի Տեր-Եսայանի ներկայացուցիչներ Կարեն Մեժլումյանի և Զարուհի Հայրապետյանի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

 

Ռ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

  Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան