Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.05.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.05.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.05.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/5014/05/09

2015 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5014/05/09

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի մայիսի 13-ին,

քննարկելով ըստ հայցի Սպարտակ Մարտիրոսյանի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի (այսուհետ` Նոտար), երրորդ անձինք Նշան և Սամվել Մարտիրոսյանների` Նոտարի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 3/16 մասով, և 22.07.2009 թվականի մերժումն անվավեր ճանաչելու և Նոտարին Երևան քաղաքի Ազատ Վշտունու փողոցի թիվ 96 հասցեի բնակելի տան 3/16 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) ներկայացուցիչ Դանիել Մխեյանի բերած վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սպարտակ Մարտիրոսյանը պահանջել է անվավեր ճանաչել Նոտարի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 3/16 մասով, 22.07.2009 թվականի մերժումը, ինչպես նաև պարտավորեցնել Նոտարին Երևան քաղաքի Ազատ Վշտունու փողոցի թիվ 96 հասցեի բնակելի տան 3/16 մասի նկատմամբ տալ ժառանգության իրավունքի վկայագիր:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Հակոբյան) (այսուհետ` Դատարան) 18.07.2014 թվականի որոշմամբ Նոտարը փոխարինվել է իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով, իսկ նույն թվականի մեկ այլ որոշմամբ Նոտարը ներգրավվել է որպես գործով երրորդ անձ:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.09.2014 թվականի որոշմամբ Կառավարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 18.07.2014 թվականի «Պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը վերացվել է մասնակիորեն` Նոտարին Երևան քաղաքի Ազատ Վշտունու փողոցի թիվ 96 հասցեի բնակելի տան 3/16 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու հայցապահանջի մասով Նոտարին իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով, փոխարինելու մասով: Մնացած մասով վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի որոշումը` Նոտարի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 3/16 մասով, և 22.07.2009 թվականի մերժումն անվավեր ճանաչելու հայցապահանջների մասով Նոտարին իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով փոխարինելու մասով, թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարության ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ հանգել է սխալ եզրակացության, որ դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է նաև նյութաիրավական իրավահաջորդության բացակայության պարագայում` անտեսելով, որ դատավարական իրավահաջորդությունը հիմնված է նյութաիրավական իրավահաջորդության վրա, որպիսին սույն գործի շրջանակներում բացակայում է: Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի բովանդակությունից ևս բխում է, որ օրենսդիրն ի սկզբանե նախատեսել է այնպիսի իրադրության հնարավորություն, երբ նյութաիրավական իրավահաջորդությունը բացառվում է, հետևաբար բացառվում է նաև դատավարական իրավահաջորդությունը:

Այնուամենայնիվ, եթե Սպարտակ Մարտիրոսյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից անհրաժեշտ է սույն գործով Նոտարին փոխարինել իրավահաջորդով, ապա «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի, ՀՀ նոտարական պալատի կանոնադրության և ոլորտը կարգավորող իրավական այլ ակտերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգել, որ Նոտարի դատավարական իրավահաջորդ պետք է ճանաչել ոչ թե Հայաստանի Հանրապետությանը, այլ ՀՀ նոտարական պալատին, որն իրավասու է նոտարների շահերի պաշտպանությամբ հանդես գալ ՀՀ դատական ատյաններում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերաքննիչ բողոքը մերժելու մասով վերացնել Վերաքննիչ դատարանի 29.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ընդհանրապես դատավարական իրավահաջորդության և ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման վարչադատավարական ինստիտուտների կիրառման և մասնավորապես` վարչական գործի քննության ընթացքում նոտարի լիազորությունները դադարած անձին պատշաճ պատասխանողով փոխարինելու վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1.  արդյո՞ք իրավական հիմքերի և իրավաբանական հետևանքների տեսանկյունից դատավարական իրավահաջորդության և ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման վարչադատավարական ինստիտուտները նույնական են,

2.  արդյո՞ք ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելիս նոտարն իրականացնում է հանրային գործառույթ, թե հանդես է գալիս որպես մասնավոր իրավահարաբերության մասնակից,

3.  արդյո՞ք նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործի քննության ընթացքում գործով պատասխանող նոտարի լիազորությունների դադարման, այդ թվում նաև` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու դեպքում վերջինս պետք է փոխարինվի իրավահաջորդով, թե` պատշաճ պատասխանողով,

4.  նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործի քննության ընթացքում զբաղեցրած պաշտոնից ազատված նոտարի փոխարեն ո՞վ պետք է ներգրավվի վարչական դատավարությանը` որպես պատշաճ պատասխանող:

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատավարության մաuնակիցներն են կողմերը` հայցվորը և պատաuխանողը, ինչպես նաև երրորդ անձինք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատաuխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն` դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու դեպքում (իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, ֆիզիկական անձի մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) դատարանը կատարում է այդ կողմի փոխարինում նրա իրավահաջորդով, որի վերաբերյալ կայացնում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավահաջորդություն հնարավոր է դատավարության յուրաքանչյուր փուլում, իսկ 5-րդ մասի համաձայն` այն գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչև իրավահաջորդի` գործի մեջ մտնելը, նրա համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն`

1. Գործի քննության նախապատրաuտման կամ դատաքննության ընթացքում հայցվորի միջնորդությամբ կամ նրա համաձայնությամբ դատարանը փոխարինում է պատաuխանողին:

2. Եթե դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատաuխանողի դեմ, որը պետք է պատաuխանի ըuտ հայցի, ապա դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինել պատշաճ պատաuխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատաuխանողին փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին ներգրավել որպեu երկրորդ պատաuխանող:

3. Ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինելուց կամ գործում որպես երկրորդ պատաuխանող ներգրավելուց հետո գործի վարույթը uկuվում է գործը դատաքննության նախապատրաստելու փուլից:

4. Պատաuխանողին փոխարինելու կամ պատշաճ պատաuխանողին որպեu երկրորդ պատաuխանող ներգրավելու մաuին դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի համաձայն`

1. Նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:

2. Նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը:

3. Նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը վճիռ է կայացնում նոտարական գործողության հետևանքով հայցվորին պատճառված վնասը հատուցելու մասին:

4. Նոտարական գործողության հետևանքով ծագող քաղաքացիական իրավահարաբերություններից բխող բոլոր գործերը, ներառյալ` վավերացված գործարքների կողմերի միջև առաջացած վեճերը, ընդդատյա են ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին, եթե դրանք, նույն գլխի համաձայն, քննության ենթակա պահանջներից ածանցվող պահանջներ չեն:

«Նոտարիատի մասին»  ՀՀ օրենքի  2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (...), նույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (...) հիման վրա:

«Նոտարիատի մասին»  ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է նույն օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ: Նոտարի կարգավիճակի առանձնահատկությունները սահմանվում են միայն նույն օրենքով:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անձը, որի շահերը շոշափում է նոտարի գործողությունը կամ անձը, որին մերժվել է նոտարական գործողություն կատարելը, կարող է կատարված նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը բողոքարկել դատարան:

«Նոտարիատի մասին»  ՀՀ օրենքի  27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված գույքային պատասխանատվություն է կրում միայն իր կողմից դիտավորությամբ թույլ տրված խախտումների հետևանքով նոտարական գործողությունների համար դիմած անձանց պատճառված վնասի համար: Նոտարի կողմից իր ծառայողական պարտականությունների խախտման հետևանքով պատճառված վնասի համար Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի և նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված` նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է: Նոտարական պալատն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, նույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին և իր կանոնադրությանը համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` նոտարական պալատը ներկայացնում և պաշտպանում է նոտարների շահերը, նրանց օգնություն է ցույց տալիս նոտարական գործունեություն իրականացնելիս, (...) իրականացնում է նույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

ՀՀ նոտարական պալատի կանոնադրության 1-ին կետի համաձայն` ՀՀ նոտարական պալատն ինքնակառավարման սկզբունքի և նոտարների պարտադիր անդամակցության վրա հիմնված` նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է, որի նպատակը նոտարների շահերը ներկայացնելը և պաշտպանելն է, նոտարական գործունեություն իրականացնելիս նրանց օգնություն ցույց տալը և այդ գործունեության նկատմամբ հսկողության իրականացումը:

ՀՀ նոտարական պալատի կանոնադրության 2-րդ կետի համաձայն` պալատն իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք է բերում պետական գրանցման պահից, (...) կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

ՀՀ նոտարական պալատի կանոնադրության 8-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` նույն կանոնադրության 1-ին կետում ամրագրված նպատակների իրականացմանն ուղղված` պալատը ներկայացնում և պաշտպանում է պալատի անդամների իրավունքները և շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նաև այլ անձանց և կազմակերպությունների հետ հարաբերություններում, ինչպես նաև դատարանում:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով կարգավորել է վարչական դատավարությունում դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերի, կատարման կարգի և իրավական հետևանքների հետ կապված հարաբերությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածով սահմանված իրավադրույթների բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը վիճելի իրավահարաբերություններից կողմերից մեկի դուրս գալու դեպքում դատավարության կողմի փոխարինումն է նրա իրավահաջորդով: Ընդ որում, դատավարական իրավահաջորդությունը հնարավոր է դատավարության ցանկացած փուլում, իսկ իրավահաջորդին դատավարությանը թույլատրելը ձևակերպվում է դատարանի համապատասխան որոշմամբ` առանձին դատական ակտի տեսքով: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավարական իրավահաջորդության ծագման հիմքերը. այսպես` վարչական դատավարությունում իրավահաջորդությունը տեղի է ունենում դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու հետևյալ դեպքերում.

1. իրավաբանական անձի վերակազմակերպում,

2. վարչական մարմնի վերակազմակերպում,

3. ֆիզիկական անձի մահ,

4. պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր:

Այսպիսով, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում թվարկել է այն փաստակազմերի սպառիչ ցանկը, որոնց գործնականում առկայությունը հնարավորություն է ընձեռում վարչական դատարանին` կիրառելու ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում  նախատեսված իրավական հետևանքը, այն է` դատավարության կողմին փոխարինել նրա իրավահաջորդով: Այսինքն` վարչական դատարանն իրավասու է դատավարության կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնել միայն վերը նշված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում: Հետևաբար վարչական դատարանն իրավասու չէ դատավարության կողմին փոխարինել նրա իրավահաջորդով` հիմնվելով այնպիսի փաստակազմերի վրա, որոնք նախատեսված չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում: Ավելին, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից բխում է, որ դատավարական իրավահաջորդությունը ենթադրում է, որ իրավահաջորդը   շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը դատավարական իրավահարաբերությունների ամբողջ ծավալով` իրավանախորդի ունեցած բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Քանի որ դատավարական իրավահաջորդության դեպքում իրավահաջորդը շարունակում է մասնակցել վարչական դատավարությանը, ուստի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև իրավահաջորդի գործի մեջ մտնելը, վերջինիս համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին այն անձի համար, որին փոխարինել է իրավահաջորդը:

Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով կարգավորել է վարչական գործի քննության ընթացքում ոչ պատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատաuխանողին որպեu երկրորդ պատաuխանող ներգրավելու դատավարական կառուցակարգի առանձնահատկությունները: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով ամրագրված իրավադրույթներից բխում է, որ ոչ պատշաճ պատասխանողը դատավարության մասնակից այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան, սակայն հետագայում գործի հանգամանքներով ժխտվել է դատավարության այդ մասնակցի` վիճելի պարտականության կրող լինելու, այսինքն` վիճելի իրավահարաբերության սուբյեկտ հանդիսանալու ենթադրությունը: Այլ կերպ ասած` եթե վարչական գործի քննության ընթացքում ժխտվում է այն ենթադրությունը, որ պատասխանողը հանդիսանում է վիճելի իրավահարաբերության սուբյեկտ, ապա այդ դեպքում վերջինս ճանաչվում է ոչ պատշաճ պատասխանող և պետք է փոխարինվի պատշաճ պատասխանողով, այսինքն` վիճելի իրավահարաբերության ենթադրյալ սուբյեկտով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորման համաձայն` ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումը կարող է կատարվել վարչական դատարանի նախաձեռնությամբ կամ հայցվորի միջնորդությամբ, բայց բոլոր դեպքերում միայն հայցվորի համաձայնությամբ, որը բխում է տնօրինչականության սկզբունքից: Փաստորեն, ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումն առանց հայցվորի համաձայնության հնարավոր չէ, իսկ եթե հայցվորը համաձայն չէ ոչ պատշաճ պատաuխանողին փոխարինելուն, ապա վարչական դատարանը կարող է պատշաճ պատասխանողին, այսինքն` այն սուբյեկտին, որը պետք է պատաuխանի ըuտ ներկայացված հայցի, ներգրավել որպեu երկրորդ պատաuխանող: Բացի այդ, վարչական գործի քննության ընթացքում ոչ պատշաճ պատասխանողի կատարած գործողությունները դատավարությանը մասնակից դարձված պատշաճ պատասխանողի համար նշանակություն չունեն և վերջինիս համար որևէ իրավունք կամ պարտականություն չեն առաջացնում: Պատշաճ պատասխանողի համար ծագում են նոր վարչադատավարական իրավահարաբերություններ, հետևաբար պատշաճ պատասխանողի համար գործի քննությունը սկսվում է  գործը դատաքննության նախապատրաստելու փուլից` անկախ նրանից, թե դատավարության որ փուլում է բացահայտվել ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման անհրաժեշտությունը:

Վերոգրյալ իրավական վերլուծությունից ակնհայտ է, որ քննարկվող վարչադատավարական ինստիտուտների` դատավարական իրավահաջորդության և ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման միջև առկա են էական տարբերություններ` ինչպես ըստ հիմքերի, այնպես էլ ըստ դատավարական հետևանքների: Եթե դատավարական իրավահաջորդության հիմքը կողմի` նյութական իրավունքներում կամ պարտականություններում տեղի ունեցած իրավահաջորդությունն է, ապա ոչ պատշաճ պատասխանողի փոխարինումն իրար փոխարինող անձանց միջև, որպես կանոն, ոչ մի նյութաիրավական կապ չի ենթադրում: Այսպիսով, դատավարական հետևանքների տեսանկյունից` դատավարական իրավահաջորդության դեպքում վարչադատավարական իրավահարաբերությունները պահպանվում են, իսկ ոչ պատշաճ պատասխանողի փոխարինման դեպքում վարչադատավարական իրավահարաբերությունները դադարում են, և ծագում են նոր վարչադատավարական իրավահարաբերություններ:

Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նոտարի իրավական վիճակին վերաբերող կարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ առաջին` նոտարի գործունեության նպատակը ոչ թե նոտարի շահերն են, այլ` հանրության շահերը: Այսինքն` Հայաստանի Հանրապետությունում նոտարներն իրականացնում են հանրային նշանակության գործառույթներ, որոնք սահմանվում են օրենքով:  Երկրորդ` նոտարները, ինչպես պետական մարմինները և պաշտոնատար անձինք, իրենց գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում են ոչ թե մասնավոր անձանց  ներհատուկ կամքի ազատ արտահայտմամբ, այլ գործում են հանրային իշխանությանը ներհատուկ ընթացակարգերի շրջանակներում: Երրորդ` նոտարները նշանակվում են պաշտոնատար անձանց համար օրենքով հատուկ սահմանված կարգով: Չորրորդ` նոտարները կարգապահական պատասխանատվության են ենթարկվում, նրանց լիազորությունները դադարում են նույնպես օրենքով սահմանված հատուկ հիմքերի առկայության պայմաններում և հատուկ կարգով: Այսինքն` նոտարն արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ է, որը Հայաստանի Հանրապետության անունից, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, իրականացնում է օրենքով նախատեսված նոտարական գործողություններ և ծառայություններ: Միաժամանակ, նոտարը մի շարք իրավահարաբերություններում հանդես է գալիս նաև որպես անհատ ձեռնարկատեր, ինքնուրույն, իր ռիսկով իրականացնում է գործունեություն, որի նպատակը շահույթ ստանալն է, իր ունեցած պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով և կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար: Ամփոփելով վերը նշվածը` կարելի է եզրակացնել, որ նոտարի իրավական կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում ունի երկակի` հանրային-իրավական և մասնավոր-իրավական  բնույթ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելիս նոտարն իրականացնում է հանրային գործառույթ, քանի որ ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելիս նոտարի և քաղաքացու միջև առկա են ոչ թե կոորդինացիոն (համադասություն) բնույթի, այլ սուբորդինացիոն (ենթակայություն) բնույթի իրավահարաբերություններ: Սույն իրավահարաբերություններում քաղաքացին և նոտարը հանդես չեն գալիս որպես մասնավոր իրավահարաբերությունների հավասար սուբյեկտներ: Նման իրավահարաբերություններում նոտարն օժտված չէ կամքի ազատությամբ, այլ հանդես է գալիս որպես հանրային իրավահարաբերությունների սուբյեկտ, որտեղ իրավահարաբերության մասնակիցներից մեկը, միակողմանի հենվելով իրավական կարգավորումների վրա, իրավահարաբերության մյուս կողմի համար պարտադիր որոշում է կայացնում: Տվյալ իրավահարաբերությունների հանրային լինելու մասին վկայում է նաև այն հանգամանքը, որ օրենսդիրը նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերն ընդդատյա է համարել վարչական դատարանին, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի  10-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից  ծագող բոլոր գործերը:

Տվյալ իրավահարաբերություններում հանրային գործառույթներ իրականացնելու հանգամանքը կանխորոշում է նոտարների հանրային-իրավական կարգավիճակը և պայմանավորում է նրանց գործունեության նկատմամբ արդյունավետ դատական վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը: Ըստ այդմ` օրենսդիրը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով սահմանել է, որ նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելը կարող են բողոքարկվել դատարան: Ընդ որում, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերը քննվում են վարչական դատարանի կողմից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով: Օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի «Նոտարի գործողությունների իրավաչափության վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 31-րդ գլխի 220-222-րդ հոդվածներով սահմանել է նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնասը հատուցելու վերաբերյալ գործերի քննության կարգը:

Այսպիսով, ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը մերժելիս նոտարը` որպես արդարադատության իրականացմանը նպաստող հանրային ծառայություններ իրականացնող անձ, իրականացնում է հանրային գործառույթներ` նպատակ հետապնդելով ապահովել անձի` ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի գործնականում իրացումը և պաշտպանությունը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխում ամրագրված իրավադրույթների բովանդակությունից բխում է, որ նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործերի շրջանակում նոտարը հանդես է գալիս պատասխանողի դերում, որի դեմ կարող են ներկայացվել հետևյալ հայցապահանջները`

1) նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ,

2) նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ,

3) նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու արդյունքում պատճառված վնաuը հատուցելու վերաբերյալ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ նշված գործի քննության ընթացքում նոտարն ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, կամ նրա լիազորություններն օրենքով սահմանված կարգով դադարում են, ապա դադարում է նաև վերջինիս` հանրային գործառույթներ իրականացնելու հանգամանքից բխող հանրային-իրավական կարգավիճակը: Հետևաբար նոտարի պաշտոնից ազատված կամ նոտարի լիազորությունները դադարած անձը նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված վարչական գործերի շրջանակներում այլևս չի կարող համարվել պատշաճ պատասխանող` (1) նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև (2) նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցապահանջների մասով: Այդ դեպքում վարչական դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով լուծել այդ նոտարին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին դատավարությանը որպես երկրորդ պատասխանող ներգրավելու հարցը: Այսինքն` նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում նոտարի դեմ ներկայացված` (1) նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև (2) նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջների մասով իր զբաղեցրած պաշտոնից ազատված կամ լիազորությունները դադարած նոտարը պետք է ճանաչվի ոչ պատշաճ պատասխանող և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով սահմանված կարգով փոխարինվի պատշաճ պատասխանողով: Տվյալ պարագայում վարչական դատարանն իրավասու չէ նոտարի պաշտոնից ազատված կամ նոտարի լիազորությունները դադարած անձին փոխարինել նրա իրավահաջորդով, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում դատավարական իրավահաջորդության այդպիսի հիմք նախատեսված չէ, իսկ վարչական դատարանն իրավասու է դատավարության կողմին նրա իրավահաջորդով փոխարինելու մասին որոշում կայացնել միայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված հիմքերից որևէ մեկի առկայության պարագայում, մինչդեռ օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում թվարկելով վարչական դատավարությունում դատավարական իրավահաջորդության հիմքերը, դրանց շարքում չի նախատեսել նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու պատճառով դատավարությունից դուրս գալու վերաբերյալ որևէ դրույթ:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ այն դեպքում, երբ նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործով պատասխանող նոտարն ազատվում է իր զբաղեցրած պաշտոնից, կամ նրա լիազորությունները դադարում են, ապա նոտարի դեմ ներկայացված` նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջների մասով պատշաճ պատասխանող պետք է համարվի ՀՀ նոտարական պալատը, որը պետք է ներգրավվի դատավարությանը կամ որպես նոտարին փոխարինող պատշաճ պատասխանող կամ որպես երկրորդ պատասխանող հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ նոտարական պալատը նոտարների մասնագիտական ոչ առևտրային կազմակերպություն է, որը, ի թիվս ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով, ինչպես նաև իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների, օժտված է նաև նոտարների շահերը ներկայացնելու և պաշտպանելու իրավասությամբ: ՀՀ նոտարական պալատն իրավասու է ներկայացնել և պաշտպանել նոտարների շահերը այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ ունեցած հարաբերություններում, այդ թվում նաև դատարանում: Ընդ որում, նոտարական գործողության կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հայցապահանջի քննության շրջանակներում ՀՀ նոտարական պալատն իրավասու է դատարանում ներկայացնել և պաշտպանելու իր զբաղեցրած պաշտոնից ազատված կամ լիազորությունները դադարած նոտարի շահերը, քանի որ նշված հայցապահանջներով վիճարկվում է նոտարի` հանրային-իրավական կարգավիճակից բխող գործողությունների իրավաչափությունը: Հետևաբար նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության ընթացքում նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում նոտարի դեմ ներկայացված` նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջների մասով վարչական դատարանը պարտավոր է իր զբաղեցրած պաշտոնից ազատված կամ լիազորությունները դադարած նոտարին ՀՀ վարչական դատավարության կարգով փոխարինել պատշաճ պատասխանողով` ՀՀ նոտարական պալատով:

   Ինչ վերաբերում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում առկա այն իրավակարգավորումներին, որ  նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով ներկայացված հայցը բավարարելու դեպքում դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում նոտարական գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և դրա հետևանքները վերացնելու վերաբերյալ, իսկ նման պահանջի և համապատասխան հիմքերի առկայության դեպքում նաև պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը կամ նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով հայցը բավարարելու դեպքում դատարանը պարտավորեցնում է նոտարին կատարելու հայցվող գործողությունը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ ՀՀ իրավական համակարգում անձանց համար երաշխավորվում է արդար դատաքննության և խախտված իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցների իրավունքները, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունն անձի համար երաշխավորում է տվյալ անձի իրավունքների ենթադրյալ խախտման համար իրավական պաշտպանության արդյունավետ միջոցներ, այդ թվում նաև դատարան դիմելու իրավունք:  Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածը պետք է մեկնաբանեն այնպես, որպեսզի գործնականում հնարավոր լինի ապահովել անձանց իրավունքների առավելագույն պաշտպանություն: Այսինքն, եթե դատարանը պարզի, որ առկա են նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարման մերժումը ոչ իրավաչափ ճանաչելու բավարար հիմքեր, նոտարական գործողությունը կամ նոտարական գործողության կատարման մերժումը պետք է ճանաչվեն ոչ իրավաչափ, ինչը նշանակում է նաև, որ հետագայում ՀՀ իրավական համակարգում գործող որևէ նոտար իրավասու չէ նույն անձի վերաբերյալ միևնույն փաստական և իրավական հիմքերով կատարելու հայցվող նույն նոտարական գործողությունը կամ մերժելու հայցվող նույն նոտարական գործողության կատարումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը արձանագրում է, որ դատարանն իրավասու չէ պարտավորեցնել պաշտոնաթող նոտարին կատարելու հայցվող գործողությունը, քանի որ Նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության շրջանակում բացի տվյալ վարչական գործով պատասխանող նոտարից գոյություն չունի որևէ այլ իրավունքի սուբյեկտ, որն իրավասու է կատարելու հայցվող նոտարական գործողությունները: Հետևաբար վարչական դատարանը չի կարող պարտավորեցնել հանրային-իրավական կարգավիճակից զրկված նախկին նոտարին, ով այլևս իրավասու չէ կատարել նոտարական գործողություններ, կատարելու հայցվող նոտարական գործողությունները: Վարչական դատարանն իրավասու չէ նաև ՀՀ նոտարական պալատին պարտավորեցնել կատարելու հայցվող նոտարական գործողությունը, քանի որ ՀՀ նոտարական պալատն  իրավասու չէ կատարել նոտարական գործողություններ: Նկատի ունենալով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործի քննության շրջանակում նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում ներկայացված` նոտարին հայցվող գործողությունը կատարելուն պարտավորեցնելու վերաբերյալ պահանջը ենթակա է մերժման:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Սպարտակ Մարտիրոսյանի կողմից 02.12.2009 թվականին ներկայացված հայցադիմումի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Նոտարի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 3/16 մասով, «22.07.2009 թվականի մերժումը», ինչպես նաև պարտավորեցնել Նոտարին Երևան քաղաքի Ազատ Վշտունու փողոցի թիվ 96 հասցեի բնակելի տան 3/16 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալուն (հատոր 1-ին, գ.թ. 2-7):

Դատարանի 12.04.2010 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը կասեցվել է (հատոր 1-ին, գ.թ. 118): Սույն վարչական գործի կասեցված վարույթը վերսկսվել է Դատարանի 01.10.2013 թվականի որոշմամբ (հատոր 2-րդ, գ.թ. 68):

17.06.2014 թվականի թիվ ԴԴ9-71922 գրությամբ ՀՀ վարչական դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով, խնդրել է ՀՀ արդարադատության նախարարությանը տեղեկություններ հայտնել այն մասին, թե արդյոք դադարեցվել է Նոտարի նոտարական գործունեությունը (հատոր 2-րդ, գ.թ. 111-112): Ի պատասխան նշված գրության` ՀՀ արդարադատության նախարարությունը 15.07.2014 թվականի թիվ 02/5039-14 գրությամբ հայտնել է, որ համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 29.04.2014 թվականի թիվ 30-Ա հրամանի` Նոտարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից (հատոր 2-րդ, գ.թ. 113-114):

Դատարանը, հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասը և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 18.07.2014 թվականի «Պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշմամբ սույն վարչական գործով պատասխանող Նոտարին փոխարինել է իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով (հատոր 2-րդ, գ.թ. 116): Դատարանի նույն թվականի մեկ այլ որոշմամբ Նոտարը ներգրավվել է սույն վարչական գործին` որպես երրորդ անձ (հատոր 2-րդ, գ.թ. 117-118):

Վերաքննիչ դատարանի 29.09.2014 թվականի որոշմամբ Կառավարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 18.07.2014 թվականի «Պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը վերացվել է մասնակիորեն` Նոտարին Երևան քաղաքի Ազատ Վշտունու փողոցի թիվ 96 հասցեի բնակելի տան 3/16 մասի նկատմամբ ժառանգության իրավունքի վկայագիր տալուն պարտավորեցնելու հայցապահանջի մասով Նոտարին իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով, փոխարինելու մասով: Մնացած մասով վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի որոշումը` Նոտարի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 3/16 մասով, և 22.07.2009 թվականի մերժումն անվավեր ճանաչելու հայցապահանջների մասով Նոտարին իրավահաջորդով` Հայաստանի Հանրապետությունով փոխարինելու մասով, թողնվել է անփոփոխ (հատոր 3-րդ, գ.թ. 51-56):

Վերաքննիչ դատարանն իր 29.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշումը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) (ա) Նոտարի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը 3/16 մասով անվավեր ճանաչելու մասին պահանջը դասվում է նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ պահանջների տարատեսակին, և այդ պահանջի մասով Նոտարի դատավարական իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը. (բ) 22.07.2009 թվականի մերժումն անվավեր ճանաչելու մասին պահանջը դասվում է նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ պահանջների տարատեսակին, և այդ պահանջի մասով Նոտարի դատավարական իրավահաջորդ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը...»:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո, միաժամանակ հաշվի առնելով վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և բողոքում ներկայացված պահանջը, Նոտարի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 3/16 մասով, և 22.07.2009 թվականի մերժումն անվավեր ճանաչելու պահանջների մասով համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված սույն վարչական գործով Դատարանն անհիմն կերպով Նոտարին փոխարինել է իրավահաջորդով` այն հիմքով, որ վերջինս ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից, մինչդեռ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է դատավարական իրավահաջորդության հիմքերը, որոնք վերաբերում են դատավարությունից կողմերից մեկի դուրս գալու հետևյալ դեպքերին` (ա) իրավաբանական անձի վերակազմակերպում, (բ) վարչական մարմնի վերակազմակերպում, (գ) ֆիզիկական անձի մահ, (դ) պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր: Հետևաբար սույն վարչական գործի քննության ընթացքում Նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելը չի կարող հիմք հանդիսանալ վերջինիս դատավարական իրավահաջորդության համար, քանի որ օրենսդիրը, թվարկելով դատավարական իրավահաջորդության հիմքերը, դրանց շարքում իրավահաջորդության այդպիսի հիմք չի նախատեսել: Այսպիսով, սույն գործով Նոտարի դեմ ներկայացված 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակիորեն` 3/16 մասով, և «22.07.2009 թվականի մերժումը» անվավեր ճանաչելու պահանջների մասով Նոտարի` իր զբաղեցրած պաշտոնից ազատվելու կամ լիազորությունների դադարման դեպքում վերջինիս դատավարական իրավահաջորդության հարց առհասարակ չի կարող բարձրացվել, քանի որ այդպիսի իրավահաջորդության իրավական հիմքը բացակայում է:

Նշված փաստական հանգամանքները համադրելով վերոգրյալ իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Նոտարը, ՀՀ արդարադատության նախարարի 29.04.2014 թվականի թիվ 30-Ա հրամանով ազատվելով իր զբաղեցրած պաշտոնից, զրկվել է իր հանրային-իրավական կարգավիճակից: Հետևաբար սույն գործի շրջանակում Նոտարի դեմ ներկայացված նոտարական գործողության իրավաչափությունը վիճարկելու, ինչպես նաև նոտարական գործողության կատարումը մերժելու իրավաչափությունը վիճարկելու հայցապահանջների մասով Նոտարն այլևս չի կարող համարվել պատշաճ պատասխանող և պետք է փոխարինվի պատշաճ պատասխանողով` ՀՀ նոտարական պալատով: Փաստորեն, Դատարանը պարտավոր էր Նոտարի գործողությունների իրավաչափության վիճարկման վերաբերյալ հարուցված սույն վարչական գործի շրջանակներում Նոտարի դեմ ներկայացված 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակիորեն` 3/16 մասով, և «22.07.2009 թվականի մերժումը» անվավեր ճանաչելու պահանջների մասով Նոտարին ճանաչել ոչ պատշաճ պատասխանող և նրան փոխարինել պատշաճ պատասխանողով: Ընդ որում, տվյալ դեպքում պատշաճ պատասխանող է համարվում ՀՀ նոտարական պալատը, որը «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի և իր կանոնադրության ուժով իրավասու է դատարանում ներկայացնել և պաշտպանել Նոտարի շահերը` նաև վերջինիս նախկին հանրային-իրավական կարգավիճակից բխող գործողությունների իրավաչափության վիճարկման հայցապահանջի մասով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանի 18.07.2014 թվականի «Պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշումը նշված հայցապահանջների մասով անհիմն է և ենթակա է վերացման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշմանը` վերաքննիչ բողոքը բավարարելու մասով, չի անդրադառնում վճռաբեկ բողոքում այդ մասով հիմքեր, հիմնավորումներ և պահանջ ներկայացված չլինելու պատճառով:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման` վերաքննիչ բողոքը մերժելու մասը և այդ մասով կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 18.07.2014 թվականի «Պատասխանողին իրավահաջորդով փոխարինելու մասին» որոշման` ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 09.10.2007 թվականին տրված թիվ 11041 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագիրը` 3/16 մասով, և 22.07.2009 թվականի մերժումն անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցապահանջներով ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին իրավահաջորդով`  Հայաստանի Հանրապետությունով, փոխարինելու մասը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Տ. Պետրոսյան