Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.06.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.06.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.06.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

    

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/4556/05/10

     2011թ.       

Վարչական գործ թիվ ՎԴ/4556/05/10

   

Նախագահող դատավոր՝ Ա. Առաքելյան

        

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

  

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

        

2011 թվականի հունիսի 27-ին,

             

քննարկելով Ֆահրադ, Հակոբ Ափուջանյանների, Գյուլվարդ Համբարյանի, Թեհմինե Դունամալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.03.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ, ըստ հայցի Ֆահրադ, Հակոբ Ափուջանյանների, Գյուլվարդ Համբարյանի, Թեհմինե Դունամալյանի, Արամազդ և Արամ Ափուջանյանների օրինական ներկայացուցիչներ Հակոբ Ափուջանյանի, Թեհմինե Դունամալյանի ընդդեմ Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` 05.10.2010 թվականի որոշումը Ֆահրադ Ափուջանյանին, նրա ընտանիքի անդամներ Գյուլվարդ Համբարյանին, Հակոբ Ափուջանյանին, Թեհմինե Դունամալյանին, Արամազդ և Արամ Ափուջանյաններին Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում չընդգրկելու մասով անվավեր ճանաչելու և բնակարան հատկացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունելուն Հանձնաժողովին պարտավորեցնելու պահանջների մասին,

 

 Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ֆահրադ, Հակոբ Ափուջանյանները, Գյուլվարդ Համբարյանը, Թեհմինե Դունամալյանը, Արամազդ և Արամ Ափուջանյանների օրինական ներկայացուցիչներ Հակոբ Ափուջանյանը, Թեհմինե Դունամալյանը պահանջել են Սպիտակ քաղաքի «Վարպետաց» թաղամասում կառուցված բնակելի տներից տուն ստացողների ցուցակում իրենց չընդգրկելու մասով անվավեր ճանաչել Հանձնաժողովի 05.10.2010 թվականի որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 15.12.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

30.12.2010 թվականին դիմելով դատարան՝ Ֆահրադ, Հակոբ Ափուջանյանները, Գյուլվարդ Համբարյանը, Թեհմինե Դունամալյանը, Արամազդ և Արամ Ափուջանյանների օրինական ներկայացուցիչներ Հակոբ Ափուջանյանը, Թեհմինե Դունամալյանը պահանջել են նաև պարտավորեցնել Հանձնաժողովին ընդունելու բնակարան հատկացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 14.01.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.03.2011 թվականի որոշմամբ հայցվորների ներկայացուցիչ Ռոբերտ Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.01.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվորների ներկայացուցիչ Ռոբերտ Պողոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածը, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, սխալ է մեկնաբանել ՀՀ Կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման 6-րդ կետը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացված որոշումը եզրափակիչ ակտ չէ և այն նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը: Վերաքննիչ դատարանը նման եզրահանգման է եկել ՀՀ Կառավարության 26.11.2009 թվականի թիվ 1402-Ն որոշման հավելվածի 6-րդ կետի մեկնաբանման արդյունքում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ այն ընտանիքների համար, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը կայացրել է որոշում` ցուցակում չընդգրկելու մասին, հարուցված վարչական վարույթն ավարտվում, եզրափակվում է Հանձնաժողովի որոշմամբ, քանի որ Հանձնաժողովի ընդունած որոշումը ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից որևէ գնահատականի չի արժանացել, այսինքն` Հանձնաժողովի որոշմամբ եզրափակվել է հարուցված վարչական վարույթը: Հետևաբար, նշված անձանց համար Հանձնաժողովի որոշումն այն վերջնական վարչական ակտն է, որի արդյունքում նրանք ընկնում են ոչ բարենպաստ դրության մեջ:

Վերաքննիչ դատարանը նշել է, որ կրկին անգամ ներկայացված հայցադիմումը չի կարող պարունակել այլ պահանջ, որը ներկայացված չի եղել նախապես ներկայացված հայցադիմումում: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ նման սահմանափակում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված չէ:

    

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 03.03.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը:

    

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով վարչական մարմինները բնորոշվում են որպես Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ, իսկ վարչարարությունը` որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործունեություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն` բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման:

Նույն մասի «բ» կետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

ՀՀ Կառավարության 26.11.2009 թվականի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի թիվ 432 և 2008 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 1337-Ն որոշումներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1402-Ն որոշման 1-ին կետով հաստատված «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակարանների (բնակելի տների) հատկացման հարցերով հանձնաժողովի» կանոնակարգի (այսուհետ` Կանոնակարգ) 6-րդ կետի համաձայն` Հանձնաժողովի գործառույթներն են`

1) համապատասխան համայնքի ղեկավարի կողմից հաստատված` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած քաղաքացիների ցուցակում (այսուհետ` հերթացուցակ) ընդգրկված անձանց հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին համապատասխանության մասին որոշումը և հերթացուցակում ընդգրկված անձանց հետ հանդիպումները.

2) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ տեղեկատվությունը ճշտելու նպատակով հարցումների իրականացումը.

3) հատկացվող բնակարանի (բնակելի տան) չափի (սենյակների թվով) որոշումը.

4) բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալու հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը.

5) Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների մասին համապատասխան մարզպետներին և քաղաքացիներին իրազեկելը.

6) վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպումը.

7) այլ անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ Հանձնաժողովի կողմից անձի նկատմամբ հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին չհամապատասխանելու մասին որոշում կայացվելու դեպքում անձը համարվում է բնակարան (բնակելի տուն) ստանալուն չհավակնող, ինչից հետևում է, որ նման որոշումն իրենից ներկայացնում է միջամտող վարչական ակտ, որով ավարտվում է անձի նկատմամբ հարուցված վարչական վարույթը, քանի որ դրա միջոցով Հանձնաժողովը մերժում է անձի` բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնելու իրավունքի իրականացումը: Դրան հակառակ բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնող անձի դեպքում նրա նկատմամբ հարուցված վարչական վարույթն ավարտվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից բնակարանների (բնակելի տների) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրամանի կայացմամբ:

Այսինքն` Կանոնակարգը նախատեսում է վարչական վարույթի ավարտման երկու հնարավորություն, որոնցից մեկի արդյունքում ընդունվում է միջամտող վարչական ակտ` հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին չհամապատասխանելու մասին որոշում, իսկ մյուսի արդյունքում` բարենպաստ վարչական ակտ` բնակարանների (բնակելի տների) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին հրաման:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հիմնավորումները, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացրած որոշմամբ պայմանավորված հանրային սուբյեկտիվ իրավունքի խախտման պնդումը հիմնավոր չէ, քանի որ նշված որոշման կայացմամբ հարուցված վարչական վարույթը չի եզրափակվել: Նշված արձանագրությամբ կայացված որոշումն ընդամենը վարչական վարույթի ընթացիկ փուլում իրականացված գործողություն է և նպատակամղված է վարչական ակտի ընդունմանը: Աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տները հատկացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարը, իսկ Հանձնաժողովը նախապատրաստում է բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանի նախագիծ, ինչից հետևում է, որ վարչական վարույթը եզրափակվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ բնակարանների (բնակելի տների) ստանալուն հավակնող անձանց ցուցակի հաստատման մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանը, հետևաբար նաև այդ հրամանի կայացմամբ վարչական վարույթի ավարտը, վերաբերում է բացառապես բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնող անձանց, իսկ բնակարան (բնակելի տուն) ստանալուն չհավակնող անձանց մասով վարչական վարույթն ավարտվում է հերթացուցակում ընդգրկվելու չափանիշներին չհամապատասխանելու մասին Հանձնաժողովի որոշման կայացմամբ, քանի որ այդ որոշման միջոցով Հանձնաժողովը մերժում է անձանց` բնակարան (բնակելի տուն) ստանալուն հավակնելու իրավունքի իրականացումը, հետևաբար նաև նրանց նկատմամբ ՀՀ քաղաքաշինության նախարարի նշված որոշման կայացման հնարավորությունը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացրած որոշումը պարունակում է վարչական ակտի բոլոր վավերապայմանները:

Մասնավորապես` այն`

1) ունի արտաքին ներգործություն, այն է` կարգավորում է վարչական մարմնի` Հանձնաժողովի և ֆիզիկական անձանց` Ֆահրադ Ափուջանյանի և նրա ընտանիքի անդամների միջև ծագած իրավահարաբերությունները,

2) անհատական իրավական ակտ է` դրա 1-ին հավելվածի 42-րդ կետն ուղղված է Ֆահրադ Ափուջանյանին և նրա ընտանիքի անդամներին,

3) ընդունվել է վարչական մարմնի` Հանձնաժողովի կողմից,

4) ընդունվել է հանրային իրավունքի բնագավառում, այն է` կարգավորում է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման ոլորտում առաջացած իրավահարաբերությունները,

5) հետապնդում է կոնկրետ գործի կարգավորման նպատակ, այն է` կարգավորում է հայցվորների հերթացուցակում ընդգրկելու չափանիշներին համապատասխանության հարցը,

6) ուղղված է Ֆահրադ Ափուջանյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների վերացմանը` բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում կառուցված բնակարանները (բնակելի տները) ստանալուն հավակնող անձանց ցուցակում չընդգրկելուն:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հանձնաժողովի 05.10.2010 թվականի թիվ 20 արձանագրությամբ կայացրած որոշումը որպես վարչական ակտ չորակելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն անհիմն է:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի խախտված լինելու հիմքով վճռաբեկ բողոք բերած անձի փաստարկը, հետևյալ պատճառաբանությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված իրավական հարցին պատասխանելու համար վճռաբեկ բողոքի շրջանակներում պետք է քննարկման առարկա դարձվեն հետևյալ հարցադրումները.

Արդյո՞ք հայցադիմումը վերադարձնելուց հետո անձն իրավունք ունի թերությունները վերացնելու հետ միաժամանակ ավելացնել հայցապահանջը, և արդյո՞ք նշվածը հիմք է հայցադիմումի ընդունումը մերժելու համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի թերությունները, որոնց չվերացնելն արգելք չէ գործի քննության համար:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացվելու օրը:

Նշված հոդվածներից հետևում է, որ հայցադիմումը վերադարձնելու դեպքում դատարանը նշում է այն խախտումները, որոնք հիմք են հանդիսացել հայցադիմումը վերադարձնելու համար, որից հետո անձը նույն հայցադիմումի մեջ` դատարանի կողմից նշված խախտումները վերացնելու դեպքում իրավունք ունի այն կրկին ներկայացնել դատարան:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարական վերոնշյալ նորմը չի արգելում անձին հայցադիմումը վերադարձվելու դեպքում ներկայացնել նոր պահանջներով հայցադիմում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցադիմումը վերադարձնելուց հետո անձն իրավունք ունի թերությունները վերացնելու հետ միաժամանակ ավելացնել հայցապահանջը և ներկայացնել հայցադիմում:

Անդրադառնալով երկրորդ իրավական հարցադրմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված իրավական հարցադրմանը պատասխանելու համար պետք է հիմք ընդունել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իրավական կարգավորումը: Նշված նորմով հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք է այն դեպքը, երբ անձը ներկայացրել է նույն հայցադիմումը, սակայն չի վերացրել դատարանի կողմից մատնանշված և գործի քննության համար արգելք հանդիսացող թերությունները:

Հետևաբար, այն դեպքում, երբ անձը ներկայացնում է ավելացված պահանջով հայցադիմում, դատարանն իրավունք չունի հայցադիմումի ընդունումը մերժել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով, քանի որ այդ կետը նշված իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ:

Սույն գործով Դատարանը, հայցադիմումի ընդունումը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորները թույլ տված խախտումները վերացնելու փոխարեն հայցադիմումով ներկայացրել են նաև այլ պահանջ: Մինչդեռ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ թերությունները վերացնելուց հետո դատարան պետք է ներկայացվի սկզբնապես ներկայացված հայցադիմումը, այլ ոչ թե սկզբնականից էականորեն տարբերվող նոր հայցադիմում` ավելացնելով պահանջը: Կիրառելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Դատարանը մերժել է հայցադիմումի ընդունումը:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել Դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը` նշելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի կարգով ներկայացված հայցադիմումը կարող է պարունակել միայն այն պահանջը, որը ներկայացված է եղել նախապես:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով 30.12.2010 թվականին ներկայացված հայցադիմումի ընդունումը մերժելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը բացակայում է, քանի որ անձը խախտումները վերացնելու հետ միաժամանակ ավելացրել է պահանջը և ներկայացրել հայցադիմում, որի ընդունումը մերժելու հիմք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը չի պարունակում:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը գտել է, որ հայցվորի կողմից 09.12.2010 թվականին հայց ներկայացնելիս ձևական առումով չեն խախտվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ և 73-րդ հոդվածների` ՀՀ վարչական դատարանի կողմից մատնանշված պահանջները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ, 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ, 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

        

Ո Ր Ո Շ Ե Ց

        

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 03.03.2011 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 14.01.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

    

Նախագահող`

   

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

   

Ա. Բարսեղյան

    

Վ. Աբելյան

   

Վ. Ավանեսյան

     Մ. Դրմեյան
     Գ. Հակոբյան
     Տ. Պետրոսյան
      Ե. Սողոմոնյան