Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.07.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2847/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2847/02/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան  

Դատավորներ՝

 Ի. Վարդանյան
   Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի հուլիսի 31-ին,

քննարկելով ըստ հայցի Երևանի Կենտրոն վարչական շրջանի «Կենտրոն» համատիրության (այսուհետ` Համատիրություն) ընդդեմ Աննա Թութունջյանի` պարտադիր նորմերի իրականացման համար նախատեսված վճարման ենթակա 114.345 ՀՀ դրամ գումար, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքը` 2.290 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Աննա Թութունջյանի ներկայացուցիչ Հրաչ Ալեզյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համատիրությունը պահանջել է Աննա Թութունջյանից բռնագանձել 114.345 ՀՀ դրամ, ինչպես նաև իրենց կողմից վճարված պետական տուրքը` 2.290 ՀՀ դրամ գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.02.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Աննա Թութունջյանից հօգուտ Համատիրության բռնագանձել 40.388,65 ՀՀ դրամ` որպես պարտքի գումար, և 1.500 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար, իսկ հայցը մնացած մասով մերժվել է: 

 ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  08.04.2013 թվականի որոշմամբ Աննա Թութունջյանի  վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աննա Թութունջյանի ներկայացուցիչը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածը, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  208-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ համատիրության անդամ դառնում են միայն շինության սեփականատիրոջ կողմից դիմումի տրման դեպքում, իսկ տվյալ դեպքում Աննա Թութունջյանը համատիրության անդամ դառնալու համար դիմում չի ներկայացրել «Կենտրոն» համատիրություն, հետևաբար չի կարող համարվել համատիրության անդամ, մինչդեռ դատարանը, անտեսելով նշված հանգամանքը, խախտել է «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջները՝ խաթարելով արդարադատության բուն էությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 08.04.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը վճռաբեկության կարգով վերանայելը պայմանավորված է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու Վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական գործառույթով: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի կիրառման առումով առկա է օրենքի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտություն, ուստի Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վկայակոչված իրավադրույթի մեկնաբանմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքային պահանջով քաղաքացիական գործերով վերաքննությունը թույլատրելի է միայն, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը:

Վերոնշյալ իրավանորմով օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացման սահմանափակում` որպես չափորոշիչ հիմք ընդունելով «վեճի առարկայի արժեքը»: Օրենսդրական նշված ձևակերպումը Վճռաբեկ դատարանի դիտարկմամբ իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս, ինչով էլ պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի միատեսակ մեկնաբանման անհրաժեշտությունը:

«Վեճի առարկայի արժեք» եզրույթը մեկնաբանելիս Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ ՀՀ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմանը, որի շրջանակներում բացահայտվել է նաև նշված հասկացության իրավական բովանդակությունը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրական դատարանը, քննելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությանը հարցը, որոշման 6-րդ կետում իրավաչափ է համարել հայցագնի չափով պայմանավորված` քաղաքացիական գործերով վերաքննության իրավունքի սահմանափակումը: Նշված խնդրի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի համակարգային մեկնաբանությունը նույն օրենսգրքի այլ հոդվածների, մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ կետի հետ թույլ է տալիս Վճռաբեկ դատարանին արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված վերաքննության իրավունքի իրացման սահմանափակումը վերաբերում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործերին, այլ կերպ ասած` «վեճի առարկայի արժեք» հասկացությունը ենթադրում է քաղաքացիական գործով հայցագնի չափը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով վերաքննիչ բողոքը,  պատճառաբանել է, որ Աննա Թութունջյանը դատական ակտը բողոքարկել է մասնակիորեն` 40.388,65 ՀՀ դրամ բավարարված հայցապահանջի մասով, հետևաբար վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը և բողոքաբերը որպես վերաքննիչ բողոքի հիմք չի վկայակոչել իր արդար դատաքննության իրավունքի խախտումը։

Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի  2-րդ կետի սահմանափակումը վերաբերում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող հայցագին ունեցող քաղաքացիական գործերով վերաքննիչ բողոքարկման իրավունքի իրացմանը, մինչդեռ տվյալ գործով հայցագինը կազմում է 114.345 ՀՀ դրամ, այլ ոչ թե 40.388,65 ՀՀ դրամ, որը դատական ակտի բողոքարկված մասով բավարարված հայցագնի գումարի չափն է: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանափակումը սույն գործով կիրառելի չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, նշված հիմքով վերաքննիչ բողոքը վերադարձնելով, սահմանափակել է  Աննա Թութունջյանի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ «Համատիրության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի պահանջների խախտմամբ խաթարվել է արդարադատության բուն էությունը: ՀՀ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր այնքանով, որքանով չի նախատեսում բողոքարկման իրավունքի սահմանափակումից բացառություններ բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ, մասնավորապես, երբ չեն պահպանվել ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված դատավարական երաշխիքները:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Վճռաբեկ դատարանը, արդար դատաքննության իրավունքը դիտարկելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի լույսի ներքո (տե´ս, օրինակ` Հունական նավթամշակման «Ստրեն» գործարանները և Ստրատիս Անդրեադիսն ընդդեմ Հունաստանի գործով ՄԻԵԴ-ի 09.12.1994թ. վճիռը, կետեր 49-50, 56), հարկ է համարում նշել, որ արդար դատաքննության իրավունքի ոչ բոլոր տարրերի խախտումը կարող է հանգեցնել վճռի բեկանման, հետևաբար և վերաքննիչ բողոք բերելու հիմք հանդիսանալ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված վերաքննության իրավունքի իրացման սահմանափակումը չի գործում բոլոր այն դեպքերում, երբ խախտվել են արդար դատաքննության իրավունքի բովանդակությունը կազմող այնպիսի տարրեր, ինչպիսիք են օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության իրավունքը, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից գործի քննության իրավունքը, կողմերի հավասարության պայմաններում, այդ թվում` գործի մրցակցային քննության իրավունքը, պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արդար դատաքննության իրավունքի վերոնշյալ տարրերի խախտումը հանգեցնում է քաղաքացիական գործով կայացված դատական ակտի անօրինականության:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը նշված հիմքով անհիմն է, քանի որ բողոք բերող անձը, վկայակոչելով նյութական օրենսդրության մի շարք նորմեր, այդպես էլ չի հիմնավորել արդար դատաքննության իրավունքի որևէ բովանդակային տարրի խախտման փաստ, մինչդեռ արդար դատաքննության իրավունքը, հանդիսանալով բացառապես պրոցեսուալ բնույթի իրավունք, ենթադրում է դատավարական նորմի խախտում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.04.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Աբելյան
  Վ. Ավանեսյան
  Ս. Անտոնյան
 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան