Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.02.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3145/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3145/02/15

2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Մկրտչյան

Դատավորներ՝

Ա. Խառատյան

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Վ. Ավանեսյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի փետրվարի 22-ին

քննարկելով ըստ հայցի Ալվինա Սիմոնյանի ընդդեմ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ)՝ գումար բռնագանձելու և հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Բանկի վճռաբեկ բողոքը,

 

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ալվինա Սիմոնյանը պահանջել է Բանկից բռնագանձել որոշակի գումար, ինչպես նաև սահմանել հարկադիր սերվիտուտ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 30.09.2016 թվականի վճռով հայցը՝ հարկադիր սերվիտուտ սահմանելու պահանջի մասով, բավարարվել է, իսկ  գումարի բռնագանձելու պահանջի մասով՝ մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2016 թվականի որոշմամբ Դատարանի 30.09.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Բանկի միջնորդությունը մերժվել է, և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

 Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալվինա Սիմոնյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին» եվրոպական կոնվենցիայի (այuուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետը, 207-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 30.09.2016 թվականի վճիռը Բանկին հանձնվել է ուշացումով` 06.10.2016 թվականին, որի պայմաններում Բանկը հնարավորություն չի ունեցել վերաքննիչ բողոքը կազմելու օրենքով դրան ներկայացվող պահանջներին համահունչ և այն Վերաքննիչ դատարան ներկայացնելու մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը` 31.10.2016 թվականը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ բողոք բերելու ժամկետները պետք է մեկնարկեն բողոքարկվող դատական ակտին ծանոթանալու իրական հնարավորության առաջացման պահից, այն է` տվյալ դատական ակտը հասցեատիրոջ կողմից ստանալու պահից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «կայացնել նոր որոշում՝ 03.11.2016 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունած համարելու վերաբերյալ»:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Բանկի ներկայացուցիչը ծանուցված է եղել վճռի հրապարակման օրվա մասին, որին չի ներկայացել, իսկ Դատարանն իր հերթին օրենքով սահմանված ժամկետում այն ուղարկել է Բանկին:

           

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի խախտման արդյունքում առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով ՄԻԵԴ 28.05.1985 թվականի վճիռը, պարբ. 57):

ՄԻԵԴ-ն իր մեկ այլ վճռով նշել է, որ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե´ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 22083/93 22095/93 գանգատով ՄԻԵԴ 22.10.1996 թվականի վճիռը, պարբ. 51, 55):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ և 213-րդ հոդվածները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է uահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մաuին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատավարական գործողությունները կատարվում են նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված ժամկետներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը, գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ ընդհանուր իրավասության դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ: Այդ ժամկետում վերաքննիչ բողոք բերելու իրավունքի լիարժեք և արդյունավետ իրականացման համար օրենքն ընդհանուր իրավասության դատարանին պարտավորեցնում է վճիռը հրապարակվելուց անմիջապես հետո դրա օրինակը հանձնել գործին մասնակցած անձանց, իսկ նրանցից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում հրապարակման կամ առնվազն հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկել նրան: Միաժամանակ այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը բաց է թողնում վերոգրյալ ժամկետը, վերջինս իրավունք ունի ներկայացնելու դրա բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու միջնորդություն, որի քննարկումը  վերաքննիչ  դատարանը  պարտավոր  է  իրականացնել`  հաշվի  առնելով նաև  անձի` սահմանադրական նորմով երաշխավորված դատական պաշտպանության և իրավական  պաշտպանության  արդյունավետ  միջոցների  իրավունքները  (տե´ս, «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Դանիել Բարսեղյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ/0716/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2011 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:

Ընդ որում, այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 28.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1290 որոշմամբ արձանագրել է, որ նախ` պետք է երաշխավորվի օրենքով սահմանված կարգով և ժամկետներում դատական ակտի տրամադրումը բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձին, ինչպես նաև այն, որ բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձից անկախ պատճառներով այդ ժամկետի բացթողումն իրավունքի ուժով (ex jure) պետք է ճանաչվի հարգելի: Միայն այս պայմաններում բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձի համար երաշխավորված կլինեն ողջամիտ ժամկետներում հիմնավոր բողոք բերելու, դատարանի մատչելիության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքները։

Սույն գործով Դատարանը վճիռը հրապարակել է 30.09.2016 թվականին: Գործում բացակայում է այդ վճիռը Բանկին ուղարկելու համար հաջորդ օրը պատվիրված նամակով (Բանկը վճռի հրապարակմանը ներկա չի գտնվել) փոստային ծառայությանը հանձնելու փաստը հավաստող ապացույցը, սակայն գործում առկա է Բանկի կողմից այդ նամակը 07.10.2016 թվականին ստանալու փաստը հավաստող ապացույցը (հատոր 2-րդ, գ.թ. 109): Բանկը Դատարանի 30.09.2016 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանը հանձնելու եղանակով ներկայացրել է 03.11.2016 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 3, 5-13), այսինքն` օրենքով սահմանված մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, և միաժամանակ միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը` այն պատճառաբանելով Դատարանի 30.09.2016 թվականի վճիռը միայն 06.10.2016 թվականին Բանկին հանձնված լինելու հանգամանքով:

Վերաքննիչ դատարանը, առանց պարզելու, թե երբ է սույն գործով վճիռը Բանկին ուղարկելու համար հանձնվել փոստային ծառայությանը, 16.11.2016 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու մասին Բանկի միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին` պատճառաբանելով, որ «քաղաքացիական վարույթի ընթացքում կայացված վճիռները վերաքննության կարգով կարող են բողոքարկվել ոչ թե ստանալու, այլ հրապարակման պահից մեկամսյա ժամկետում: Այս դեպքում վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալուց հետո, իսկ բողոքաբերի կողմից նշված ցանկությունը` «ժամկետի մեկնարկը սկսել 07.10.2016 թվականից», չի բխում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ և 207-րդ հոդվածների պահանջներից, ու հարգելի չի դարձնում ժամկետը բաց թողնելու պատճառը: Բողոքաբերի միակ փաստարկը` դատական ակտը 06.10.2016 թվականին ստանալու մասին, չի կարող հարգելի պատճառ հանդիսանալ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար»:

Մինչդեռ սույն գործի փաստերի հաշվառմամբ, վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը դրանք գտնում է անհիմն, քանի որ, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել է 30.09.2016 թվականին, այն Բանկն ստացել է 07.10.2016 թվականին, վերաքննիչ բողոքը բերել է 03.11.2016 թվականին, իսկ Դատարանի կողմից վճիռը Բանկին առնվազն հաջորդ օրը (Բանկը վճռի հրապարակմանը ներկա չի գտնվել) պատվիրված նամակով ուղարկելու վերաբերյալ որևէ ապացույց սույն գործում առկա չէ:

 Ինչ վերաբերում է Բանկին հասցեագրված՝ Դատարանի վճիռն ուղարկելու վերաբերյալ 30.09.2016 թվականով թվագրված գրությանը (հատոր 2-րդ, գ.թ. 108), ապա այդ մասով Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված գրությունը չի կարող դիտվել որպես Դատարանի վճիռը` դրա հրապարակման հաջորդ օրը պատվիրված նամակով Բանկին ուղարկելու վերաբերյալ ապացույց նաև այն պատճառաբանությամբ, որ նշված գրությունը, համաձայն դրա վրա առկա գրառման, Դատարանից ելքագրվել է միայն 04.10.2016 թվականին, և անհայտ է, թե երբ է այն հանձնվել փոստային ծառայությանը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում առկա է բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, որպիսի պայմաններում բաց թողնված ժամկետը համապատասխան միջնորդության և ապացույցների առկայության դեպքում ենթակա է վերականգման իրավունքի ուժով (ex jure):

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն քաղաքացիական գործի փաստական հանգամանքների առանձնահատկությունները, առանց հիմնավոր պատճառաբանության հաստատված է համարել բողոք բերած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված դատավարական ժամկետն առանց հարգելի պատճառների բաց թողնելու հանգամանքը և վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ սահմանափակելով անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.11.2016 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

Ն. Տավարացյան