ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0509/02/13 |
Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0509/02/13 |
Նախագահող դատավոր՝ Ա. Սմբատյան |
Դատավորներ՝ |
Ս. Միքայելյան |
Հ. Ենոքյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի (զեկուցող դատավոր) | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի հուլիսի 12-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցիչ Լևոն Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բանկի ընդդեմ Էդիկ Հակոբյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Էդիկ Հակոբյանից բռնագանձել 2.353.895,7 ՀՀ դրամ՝ որպես վարկի ընդհանուր պարտքի գումար, ինչպես նաև ժամկետանց վարկի մնացորդի` 1.805.000 ՀՀ դրամի և տոկոսների նկատմամբ սկսած 30.11.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0,2 տոկոսի չափով հաշվարկված տույժերը՝ բռնագանձումը տարածելով գրավի առարկայի վրա:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Հովնանյան) 08.07.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է Էդիկ Հակոբյանից հօգուտ Բանկի բռնագանձել 2.609.564,3 ՀՀ դրամ, որից 1.805.000 ՀՀ դրամը՝ որպես վարկի գումար, 524.389,6 ՀՀ դրամը՝ որպես վարկի դիմաց հաշվարկված տոկոսի գումար, 233.096,8 ՀՀ դրամը` որպես ժամկետանց վարկի և տոկոսի գումարի վրա հաշվարկված տույժի գումար, 47.077,9 ՀՀ դրամը` հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար, ինչպես նաև ժամկետանց վարկի մնացորդի` 1.805.000 ՀՀ դրամի և ժամկետանց տոկոսների` 105.629,6 ՀՀ դրամի նկատմամբ տույժերի հաշվարկը վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև նշված գումարների փաստացի մարումը շարունակել օրական 0,2 տոկոսով յուրաքանչյուր ուշացած օրվա համար` բռնագանձումը տարածելով գրավադրված գույքի վրա. մնացած մասով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Ա. Հունանյան, Մ. Հարթենյան, Լ. Գրիգորյան) 13.02.2015 թվականի որոշմամբ Էդիկ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, իսկ Բանկի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Բ. Գրիգորյան) (այսուհետ` Դատարան) 17.05.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 26.10.2017 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 17.05.2017 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էդիկ Հակոբյանը։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ, 249-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ գրավի առարկայի իրացումն գրավառուի համար իրավունք է, այլ ոչ թե պարտականություն, գտել է, որ պայմանագրում «իրավունք ունի» բառակապակցության բացակայությունը նշանակում է, որ պայմանագրի համաձայն` գրավառուն ուներ գրավի առարկան արտադատական կարգով իրացնելու պարտականություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացրել, վճիռը կայացրել է պարզապես պատասխանողի հայտարարությունների և ենթադրությունների վրա հիմնվելով, մասնավորապես՝ պատասխանող կողմի բոլոր հայտարարությունները, այդ թվում՝ այն հայտարարությունը, որ դիմում է ներկայացրել Բանկի Վանաձորի մասնաճյուղ, ընդունել է որպես իրականություն՝ անկախ այն հանգամանքից, որ այդ հայտարարությունները չեն ապացուցվել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.10.2017 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բանկը վարկային պայմանագրով սահմանված իր պարտականությունները չի կատարել, քանի որ Էդիկ Հակոբյանի կողմից պարտավորությունները չկատարելու դեպքում Բանկը պարտավոր էր ոսկյա իրերը հրապարակային սակարկությունների միջոցով իրացնել, որի դեպքում գրավի առարկայի արժեքը բավարար կլիներ վարկի պարտքը մարելու համար: Ընդ որում, սույն գործի սկզբնական քննության ընթացքում որպես վկա հարցաքննված` Բանկի մասնաճյուղի կառավարիչ Դավիթ Էվոյանը հաստատել է Էդիկ Հակոբյանի ներկայացրած դիմումն իր կողմից ստացած լինելու հանգամանքը: Բանկը նաև չի ապացուցել, որ նախապահանջով դիմել է Էդիկ Հակոբյանին, և որ ձեռնարկել է միջոցներ գրավ դրված գույքն իրացնելու ուղղությամբ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Բանկի և Էդիկ Հակոբյանի (վարկառու-գրավատու) միջև 09.02.2012 թվականին կնքված ոսկյա իրերի գրավադրմամբ թիվ ՈՎ_036_12_0777 վարկային պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) համաձայն` Էդիկ Հակոբյանին տրամադրվել է 1.805.000 ՀՀ դրամի չափով վարկ` մինչև 06.08.2012 թվականը մարման ժամկետով, անվանական տարեկան 24% տոկոսադրույքով: Վարկառու-գրավատուն իր կողմից պայմանագրային պարտավորությունների ժամանակին կատարումն ապահովել է ոսկյա իրերի գրավով, որի մանրամասն նկարագիրն արտահայտված է Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող գրավադրվող արժեքների գնահատման ակտում: Գրավի առարկայի ընդհանուր արժեքը կազմել է 1.805.180 ՀՀ դրամ:
Պայմանագրով նախատեսվել է, որ տրամադրված վարկի առաջին 90 օրերի համար հաշվարկված տոկոսագումարի մարումը կատարվում է վարկի տրամադրման պահին, հետագա ժամկետի համար հաշվարկված տոկոսագումարի մարումը մայր գումարի հետ միասին կատարվում է պայմանագրով սահմանված ժամկետի վերջում:
Պայմանագրի 10.1-րդ կետի համաձայն՝ վարկառու-գրավատուի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու (…) դեպքում բանկ-գրավառուն գրավոր պատշաճ ձևով ծանուցում է վարկառու-գրավատուին գրավի առարկան առանց դատարան դիմելու բռնագանձելու վերաբերյալ, իսկ 10.2-րդ կետի համաձայն` բռնագանձման ծանուցումը վարկառու-գրավատուին հանձնելուց երկու ամիս հետո բանկ-գրավառուն վարկառու-գրավատուի անունից իրացնում է գրավի առարկան հրապարակային սակարկությունների միջոցով և իրացումից ստացված գումարն ուղղում դրանով ապահովված պարտավորությունների մարմանը:
Պայմանագրի 11.1-րդ կետի համաձայն՝ վարկի մարումը պայմանագրով սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում դադարում է գործել պայմանագրի 6.1-րդ կետում նշված տոկոսադրույքը, և ժամկետանց գումարի և հաշվարկված տոկոսների նկատմամբ կիրառվում է օրական 0,2% տույժ (հատոր 1-ին, գ.թ. 9-11).
2) Բանկի գլխավոր հաշվապահի և խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Էդիկ Հակոբյանին տրամադրված վարկը 06.08.2012 թվականին դարձել է ժամկետանց, նրա պարտքը Բանկի նկատմամբ 30.11.2012 թվականի դրությամբ կազմում է 2.353.895,7 ՀՀ դրամ, որից` ժամկետանց վարկի գումար` 1.805.000 ՀՀ դրամ, վարկի դիմաց հաշվարկված տոկոս` 524.389,6 ՀՀ դրամ (որից ժամկետանց տոկոս` 105.629,6 ՀՀ դրամ), ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ` 24.506,1 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 12).
3) ի պատասխան Բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Յու. Գուսևին ուղղված` Էդիկ Հակոբյանի 20.02.2014 թվականի դիմումի` Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ս. Մարգարյանը 14.03.2014 թվականի գրությամբ հայտնել է, որ 09.02.2012 թվականի թիվ ՈՎ_036_12_0777 պայմանագրով նրան տրամադրված վարկի ժամկետանցումից (06.08.2012 թվականից) հետո Բանկի գլխամասային գրասենյակը գրավի առարկա հանդիսացող ոսկյա իրերի վաղաժամկետ իրացման վերաբերյալ դիմում չի ստացել, նույնիսկ նմանատիպ դիմումի առկայության դեպքում տվյալ ժամանակահատվածում Բանկի կողմից չէր իրականացվում ոսկյա իրերի վաղաժամկետ իրացում արտադատական կարգով: Վերոնշյալ ժամանակահատվածում գործող շուկայական գներով ոսկյա իրերի իրացումը չէր բավականացնի Բանկի նկատմամբ ստանձնած նրա վարկային պարտավորությունների ամբողջական մարման համար (հատոր 2-րդ, գ.թ. 4-7):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու եղանակների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.
- պայմանագրով գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգ նախատեսելը կաշկանդու՞մ է արդյոք գրավառուին պարտավորության խախտման դեպքում գումարի բռնագանձման և բռնագանձումը գրավի առարկայի վրա տարածելու պահանջով դիմելու դատարան,
- գրավատու հանդիսացող պարտապանի կողմից պարտավորությունների խախտում թույլ տալու դեպքում գրավառուի համար նախատեսվա՞ծ է արդյոք ժամկետային սահմանափակում բռնագանձման գործընթաց ձեռնարկելու համար, և արդյո՞ք առկա են սահմանափակումներ պարտավորության նկատմամբ հաշվարկված տուժանքների նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածը նախատեսել է քաղաքացիական իրավունքների պաշտպանության տարբեր եղանակներ։
Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար: Նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում այլ անձանց իրավունքների, ազատությունների ու օրինական շահերի պաշտպանության համար իրավունք ունեն դատարան դիմել այդպիսի պաշտպանությամբ հանդես գալու իրավասություն ունեցող անձինք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 887-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ վարկային պայմանագրով բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը (վարկատուն) պարտավորվում է պայմանագրով նախատեսված չափերով և պայմաններով դրամական միջոցներ (վարկ) տրամադրել փոխառուին, իսկ փոխառուն պարտավորվում է վերադարձնել ստացված գումարը և տոկոսներ վճարել դրանից:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գրավի իրավունքը (այսուհետ` գրավը) գրավատուի գույքի նկատմամբ գրավառուի գույքային իրավունքն է, որը միաժամանակ միջոց է գրավառուի հանդեպ պարտապանի ունեցած դրամական կամ այլ պարտավորության կատարման ապահովման համար: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավը լրացուցիչ (ակցեսոր) պարտավորություն է գրավառուի (պարտատիրոջ) հանդեպ գրավատուի (պարտապանի) հիմնական պարտավորության կատարման ապահովման համար:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 233-րդ հոդվածի համաձայն՝ գրավն ապահովում է գրավառուի պահանջն այն ծավալով, որն այն ունի փաստացի բավարարման պահին, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ օրենքով: Այդ պահանջը մասնավորապես ներառում է տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասների, ինչպես նաև գրավ դրված գույքը պահելու, պահպանելու, դրա վրա բռնագանձում տարածելու և իրացնելու համար գրավառուի կատարած կամ կատարվելիք ծախսերի, ներառյալ` գրավի առարկան իրացնելու հետ կապված հարկերի գումարների հատուցումը, որոնք գրավառուն պարտավոր է վճարել որպես գրավատուի հարկային գործակալ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում: Տուժանք վճարելու պահանջով պարտատերը պարտավոր չէ ապացուցել, որ իրեն վնաս է պատճառվել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն՝ գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն՝ գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2491-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ի տարբերություն այլ իրային իրավունքների` գրավն առաջանում և իրավական արժևորում է ստանում այնքանով, որքանով այն անհրաժեշտ է օգտագործել հիմնական պարտավորության կատարումն ապահովելու համար: Այդ իսկ պատճառով գրավը, որպես այդպիսին, ունի երկակի բնույթ. այն բնութագրվում է որպես պարտավորաիրավական բնույթի իրային-իրավական ապահովման միջոց (տե՛ս, «Սեյվր» ՍՊԸ-ն ընդդեմ Նշան Ալեքսանյանի թիվ ԵԿԴ/0169/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գագիկ Սիմոնյանի և Լիլիթ Սարգսյանի գործով որոշմամբ, անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ և 2491-րդ հոդվածների վերլուծությանը, արձանագրել է, որ գրավառուի պահանջները բավարարելու համար օրենսդիրը նախատեսել է գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու երկու եղանակ՝ առանց դատարան դիմելու և դատարանի վճռի հիման վրա։
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2491-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված է, որ գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարվում են դատարանի վճռով գրավառուի և գրավատուի միջև գրավոր համաձայնության բացակայության դեպքում, այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ նման համաձայնության առկայության դեպքում գրավառուն իրավունք չունի օգտվելու դատական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից։
