Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2012

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2063/02/11

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2063/02/11

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝ Ա. Պետրոսյան  
  Տ. Սահակյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի նոյեմբերի 6-ին,

քննարկելով «Բրիթիշ Միդլենդ Էյրուեյզ լիմիթեդ» հայկական մասնաճյուղի (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Ռուբեն Բալասանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն) ընդդեմ Ընկերության` 39.210.500 ՀՀ դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 39.210.500 ՀՀ դրամ, ինչպես նաև վճարված պետական տուրքի գումարը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 02.05.2012 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.06.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է` տրամադրելով ժամկետ թերությունները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու նպատակով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.06.2012 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ և 54-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է զուտ ձևական նկատառումներով` ոչ թե պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացված չլինելու, այլ` անգլերեն լեզվով կազմված պետական տուրքի վճարման անդորրագիր ներկայացնելու կամ վճարման անդորրագիրն առանց հայերեն թարգմանության ներկայացնելու համար:  Մինչդեռ այդ փաստաթղթի զննությունից անգամ ակնհայտ է դառնում այդ փաստաթղթի` պետական տուրքի վճարման անդորրագիր հանդիսանալու փաստը, քանի որ դրանում առկա են հետևյալ մի շարք ակնառու հանգամանքները`

1.      վճարման անդորրագիրը կազմված է «Էյջ-Էս-Բի-Սի» բանկի ձևաթղթի վրա,

2.      վճարման անդորրագրի վրա առկա է «Էյջ-Էս-Բի-Սի» բանկի կնիքը,

3.      վճարման անդորրագրում նշված է ՀՀ ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի ճշգրիտ հաշվի համարը` 900005016010,

4.      վճարման անդորրագրում նշված է որպես պետական տուրք վճարման ենթակա ճշգրիտ գումարի չափը` «1.176.315 AMD», որը կազմում է վիճարկվող գումարի երեք տոկոսը:

Բացի վերոնշյալից, Ընկերության անունից 22.06.2012 թվականին ներկայացված գրության մեջ նշվել է, որ գրությանը կից ներկայացվում է պետական տուրքի վճարման անդորրագիրը: Նշված հանգամանքները համադրելով` Վերաքննիչ դատարանի համար պետք է որ ակնհայտ լիներ ներկայացված փաստաթղթի` պետական տուրքի վճարման անդորրագիր լինելու փաստը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 28.06.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ  միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 42.1 հոդվածի համաձայն` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները տարածվում են նաև իրավաբանական անձանց վրա այնքանով, որքանով այդ  իրավունքներն ու ազատություններն իրենց էությամբ կիրառելի են դրանց նկատմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք …:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում դատավարությունը տարվում է հայերեն: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:

Նույն օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս պատճառաբանել է, որ «բողոք բերած անձը բողոքը կրկին ներկայացնելու մասին իր 22.06.2012 թվականի գրության մեջ (մուտքի համարը` 2044) նշել է, թե տվյալ «գրությանը կից ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը», ինչը չի համապատասխանում իրականությանը (նշված գրությանը որևէ անդորրագիր կցված չէ)։ Ինչ վերաբերում է բողոքին կցված միակ և օտարալեզու փաստաթղթին, ապա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-րդ, 51-րդ և 54-րդ հոդվածների ուժով այն թույլատրելի և վերաբերելի ապացույց համարվել չի կարող, քանի որ ներկայացվել է առանց պատշաճ թարգմանության ուղեկցության, որպիսի պայմաններում այդ փաստաթղթի բովանդակությունը կազմող տեղեկությունները չեն կարող ՀՀ դատարանի կողմից հետազոտման և գնահատման առարկա դառնալ»։

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանության հետևանքով Ընկերությունը զրկվել է արդարության բոլոր պահանջների պահպանմամբ անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության սահմանադրական իրավունքից:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը, որի մի մասն էլ կազմում է դատարանի մատչելիության իրավունքը, բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդուհանդերձ, կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում և եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն (տե'ս` Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի (Khalfaoui v. France), թիվ 34791/97, պարբ. 35, ECHR 1999-IX և Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի (Papon v. France), թիվ 54210/00, պարբ. 90, ECHR 2002-VII):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով առաջին հերթին պետք է առաջնորդվեր անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և ելներ այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում ապահովելու նպատակից` ելնելով անձի հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովման գերակայությունից: Վերաքննիչ դատարանը, տվյալ դեպքում չընդունելով Ընկերության կողմից ներկայացված օտարալեզու տարրեր պարունակող փաստաթուղթը և համարելով պետական տուրքի անդորրագիրը չներկայացված, վիճահարույց հարցի վերաբերյալ ցուցաբերել է ձևական մոտեցում, հակառակ դեպքում, եթե Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատվեր այդ ապացույցը, ապա Վերաքննիչ դատարանի մոտ կառաջանար ներքին համոզմունք` բողոքաբերի կողմից պետական տուրքը վճարված լինելու մասին, քանի որ այդպիսի համոզմունքի ձևավորման համար փաստաթուղթը պարունակում է բավականաչափ և հավաստի տվյալներ` այն կազմված է «Էյջ-Էս-Բի-Սի» բանկի ձևաթղթի վրա և կնքված բանկի կնիքով, առկա են փոխանցողի, գումարը ստացողի և գումարի չափի մասին տեղեկություններ, որոնք հեշտությամբ կարող էին նույնականացվել, նույնիսկ առանց թարգմանության:

 Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստական հանգամանքները, ինչպես նաև` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ընկերության կողմից վճռաբեկ բողոքին կից ներկայացված վերը նշված փաստաթղթի նոտարական թարգմանությունը հավաստում է բողոքաբերի կողմից պետական տուրքի` վճարված լինելու փաստը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Ընկերության` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքը` վնաս հասցնելով դրա բուն էությանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

         

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.06.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան