Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

        

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0099/02/09

2011թ.     

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0099/02/09

  

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան

  

            

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

       

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Ե. Սողոմոնյանի

   

2011 թվականի հունիսի 29-ին,

քննարկելով «Կեչառք» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչներ Մերի Գևորգյանի և Նարինե Ճաղարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2011 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ընկերության ընդդեմ Հմայակ Զոհրաբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

     

ՊԱՐԶԵՑ

      

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Հմայակ Զոհրաբյանից բռնագանձել 15.000.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնաս (չստացված եկամուտ)։

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.01.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2010 թվականի որոշմամբ Հմայակ Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.01.2010 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.07.2010 թվականի որոշմամբ վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.05.2010 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 24.01.2011 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է` մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող ըստ հայցի Ընկերության ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի` այլևս իրավաբանական ուժ չունեցող որոշումները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին թիվ ՎԴ/4821/05/10 վարչական գործով կայացվելիք դատական ակտի ուժի մեջ մտնելը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 09.03.2011 թվականի որոշմամբ Հմայակ Զոհրաբյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 24.01.2011 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը վերացվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերության ներկայացուցիչները։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հմայակ Զոհրաբյանի ներկայացուցիչը։

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սույն գործի վարույթը կասեցնելու մասին միջնորդությամբ և Դատարանի 24.01.2011 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ հիմնավորվում է, որ սույն գործով Ընկերության ներկայացուցիչները բողոք բերած անձինք են, մինչդեռ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը և դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցագիրն ուղարկվել է Ընկերության նախկին ներկայացուցիչ Վռամ Հարությունյանին, ով սույն գործի շրջանակներում Ընկերության ներկայացուցիչ չի հանդիսանում։ Փաստորեն, Վերաքննիչ դատարանն Ընկերությանը պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է վերջինիս բացակայությամբ` զրկելով նրան դատարանում իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատական պաշտպանության հնարավորությունից:

      

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետը, 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ Դատարանը չի հիմնավորել, թե ինչի համար պետք է կասեցնել սույն գործի վարույթը, քանի որ Դատարանը պատճառաբանել է, որ սույն գործի ելքի համար նշանակություն ունի, թե վնասն ում գործողությունների հետևանքով է առաջացել` Հմայակ Զոհրաբյանի, թե ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի բաժնի հարկադիր կատարող Ս. Շահսուվարյանի, հետևաբար անհնարին է սույն գործի քննությունը` մինչև վարչական դատավարության կարգով քննվող գործի ավարտը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 09.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

         

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Գործում առկա չէ որևէ գրություն կամ փաստաթուղթ այն մասին, որ Ընկերությունը վերացրել է Վռամ Հարությունյանի լիազորագիրը, կամ վերջինս է հրաժարվել լիազորագրից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը և դատական ծանուցագիրը Վռամ Հարությունյանին ուղարկելով, որևէ խախտում թույլ չի տվել և Ընկերությանը պատշաճ ծանուցել է դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Հիմնավոր է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ Դատարանը չի հիմնավորել սույն գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը:

       

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կիրառման հարցին։ Մասնավորապես, նշել է, որ տվյալ իրավական նորմը ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ։ Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում (տե՛ս Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի, Արամայիս Օհանջանյանի և Միշա Գրիգորյանի՝ ընդհանուր գույքում բաժինն առանձնացնելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի թիվ 3-19 (ՎԴ) որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության տնօրենը Դատարան ներկայացրած 22.10.2010 թվականի միջնորդությամբ հայտնել է, որ դատական ծանուցագիրն ուղարկվել է Ընկերության նախկին ներկայացուցիչ Վռամ Հարությունյանին, ով քաղաքից բացակայելու պատճառով ուշ է տեղեկացրել Ընկերությանը: Հաշվի առնելով, որ Ընկերությունը ներկայացուցիչ չունի, խնդրել է տրամադրել երեք շաբաթ ժամկետ` նոր ներկայացուցիչ գտնելու և վերջինիս կողմից գործի նյութերին ծանոթանալու համար (հատոր 4-րդ, գ.թ. 16): Դատարանը, հարգելով միջնորդությունը, 22.10.2010 թվականի դատական նիստը հետաձգել է և նշանակել 17.11.2010 թվականին, որին ներկայացել է Ընկերության ներկայացուցիչ Մերի Գևորգյանը` ներկայացնելով իրեն և Նարինե Ճաղարյանին տրված լիազորագիրը (հատոր 4-րդ, գ.թ. 39, 43): Դրանից հետո Ընկերության ներկայացուցիչներ Մերի Գևորգյանը և Նարինե Ճաղարյանը 29.11.2010 թվականին և 14.12.2010 թվականին Դատարանին ներկայացրել են գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդություն և դիմում, իսկ Դատարանը դատական նիստերի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցագրերն ուղարկել է Ընկերության ներկայացուցիչ Մերի Գևորգյանի հասցեով (հատոր 4-րդ, գ.թ. 29-36): Այնուհետև, Դատարանն Ընկերության ներկայացուցիչներ Մերի Գևորգյանի և Նարինե Ճաղարյանի միջնորդության հիման վրա 24.01.2011 թվականի որոշմամբ կասեցրել է սույն գործի վարույթը և որոշումն ուղարկել Մերի Գևորգյանի հասցեով (հատոր 4-րդ, գ.թ. 47, 51-56, 59-61):

Սույն գործում առկա չէ որևէ ապացույց Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը և 02.03.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի վերաբերյալ ծանուցագիրն Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ, իսկ 09.03.2011 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիրն ուղարկվել է Վռամ Հարությունյանին (հատոր 4-րդ, գ.թ. 97-99)։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է 22.10.2010 թվականի միջնորդությամբ արված Ընկերության տնօրենի այն հայտարարությունը, որ Վռամ Հարությունյանն այլևս սույն գործով Ընկերության ներկայացուցիչը չէ, և Ընկերությունն իր շահերը Դատարանում ներկայացնելու համար լիազորել է այլ անձանց, որոնք Ընկերության անունից հանդես են եկել Դատարանում, իսկ Դատարանն էլ բոլոր դատավարական փաստաթղթերն ուղարկել է Ընկերության նոր ներկայացուցիչներին: Այսինքն` Վերաքննիչ դատարանը, 09.03.2011 թվականի դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցագիրն ուղարկելով Վռամ Հարությունյանին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան Ընկերությանը պատշաճ ձևով չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին և գործը քննել է նրա բացակայությամբ։ Ավելին, Վերաքննիչ դատարանն Ընկերությանը պատշաճ կերպով չի տեղեկացրել նաև 02.03.2011 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ընկերությանը դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ չծանուցելով, վերջինիս զրկել է գործի վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից, ինչի հետևանքով խախտվել է նրա` ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության հիմնարար իրավունքը:

     

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոնշյալ պատճառաբանություններով։

       

2) Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի քննությունն Ընկերության դատավարական իրավունքի խախտմամբ իրականացնելու պայմաններում Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին։

Անձի` դատական նիստին ներկա գտնվելու իրավունքի խախտման պայմաններում Վճռաբեկ դատարանը քննարկման առարկա չի դարձնում գործով վճռաբեկ բողոքը մերժելու կամ նոր դատական ակտ կայացնելու համար անհրաժեշտ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետն այն դիտում է դատական ակտի անվերապահ բեկանման հիմք:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործի նոր քննությունն անհրաժեշտ է անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման համար:

       

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

       

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

      

ՈՐՈՇԵՑ

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.03.2011 թվականի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

  

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ե. Սողոմոնյան