Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.05.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
24.05.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
24.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0938/02/10

Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0938/02/10
2013թ.

Նախագահող դատավոր՝ Դ. Խաչատրյան  

Դատավորներ՝

 Ն. Տավարացյան
   Ս. Միքայելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

 

2013 թվականի մայիսի 24-ին,

քննարկելով ըստ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի` Վլադիմիր Օհանովին անգործունակ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Վլադիմիր Օհանովի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության մարմինը պահանջել է Վլադիմիր Օհանովին ճանաչել անգործունակ:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝  Դատարան) 20.01.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է, վճռվել է 29.07.1957 թվականի ծնված Վլադիմիր Լենտրոնի Օհանովին ճանաչել անգործունակ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 13.11.2012 թվականի որոշմամբ Վլադիմիր Օհանովի վերաքննիչ բողոքը վերադարձվել է։  

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վլադիմիր Օհանովը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին կետը, որը պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետը և 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանը Վլադիմիր Օհանովին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին,  գործը քննել է վերջինիս բացակայությամբ և ընդհան­րապես մասնակից չի դարձրել գործի քննությանը:

Ավելին, Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Դատարանը Վլադիմիր Օհանովին գործի քննությանը մասնակից չդարձնելու պարագայում չի պարզել` արդյոք վերջինիս առողջական վիճակը թույլ տալիս է դատական նիստին կանչելու, թե` ոչ: 

 Փաստորեն, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս անտեսել է նաև այն, որ Դատարանի գործողությունների արդյունքում Վլադիմիր Օհանովը զրկվել է իր իրավունքները դատարանում պաշտպանելու հնարավորությունից, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու Դատարանի վճիռը: Նշված վճիռը օրինական ուժի մեջ չմտած լինելու պարագայում Վլադիմիր Օհանովը համարվել է գործունակ, հետևաբար իրավասու է եղել բողոքարկելու դատական ակտը:

Հատկանշական է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածը կիրառելի է այն դեպքում, երբ քաղաքացին օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սակայն տվյալ պարագայում Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել և չի բողոքարկվել միայն նշված դատական ակտի մասին Վլադիմիր Օհանովի կողմից իրազեկված չլինելու և գործի քննությանը մասնակից դարձված չլինելու արդյունքում, հետևաբար վերջինս չի կարող զրկվել ինքնուրույն իր շահերը դատարանում պաշտպանելու իրավունքից հատկապես այն պարագայում, երբ  Վլադիմիր Օհանովը վերաքննիչ բողոք ներկայացնելիս նաև միջնորդել էր հարգելի ճանաչել դատական ակտը բողոքարկելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը` վերը նշված հիմնավորումներով:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է «բեկանել»  Վերաքննիչ դատարանի 13.11.2012 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումները. 

 ա) որո՞նք են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ «Քաղաքացին կարող է կանչվել դատական նիստի, եթե դա թույլ է տալիս նրա առողջական վիճակը» դրույթով դատարանին վերապահված  հայեցողության իրացման սահմանները,

բ) իրավաչափ է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշման հիմքում ընկած իրավական դիրքորոշումն առ այն, որ առաջին ատյանի դատա­րանի՝ անգործունակ ճանաչելու մասին վճիռը բողոքարկելու ժամկետը բաց թողնելուց հետո անձն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ձեռք է բերում անգործունակ անձի կարգավիճակ,  հետևաբար նաև այդ կարգավիճակում այլևս չունի վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք,

գ) արդյո՞ք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված «անգործունակ (…) ճանաչված քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը դատարանում պաշտպանում են նրանց (…) խնամակալները» դրույթի կիրառմամբ կարող է սահմանափակվել անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործի վարույթի շրջանակներում անգործունակ ճանաչված անձի բողոքարկման իրավունքը:

 

ա) ՀՀ Սահմանադրությունը մարդուն, նրա արժանապատվությունը, հիմ­նական իրավունքները ու ազատությունները հռչակում է որպես բարձրագույն արժեքներ  և պետությանը սահմանափակում մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով ու ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրա­վունք (հոդված 3): Միաժամանակ ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է մար­դու անօտարելի և բնական իրավունքների ապահովման մի շարք երաշխիքներ, որոնց շարքում առավել կարևորվում է անձի իրավունքների և ազատու­թյունների դատական պաշտպանության իրավունքը, պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը (հոդված 18), ինչպես նաև իրավաբա­նական օգնություն ստանալու իրավունքը  (հոդված 20): Այդ երաշխիքները ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածի ուժով հավասարապես վերաբերում են նաև հոգեկան խանգարումներ ունեցող անձանց:

Հոգեկան խանգարումներ ունեցող անձանց՝ որպես խոցելի խմբի անդամների պաշտպանությանն են ուղղված նաև մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որոնցում ևս այս անձանց իրավունքների դատական արդյու­նավետ պաշտպանությունն ամրագրվում է որպես իրավունքների ու ազատու­­թյունների ապահովման կարևորագույն երաշխիք:

Հոգեկան հիվանդությամբ տառապողների պաշտպանության և հոգեբուժական օգնության բարելավման սկզբունքները (ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1991 թվականի  դեկտեմբերի 17-ի 46/119 բանաձև) անթույլատրելի են համարում հոգեկան հիվանդությամբ տառապող անձանց նկատմամբ որևէ խտրական մոտեցում, և ճանա­չում են անձի՝ իրեն անգործունակ ճանաչելու կապակցությամբ գործի վարույթին փաստաբանի միջոցով ներկայացված լինելու իրավունքը, ինչպես նաև այլ շա­հագրգիռ անձանց հետ հավասար հնարավորություններով՝ անգործունակ ճանա­չելու մասին վճիռը վերադաս դատարան բողոքարկելու իրա­վունքը:  Եվրոպայի խորհրդի Պառլամենտական վեհաժողովի 1977 թվականի հոկտեմբերի 8-ի 818(1977) «Հոգեկան հիվանդությամբ տառապողների վիճակի մասին» հանձնա­րարականում, Նախարարների կոմիտեի 1983 թվականի փետրվարի 22-ի R(83)2 «Հար­կադիր կարգով հոսպիտալացված՝ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավական պաշտպանության մասին» հանձնարարականում, 1999 թվականի փետրվարի 23-ի R(99)4 «Չափահաս անգործունակների իրավական պաշտպանության սկզ­բունքների մասին» հանձնարարականում, 2004 թվականի փետրվարի 24-ի Rec(2004)10 «Հոգեկան խանգարում ունեցող անձանց իրավունքների և արժանապատվության պաշտպանության մասին» հանձնարարականում ևս ընդգծվում է, որ հոգեկան խանգարումներ ունեցող անձինք պետք է ունենան բոլոր քաղաքացիական և քաղաքական իրավունքներն իրականացնելու հնարավորություն, իսկ դրանց սահմանափակումները թույլատրելի են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտ­պա­նության մասին» եվրոպական կոնվենցիայի պահանջներին խիստ համապատասխան: Ընդ որում, Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին առաջարկվում է սահմանել, որ անձին անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական ակտը չի կարող հիմնվել միայն բժշկական եզրակացության վրա, որ հոգեկան խանգարում ունեցող անձի համար պետք է ապահովված լինի լսվելու իրավունքը և գործի քննության ողջ ընթացքում պետք է ներկա գտնվի փաստաբանը: Մասնավորապես` 1999 թվականի փետրվարի 23-ի R(99)4 հանձնարարականով ընդունված «Չափահաս անգործու­նակների իրավական պաշտպանության սկզբունք­ների» 13-րդ սկզբունքը՝ վեր­նագրված «Անձամբ լսվելու իրավունք» վերտառությամբ, սահմանում է. «Անձը պետք է ունենա անձամբ լսվելու իրավունք ցանկացած գործի վարույթում, որը կարող է ազդել իր գործունակության  վրա»: Նույն սկզբունքների 14-րդ սկզբունքի համաձայն՝ անձը պետք է ունենա բողոքարկման համապատաս­խան իրավունքներ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` ՄԻԵԴ) սույն գործին համանման փաստական հանգամանքներ ունեցող Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի գործով վճռում նշել է. «Մի շարք նախկին գործերով (հարկադիր հոսպիտալացման առնչությամբ) Դատարանը հաս­տատել է, որ հոգեկան հիվանդությամբ տառապող անձը պետք է հնարավորություն ունենա լսվելու անձամբ, կամ անհրաժեշտության դեպքում, ներկա­յացուցչի միջոցով (տե՛ս, օրինակ, Վինթերվերպի գործը, կետ 79): Վինթերվերպի գործի առանցքում դիմողի ազատությունն էր: Այնուամենայնիվ,  սույն գործում դատա­վա­րության ելքն առնվազն հավասար կարևորություն ունի դիմողի համար, քանի որ հարվածի տակ է (վտանգված է) կյանքի բոլոր ոլորտներում նրա անձնական ինքնավարությունը, ներառյալ՝ ազատության սահմանափակումը: Ավելին, Դատարանը նկատում է, որ դիմողը դատավարությունում երկակի դեր է խաղացել` նա շահագրգիռ կողմ էր, և միաժամանակ՝ դատական քննության հիմնական օբյեկտը: Ուստի, նրա մասնակցությունն անհրաժեշտ էր ոչ միայն նրան իր գործը ներկայացնելու հնարավորություն տալու համար, այլ նաև դատավորին՝ նրա մտավոր կարողության մասին կարծիք ձևավորելու հնարավորություն տալու համար» (տե´ս Շտուկատուրովն ընդդեմ Ռուսաստանի թիվ  44009/05 գանգատով ՄԻԵԴ  2008թ. մարտի 27-ի վճիռը, 71-72-րդ կետեր):

Հաշվի առնելով այն իրավական հետևանքները, որոնք քաղաքացու համար ծագում են անգործունակ ճանաչվելու դեպքում, այն է՝ անձն անորոշ ժամկետով զրկվում է ինքնուրույնաբար, իր գործողություններով իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, իր համար քաղաքացիական պարտականություններ ստեղծելու և դրանք կատարելու հնարավորությունից, ինչպես նաև սահմանափակվում է անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիության իրավունքը՝ օրենսդիրն անձին անգործունակ ճանաչելը թույլատրում է բացառապես դատական կարգով: Անձին  անգործունակ ճանաչելու դատական կարգ սահմանելու նպատակն է թույլ չտալ սխալ գնահատել անձի՝ իր գործողությունների նշանակությունը հասկանալու կամ դրանք ղեկավարելու կարողության մասին:

Վճռաբեկ  դատարանը գտնում է, որ որևէ հայեցողական լիազորություն չի կարող անսահմանափակ և բացարձակ լինել, և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված՝ անձին իր գործի քննությանը մասնակից դարձնելու հայեցողական լիազորությունն էլ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է իրականացվի այնպես, որպեսզի երաշխավորվի վերոհիշյալ սահմանադրական, ինչպես նաև միջազգային իրավական փաս­տաթղթերով նախատեսված իրավունքների, մասնավորապես` արդար դատա­քննության իրավունքի, դատարանում լսվելու իրավունքի, իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով իր շահերը դատարանում ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացումը: Նշված հայեցողական լիազորությունն իրականացնելիս դատարանը կաշկանդված է այնքանով, որքանով չպետք է թույլ տալ սխալ գնահատել անձի առողջական վիճակի,  իր գործողությունների նշանակությունը հաս­կա­նալու կամ դրանք ղեկավարելու կարողության մասին: Այլապես, դա ոչ միայն չի նպաստի արդարադատության իրականացմանը, այլև անձին կզրկի իր իրավունքներն ու օրինական շահերը դատական կարգով պաշտպանելու հնարավորությունից:

Խնդրո առարկա հայեցողական լիազորությունը վերոհիշյալ սահմաններում իրականացնելու պահանջն ապահովելու նպատակով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր դեպքում անձին անգործունակ ճանաչելու դիմում քննելիս դատարանը պարտավոր է քաղաքացուն ծանուցել նիստի ժամանակի և վայրի մասին՝ հնարավորություն տալով անձամբ ներկա գտնվելու, անհնարինության դեպքում իր շահերը դատարանում ներկա­յացնել իր կողմից ընտրված փաստաբանի միջոցով, ինչպես նաև պարտավոր է քաղաքացուն ծանուցել անգործունակ ճանաչելու վերաբերյալ վճռի մասին՝ հնարավորություն տալով օրենքով սահմանված ժամկետում բողոքարկելու տվյալ վճիռը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ անգործու­նակ ճանաչվող անձի ներկայությունը դատարանում ապահովելը կա­րևոր­­վում է նաև նրա համար, որ դատավորին հնարավորություն տրվի անսխալ կարծիք ձևավորել անձի առողջական վիճակի, իր գործողությունների նշանա­կությունը հաս­կա­նալու կամ դրանք ղեկավարելու կարողության մասին, ինչպես նաև անգործունակ ճանաչվող անձին հնարավորություն տրվի օգտվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված դատավարական իրավունքներից:

Անձի ներկայությունը դատական նիստին կօժանդակի  դատարանին պարզելու նաև, թե արդյո՞ք դիմում տված ընտանիքի անդամները վարվել են անբարեխիղճ` ակնհայտորեն նպատակ ունենալով քաղաքացուն անհիմն զրկել գործունա­կությունից:

 

բ) Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձրել է այն հիմնավորմամբ, որ անգործունակ ճանաչելու մասին վճիռը բողոքարկելու ժամկետը բաց թողնելու արդյունքում անձն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ձեռք է բերել անգործունակ անձի կարգավիճակ, հետևաբար նաև այդ կարգավիճակում այլևս չունի վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք: Ընդ որում, վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ բողոք ներկայացրած անձն առաջին ատյանի դատարանում դատական նիստի մասին ծանուցված չի եղել, դատարան չի կանչվել, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի վճռի մասին չի տեղեկացվել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետում:

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ դատարանի նման դիր­քորոշման պայմաններում բոլոր այն դեպքերում, երբ անձն անգործունակ է ճա­նաչ­վել առանց դատարան կանչվելու, չի ծանուցվել դատական նիստի ժամանակի մասին, չի ծանուցվել կայացված դատական ակտի մասին և  այդ իսկ պատճառով բաց է թողել նաև վերաքննիչ բողոք բերելու ժամկետը,  ընդհանրապես զրկվում է իր առնչությամբ կայացված դատական ակտը բողոքարկելու դատավարական հնարավորություններից: Նման իրա­վիճակում, նկատի ունենալով, որ անձն առաջին ատյանի դատարանի կողմից անգործունակ է ճանաչվել առանց դատարան կանչվելու, արգելափակվում է անձի դատական պաշտպանության, դատարանի մատչելիության իրավունքն ընդհան­րապես: Բացի այդ, օրենսդիրը, նկատի ունենալով, որ անձին անգործունակ ճա­նաչելու հետևանքով սահմանափակվում են նրա ազատությունն ու անձնական անձեռնմխելիության իրավունքը, ինչպես նաև անձը զրկվում է իր իրավունքներն ու պարտականությունները ողջ ծավալով ինքնուրույն իրականացնելու հնարավորությունից` անձին անգործունակ ճանաչելը թույլատրում է միայն դատական կարգով: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի իրավական դիրքորոշման պայման­ներում  դատական կարգով անգործունակ ճանաչելու օրենսդ­րական կարգավո­րումը ձևական բնույթ է ստանում և դառնում ինք­նանպատակ, և արդյունքում անձի նշված սահմանադրական իրավունքները հայտնվում են դատական վերա­հսկողությունից դուրս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ բաց է թողնված անգործունակ ճանաչելու վերաբերյալ վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը, և առաջին ատյանի դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ, այդ հանգամանքն անգործունակ ճանաչված անձին չի զրկում վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքից, և բողոքը չի կարող վերադարձվել միայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիմքով: Նման դեպքերում Վերաքննիչ դատարանից պահանջվում է քննության առարկա դարձնել վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու մասին միջնոր­դությունը, եթե այդպիսին առկա է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատա­վարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի հիման վրա վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վիճարկվող որոշմամբ խախտվել են ՀՀ Սահմանադրության և միջազգային իրավական փաստաթղթերով նախատեսված` անձի դատական պաշտպա­նու­թյան, դատարանի մատչելիության, դատարանում լսվելու, վերա­քննիչ դատարանում իրա­վական պաշտ­պանություն հայցելու իրավունքները: Բողոքն այդ հիմքով վերա­դարձման ենթակա չէր, քանի որ անձը տվյալ իրավիճակում պահ­պանել է բողոք բերելու իր իրավունքը:

Վերոնշյալ մեկնաբանության համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանը քննության առարկա պետք է  դարձներ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու մասին միջնոր­դությունը, որում որպես նման պատճառ մատնանշված էր գործին մասնակից դարձված չլինելու արդյունքում առաջին ատյանի դատարանի վճռի առկայության մասին տեղյակ չլինելու հանգամանքը, որպիսի փաստը հաստատվում է Դատարանի 20.01.2012 թվականի վճիռն օրենքով սահմանված կարգով  Վլադիմիր Օհանովին ուղարկելու մասին ապացույց գործում առկա չլինելու հիմքով:

 

գ) Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետը, գտել է, որ վերաքննիչ բողոք բերելու իրավունքը տվյալ իրավիճակում նշված դրույթին համապատասխան պատկանում է անգործունակ ճանաչված անձի խնամակալին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացուն անգործունակ ճանաչելու վերաբերյալ գործը կարող է հարուցվել նրա ընտանիքի անդամների, խնամակալության և հոգաբարձության մարմնի կամ հոգեբուժական հաստատության տնօրինության դիմումի հիման վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ խնամակալ է նշանակում խնամակալության և հոգաբարձության մարմինը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ խնամակալ են նշանակվում չափահաս գործունակ անձինք:

Գործնականում, որպես կանոն, խնամակալ նշանակվում է անգործունակ ճանաչված անձի ընտանիքի անդամը: Նշված իրավակարգավորումից բխում է, որ անձն անգործունակ է ճանաչվում կամ ապագա խնամակալի  կամ խնամակալ նշա­նակող մարմնի դիմումի հիման վրա, ինչը նշանակում է, որ խնամակալի և անգործունակ ճանաչված անձի շահերը ոչ միայն կարող են չհամընկնել, այլ նաև կարող են հակադրվել միմյանց: Այս տրամաբանությունն է ընկած նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  171-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված դրույթի հիմքում:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ խնամակալ է նշանակվել անձին անգործունակ ճանաչելու դիմում ներկայացրած ընտանիքի անդամը, կամ անձն անգործունակ է ճանաչվել խնամակալության ու հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա, խնամակալը որոշ դեպքերում կարող է չդրսևորել անհրաժեշտ և բավարար անաչառություն և անկողմնակալություն, քանի որ անգործունակ ճանաչելու վերաբերյալ դատական ակտի բողոքարկումը ոչ միշտ է բխում խնամակալի շահերից:

Ելնելով վերոհիշյալից՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի դրույթի կիրառմամբ չպետք է սահմանափակել անձին անգործունակ ճանաչելու վե­րաբերյալ գործի վարույթի շրջանակներում անգործունակ ճանաչված անձի բողոքարկման իրավունքը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 13.11.2012 թվականի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.11.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Է. Հայրիյան
  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Վ. Ավանեսյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Տ. Պետրոսյան
 

Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան