Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.08.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.13/17(1470) Հոդ.163
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
31.08.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
31.08.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0133/04/14

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0133/04/14
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան

Դատավորներ՝

Ա. Մկրտչյան

Կ. Հակոբյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի օգոստոսի 31-ին

գրավոր ընթացակարգով քննելով Սուրեն Սադոևի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2017 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սուրեն Սադոևի` պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց  

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տիգրան Մարտիրոսյանը պահանջել է Սուրեն Սադոևին ճանաչել սնանկ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Կուբանյան) 20.02.2015 թվականի վճռով Տիգրան Մարտիրոսյանի դիմումը բավարարվել է:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 29.04.2015 թվականի որոշմամբ հաստատվել է Սուրեն Սադոևի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, իսկ 03.06.2015 թվականի որոշմամբ Տիգրան Մարտիրոսյանն ընդգրկվել է Սուրեն Սադոևի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Հ. Ենոքյան, Ս. Միքայելյան, Գ. Խանդանյան) 20.04.2016 թվականի որոշմամբ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2015 թվականի որոշման դեմ Սուրեն Սադոևի վերաքննիչ բողոքը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Պետրոսյան, Տ. Նազարյան, Կ. Չիլինգարյան) 26.12.2016 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքի հիմքով Սուրեն Սադոևի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2015 թվականի վճիռը բեկանվել  է, և գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ա. Չիչոյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2017 թվականի վճռով Տիգրան Մարտիրոսյանի դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.11.2017 թվականի որոշմամբ Տիգրան Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 06.07.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան՝ ամբողջ ծավալով նոր քննության (դատավոր Ա. Հունանյանի կողմից շարադրվել է հատուկ կարծիք):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Սադոևի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին, 3-րդ հոդվածները, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 32-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

        Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Սուրեն Սադոևին սնանկ ճանաչելու պահանջի հիմքում դրված է եղել բացառապես թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով 28.06.2013 թվականի վճիռը, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2016 թվականի որոշմամբ բեկանվել է, իսկ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2016 թվականի վճռով գործի վարույթը կարճվել է, մինչդեռ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով 20.02.2015 թվականի վճիռը բեկանվելուց և ամբողջ ծավալով նոր քննության ուղարկվելուց հետո Տիգրան Մարտիրոսյանը որևէ ձևով չի փոխել Սուրեն Սադոևին սնանկ ճանաչելու պահանջի հիմքը:

Սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված դատական ակտը բեկանվելու և գործի վարույթը կարճվելու պայմաններում վերացել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված այն վճարային պարտավորությունը, որը ճանաչված էր օրինական ուժի մեջ մտած վճռով:

Ինչ վերաբերում է թիվ ԵՇԴ/0619/02/12 քաղաքացիական գործով վճռին, ապա Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ թիվ ԵԱՔԴ/4146/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2016 թվականի որոշմամբ նշված վճիռն ըստ էության վերացել է, քանի որ ճանաչվել է Տիգրան Մարտիրոսյանի հանդեպ Սուրեն Սադոևի ունեցած պարտքի այլ չափ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 09.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 06.07.2017 թվականի վճռին։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ըստ հայցի Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սուրեն Սադոևի` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է: Դատարանը, մասնավորապես, վճռել է. «Սուրեն Սադոևից հօգուտ Տիգրան Մարտիրոսյանի բռնագանձել 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և նախապես վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ 12.03.2010 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 20.000 ԱՄՆ դոլարին հաշվարկել և բռնագանձել տոկոսագումար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքին համապատասխան»: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 9):

2) Ըստ հայցի Տիգրան Մարտիրոսյանի ընդդեմ Սուրեն Սադոևի` գումար բռնագանձելու պահանջի մասին, թիվ ԵՇԴ/0619/02/12 քաղաքացիական գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է: Դատարանը, մասնավորապես, վճռել է. «Սուրեն Սադոևից հօգուտ Տիգրան Մարտիրոսյանի բռնագանձել 19.000.000 ՀՀ դրամ և նախապես վճարված 10.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառմամբ 13.05.2010 թվականից մինչև պարտավորության կատարման օրը 19.000.000 ՀՀ դրամին հաշվարկել և բռնագանձել տոկոսագումար ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքին համապատասխան՝ բռնագանձումը տարածելով գրավադրված` Երևանի Շիրակի փողոցի 70-րդ շենքի թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա»: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 12-14):

3) Սույն գործով Տիգրան Մարտիրոսյանի ներկայացրած՝ Սուրեն Սադոևին սնանկ ճանաչելու դիմումի, ինչպես նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2015 թվականի վճռի հիմքում դրվել է թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով 28.06.2013 թվականի վճռով հաստատված պարտավորությունը (hատոր 1-ին, գ.թ. 2-3, 81-83):

4) Թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2013 թվականի վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել Սուրեն Սադոևը։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2016 թվականի որոշմամբ Սուրեն Սադոևի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով 28.06.2013 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության (հատոր 3-րդ, 44-47):

5) Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2016 թվականի վճռով թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 52-54):

6) Սույն գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 03.06.2015 թվականի որոշմամբ Տիգրան Մարտիրոսյանն ընդգրկվել է Սուրեն Սադոևի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակում՝ 29.840.000 ՀՀ դրամի և 10.000 ՀՀ դրամի չափով՝ որպես ապահովված պահանջ՝ հիմքում դնելով թիվ ԵՇԴ/0619/02/12 քաղաքացիական գործով 28.06.2013 թվականի վճիռը, և 31.800 ԱՄՆ դոլարի և 10.000 ՀՀ դրամի չափով՝ որպես չապահովված պահանջ՝ հիմքում դնելով թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով 28.06.2013 թվականի վճիռը (հատոր 2-րդ, գ.թ. 132-134):

7) Ըստ հայցի Սուրեն Սադոևի ընդդեմ Տիգրան Մարտիրոսյանի, երրորդ անձինք Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, թիվ ԵԱՔԴ/4146/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 25.11.2016 թվականի որոշմամբ անդրադառնալով նաև թիվ ԵՇԴ/0619/02/12 և թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործերով դատական ակտերին, արձանագրել է. «...թեև գործի նյութերից հետևում է, որ Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի միջև 12.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը, որով Սուրեն Սադոևը, ի ապահովումն Երևան քաղաքում կողմերի միջև 12.03.2010 թվականին կնքված 19.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագրի, գրավադրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող՝ Երևանի Շիրակի 70-րդ շենքի թիվ 54 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ Տիգրան Մարտիրոսյանը գրավ է վերցրել նշված անշարժ գույքը, ստորագրվել է վերջիններիս կողմից, պահպանվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 263-րդ հոդվածի դրույթները, բացի այդ, գործարքը ստացել է նոտարական վավերացում, իսկ գործարքից ծագող Տիգրան Մարտիրոսյանի իրավունքները` պետական գրանցում, այդուհանդերձ գործի նյութերով հիմնավորվել է, որ ի սկզբանե կողմերի միջև պարտավորական հարաբերություններ են ծագել որպես փոխառություն տրված 11.700.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ, և որ 12.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագրով կողմերն իրականում նպատակ են ունեցել ապահովել Սուրեն Սադոևի կողմից Տիգրան Մարտիրոսյանին փոխառությամբ տրամադրված ոչ թե 19.000.000 ՀՀ դրամի, այլ՝ ընդհանուր գումարով 30.000 ԱՄՆ դոլարին համարժեք 11.700.000 ՀՀ դրամի վերադարձելիությունը: Ընդ որում, Տիգրան Մարտիրոսյանն իր տված 30.000 ԱՄՆ դոլարի դիմաց մինչև 2011 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում Սուրեն Սադոևից որպես տոկոսագումար ստացել է ընդհանուր` 6.570.000 ՀՀ դրամին համարժեք 18.000 ԱՄՆ դոլար»: Սույն որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը որոշել է. «...Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 12.05.2016 թվականի թիվ ԵԱՔԴ/4146/02/15 վճիռը բեկանել և փոփոխել՝ Սուրեն Սադոևի հայցը բավարարել: Կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ. շինծու գործարք հանդիսանալու հիմքով անվավեր ճանաչել Սուրեն Սադոևի կողմից 09.03.2010 թվականին կազմված գրությունը, ինչպես նաև Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի միջև 12.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը և որպես անվավերության հետևանք` Սուրեն Սադոևի կողմից 09.03.2010 թվականին կազմված գրությունը, ինչպես նաև Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի միջև 12.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը դիտել կնքված Տիգրան Մարտիրոսյանի կողմից Սուրեն Սադոևին տրամադրված 11.700.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար պարտքով գումարի կապակցությամբ...» (հատոր 3-րդ, գ.թ. 85-92):

8) Սույն սնանկության գործի նոր քննությունն իրականացվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.12.2016 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների հիմքով սնանկ ճանաչելու մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2016 թվականի վճիռը բեկանելու արդյունքում (հատոր 3-րդ, գ.թ. 98-100):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է՝

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ սնանկության դիմումի և սնանկ ճանաչելու վճռի հիմքում դրված դատական ակտը բեկանվելու պայմաններում պարտապանի հետագա սնանկության հարցի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

2) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ սնանկ ճանաչելու վճիռը հետագայում բեկանվելու պայմաններում սնանկության վարույթում կայացված դատական ակտերի, մասնավորապես՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշման հետագա իրավական գործողության վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

3) ստորադաս դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, ինչպես նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ և 32-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1) արդյոք սնանկ ճանաչելու մասին վճռի հիմքում դրված դատական ակտը վերացվելու պայմաններում գործի նոր քննության ժամանակ հարկադրված սնանկության դիմումի քննության համար կարող են էական նշանակություն ունենալ պարտապանին՝ սնանկ ճանաչելու դիմումում չնշված այլ պարտավորությունները,

2) պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը հետագայում, մասնավորապես` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանվելու պայմաններում արդյո՞ք ինքնըստինքյան վերացված են համարվում սնանկության վարույթում կայացված այլ դատական ակտերը, մասնավորապես՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը:

1) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը, (...)

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցի կամ դիմումի հիման վրա:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը:

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս, «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): 

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հարկադրված սնանկության դեպքում պարտապանը սնանկ է ճանաչվում, եթե նա թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Ընդ որում, օրենսդիրը, ամրագրելով, որ վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, միաժամանակ սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պարագայում նույնիսկ պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու դեպքում պարտավորությունն անվիճելի է: Այդ հիմքերն են՝

-  երբ վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

-  երբ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

-  երբ պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

-  երբ պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման մոտեցումը պայմանավորված է դատական ակտերի պարտադիրության հատկանիշով, այսինքն՝ քանի դեռ առկա է օրինական ուժի մեջ մտած չկատարված վերջնական դատական ակտ, որով հաստատվել է որոշակի պարտավորություն, նշված պարտավորությունը վիճարկվել չի կարող (բացառությամբ հաշվանց կատարելու հնարավորության դեպքի): Վճռաբեկ դատարանը փաստում է, որ պարտավորության անվիճելիությունը կարող է վերանալ, եթե միայն վերացվի համապատասխան դատական ակտը (օրինակ՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով):

Վճռաբեկ դատարանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի վերլուծությունից պարզ է դառնում, որ դատարանը պարտապանին սնանկ է ճանաչում հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, ինչը, հիմք ընդունելով քաղաքացիական դատավարությունում գործող տնօրինչականության սկզբունքը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշանակում է, որ հարկադրված սնանկության դիմումը պետք է պարունակի դիմումի հիմքերն ու հիմնավորումները, իսկ սնանկության գործը քննող դատարանը չի կարող դուրս գալ դիմումի հիմքերի շրջանակից: Այլ կերպ ասած, եթե սնանկության դիմումում նշված է կոնկրետ վճարային պարտավորություն, ապա դատարանը պետք է գնահատի միայն վերջինիս անվիճելիությունը և ըստ այդմ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված պայմանների առկայությունը:

Վճռաբեկ դատարանի նման դիրքորոշումը բխում է նաև հայցի հիմքի և առարկայի վերաբերյալ նախկինում արտահայտած դիրքորոշումներից: Այսպես, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի փաստական հիմքն այն հանգամանքներն են, որոնց հետ նյութական իրավունքի նորմը կապում է իրավահարաբերությունների առաջացումը, փոփոխումը կամ դադարումը: Հայցի փաստական հիմքն ըստ էության իրավաբանական փաստերն են, հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել հայցվորի պահանջի համար: Հայցի փաստական հիմքում դրված իրավաբանական փաստերը միայն վերացական հիմք են պահանջ ներկայացնելու համար: Քաղաքացիական դատավարության շրջանակներում դրանք պետք է նաև հիմնավորվեն: Այդ գործընթացը ներառվում է ապացուցման գործընթացում: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հայցի հիմքում ընկած փաստական հանգամանքների մատնանշումը հայցադիմումի մեջ համարվում է տվյալ հիմքով հայցի ներկայացում (տե՛ս, Վիգեն Ուրուշանյանն ընդդեմ Սուրիկ Սեդրակյանի թիվ ԵՇԴ/0473/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ ՀՀ օրենսդրությունը հայցի հիմքը և առարկան փոխելու լիազորությունը վերապահում է միայն հայցվորին, և տվյալ դեպքում դատարանն ուղղակի հայցվորի համապատասխան միջնորդության առկայության դեպքում կարող է որոշում կայացնել բավարարելու կամ մերժելու հայցվորի` հայցի հիմքը կամ առարկան փոխելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն սեփական նախաձեռնությամբ վերոնշյալ գործողությունները կատարելու լիազորություն դատարանը չունի: Բոլոր դեպքերում, եթե հայցի հիմքում ներառված են փաստական և իրավական հիմքերը, դատարանը գործով ապացուցման առարկան որոշում է հայցվորի վկայակոչած և ենթադրյալ կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմի և փաստական հանգամանքների համադրության հիման վրա (տե՛ս, Ա/Ձ Էդմոնդ Ասատրյանը և Կարինե Բաղջյանն ընդդեմ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2924/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հարկադրված սնանկության դիմումում նշված հիմքերը, մասնավորապես՝ կոնկրետ վճարային պարտավորությունը, կաշկանդում են դատարանին՝ քննելու միայն դիմումում նշված հանգամանքների՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածին համապատասխանությունը: Նման դեպքերում նույնպես գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է առաջնորդվի սնանկության դիմումի հիմքերով անգամ այն պարագայում, երբ գործում առկա են այլ ապացույցներ պարտապանի պարտավորությունների վերաբերյալ, այդ թվում՝ եթե անգամ հաստատված է պահանջների վերջնական ցուցակը:

 

2) Սույն գործի շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այն դեպքերին, երբ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվելուց հետո սնանկ ճանաչելու մասին վճիռը որևէ հիմքով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) բեկանվում է:

Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ սնանկության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու նպատակները, և որոնք, որպես կանոն, եզրափակվում են համապատասխան դատական ակտի կայացմամբ: Այսպես, սնանկության վերաբերյալ դիմումի ընդունելության հարցի քննարկման արդյունքում դատարանը կայացնում է, օրինակ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որից հետո դատարանն իրականացնում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ ուղղված սնանկության վարույթի հետագա գործողությունների կատարման ապահովմանը: Սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլը կարող է ավարտվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ: Առանձին փուլ է նաև պարտատերերի պահանջների հաստատումը, որը նույնպես սնանկության վարույթի առանցքային փուլերից է, և դրա հիման վրա է կատարվում պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը սահմանում է պահանջների հաստատման կարգը: Մասնավորապես՝ նույն հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:

Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ պահանջների հաստատման փուլը սկսվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելուց հետո: Հետևաբար, եթե որևէ պատճառով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) վերանում է սնանկ ճանաչելու հարցի քննության արդյունքում կայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա ենթադրում է հետագա փուլերի, այդ թվում՝ պահանջների հաստատման փուլի շարունակման անտրամաբանությունը: Այսինքն՝ եթե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն այլևս գոյություն չունի, պարտապանը սնանկ համարվել չի կարող, հետևաբար առարկայազուրկ են դառնում նաև հետագա բոլոր փուլերը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի վերացումը հանգեցնում է սնանկության հետագա փուլերի դադարմանը և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի, այդ թվում՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման վերացման։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տիգրան Մարտիրոսյանի ներկայացրած՝ Սուրեն Սադոևին սնանկ ճանաչելու դիմումի, ինչպես նաև Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2015 թվականի վճռի հիմքում դրվել է միայն թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով 28.06.2013 թվականի վճռով հաստատված պարտավորությունը: Թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2013 թվականի վճռով Տիգրան Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Սուրեն Սադոևի` 20.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և դրա նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է, և վճիռը մտել է օրինական ուժի մեջ: Հետագայում նշված վճռի դեմ նոր երևան եկած հանգամանքի հիմքով վերաքննիչ բողոք է ներկայացրել Սուրեն Սադոևը, և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.01.2016 թվականի որոշմամբ նշված վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Նոր քննության արդյունքում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 10.06.2016 թվականի վճռով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է: Բացի այդ, թիվ ԵՇԴ/0619/02/12 քաղաքացիական գործով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 28.06.2013 թվականի վճռով Տիգրան Մարտիրոսյանի հայցը բավարարվել է՝ դատարանը, մասնավորապես, վճռել է Սուրեն Սադոևից հօգուտ Տիգրան Մարտիրոսյանի բռնագանձել 19.000.000 ՀՀ դրամ և դրա նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների գումարը: Թիվ ԵԱՔԴ/4146/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 25.11.2016 թվականի որոշմամբ որոշել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ՝ շինծու գործարք հանդիսանալու հիմքով անվավեր ճանաչել Սուրեն Սադոևի կողմից 09.03.2010 թվականին կազմված գրությունը, ինչպես նաև Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի միջև 12.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը և որպես անվավերության հետևանք` Սուրեն Սադոևի կողմից 09.03.2010 թվականին կազմված գրությունը, ինչպես նաև Սուրեն Սադոևի և Տիգրան Մարտիրոսյանի միջև 12.03.2010 թվականին կնքված անշարժ գույքի հիփոթեքի (գրավի) պայմանագիրը դիտել կնքված Տիգրան Մարտիրոսյանի կողմից Սուրեն Սադոևին տրամադրված 11.700.000 ՀՀ դրամին համարժեք 30.000 ԱՄՆ դոլար պարտքով գումարի կապակցությամբ:

Դատարանը, Տիգրան Մարտիրոսյանի դիմումի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ այն դատական ակտը, որը դրվել էր Սուրեն Սադոևին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում, բեկանվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, իսկ Դատարանի կողմից այդ գործի վարույթը կարճվել է, ուստի նման պայմաններում դիմողի կողմից չի ներկայացվել պարտապանի վճարային պարտավորության առկայության որևէ այլ հիմքի վերաբերյալ որևէ ապացույց, և Դատարանը գտել է, որ նման պայմաններում դիմումը հիմնավոր չէ։

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատճառաբանել է, որ Դատարանում գործի քննության շրջանակներում դիմողի կողմից ներկայացված են եղել թիվ ԵՇԴ/0620/02/12 և ԵՇԴ/0619/02/12 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած երկու վճիռներ, որոնց համաձայն՝ Սուրեն Սադոևն անվիճելի պարտավորություններ է ունեցել Տիգրան Մարտիրոսյանի հանդեպ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ այս ամենը Դատարանի կողմից հաշվի չի առնվել, ուստի Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվորեն չի հետազոտել ու գնահատել գործի փաստական հանգամանքները, ներկայացված ապացույցները, որի արդյունքում խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը և տեղի է ունեցել սեփականության իրավունքին (օրինական սպասելիքի) ոչ իրավաչափ միջամտություն: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Տիգրան Մարտիրոսյանի օգտին առկա են եղել օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, այդ թվում՝ նրա պահանջները հաստատվել են սույն գործով և ընդգրկված են պահանջների վերջնական ցուցակում, ինչն առաջացրել է Տիգրան Մարտիրոսյանի համար իրավական որոշակիություն, և նա իրավաչափորեն կարող էր կանխատեսել և ակնկալել իր սեփականությունից (օրինական ակնկալիքից) անարգել օգտվելու ու դրա նկատմամբ միջամտություն չունենալու իրավունքը:

 

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սուրեն Սադոևին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել է միայն թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով կայացված գումարի բռնագանձման դատական ակտը: Նման հանգամանքի առկայության պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դիմումի հիմքում ընկած անվիճելի պարտավորությունը վերացել է, քանի որ վերացվել է այն հաստատող դատական ակտը: Ավելին, նույն գործի նոր քննության պայմաններում էլ գործի վարույթը կարճվել է: Հետևաբար սույն սնանկության գործի նոր քննության ժամանակ այլևս առկա չի եղել թիվ ԵՇԴ/0620/02/12 քաղաքացիական գործով կայացված վերջնական դատական ակտը, որով հաստատվում է Սուրեն Սադոևի՝ Տիգրան Մարտիրոսյանի նկատմամբ ունեցած պարտավորության անվիճելիությունը, իսկ դիմումի փաստական հիմքում այլ պարտավորություններ չեն նշվել: Հետևաբար վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը պարտավոր էր քննել սնանկության դիմումը միայն այդ դիմումում նշված հիմքերի շրջանակներում, որը և կատարել է՝ իրավաչափորեն մերժելով դիմումը: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը  նյութական իրավունքի  նորմի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի սխալ մեկնաբանման, ինչպես նաև դատավարական իրավունքի նորմի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի խախտման արդյունքում հանգել է ոչ իրավաչափ եզրահանգման:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Տիգրան Մարտիրոսյանի կողմից ներկայացված են եղել թիվ ԵՇԴ/0620/02/12 և ԵՇԴ/0619/02/12 քաղաքացիական գործերով օրինական ուժի մեջ մտած երկու վճիռներ, որոնք հետագայում հիմք են հանդիսացել Տիգրան Մարտիրոսյանի պահանջների գրանցման համար, և որ դիմումը մերժելու արդյունքում խախտվել է իրավական որոշակիության սկզբունքը և տեղի է ունեցել սեփականության իրավունքին (օրինական սպասելիքի) ոչ իրավաչափ միջամտություն, ապա Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) կողմից ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ օրենքը պետք է ձևակերպված լինի բավարար հստակությամբ, ինչը հնարավորություն կտա ֆիզիկական և իրավաբանական անձանց ողջամտորեն կանխատեսել իրենց վարքագծի իրավական հետևանքները: Օրենքը պետք է օժտված լինի իրավունքի գերակայությունից բխող այնպիսի որակական հատկանիշներով, ինչպիսիք են հասանելիությունը և կանխատեսելիությունը: Բացի այդ, օրենքը պետք է ձևակերպվի այնպես, որ մասնավոր անձինք օժտված լինեն հանրային իշխանության կամայական միջամտությունների դեմ արդյունավետ պաշտպանության հնարավորությամբ (տե՛ս, Olsson v. Sweden (No. 1), (10465/83) գործով Եվրոպական դատարանի 24.03.1988 թվականի վճիռը, կետ 61):

ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ իրավական որոշակիության, իրավական անվտանգության և օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքները հանդիսանում են իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերը։ Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները։ Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում՝ իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 09.06.2015 թվականի թիվ ՍԴՈ-1213 որոշումը): Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 02.12.2014 թվականի թիվ ՍԴՈ-1176 որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի: Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել՝ նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով (տե՛ս, ՀՀ սահմանադրական դատարանի 03.05.2016 թվականի թիվ ՍԴՈ-1270 որոշումը):

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, փաստում է, որ սնանկ ճանաչելու մասին (սնանկության գործընթացի սկիզբն ազդարարող) վճռի վերացման պայմաններում չեն կարող իրավաբանական հետևանքներ առաջացնել այն դատական ակտերը, որոնք կայացվել են այդ վճռի հիման վրա: Հետևաբար, եթե բեկանվել է սնանկ ճանաչելու վճիռը, ապա գործի նոր քննության ընթացքում պարտապանը դեռևս սնանկ չի համարվում, ուստիև դադարում է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման հետագա իրավական գործողությունը:   

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում պարտապանի պարտավորությունների վերաբերյալ սնանկության դիմումում այլ հիմքերի բացակայության պատճառով սնանկ ճանաչելու դիմումի մերժումը որևէ կերպ չի խախտում իրավական որոշակիության սկզբունքը կամ հանգեցնում սեփականության իրավունքի (օրինական սպասելիքի) ոչ իրավաչափ միջամտության՝ նկատի ունենալով, որ օրենսդրի տրամաբանությունից հստակ և որոշակի է, որ առանց պարտապանին սնանկ ճանաչելու՝ սնանկության վարույթում հետագա գործողությունները (այդ թվում՝ պահանջների հաստատումը) առարկայազուրկ են: Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումն անհիմն է:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։  

 

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը`(ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ) գլխի կանոնների համաձայն:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և օրինական ուժ է տրվում Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2017 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ  քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 109-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ Տիգրան Մարտիրոսյանից ՀՀ պետական բյուջե պետք է բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.03.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.11.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 06.07.2017 թվականի վճռին։

2. Տիգրան Մարտիրոսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ  բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 14.03.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ն. Տավարացյան