Գլխավոր տեղեկություն
Համար
N 101-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.11.2019-28.09.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.27/21(1474) Հոդ.241
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մարտի 2019 թվականի N 101-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝

1. Սահմանել քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. մարտի 20

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 20-ի N 101-Ն

որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածով կարգավորվում են քաղաքացիական ծառայողների գրանցամատյանը (այսուհետ՝ գրանցամատյան) վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:

2. Գրանցամատյանը բոլոր քաղաքացիական ծառայողների վերաբերյալ տեղեկությունների ամփոփ հանրագումարն է, որը վարվում է էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում (այսուհետ՝ տեղեկատվական հարթակ):

3. Գրանցամատյանի վարման նպատակը քաղաքացիական ծառայողների ծառայողական գործունեության ընթացքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հետևողական հավաքագրման միջոցով միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն ու քաղաքացիական ծառայության գործընթացների կազմակերպման արդյունավետության բարձրացման նպատակով այդ տեղեկությունների կիրառումն է:

4. Գրանցամատյանը տեղեկատվական հարթակում վարում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված մարմինները (այսուհետ՝ համապատասխան մարմին) և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ):

5. Գրանցամատյանի վարման մեթոդական ղեկավարումն ու վերահսկողությունն իրականացնում է քաղաքացիական ծառայության գրասենյակը:

6. Գրանցամատյանում քաղաքացիական ծառայողի վերաբերյալ տեղեկությունները նույնականացվում են տվյալ անձի հանրային ծառայության համարանիշի (սոցիալական ապահովության քարտի), իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտ) չստանալու վերաբերյալ տեղեկանքի (այսուհետ՝ հանրային ծառայության համարանիշ) միջոցով:

7. Գրանցամատյանը ձևավորվում է քաղաքացիական ծառայողի անձնական գործից փոխանցվող տեղեկությունների հիման վրա:

8. Տեղեկությունները քաղաքացիական ծառայողի անձնական գործից գրանցամատյան են փոխանցվում ինքնաշխատ եղանակով՝ տեղեկատվական հարթակում անձնական գործի մուտքագրումից և հաստատումից հետո:

9. Անձնական գործում պարունակվող տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելիս՝ համապատասխան փոփոխությունները և (կամ) լրացումներն ինքնաշխատ եղանակով ներառվում են նաև գրանցամատյանում:

10. Անձնական գործից գրանցամատյան փոխանցվող տեղեկությունների ցանկը սահմանվում է սույն հավելվածի N 1 ձևով:

11. Քաղաքացիական ծառայության գրասենյակը տիրապետում է քաղաքացիական ծառայողների վերաբերյալ սույն հավելվածի 10-րդ կետով սահմանված գրանցամատյանի տեղեկություններին ամբողջությամբ, իսկ համապատասխան մարմինը՝ միայն իր մարմնի քաղաքացիական ծառայողներին վերաբերող մասով:

12. Տեղեկատվական հարթակում համապատասխան մարմնին տրված պայմանանիշի միջոցով հնարավոր է առանձնացնել այդ մարմնի քաղաքացիական ծառայողների վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ պահանջվող ժամանակահատվածի:

13. Պաշտոնից ազատված կամ պաշտոնավարումը դադարեցրած քաղաքացիական ծառայողի անձնական գործը համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանման կողմից արխիվացվելուց հետո համապատասխան քաղաքացիական ծառայողի վերաբերյալ տեղեկություններն ինքնաշխատ եղանակով արխիվացվում են նաև գրանցամատյանում:

14. Գրանցամատյանի տեղեկությունները հրապարակման ենթակա չեն: «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ գրանցամատյանում պարունակվող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը, հրապարակման համար տրամադրելու դեպքում՝ քաղաքացիական ծառայողը տեղեկացվում է:

15. Գրանցամատյանի տեղեկությունները հիմք են վերլուծության իրականացման և վիճակագրության վարման համար:

16. Քաղաքացիական ծառայողների վերաբերյալ վիճակագրությունը վարվում է ըստ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված մարմինների, ըստ պաշտոնների խմբերի, ենթախմբերի, ինչպես նաև տարբեր ձևաչափերով և ժամանակագրության քաղաքացիական ծառայության գործընթացների վերաբերյալ տեղեկատվության:

17. Տեղեկատվական հարթակում քաղաքացիական ծառայողների վերաբերյալ վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են գրաֆիկի տեսքով և գրանցամատյանում պարունակվող տեղեկություններում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարվելուն զուգընթաց ինքնաշխատ եղանակով փոփոխվում են:

18. Գրանցամատյանից ստացվող վիճակագրական տեղեկությունների ցանկը սահմանվում է սույն հավելվածի N 2 ձևով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

Ձև N 1

---------

 

Ց Ա Ն Կ

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Քաղաքացիական ծառայողի՝

1) հանրային ծառայության համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկություն.

2) ազգանունը, անունը, հայրանունը.

3) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) ծննդավայրը.

5) սեռը.

6) ընտանեկան դրությունը.

7) անձնագրի կամ նույնականացման քարտի համարը, տալու և վավերականության տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, երբ և ում կողմից է տրվել.

8) հաշվառման, բնակության վայրը (փոստային հասցեն).

9) հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային), էլեկտրոնային փոստի հասցեն.

10) կրթությունը, ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, մասնագիտությունը, կրթության որակավորման աստիճանը, դիպլոմի կամ վկայականի սերիան, համարը և տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

11) օտար լեզուների իմացությունը և տիրապետման աստիճանը.

12) համակարգչային գիտելիքների իմացությունը.

13) զինապարտությունը, զինվորական կոչումը.

14) գիտական աստիճանը, կոչումը, շնորհելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

15) կառուցվածքային ստորաբաժանումը կամ գրասենյակը.

16) զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը.

17) պաշտոնն զբաղեցնելու հիմքը (ներքին կամ արտաքին մրցույթ, տեղափոխում, փոխադրում, գործուղում, ժամկետային աշխատանքային պայմանագիր և այլն), իրավական ակտի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

18) դասային աստիճանը և դրա շնորհման, զրկման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

19) կատարողականի ընթացիկ և տարեկան գնահատականները.

20) վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված և տվյալ տարվա ընթացքում հավաքած կրեդիտների քանակը.

21) խրախուսանքները, այդ թվում՝ պետական պարգևները.

22) կարգապահական տույժերը.

23) վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ տեղեկությունները.

24) հանրային ծառայության ստաժը (որից` որպես փորձնակ), մասնագիտական աշխատանքային ստաժը.

25) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու, ծառայությունը դադարեցնելու հիմքերը, իրավական ակտի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

26) քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու, հանելու հիմքերը, իրավական ակտի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

27) ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու, պայմանագիրը լուծելու հիմքերը, իրավական ակտի համարը, տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

28) պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն զբաղեցնելու, կամ առևտրային կազմակերպություններում որևէ պաշտոն զբաղեցնելու, կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, կամ առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում բաժնեմաս ունենալու վերաբերյալ քաղաքացիական ծառայողին ներկայացվող անհամատեղելիության պահանջները չպահպանելու մասին տեղեկություն.

29) դատվածության բացակայության վերաբերյալ տեղեկություն:

 

Ձև N 2

-----------

 

Ց Ա Ն Կ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Քաղաքացիական ծառայողների թիվը՝ ըստ համապատասխան մարմինների:

2. Քաղաքացիական ծառայողների թիվը՝ ըստ պաշտոնների խմբերի և ենթախմբերի:

3. Քաղաքացիական ծառայողների թիվը՝ ըստ՝

1) արտաքին մրցույթով նշանակվածների.

2) ներքին մրցույթով նշանակվածների.

3) տեղափոխվածների, փոխադրվածների.

4) այլ համապատասխան մարմին գործուղվածների.

5) այլ համապատասխան մարմնում պաշտոնի նշանակվածների.

6) վարկանիշային ցուցակներից նշանակվածների.

7) կադրերի ռեզերվից նշանակվածների.

8) կադրերի ռեզերվում գտնվողների.

9) փորձաշրջանի մեջ գտնվողների.

10) ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցրածների.

11) հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվողների.

12) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվողների.

13) զինապարտների, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվածների.

14) խրախուսվածների (ըստ տեսակների).

15) կարգապահական տույժի ենթարկվածների (ըստ տեսակների).

16) վարքագծի կանոնները խախտածների.

17) սեռի, տարիքի, ընտանեկան դրության.

18) վարչատարածքային միավորների (մարզերի).

19) առավելագույն տարիքի և մինչև մեկ տարի ժամկետով պաշտոնը շարունակել զբաղեցնելու.

20) ընդհանուր աշխատանքային ստաժի, հանրային ծառայության ստաժի (որից՝ որպես փորձնակ), մասնագիտական աշխատանքային ստաժի, պաշտոնի անձնագրով պահանջվող բնագավառի ստաժի.

21) բուհի, մասնագիտության և կրթության որակավորման աստիճանի.

22) օտար լեզուների իմացության և տիրապետման աստիճանի.

23) համակարգչային գիտելիքների իմացության.

24) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեջ գտնվողների.

25) առկա և հեռավար ուսուցմամբ վերապատրաստվածների.

26) գիտական աստիճան ունեցողների.

27) դասային աստիճան ունեցողների.

28) անհրաժեշտ կրեդիտները չհավաքածների.

29) պետական պարգևներ, պատվավոր և հատուկ կոչումներ, պետական մրցանակներ ունեցողների.

30) 60 տոկոսից (Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տոկոսից (միավորից) ցածր կատարողականի գնահատման արդյունք ունեցողների.

31) պաշտոնից ազատման հիմքերի.

32) ժամկետային աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերի.

33) փորձնակ գրանցված անձանցից քաղաքացիական ծառայող նշանակվածների թվի:

4. Գործուղված դիվանագետների կողմից քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցրած անձանց թիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.09.2019, N 671-Ն 28.09.2019, N 101-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան