Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.01.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.01.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.01.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.01.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3492/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3492/02/09
2011թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

 (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի հունվարի 10-ին,

քննարկելով ըստ հայցի ««Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` վարչական մարմնի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ Ընկերության ներկայացուցիչ Արա Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Նախարարության կողմից Ընկերության նկատմամբ իրականացված վարչարարությունը (գործողությունները), այն է`

Նախարարության բնապահպանական պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) ավագ պետական տեսուչ-հիդրոերկրաբան Ա. Գոգինյանի կողմից 01.04.2005 թվականին Ընկերությանը պատկանող թիվ 1/67 և թիվ 8/69 հորատանցքներից դեպի գազալիցքավորման սարք գնացող ջրագծին թիվ WPD-65 N935814 ջրաչափը տեղադրելը, կապարակնքելը և 01.04.2005 թվականին Ընկերության հետ ջրաչափի տեղադրման երկկողմանի ներքին ակտը կնքելը,

Տեսչության ավագ պետական տեսուչ-հիդրոերկրաբան Ա. Գոգինյանի կողմից գազանջատիչից հետո դեպի շշալցման գործարան գնացող ջրագծին թիվ 8800591 ջրաչափը տեղադրելը, կապարակնքելը և 07.04.2005 թվականին Ընկերության հետ ջրաչափի տեղադրման երկկողմանի ներքին ակտը կնքելը,

Տեսչության ավագ պետական տեսուչ-հիդրոերկրաբան Ա. Գոգինյանի կողմից գազանջատիչից հետո դեպի շշալցման գործարան գնացող ջրագծին հերթական ստուգումից հետո թիվ VEM N8800591 ջրաչափը տեղադրելը, կապարակնքելը և 05.10.2007 թվականին Ընկերության հետ ջրաչափի տեղադրման երկկողմանի ներքին ակտը կնքելը,

Նախարարության աշխատակիցների կողմից 18.08.2005 թվականի թիվ 100303 հանձնարարագրի հիման վրա կատարված ստուգումների արդյունքում թիվ 100021 տեղեկանքը կազմելը,

Նախարարության աշխատակիցների կողմից 16.02.2006 թվականի թիվ 010011 հանձնարարագրի հիման վրա թիվ 010025 տեղեկանքը կազմելը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 11.01.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 08.02.2010 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 11.01.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 08.02.2010 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման համար հիմք է հանդիսանում Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4234/05/09 վարչական գործով 02.12.2009 թվականին կայացրած որոշումը, որով վերադարձվել է ՀՀ վարչական դատարանի 28.10.2009 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը:

Այսպես, թիվ ՎԴ/4234/05/09 վարչական գործի նյութերից, մասնավորապես` հայցադիմումից, բողոքներից և դատական ակտերից հետևում է, որ Ընկերությունը ՀՀ վարչական դատարան է դիմել նախքան ընդհանուր իրավասության դատարան դիմելը, և ՀՀ վարչական դատարանի միջոցով արդար դատաքննության իրավունքն Ընկերությունն այլևս չի կարող իրականացնել:

Տվյալ դեպքում Ընկերությունը հայցադիմումը ներկայացրել է նույն այն բովանդակությամբ, ինչ որ ներկայացված է եղել ՀՀ վարչական դատարան:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը և Վճռաբեկ դատարանը գտել են, որ Նախարարության իրականացրած վարչարարությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը բխում է կողմերի միջև առաջացած հանրային իրավական հարաբերությունից և ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Նման պայմաններում ստացվել է մի իրավիճակ, երբ Ընկերությունը զրկվել է արդար դատաքննության իրավունքից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքն ամրագրում է, որ ցանկացած նախապայմանների խստացումը չպետք է տեղի ունենա անհամաչափ` անձանց համար ստեղծելով իրավունքների պաշտպանության խոչընդոտներ: Վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ օրենսդրորեն նախատեսված, հստակ և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն:

Նշված դիրքորոշման կարևոր նախադրյալներից են նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 12.05.2004 թվականի թիվ «R (2004) 6» հանձնարարականում ազգային դատական համակարգերի արդյունավետության խնդիրների վերաբերյալ հանձնարարականի դրույթները:

Ելնելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կանոնակարգումներից` Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է վերանայվի, և հնարավորություն տրվի Ընկերությանն օգտվելու դատական պաշտպանությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերանայել Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և վերացնել Վերաքննիչ դատարանի 08.02.2010 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմքերն են նոր երևան եկած կամ նոր հանգամանքները:

Սույն գործով Վճռաբեկ դատարանը, վերադարձնելով Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը, 07.04.2010 թվականի որոշմամբ հաստատել է Վերաքննիչ դատարանի 08.02.2010 թվականի որոշման պատճառաբանությունները:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը, մերժելով Ընկերության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, 08.02.2010 թվականի որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ տվյալ դեպքում Նախարարությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իմաստով հանդիսանալով վարչական մարմին, իրականացրել է վարչարարություն, այն է` ստուգումների արդյունքում և հանձնարարագրի հիման վրա տեղեկանքների կազմում, ջրաչափերի տեղադրման երկկողմանի ներքին ակտերի կնքում: Հետևաբար, Նախարարության իրականացրած գործողությունների և ընդունած ակտերի ուժով Նախարարության և Ընկերության միջև ծագած հարաբերությունները կրում են հանրային բնույթ այնքանով, որքանով այդ հարաբերություններում բացակայում է մասնակիցների հավասարությունը և կամքի ինքնավարությունը: Այդ հարաբերությունները կողմերի միջև առաջացել են Նախարարության` որպես իշխանական լիազորություններով օժտված մարմնի իրականացրած գործողությունների և ընդունած ակտերի ուժով: Այսպիսով, Նախարարության իրականացրած վարչարարությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջը բխում է կողմերի միջև առաջացած հանրային իրավական հարաբերությունից և ընդդատյա չէ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Սույն վճռաբեկ բողոքին կից Ընկերության ներկայացուցիչը ներկայացրել է Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4234/05/09 վարչական գործով 02.12.2009 թվականին կայացրած «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, որով Վճռաբեկ դատարանը հաստատել է ՀՀ վարչական դատարանի 28.10.2009 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման պատճառաբանությունները:

Մասնավորապես` թիվ ՎԴ/4234/05/09 վարչական գործով Ընկերությունը ներկայացրել է նույն պահանջը:

ՀՀ վարչական դատարանի 13.10.2009 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է: Ընկերությունը նշված որոշման դեմ բողոք է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որը ՀՀ վարչական դատարանի 28.10.2009 թվականի որոշմամբ մերժվել է:

ՀՀ վարչական դատարանը, մերժելով ՀՀ վարչական դատարանի 13.10.2009 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած բողոքը, 28.10.2009 թվականի որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունները, որ Ընկերության և Նախարարության միջև 14.08.2003 թվականին կնքված թիվ 335, ինչպես նաև Ընկերության և Հայաստանի Հանրապետության` ի դեմս Նախարարության միջև 19.04.2005 թվականին կնքված թիվ 2Պ-003 պայմանագրերի դրույթների մեկնաբանությունից հետևում է, որ դրանք քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրեր են, իսկ հայցադիմումի պահանջներում վկայակոչված ջրաչափերի տեղադրումը, կապարակնքումը և դրանց վերաբերյալ երկկողմանի ներքին ակտեր կնքելը բխել է նշված պայմանագրերից, քանի որ ջրաչափերի տեղադրումը պայմանավորված է եղել կողմերի պայմանագրային իրավունքների և պարտականությունների իրացումից: Այսինքն` ինչպես ջրաչափերի տեղադրումը, այնպես էլ վերոգրյալ պայմանագրերին համապատասխան իրականացված ուսումնասիրություններն ու վերահսկողությունը բխում են տվյալ պայմանագրերով ամրագրված կողմերի իրավունքներից: Վարչական իրավահարաբերություններում կողմերից մեկը, հանդես գալով որպես հանրային (գործադիր) իշխանության մարմին` վարչական մարմին, օժտված է այնպիսի լիազորություններով, որոնց կիրառումը բացառում է իրավահարաբերության սուբյեկտների իրավահավասարությունն ու ազատ կամարտահայտությունը: Մինչդեռ, տվյալ դեպքում վիճարկվող գործողությունների քաղաքացիաիրավական պայմանագրերից բխելու հանգամանքն ինքնին բացառում է Նախարարության` որպես հանրային (գործադիր) իշխանության մարմին` վարչական մարմին հանդես գալու հանգամանքը, քանի որ քաղաքացիական օրենսդրությամբ կարգավորվող հարաբերություններում գործում է իրավահարաբերության սուբյեկտների բացարձակ իրավահավասարության ու ազատ կամարտահայտության սկզբունքը: Այստեղից հետևում է, որ Նախարարությունը, տվյալ դեպքում հանդես գալով որպես քաղաքացիաիրավական պայմանագրի կողմ, կատարել է վիճարկվող գործողությունները` դիտարկելով դրանք որպես պայմանագրերից բխող գործողություններ: Այսպիսով, Ընկերության կողմից վիճարկվող Նախարարության գործողությունները չեն հանդիսանում Նախարարության` որպես հանրային (գործադիր) իշխանության մարմնի` վարչական մարմնի լիազորություններից բխող գործողություններ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/4234/05/09 վարչական գործով 02.12.2009 թվականին կայացրած «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված նոր երևան եկած հանգամանք է, քանի որ նշված որոշմամբ հաստատվում է այն հանգամանքը, որ սույն գործով վիճարկվող Նախարարության գործողությունները չեն բխում հանրային իրավահարաբերություններից և դրանց վերաբերյալ վեճն ընդդատյա չէ ՀՀ վարչական դատարանին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Ընկերությունը զրկվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք ...:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե'ս` Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի (Khalfaoui v. France), թիվ 34791/97, պարբ. 35, ECHR 1999-IX և Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի (Papon v. France), թիվ 54210/00, պարբ. 90, ECHR 2002-VII):

Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման համար հիմք է ընդունում նաև այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է «հանրային իրավահարաբերություններ» եզրույթի մեկնաբանությանը և վերլուծելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը` արձանագրել է, որ վարչարարությունը բնորոշվում է հանրային իրավունքի բնագավառին առնչվելու հանգամանքով: Դա պետք է լինի վարչական մարմնի հանրային իրավունքի բնագավառում որոշակի հարցի լուծմանն ուղղված գործողություն, իսկ հանրային իրավունքի բնագավառը նշանակում է անձի հարաբերություններ պետության հետ, որը հանդես է գալիս որպես հանրային իշխանության կրող: Վճռաբեկ դատարանը գտել է, որ հանրային իրավահարաբերությունները դրանք այն հարաբերություններն են, որոնք ծագում են պետական կառավարման մարմինների գործադիր-կարգադրիչ գործունեության ընթացքում` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց միջև ծագած հարաբերություններում (տե'ս` ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Հայկ Մարգարյանի` կենսաթոշակի վճարումը 2008 թվականի սեպտեմբերի 1-ից դադարեցնելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 03.12.2010 թվականի թիվ ԵԱՔԴ/1369/05/09 որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի որոշումը կայացվել է մինչև վերոնշյալ որոշման կայացումը, որով Վճռաբեկ դատարանը հստակ սահմանել է օրենքի միատեսակ կիրառության սահմանները, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի 07.04.2010 թվականի որոշումը ենթակա է վերանայման, իսկ սույն գործը ենթակա է քննության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.32-րդ հոդվածի 1-ին կետի և 226-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.32-րդ, 204.38-րդ և 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

                                                             Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 07.04.2010 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.02.2010 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 11.01.2010 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան