Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (08.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
08.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
08.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

      

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0902/02/10

2011թ.        

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ1/0902/02/10

Նախագահող դատավոր՝ Ս. Միքայելյան

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

 (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

    

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայիրյանի
Ե. Սողոմոնյանի

      

2011 թվականի հունիսի 08-ին,

քննարկելով Անահիտ Գալոյանի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Անահիտ Գալոյանի ընդդեմ Գրիգոր Կարապետյանի, երրորդ անձ Անահիտ Բունիաթյանի` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

     

ՊԱՐԶԵՑ

   

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անահիտ Գալոյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր 1-ին զանգվածի 1-ին թաղամասի թիվ 9 հողատարածքի նկատմամբ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.01.2011 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2011 թվականի որոշմամբ Անահիտ Գալոյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.01.2011 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Գալոյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

        

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ, 106-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Օրենսդիրը սահմանել է գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ դատարանի պարտականություն այն դեպքում, երբ անհնարին է տվյալ գործի քննության հետագա շարունակումը` կապված մեկ այլ գործի քննության հիմքով վերջնական դատական ակտ կայացնելու հետ: Ընդ որում, գործի վարույթը կասեցնելիս դատարանը պարտավոր է լիարժեքորեն և օբյեկտիվորեն քննության առարկա դարձնել գործի հետագա քննության անհնարինության հանգամանքը: Սույն գործով բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանն առանց հղում կատարելու իրավական նորմերին նշել է, որ երկու գործերով նույն անշարժ գույքի նկատմամբ առկա են քաղաքացիական վեճեր: Մինչդեռ, այլ գործի առկայությունը չի առնչվում սույն գործի հետագա քննության անհնարինության փաստին: Ավելին, նույն անշարժ գույքի նկատմամբ դատարանում մեկ այլ քաղաքացիական վեճի առկայությունը չի կարող դիտվել որպես սույն գործի քննության անհնարինության փաստ, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել նաև այն գույքի նկատմամբ, որն ունի գրանցված սեփականատեր:

     

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.03.2011 թվականի որոշումը և վերացնել Դատարանի 25.01.2011 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։

     

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու հարցին և արձանագրել, որ դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 13.01.2010 թվականի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` հայցի առարկան ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուրի 1-ին զանգվածի 1-ին թաղամասի թիվ 9 հողատարածքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելն է, իսկ թիվ ԿԴ1/0611/02/10 քաղաքացիական գործով, որի կապակցությամբ կասեցվել է սույն գործի վարույթը, Անահիտ Բունիաթյանի հայցի առարկան սույն գործով վեճի առարկա հողամասի, ինչպես նաև դրա վրա գտնվող շինության 50 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելը և դրանից բաժինն առանձնացնելն է:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, պատճառաբանել է, որ սույն և թիվ ԿԴ1/0611/02/10 գործերով նույն անշարժ գույքի նկատմամբ առկա են քաղաքացիական վեճեր: Այսպես, նույն հասցեի հողամասի նկատմամբ մի դեպքում վիճարկվել է սույն գործով հայցվորի, մյուս դեպքում` սույն գործով երրորդ անձի, իսկ թիվ ԿԴ1/0611/02/10 գործով արդեն հայցվորի կարգավիճակում հանդես եկող Անահիտ Բունիաթյանի սեփականության իրավունքը: Այսինքն` սույն գործի հետ ուղղակիորեն փոխկապակցված է նաև թիվ ԿԴ1/0611/02/10 քաղաքացիական գործով դատական քննության ենթակա հայցի առարկան, որի լուծման բովանդակային կազմը կարող է վճռորոշ նշանակություն ունենալ սույն գործով վերջնական ակտի կայացման համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճելի հողամասի վերաբերյալ այլ վեճի առկայությունը չի կարող այդ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ սույն գործի քննության անհնարինության հիմք հանդիսանալ, քանի որ ԿԴ1/0611/02/10 քաղաքացիական գործով Անահիտ Բունիաթյանը վիճարկում է վերոհիշյալ հողամասի և դրա վրա գտնվող շինության կեսի նկատմամբ սեփականության իրավունքը` որպես ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք, իսկ սույն գործով Անահիտ Գալոյանը պահանջել է ամբողջ հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը` գործին մասնակից դարձնելով թե՛ Գրիգոր Կարապետյանին, թե՛ նշված գործով հայցվոր Անահիտ Բունիաթյանին: Այսինքն` ԿԴ1/0611/02/10 քաղաքացիական գործով հայցի բավարարումն անգամ չի կարող ազդել սույն գործի քննության վրա, և նշված գործով վերջնական դատական ակտը չի կարող էական նշանակություն ունենալ սույն գործի լուծման համար:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Անահիտ Բունիաթյանի հայցի հիման վրա հարուցված քաղաքացիական գործի քննությունն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, հետևաբար բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։

    

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։

    

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411 -ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

     

ՈՐՈՇԵՑ

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.03.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2011 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

        

Նախագահող`

   

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

  

Տ. Պետրոսյան

     

Վ. Աբելյան

       Ս. Անտոնյան
     

Վ. Ավանեսյան

        Ա. Բարսեղյան
       Մ. Դրմեյան
       Գ. Հակոբյան
      Է. Հայրիյան
       Ե. Սողոմոնյան