Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1446
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.27/15(1468) Հոդ.129
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
19.02.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.02.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

19 փետրվարի 2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 3761-ՐԴ ԵՎ 478.2-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի,

գործով որպես պատասխանող ներգրավված՝ Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության իրավական ապահովման բաժնի պետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 71-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ և 478.2-րդ հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հուլիսի 1-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի սեպտեմբերի 1-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 12-ին:

«Առաջին ատյանի դատարանի դատական ակտերի բողոքարկումը» վերտառությամբ 3761-րդ հոդվածով Օրենսգիրքը լրացվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-270-Ն օրենքով, որն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2007 թվականի դեկտեմբերի 18-ին և ուժի մեջ է մտել 2007 թվականի դեկտեմբերի 27-ին: 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-237-Ն օրենքով նշված հոդվածը լրացվել է 2.1-րդ կետով, իսկ 2009 թվականի փետրվարի 5-ի ՀՕ-45-Ն օրենքով փոփոխվել և սահմանում է.

«Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

1) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը.

2) առաջին ատյանի դատարանների՝ գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերն այն բացառիկ դեպքերում, երբ գործի նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը.

2.1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով.

3) առաջին ատյանի դատարանների՝ գործով վարույթը կասեցնելու որոշումները.

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` խուզարկության, առգրավման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման, ինչպես նաև նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման մասին որոշումները.

5) առաջին ատյանի դատարանի՝ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները.

6) հանձնման մասին դատարանի որոշումները.

7) սույն օրենսգրքի 49 գլխով նախատեսված հարցերի կապակցությամբ դատարանի կայացրած որոշումները.

8) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ այլ դատական ակտեր»:

Օրենսգիրքը 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-42-Ն օրենքով լրացվել է «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց ժամանակավոր կալանավորման կարգը» վերտառությամբ 478.2-րդ հոդվածով, որն ուժի մեջ է մտել 2012 թվականի ապրիլի 28-ին և սահմանում է.

«1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ կիրառվում է ժամանակավոր կալանավորում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում, կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը, կամ պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառմանը:

2. Մինչև անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը կամ դատավճիռը կարող է հանձնվել փոստով, այդ թվում՝ էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաև Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլի) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:

3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերից մեկը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու և ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին»:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի 2018 թվականի նոյեմբերի 2-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է, որով ներկայացվել է «Գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու համար ՀՀ սահմանադրական դատարան դիմելու և դատական գործի վարույթը կասեցնելու մասին» նույն դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ԵԴ/0797/06/18 գործով որոշումը:

Ուսումնասիրելով դիմումը, պատասխանողի գրավոր բացատրությունը, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթներն ու դրանց հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը նշում է, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքի քննության համար վերաքննիչ դատարանի կողմից պետք է կիրառվեն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3761-րդ և 478.2-րդ հոդվածների դրույթները, որոնք առերևույթ հակասում են ՀՀ Սահմանադրության 63-րդ և 176-րդ հոդվածների պահանջներին:

Դիմողի կարծիքով՝ Օրենսգրքի 3761-րդ հոդվածի 8-րդ կետի և 478.2-րդ հոդվածի 4-րդ մասի համակարգային վերլուծությունից բխում է, որ անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդության քննության արդյունքում դատարանի կողմից կայացվող երկու հնարավոր որոշումներից վերաքննության կարգով կարող է բողոքարկվել միայն մեկը՝ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին որոշումը: Ինչ վերաբերում է դատախազի միջնորդությունը մերժելու մասին որոշմանը, ապա այն վերաքննության կարգով չի կարող բողոքարկվել, քանի որ բողոքարկման հնարավորություն նախատեսված չէ ինչպես վերոհիշյալ հոդվածներում, այնպես էլ Օրենսգրքի որևէ այլ հոդվածում:

Դիմողը գտնում է, որ գործող իրավակարգավորումների արդյունքում «խախտվում են արդար դատաքննության բաղադրիչ հանդիսացող մրցակցության և զենքերի հավասարության սկզբունքները»: Դիմողի գնահատմամբ «….դատախազի համար նման սահմանափակում նախատեսելն անհրաժեշտ չէ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված որևէ նպատակի հասնելու համար և չի հանդիսանում անձի որևէ հիմնական իրավունքի կամ ազատության ապահովման համարժեք միջոց»:

Դիմողը կարծում է նաև, որ նման իրավակարգավորումը վտանգում է Հայաստանի Հանրապետության կողմից իր «կոնվենցիոն» պարտավորությունների կատարումը, «….քանի որ առաջին ատյանի դատարանի թույլ տված դատական սխալի արդյունքում ժամանակավոր կալանավորման հիմքերի առկայության պայմաններում հանձնման ենթակա անձը կարող է հայտնվել ազատության մեջ»:

Ավելին, ըստ դիմողի՝ դատախազությունը զրկվում է անձի իրավական վիճակի վրա էապես ազդող, ինչպես նաև պետության «կոնվենցիոն» պարտավորությունների կատարմանն ուղղված դատական ակտը բողոքարկելու իր սահմանադրական լիազորությունը լիարժեք իրացնելու հնարավորությունից:

Դիմողը գտնում է, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատախազի միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն չնախատեսելու պայմաններում մասնավոր շահը չարդարացված կերպով գերակայում է հանրային շահի նկատմամբ՝ այդպիսով խախտելով սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթներն այնքանով, որքանով չեն ամրագրում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հիմքերը, չեն համապատասխանում Սահմանադրությանը, քանի որ չեն ապահովում քրեական դատավարությունում կողմերի իրավահավասարության և դատարանի մատչելիության սկզբունքների լիարժեք իրացումը, ինչպես նաև պետության կողմից հանձնման մասին միջազգային պարտավորությունների կատարումը։

Ըստ պատասխանողի՝ դատարանի մատչելիության իրավունքի իրացումը քննության առարկա իրավակարգավորումներով ապահովված է մասնակիորեն: Անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդության քննության արդյունքում դատարանը կայացնում է երկու տեսակ որոշում, որոնցից միայն մեկը կարող է բողոքարկվել: Վերաքննության կարգով չի կարող բողոքարկվել դատախազի միջնորդությունը մերժելու մասին որոշումը, քանի որ Օրենսգրքով բողոքարկման համապատասխան իրավունք և գործիքակազմ ամրագրված չեն:

Պատասխանողը նշում է, որ հանձնելու նպատակով անձին կալանավորելը, Օրենսգրքի 491-րդ և 492-րդ հոդվածների համաձայն, անձին հանձնելու վերաբերյալ խնդրանքին կից նրան կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման առկայության դեպքում խնդրանքն ստացած իրավասու մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով միջոցների ձեռնարկումն է հանձնման ենթակա անձին կալանավորելու համար, ինչի համար անհրաժեշտ է համարվում նաև Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը, որը պետք է կայացվի հանձնման ենթակա անձի ներկայությամբ:

Հանձնման ենթակա անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության կարևորագույն երաշխիք է այն հանգամանքը, որ կալանքի վերցված անձն իրավունք ունի անհապաղ կանգնելու դատարանի առջև իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը հաստատելու, փոփոխելու կամ վերացնելու համար: Ավելին, հստակ իրավական մեխանիզմները նրան թույլ են տալիս բողոքարկել դատարանի կողմից ընդունված՝ իր նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին որոշումը, մինչդեռ, մյուս կողմը՝ դատախազը, իր միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկել չի կարող։

 

3. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հարցադրումները

Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իր վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար դատարանը պետք է հիմնավոր կասկածներ ունենա այդ դրույթի սահմանադրականության վերաբերյալ, իսկ օրենքի նույն հոդվածի 5-րդ մասի պահանջն է, որ դատարանը հիմնավորի վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իր դիրքորոշումը։

Դիմողը չի հիմնավորել Օրենսգրքի 3761-րդ հոդվածի Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իր դիրքորոշումը, այլ միայն, վկայակոչելով այդ հոդվածի 8-րդ կետը, որն ամրագրում է, որ Օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող են բողոքարկվել նաև այլ դատական ակտեր, եզրակացրել է, որ հոդվածն ամբողջությամբ հակասում է Սահմանադրությանը, քանի որ Օրենսգրքով չի նախատեսվում, որ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով։

Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ Օրենսգրքի 3761-րդ հոդվածի սահմանադրականության վերաբերյալ դիմողի կասկածները հիմնավոր չեն, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքերով, աշխատակարգային որոշմամբ գործն այդ մասով կարճել է:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմողի բարձրացրած հիմնախնդիրը վերաբերում է ոչ թե Օրենսգրքի 478.2-րդ հոդվածում ամրագրված բոլոր կարգավորումներին, այլ բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման բողոքարկման վերաբերյալ կարգավորման բացակայությանը: Ուստի, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործի շրջանակներում պետք է քննարկել բացառապես Օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասի սահմանադրականության հարցն այն մասով, որը հնարավոր է համարում բողոքարկել միայն ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը, և այդ համատեքստում անհրաժեշտ է համարում պարզել.

- Սահմանադրության 176-րդ հոդվածով դատախազությանը վերապահված լիազորությունների արդյունավետ իրացման համար անհրաժե՞շտ է, արդյոք, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատախազի միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի որոշումը ենթակա լինի բողոքարկման,

- արդյոք արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ հանդիսացող մրցակցության սկզբունքը և քրեական դատավարությանը մասնակցող կողմերի՝ իրենց դիրքորոշումը պաշտպանելու համար հավասար հնարավորությունների պահանջը (զենքերի հավասարության սկզբունքը) կիրառելի են ժամանակավոր կալանավորման մասին դատախազի միջնորդության քննության նկատմամբ (Սահմանադրության 63-րդ հոդված):

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Սահմանադրության 13-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է քրեական գործերով իրավական օգնության ոլորտում գործող մի շարք բազմակողմ և երկկողմ միջազգային պայմանագրեր, որոնցով կարգավորվում են քրեական գործերով իրավական փոխօգնության, հանցագործություն կատարած անձանց հանձնման (էքստրադիցիայի), դատապարտյալների փոխանցման, օտարերկրյա դատական ակտերի ճանաչման և կատարման, ինչպես նաև այլ հարցեր:

Հարկ է նշել, որ միջազգային պայմանագրերը պետություններին ընձեռում են իրավական փոխադարձ օգնություն ստանալու և տրամադրելու հնարավորություն, սահմանում այդպիսի օգնության սկզբունքները և ձևերը, սակայն իրավական օգնության տրամադրման կարգը, դրա հետ կապված վարույթային գործողությունները միջազգային պայմանագրերը չեն կարգավորում՝ թողնելով դրանց կարգավորումը յուրաքանչյուր երկրի ներպետական օրենսդրությանը:

Քրեական գործերով իրավական օգնության կարգ սահմանող դրույթները ներառված են Օրենսգրքի 54-րդ և 541-րդ գլուխներում, ընդ որում՝ օրենսդիրը տարբերակել է միջազգային պայմանագրերին համապատասխան իրավական օգնությունը և իրավական օգնությունն այն դեպքերում, երբ բացակայում են նման պայմանագրերը:

Օրենսգրքի 478.2-րդ հոդվածը նախատեսում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած և Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ ժամանակավոր կալանավորման կիրառում մինչև 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով՝ հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով:

Սահմանադրական դատարանը նշում է, որ անհրաժեշտ է տարանջատել խափանման միջոց հանդիսացող կալանավորումը ժամանակավոր կալանավորումից, որը, Օրենսգրքի 6-րդ հոդվածի 38.1-րդ կետի համաձայն, անձին անազատության մեջ պահելն է հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու և հանձնումը բացառող հանգամանքները պարզելու, այսինքն՝ հնարավոր հանձնումն ապահովելու նպատակով: Այլ կերպ ասած՝ տվյալ դեպքում կալանավորումը մեկ այլ գործողության կատարումն ապահովող միջոց է:

Քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, մասնավորապես, 2002 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտած՝ 1957 թվականի «Հանձնման մասին Եվրոպական կոնվենցիայի» 16-րդ հոդվածով սահմանվում է, որ հայցող կողմի իրավասու մարմինները հետախուզվող անձի ժամանակավոր կալանավորում կարող են պահանջել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, իսկ հայցվող կողմի իրավասու մարմինները հարցը կլուծեն իրենց օրենսդրության համաձայն:

Հայաստանի Հանրապետության պարագայում, Օրենսգրքի 478.2-րդ հոդվածով սահմանվում է, որ մինչև անձին հանձնելու մասին միջնորդություն ստանալը, դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ իր միջնորդությանը կցելով ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի՝ անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը և ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը, այն ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան, որը, լսելով դատախազին, ձերբակալված անձին և նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդության մերժումը, ինչպես և հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը, չեն խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառումը (Օրենսգրքի 478.2-րդ և 478.3-րդ հոդվածներ), հետևաբար նաև հանձնման վերաբերյալ պետության միջազգային պարտավորության կատարումը:

4.2. Սահմանադրության 176-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատախազությունը գործում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ օրենքի հիման վրա: Նույն հոդվածի 2-րդ մասում սպառիչ թվարկված են դատախազության լիազորությունները: Դատախազությունը դրանք կարող է իրականացնել օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Սույն գործով քննարկվող հարցն առնչվում է միայն դատարանի որոշումները բողոքարկելու դատախազության լիազորությանը:

Դատախազությունը դատական ակտերը կարող է բողոքարկել միայն օրենքով սահմանված դեպքերում և, եթե օրենքով տվյալ որոշման բողոքարկումը նախատեսված չէ, դեռևս չի նշանակում, որ դատախազությունը զրկվում է իր սահմանադրական լիազորությունն իրացնելու հնարավորությունից:

 Օրենսգրքի վերաբերելի դրույթների վերլուծությունից հետևում է, որ քրեական դատավարության ընթացքում առաջին ատյանի դատարանի կողմից կայացվող դատական ակտերը երկու խմբի են բաժանվում՝ գործն ըստ էության լուծող դատական ակտեր և գործն ըստ էության չլուծող կամ միջանկյալ դատական ակտեր։ Եթե վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին խմբի՝ օրինական ուժի մեջ չմտած, գրեթե բոլոր ակտերը, ապա գործն ըստ էության չլուծող ոչ բոլոր դատական ակտերն են բողոքարկման ենթակա, և ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը դասվում է դրանց թվին:

Այսպես, բողոքարկման ենթակա չեն նաև դատավորի որոշումները ինքնաբացարկի մասին (Օրենսգրքի 299-րդ հոդված), գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին (Օրենսգրքի 50-րդ հոդվածի 2-րդ մաս և 298-րդ հոդված) և այլն: Օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավունք չունի բողոքարկելու նաև գործն ըստ էության լուծող դատական ակտը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ հայցը շոշափում է պետության գույքային շահերը:

Անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ դատախազի միջնորդության քննության արդյունքում դատարանը կայացնում է երկու տեսակ որոշում՝ կիրառել ժամանակավոր կալանք կամ մերժել բերված միջնորդությունը: Այն, որ ժամանակավոր կալանք կիրառելու մասին դատարանի որոշումը ենթակա է բողոքարկման, մարդու իրավունքի պաշտպանության երաշխիք է և բխում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, համաձայն որի՝ անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է: Միաժամանակ պետք է փաստել, որ Օրենսգիրքը 478.2-րդ հոդվածով լրացվել է 2012 թվականի մարտի 19-ի ՀՕ-42-Ն օրենքով, որի ընդունման համար Ազգային ժողով ներկայացված հիմնավորումներում նշվել է, որ նախագծի նպատակն է Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ ՄԻԵԴ) պահանջներին համապատասխան «բարձրացնել հանձնման նպատակով ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության կառուցակարգի արդյունավետությունը» (www.parliament.am/draft_docs4/K-1304himnavorum.pdf):

4.3. Սահմանադրության 2-րդ գլխում ամփոփված հոդվածները չեն պաշտպանում կամ երաշխավորում պետության կամ հանրային իշխանության որևէ իրավունք, ավելին, Սահմանադրության 3-րդ հոդվածը հանրային իշխանությանը պարտավորեցնում է հարգել և պաշտպանել այդ իրավունքները և սահմանում է նաև, որ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Հետևաբար, Սահմանադրության 63-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը ոչ թե պետության կամ հանրային իշխանության, այլ յուրաքանչյուր անձի իրավունքն է, որ իր գործը քննվի անկախ և անաչառ դատարանի կողմից արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում:

Քրեական դատավարությունում կողմեր են այն մարմինները և անձինք, որոնք մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն (Օրենսգրքի 6-րդ հոդվածի 16-րդ կետ):

Դատախազը, լինելով հանրային իշխանության մարմին, քրեական դատավարությունում հանդես է գալիս որպես մեղադրանքի կողմ և օժտված է որոշակի լիազորություններով, որոնց թվում է նաև՝ քրեական գործը դատարանի կողմից քննելիս միջնորդություններ հարուցելու, ինչպես նաև դատարանի դատավճիռները և Օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումներ բողոքարկելու լիազորությունները (Օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 11-րդ կետեր):

Դիմողի պնդումն առ այն, որ՝ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորություն չնախատեսելու պայմաններում «մասնավոր շահը չարդարացված կերպով գերակայում է հանրային շահի նկատմամբ՝ այդպիսով խախտելով սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը», հիմնավորված չէ, քանի որ, նախ՝ այն չի կարող բողոքարկել նաև անձը, որի նկատմամբ հարուցվել է միջնորդությունը, մինչդեռ, հնարավոր է, որ այդ որոշման պատճառաբանական մասը չհամապատասխանի նրա շահերին, և, երկրորդ՝ շահերի հավասարակշռությունն ապահովում է դատարանը, որը, ինչպես ամրագրված է Օրենսգրքի 23-րդ հոդվածում, հանդես չի գալիս մեղադրանքի կամ պաշտպանության կողմում և արտահայտում է միայն իրավունքի շահերը:

Իր որոշումներում ՄԻԵԴ-ը բազմիցս մատնանշել է, որ Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություններն ունեն լայն հայեցողություն որոշելու, թե ինչպես պետք է կիրառվի բողոքարկման իրավունքը:

Անդրադառնալով կանխարգելիչ միջոցառումների կիրառման, մասնավորապես, խափանման միջոցների հետ կապված միջանկյալ դատական ակտերի բողոքարկման հնարավորությանը՝ ՄԻԵԴ-ը գտել է, որ, մասնակից պետությունները պարտավոր չեն ստեղծել ազատությունից զրկելու (կալանքի) օրինականությունը ստուգելու համար իրավասության երկրորդ մակարդակ, սակայն այն պետությունը, որն այնուամենայնիվ այն ստեղծել է, պետք է անձանց համար ապահովի նույն երաշխիքները, ինչպես առաջին ատյանի դատարանում (Navarra v. France, app. no. 13190/87, 23.11.1993):

ՄԻԵԴ-ը գտել է, որ կողմերի իրավահավասարության սկզբունքը, ըստ էության, կիրառելի չէ կալանքից ազատելու վերաբերյալ վարույթի նկատմամբ, որի դեպքում միայն պահանջվում է, որ հարցը քննության առնվի անկախ դատական մարմնի կողմից և հնարավորինս արագ (Neumeister v. Austria, app. no. 1936/63, 27.06.1968, § 24):

Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 71-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 478.2-րդ հոդվածի 4-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

19 փետրվարի 2019 թվականի

ՍԴՈ-1446