Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.02.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.02.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0805/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0805/02/12
2013թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի փետրվարի 27-ին,

քննարկելով «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ  վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2012 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Բանկի ընդդեմ «Հարութ Մեգերյան» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն), երրորդ անձ «Մարսարմետ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Աղասի Արսենյանի՝ գրավի առարկաները հայցվորի տիրապետմանը հանձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը պարտավորեցնել վերադարձնել 16.06.2010 թվականին կնքված «երրորդ անձի կոշտ գրավի» թիվ Հ/Վ 03/7 պայմանագրի առարկաները` 2003 թվականի GAT AP 200B արտադրության շարժական ասֆալտի գործարանը, 1997 թվականի LEE BOY 900 արտադրության ասֆալտի տեղադրիչը, 1997 թվականի INGERSOLL-RAND 500P արտադրության ասֆալտի տեղադրիչը, 2003 թվականի GAT T650B արտադրության ասֆալտի տեղադրիչը և 1986 թվականի WIRTGEN-2600 արտադրության ասֆալտքերիչը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) (դատավոր Վ. Ասլանյան) 09.10.2012 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)  02.11.2012 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.10.2012 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին»  որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչ Արմինե Հարությունյանը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը, 105-րդ հոդվածի 1-ին կետը, 144-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, չիրականացնելով գործի օբյեկտիվ, բազմակողմանի և լիարժեք քննություն, անտեսել է հայցվորի այն պնդումը, որ գործի քննության անհնարինության վերաբերյալ պատասխանողի հիմնավորումները  բացակայում են, ինչպես նաև իր որոշմամբ չի գնահատել Բանկի ներկայացրած ապացույցները։

Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ «Եթե քրեական գործի շրջանակներում ապացուցվի «Մարսարմետ» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Եղիազարյանի հանցավոր գործունեությունը, ապա տվյալ հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ սույն գործով հայցապահանջը հիմնավորող ապացույցների… վրա», հիմնավոր չէ, քանի որ որոշմամբ չի գնահատվել փաստացի իրավիճակը, այլ գնահատվել է քրեական գործով հնարավոր զարգացումների պարագայում իրավիճակ, որպիսի մոտեցումն իրավական առումով անընդունելի է, քանի որ դեռևս չկա որևէ դատական ակտ, որով կհիմնավորվի Հրանտ Եղիազարյանի հանցավորությունը։ Նույնիսկ նման դատական ակտի առկայությունը չի կարող հանգեցնել գրավադրված գույքի նկատմամբ Բանկի գրավի իրավունքի դադարմանը, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247-րդ հոդվածով սահմանվում է, թե երբ կարող է գրավը դադարել։ Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ պատշաճ չի պատճառաբանել նաև Բանկի բերած փաստարկները չընդունելը և մերժելը, թե որ իրավական նորմի ուժով Հրանտ Եղիազարյանի հանցավոր գործունեությունը պետք է դադարեցնի Բանկի գրավի իրավունքը, այսինքն` Հրանտ Եղիազարյանի կատարած հանցագործության և Բանկի գրավի իրավունքի դադարման փոխազդեցությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2012թ. թիվ ԵԷԴ/0805/02/12 որոշումը բեկանել և փոփոխել. «Վերաքննիչ բողոքը բավարարել։ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2012թ. գործի վարույթը կասեցնելու մասին թիվ ԵԷԴ/0805/02/12 որոշումը վերացնել»։

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կայացրած հետևությունները հիմնավորված են, քանի որ որպես որոշման իրավական և փաստական հիմնավորում Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն) թիվ 58213311 քրեական գործը հարուցվել է «Մարսարմետ» ՍՊԸ­ի տնօրեն Հրանտ Եղիազարյանի կողմից խաբեությամբ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 494.800.000 ՀՀ դրամի արժողությամբ շարժիչ ասֆալտի գործարանի և սարքավորումների գրավադրմամբ ապահովված՝ Բանկի կողմից տրամադրված 880.000 ԱՄՆ դոլար վարկի և 585.000 ԱՄՆ դոլար վարկային գծի առանձնապես խոշոր չափերով գումարները՝ 1.465.000 ԱՄՆ դոլարը, հափշտակելու դեպքի առթիվ։ Ուստի, եթե վերը նշված քրեական գործի շրջանակներում ապացուցվի «Մարսարմետ» ՍՊԸ­ի տնօրեն Հրանտ Եղիազարյանի հանցավոր գործունեությունը, ապա դրանք կարող են էական նշանակություն ունենալ սույն գործով հայցապահանջը հիմնավորող ապացույցների համար։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը չի խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105­րդ հոդվածի պահանջը, քանի որ Ծառայությունում քննվող քրեական գործով պարզվում է Բանկի աշխատակիցների գործողությունների իրավաբանական որակման հարցը, ինչը չի կարող քննվել սույն քաղաքացիական գործի վարույթում։