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավադրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել՝ գրավառուի պահանջները բավարարելու համար: Ընդ որում, գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով առանց դատարան դիմելու իրավունք ունի գրավի վրա բռնագանձում տարածելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով կամ գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ։ Բացի այդ, բանկն իրավունք ունի նաև պահանջ ներկայացնելու դատական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու համար։ Տվյալ դեպքում գրավառուի իրավունքն է ընտրել իրավունքի պաշտպանության եղանակներից մեկը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ չնայած այն հանգամանքին, որ բանկի և վարկառուի միջև կնքված պայմանագիրը նախատեսում է առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու կարգ, սակայն դա հանդիսանում է ոչ թե բանկի պարտականությունը, այլ նրա իրավունքը, հետևաբար վարկառուն չի կարող պարտադրել բանկին, թե վերջինս օրենքով նախատեսված պաշտպանության որ եղանակն ընտրի (տե՛ս, թիվ ԵԿԴ/1010/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով արձանագրել է նաև, որ նույնիսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով անձին իր իրավունքների պաշտպանության լրացուցիչ եղանակ ընձեռելու պայմաններում վերջինս իր հայեցողությամբ է իրականացնում իր իրավունքների պաշտպանությունը: Ուստի նյութական իրավունքի որևէ նորմ (այդ թվում` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածը) չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ, իրավական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը սահմանափակող դրույթ (տե՛ս, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Սպարտակ Մկրտչյանի և մյուսների թիվ 3-678(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. գրավը լրացուցիչ պարտավորություն է, որը կոչված է ապահովելու հիմնական պարտավորության կատարումը՝ գրավառուի պահանջը, ընդ որում, որպես կանոն, այն ամբողջ ծավալով, որ ունի փաստացի բավարարման պահին: Գրավառուի՝ որպես գույքային (իրային) իրավունքի կրողի և գրավատուի՝ որպես սեփականատիրոջ համար օրենսդրական երաշխիք է այն, որ գրավ դրված գույքի վրա բռնագանձում կարող է տարածվել և՛ արտադատական կարգով՝ համապատասխան համաձայնության առկայության դեպքում, և՛ դատական կարգով:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անգամ արտադատական կարգով գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ համաձայնության առկայությունը չի սահմանափակում գրավառուի դատական պաշտպանության իրավունքը, ուստի գրավառուն իրավունք ունի անգամ նման համաձայնության դեպքում դիմելու դատարան՝ գրավ դրված գույքի վրա դատական կարգով բռնագանձում տարածելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է այն հանգամանքը, որ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու հիմք է պարտավորության չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը: Այլ կերպ ասած` պարտապանի կողմից պարտավորության խախտման դեպքում ծագում է գրավառուի իրավունքը՝ գրավի առարկայի վրա դատական կամ արտադատական կարգով բռնագանձում տարածելու համար: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ իրավունքի ծագման պահից գրավառուն ինքն է որոշում ինչպես իրացնել իր իրավունքը՝ դիմել դատարան, թե բռնագանձում տարածել արտադատական կարգով: Ընդ որում, գրավառուի իրավունքը սահմանափակվում է միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կանոնների պահպանման պարտականությամբ:
Վճռաբեկ դատարանը նաև հարկ է համարում ընդգծել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու իրավունքը չէր կարող մեկնաբանվել այնպես, որ գրավառուն պարտավոր է պարտավորությունը խախտելու պահից որոշակի ժամկետից հետո գրավի առարկայի վրա բռնագանձում տարածել արտադատական կարգով կամ նման պահանջով դիմել դատարան:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 04.10.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածով սահմանված էր գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը, որը որպես ժամկետային սահմանափակում նախատեսում էր միայն բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավի առարկան իրացնելու գրավառուի իրավունքը:
Մեկ այլ՝ իրավահարաբերության ծագման պահին գործող՝ 23.06.2011 թվականի խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով էլ սահմանվում էր քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելիս գույքն իրացված համարելու ժամկետները: Մասնավորապես` ըստ նույն հոդվածի 3-րդ կետի՝ այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը նույն հոդվածի իմաստով համարվում է իրացված`
1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, օտարվել է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, կամ
2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:
Հետևաբար իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը չէր սահմանում կարգավորումներ այն մասին, որ պարտավորության խախտումից հետո որոշակի ժամկետի ընթացքում գրավառուն պարտավոր է ձեռնարկել գրավ դրված գույքի բռնագանձմանն ուղղված գործողություններ: Նման դեպքերում գրավառուի վրա տարածվում էին միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված հայցային վաղեմության ընդհանուր ժամկետները: Նմանապես սահմանափակումներ նախատեսված չէին նաև պարտավորությունների խախտման համար հաշվարկվող տուժանքների չափերի վերաբերյալ:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ անգամ գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու համաձայնության առկայության պայմաններում գրավառուն չի զրկվում դատական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու իրավունքից: Ընդ որում, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ գրավառուի պահանջի իրավունքը չի սահմանափակվել նաև ժամկետներով (բացառությամբ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետների) և տուժանքների ծավալով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նման սահմանափակումներ նախատեսվել են 14.12.2017 թվականին ընդունված և 08.01.2018 թվականին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-319-Ն ՀՀ օրենքով: Մասնավորապես` կատարված փոփոխությունների արդյունքում խմբագրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածը՝ նախատեսելով տուժանքի առավելագույն չափ:
Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պայմանագրով որոշված տուժանքի տարեկան առավելագույն չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի քառապատիկը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: Պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարի չափը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը լրացվել է 372.1-րդ հոդվածով, որը նախատեսում է տուժանքի վճարման պարտավորության դադարման հիմքերը:
Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 372.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պարտավորության խախտման օրվանից եռամսյա ժամկետում գրավառուի կողմից սահմանված կարգով պարտքի բռնագանձման, այդ թվում` արտադատական կարգով, գործընթացը չսկսելու դեպքում եռամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև պարտքի բռնագանձման գործընթացն սկսելու օրը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գրավառուի կողմից առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման ծանուցումը հանձնելու օրվանից նույն օրենսգրքի 249-րդ հոդվածի 2-րդ կետի երրորդ պարբերությամբ նախատեսված երկամսյա ժամկետը լրանալուց, իսկ այդ ժամկետում պարտապանի և գրավատուի կողմից (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ գրավոր համաձայնություն տալու դեպքում համաձայնությունը նույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավառուին հանձնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն չանցնելու, ուղղակի վաճառքով չիրացվելու, իսկ հրապարակային սակարկությունների միջոցով իրացնելիս, առաջին աճուրդը չանցկացվելու դեպքում երկամսյա ժամկետին հաջորդող ժամանակահատվածի համար տուժանք չի հաշվարկվում մինչև գրավի առարկան գրավառուին կամ գրավառուի նշած անձին ի սեփականություն անցնելը, ուղղակի վաճառքով իրացվելը կամ առաջին աճուրդն անցկացվելը:
Այդուհանդերձ, վերոնշյալ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթների համաձայն՝ կատարված փոփոխությունները կիրառելի չեն մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների նկատմամբ:
Սույն գործի փաստերի համաձայն` Բանկի և Էդիկ Հակոբյանի միջև 09.02.2012 թվականին կնքված վարկային պայմանագրով վերջինիս տրամադրվել է 1.805.000 ՀՀ դրամ վարկ՝ ընդհանուր 1.805.180 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա իրերի գրավադրմամբ: Վարկը տրամադրվել է վեց ամսով՝ մինչև 06.08.2012 թվականը մարման ժամկետով, տարեկան 24% տոկոսադրույքով: Պարտավորությունների խախտման համար նախատեսվել է տույժ՝ օրական 0,2% չափով: Պայմանագրով նախատեսվել է գրավ դրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու կարգ: Բանկի կողմից տրված տեղեկանքի և Պայմանագրում առկա տվյալների հիման վրա կատարված հաշվարկի համաձայն` Էդիկ Հակոբյանի պարտքը Բանկի նկատմամբ 30.11.2012 թվականի դրությամբ ընդհանուր առմամբ կազմում է 2.353.895,7 ՀՀ դրամ, որից վարկի մայր գումար` 1.805.000 ՀՀ դրամ, վարկի մայր գումարի դիմաց հաշվարկված և չվճարված ժամկետանց տոկոս` 105.629,6 ՀՀ դրամ, վարկի մայր գումարի դիմաց հաշվարկված պայմանագրային տույժ՝ 418.760 ՀՀ դրամ, չվճարված ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ՝ 24.506,1 ՀՀ դրամ: Ի պատասխան Էդիկ Հակոբյանի դիմումի` Բանկը հայտնել է, որ 09.02.2012 թվականի թիվ ՈՎ_036_12_0777 պայմանագրով նրան տրամադրված վարկի ժամկետանցումից (06.08.2012 թվականից) հետո Բանկի գլխամասային գրասենյակը գրավի առարկա հանդիսացող ոսկյա իրերի վաղաժամկետ իրացման վերաբերյալ դիմում չի ստացել, նույնիսկ նմանատիպ դիմումի առկայության դեպքում տվյալ ժամանակահատվածում Բանկի կողմից չէր իրականացվում ոսկյա իրերի վաղաժամկետ իրացում արտադատական կարգով:
Դատարանը հայցը մերժելիս պատճառաբանել է, որ Պայմանագրի 10.1-րդ կետում «իրավունք ունի» բառերի բացակայության պարագայում Բանկը պարտավոր էր պատասխանող Էդիկ Հակոբյանին ուղարկել ծանուցում առանց դատարան դիմելու գրավի առարկան բռնագանձելու վերաբերյալ, ինչպես նաև պարտավոր էր գրավի առարկան երկու ամիս հետո իրացնել հրապարակային սակարկությունների միջոցով, որը չի արել: Դատարանը գտել է, որ վերը նշված պայմաններում հայցվորը խախտել է Պայմանագրով ստանձնած պարտավորությունները: Դատարանը նաև փաստել է, որ Պայմանագրի 10.1-րդ կետի առկայության պայմաններում Էդիկ Հակոբյանը ողջամտորեն իրավունք ուներ ակնկալել, որ Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում Բանկը Պայմանագրով նախատեսված իր պարտավորությունը կկատարի՝ գրավի առարկա ոսկյա իրերը շուկայական գնով կիրացնի, և իր պարտքի գումարը դրանով կմարվի կամ գումարը չբավարարելու դեպքում Բանկի հանդեպ իր պարտավորության չափը կկազմի չնչին գումար:
Վերաքննիչ դատարանը, հիմնավոր համարելով և վերահաստատելով Դատարանի պատճառաբանությունները, մերժել է վերաքննիչ բողոքը՝ մասնավորապես արձանագրելով, որ Պայմանագրի 10.1-րդ կետը ոչ թե սահմանում է Բանկի հայեցողական լիազորությունը, այլ ուղղակիորեն նախատեսում է Պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտման դեպքում Բանկի կողմից կատարվելիք գործողությունը, որը Բանկի կողմից չի պահպանվել: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Էդիկ Հակոբյանը Պայմանագրով ստանձնած պարտավորությունները չի խախտել, մինչ պայմանագրի ժամկետի ավարտը` 02.08.2012 թվականին, գրավոր դիմել է Բանկին և առաջարկել վարկի մարման ողջամիտ տարբերակ, որից Բանկը չի օգտվել, խախտել է Պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը և արդյունքում բռնագանձում չտարածելով գրավի առարկա ոսկեղենի վրա՝ Պատասխանողին ծանրաբեռնել է հավելյալ տույժերով:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Բանկի և Էդիկ Հակոբյանի միջև կնքված Պայմանագրով նախատեսվել է գրավ դրված գույքի վրա արտադատական կարգով իրացնելու հնարավորություն, որը պետք է մեկնաբանել միայն որպես գրավառուի իրավունք՝ օգտվելու կամ չօգտվելու այդ հնարավորությունից: Պայմանագրի նորմը չի կարող մեկնաբանվել որպես անպայման արտադատական կարգով գույքի վրա բռնագանձում տարածելու պարտականություն՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտած դիրքորոշումները՝ դատական պաշտպանության իրավունքի վերաբերյալ:
Ավելին` իրավահարաբերության ծագման պահին գործող կարգավորումների պայմաններում Բանկը սահմանափակված չէր նաև դատական կամ արտադատական կարգով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու գործընթաց սկսելու ժամկետներով, ինչպես նաև Բանկի պահանջը սահմանափակված չէ տույժերի առավելագույն չափով: Հետևաբար անգամ Էդիկ Հակոբյանի կողմից գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու վերաբերյալ դիմում ներկայացրած լինելու հանգամանքը չէր կարող մեկնաբանվել որպես Բանկի պարտականություն՝ սեղմ ժամկետներում բռնագանձում տարածել գրավի առարկայի վրա և ստացված գումարով մարել Էդիկ Հակոբյանի պարտավորությունը:
Այսինքն` Բանկի պահանջը չէր կարող մերժվել այն հիմնավորմամբ, որ վերջինս պարտավոր էր արտադատական կարգով իրացնելու գրավ դրված գույքը: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Պայմանագրի դրույթները, փաստում է, որ Բանկի պահանջը հիմնավոր էր նաև բռնագանձման ենթակա գումարի չափի մասով:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Բանկն իրավունք ուներ պարտավորության խախտման պահից սկսած իր նախընտրած ժամկետում իր ընտրությամբ սկսելու գրավ դրված գույքի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու գործընթացը կամ նման պահանջով դիմելու դատարան: Մինչդեռ Դատարանը վերը թվարկված փաստերի անտեսմամբ և նյութական նորմի սխալ մեկնաբանության արդյունքում սխալ եզրահանգման է եկել արտադատական կարգով գույքի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու հնարավորության վերաբերյալ, ինչն անտեսվել է նաև Վերաքննիչ դատարանի կողմից:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքի պատասխանին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նախևառաջ քննարկել վճռաբեկ բողոքի պատասխանը գնահատման ենթակա լինելու հարցը.
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործի քննության կամ առանձին դատավարական գործողության կատարման ժամանակ գործող օրենքով:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: (...)
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մինչև նույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը ներկայացված (...) բողոքների վարույթ ընդունելու հարցը լուծելիս կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերը:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:
17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձը, ստանալով վճռաբեկ բողոքի պատճենը, մինչև գործի քննությունն իրավունք ունի իր պատասխանն ուղարկելու վճռաբեկ դատարան և գործին մասնակցող այլ անձանց: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ պատասխանն ստորագրում է գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: (...)
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել են նոր կարգավորումներ` վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետների հետ կապված: Ընդ որում, նշված կարգավորումներն ավելի խիստ պայմաններ են նախատեսում, քան 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով, մասնավորապես՝ կրճատվել է բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետը՝ սահմանափակելով այն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը լրանալու ժամկետով:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ կարգավորումների տարբերություն նախատեսված է նաև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի հետ կապված: Մասնավորապես` եթե 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք էր նաև առերևույթ թույլ տրված դատական սխալը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, ապա 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը մասնավորապես գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում: Ընդ որում, նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե, մասնավորապես, բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսվել են ավելի խիստ պայմաններ` ինչպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերի, այնպես էլ վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետների հետ կապված:
Սույն գործով Էդիկ Հակոբյանի անունից փոստային կապի միջոցով 08.05.2018 թվականին ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան, որը ստորագրված չէ: 18.05.2018 թվականին Էդիկ Հակոբյանի կողմից կրկին ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխան:
Ղեկավարվելով վերոգրյալ հոդվածներով և փաստելով, որ Էդիկ Հակոբյանի անունից ներկայացված վճռաբեկ բողոքի առաջին պատասխանը ստորագրված չի եղել, Վճռաբեկ դատարանն այն գնահատման չի արժանացնում:
Ինչ վերաբերում է ներկայացված վճռաբեկ բողոքի երկրորդ պատասխանին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կարևորագույն հատկանիշ է այն, որ սահմանադրական մակարդակով պետությունը հավաստում է իր հավատարմությունն այդ տեսությանը, ճանաչում և ամրագրում է իր կախվածությունն իրավունքից, իրավունքի գերակայությունը՝ պետական իշխանության նկատմամբ: Իրավական պետության և իրավունքի գերակայության սկզբունքը, ի թիվս այլոց, դրսևորվում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների՝ որպես անմիջականորեն գործող իրավունք լինելու գաղափարը: Այն իր արտացոլումն է գտել նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 5-րդ (Իրավական նորմերի աստիճանակարգությունը) և 6-րդ (Օրինականության սկզբունքը) հոդվածներում՝ մասնավորապես ամրագրելով, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Վերոգրյալը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը, կարևորելով օրենքի նկատմամբ իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունը, արձանագրում է, որ անհրաժեշտ է գնահատման արժանացնել Էդիկ Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանը հետևյալ պատճառաբանությամբ.
Բանկի՝ փոստային առաքման եղանակով 17.01.2018 թվականին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել 19.04.2018 թվականին՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կանոններով: Այսինքն՝ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս կիրառվել են բողոք ներկայացնելու պահին գործող դատավարական ավելի մեղմ կանոններ, քան սահմանված են բողոքը վարույթ ընդունելու պահին գործող դատավարական օրենսդրությամբ՝ հիմք ընդունելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները: Վճռաբեկության վարույթի հետ կապված այլ անցումային դրույթներ չեն սահմանվել, այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վճռաբեկ բողոքի պատասխանը վճռաբեկ բողոք ներկայացնելու հետևանք է, և վճռաբեկ բողոքի պատասխանը գնահատման արժանացնելու հարցը որոշելիս անհրաժեշտ է հիմք ընդունել այն կարգավորումը, որը կիրառվել է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելիս: Նման մոտեցումը պայմանավորված է այն հանգամանքով, որ եթե վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել ավելի մեղմ պայմաններ նախատեսող դատավարական օրենսդրության կիրառմամբ, ապա վճռաբեկ բողոքի հետևանք հանդիսացող վճռաբեկ բողոքի պատասխանը գնահատման արժանացնելու հարցը որոշելիս ավելի խիստ պայմաններ նախատեսող դատավարական օրենսդրությունը կիրառելը կսահմանափակի Էդիկ Հակոբյանի հիմնական իրավունք հանդիսացող դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները՝ խախտելով իրավունքի գերակայության, ինչպես նաև դատավարությունում կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքները:
Ավելին` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև արձանագրել, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին 19.04.2018 թվականի որոշումը փոստային առաքմամբ ուղարկվել է Էդիկ Հակոբյանին, սակայն գործում առկա չէ ապացույց այն մասին, թե Էդիկ Հակոբյանը որ օրն է ստացել նշված որոշումը: Հետևաբար նշված հանգամանքը նույնպես հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդիկ Հակոբյանի ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանը բոլոր դեպքերում ենթակա է գնահատման Վճռաբեկ դատարանի կողմից:
Արդյունքում գնահատելով վճռաբեկ բողոքի պատասխանում ներկայացված փաստարկները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հերքվում են սույն որոշման 4-րդ բաժնի՝ մինչև վճռաբեկ բողոքի պատասխանը գնահատման ենթակա լինելու հարցի վերաբերյալ վերլուծությունները կատարված պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր։ Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ գործի քննության հետ կապված այլ ծախս է նաև փորձաքննության ծախսը:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոնների համաձայն:
Սույն գործով հայցադիմումի և բողոքների ներկայացման պահին՝ մինչև 09.02.2018 թվականի փոփոխությունները գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.
1. հայցադիմումների (...) համար՝
ա) գույքային պահանջով՝ հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից,
բ) ոչ գույքային պահանջով՝ բազային տուրքի քառապատիկի չափով (...),
8. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար՝
ա) գույքային պահանջի գործերով՝ վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով,
բ) ոչ գույքային պահանջի գործերով՝ բազային տուրքի տասնապատիկի չափով (...),
9. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`
ա) գույքային պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից,
բ) ոչ գույքային պահանջի գործերով՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով (...):
Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում ստորադաս դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման և փոփոխման, իսկ Բանկի հայցը՝ բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էդիկ Հակոբյանից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 47.077,9 ՀՀ դրամ՝ որպես գույքային՝ գումարի բռնագանձման պահանջով և 4.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային՝ բռնագանձումը գրավ դրված գույքի վրա տարածելու պահանջով հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, 70.616,9 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2014 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, 70.620 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2017 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, 92.050 ՀՀ դրամ՝ որպես Բանկի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:
Էդիկ Հակոբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 76.874,5 ((1.805.000+524.389,6+233.096,8)*3%) ՀՀ դրամ և 10.000 ՀՀ դրամ՝ որպես համապատասխանաբար գույքային և ոչ գույքային պահանջներով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2014 թվականի վճռի դեմ Էդիկ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Էդիկ Հակոբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 10.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջով, ինչպես նաև 30.11.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 1.805.000 ՀՀ դրամ վարկի մայր գումարի և 105.629,6 ՀՀ դրամ տոկոսագումարի նկատմամբ օրական 0,2 տոկոսի չափով հաշվարկված տույժերի գումարի 3 տոկոսը՝ որպես գույքային պահանջով ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2014 թվականի վճռի դեմ Բանկի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
Էդիկ Հակոբյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման նաև 20.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջով, ինչպես նաև 30.11.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 1.805.000 ՀՀ դրամ վարկի մայր գումարի և 105.629,6 ՀՀ դրամ տոկոսագումարի նկատմամբ օրական 0,2 տոկոսի չափով հաշվարկված տույժերի գումարի 3 տոկոսը՝ որպես գույքային պահանջով Բանկի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար նախատեսված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար, բայց ոչ ավելի, քան 907.950 (1.000.000-92.050) ՀՀ դրամը:
Էդիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ենթակա է բռնագանձման 161.700 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության ծախս:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.10.2017 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը բավարարել՝ Էդիկ Հակոբյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 2.353.895,7 ՀՀ դրամ, որից վարկի մայր գումար` 1.805.000 ՀՀ դրամ, վարկի մայր գումարի դիմաց հաշվարկված և չվճարված ժամկետանց տոկոս` 105.629,6 ՀՀ դրամ, վարկի մայր գումարի դիմաց հաշվարկված պայմանագրային տույժ՝ 418.760 ՀՀ դրամ, չվճարված ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ՝ 24.506,1 ՀՀ դրամ, ինչպես նաև 30.11.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 1.805.000 ՀՀ դրամ վարկի մայր գումարի և 105.629,6 ՀՀ դրամ տոկոսագումարի նկատմամբ օրական 0,2 տոկոսի չափով հաշվարկված տույժի գումարը: Բռնագանձումը տարածել «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի և Էդիկ Հակոբյանի միջև 09.02.2012 թվականին կնքված թիվ ՈՎ_036_12_0777 վարկային պայմանագրով գրավադրված գույքի վրա:
2. Էդիկ Հակոբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 76.874,5 ՀՀ դրամ՝ որպես գույքային և 10.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջներով Էդիկ Հակոբյանի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2014 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:
Էդիկ Հակոբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 10.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջով, ինչպես նաև 30.11.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 1.805.000 ՀՀ դրամ վարկի մայր գումարի և 105.629,6 ՀՀ դրամ տոկոսագումարի նկատմամբ օրական 0,2 տոկոսի չափով հաշվարկված տույժերի գումարի 3 տոկոսը՝ որպես գույքային պահանջով «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.07.2017 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար:
Էդիկ Հակոբյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջով, ինչպես նաև 30.11.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարումը 1.805.000 ՀՀ դրամ վարկի մայր գումարի և 105.629,6 ՀՀ դրամ տոկոսագումարի նկատմամբ օրական 0,2 տոկոսի չափով հաշվարկված տույժերի գումարի 3 տոկոսը՝ որպես «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար նախատեսված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 19.04.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի մասի գումար, բայց ոչ ավելի, քան 907.950 ՀՀ դրամը:
Էդիկ Հակոբյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 47.077,9 ՀՀ դրամ՝ որպես գույքային պահանջով և 4.000 ՀՀ դրամ՝ որպես ոչ գույքային պահանջով հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, 70.616,9 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 08.07.2014 թվականի վճռի դեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, 70.620 ՀՀ դրամ՝ որպես ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 17.05.2017 թվականի վճռի դեմ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար, 92.050 ՀՀ դրամ՝ որպես «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ներկայացրած վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:
Էդիկ Հակոբյանից հօգուտ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի բռնագանձել 161.700 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության ծախս:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ե. Խունդկարյան | |
Դատավորներ` |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆ | |
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Գ. Հակոբյան | ||
Ռ. Հակոբյան | ||
Ն. Տավարացյան |