Բացի այդ, Բանկի և Հրանտ Եղիազարյանի միջև կնքված գործարքների օրինականության հարցը քննարկվում է նաև Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/2689/02/10 քաղաքացիական գործի շրջանակներում, որի վարույթը կասեցված է։ Կասեցված թիվ ԵԿԴ/2689/02/10 քաղաքացիական գործը հանդիսանում է սույն քաղաքացիական գործի հիմքը, ուստի սույն գործը քննվել չի կարող նաև մինչև թիվ ԵԿԴ/2689/02/10 գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Իսկ թիվ ԵԿԴ/2689/02/10 քաղաքացիական գործը քննվել չի կարող, քանի որ Ծառայությունում հարուցված թիվ 58213311 քրեական գործով վիճարկվում է գրավադրման գործընթացի օրինականությունը։

 

Միաժամանակ սույն գործով չի քննվում գրավի դադարման հարց, որը հիմք տար բողոքաբերին կարծելու, որ իր գործով կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 247­րդ հոդվածի պահանջը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։       

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու հարցին և արձանագրել, որ  դատարանի պարտականությունն է կասեցնելու գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է  նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 08.06.2011 թվականի թիվ ԿԴ1/0902/02/10 քաղաքացիական գործով որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` հայցի առարկան 16.06.2010 թվականին կնքված «երրորդ անձի կոշտ գրավի» թիվ Հ/Վ 03/7 պայմանագրի առարկաները` 2003 թվականի GAT AP 200B արտադրության շարժական ասֆալտի գործարանը, 1997 թվականի LEE BOY 900 արտադրության ասֆալտի տեղադրիչը, 1997 թվականի INGERSOLL-RAND 500P արտադրության ասֆալտի տեղադրիչը, 2003 թվականի GAT T650B արտադրության ասֆալտի տեղադրիչը և 1986 թվականի WIRTGEN-2600 արտադրության ասֆալտքերիչը վերադարձնելն է, իսկ Ծառայության քննչական վարչության 11.11.2011 թվականին հարուցված քրեական գործը, որի կապակցությամբ կասեցվել է սույն գործի վարույթը, «Մարսարմետ» ՍՊԸ-ի ղեկավար Հրանտ Եղիազարյանի կողմից խաբեությամբ Ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող 494.800.000 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով շարժիչ ասֆալտ գործարանի և սարքավորումների գրավադրմամբ ապահովված` Բանկի կողմից տրամադրված 880.000 ԱՄՆ դոլար վարկի և 585.000 ԱՄՆ դոլար վարկային գծի առանձնապես խոշոր չափերով գումարները` 1.465.000 ԱՄՆ դոլարը, հափշտակելու դեպքն է:

Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Դատարանի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, պատճառաբանել է, որ «թիվ 58213311 քրեական գործի շրջանակներում եթե ապացուցվի այնպիսի փաստ, ինչպիսին է «Մարսարմետ» ՍՊ ընկերության տնօրեն Հրանտ Եղիազարյանի հանցավոր գործունեությունը, ապա տվյալ հանգամանքը կարող է էական նշանակություն ունենալ սույն գործով հայցապահանջը հիմնավորող ապացույցների` վերը նշված գործարքների վավերության հարցի, հետևաբար նաև` դրանց հիման վրա «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերության` պահանջի իրավունք ունեցող սուբյեկտ հանդիսանալու հարցի լուծման համար, որից էլ կախված է հայցի ճակատագիրը»:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Բանկի՝ որպես գրավառու հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև գրավի առարկան պահպանելու օրինականությունը և իրավաչափությունը կախման մեջ չի գտնվում քրեական գործի քննության արդյունքից։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Բանկը հանդիսանում է գրավառու, իսկ վեճի առարկա գույքը հանդիսանում է գրավի առարկա։ Այսինքն՝ նշված փաստերը կարող են հաստատվել սույն գործի քննության շրջանակներում և քրեական գործի քննությունը չի կարող անհնարին դարձնել սույն քաղաքացիական գործով դատական ակտի կայացնելը։ Այսինքն՝ գույքը գրավի առարկա հանդիսանալու իրավաբանական նշանակություն ունեցող փաստը սույն գործի քննության շրջանակներում հնարավոր է հաստատել, ինչն իր հերթին հնարավոր է դարձնում սույն գործի հետագա քննությունը, և Դատարանի համար գործի վարույթը կասեցնելու պարտականություն չի առաջանում։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության քննչական վարչության 11.11.2011 թվականին հարուցված քրեական գործի քննությունն անհնարին չի դարձնում սույն գործի քննությունը, հետևաբար բացակայում է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

  ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2012 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2012 թվականի «Գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան