Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.11.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.11.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ Մ-613/2012

Քաղաքացիական գործ թիվ Մ-613

2012 թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Թումանյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան  
  Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

2012 թվականի նոյեմբերի  19-ին,

քննարկելով ըստ դիմումի Իննա Ստեփանյանի և Աննա Բաղդասարյանի` կատարողական թերթ տրամադրելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.08.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Իննա Ստեփանյանի և Աննա Բաղդասարյանի ներկայացուցիչ Օլգա Սաֆարյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Իննա Ստեփանյանը և Աննա Բաղդասարյանը հայտնել են, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 01.12.2004 թվականի վճռով հաստատվել է հայցվորներ Աննա Բաղդասարյանի, Իննա Ստեփանյանի և պատասխանողներ Վիտյա և Լենա Ստեփանյանների միջև կնքված հաշտության համաձայնությունը, սակայն վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կատարողական թերթ չեն ստացել, քանի որ հաշտության համաձայնության պայմանները պարտապանների կողմից մասամբ կատարվել են: Պատճառաբանելով, որ Վիտյա Ստեփանյանի հետագա անգործությունը և հարուցված հայցերը վկայում են այն մասին, որ վերջինս չի ցանկանում կամովին կատարել օրինական ուժի մեջ մտած վճիռը,  պահանջել են տրամադրել կատարողական թերթ, կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը համարել հարգելի և այն վերականգնել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 28.06.2012 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.08.2012 թվականի որոշմամբ Իննա Ստեփանյանի և Աննա Բաղդասարյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ինչպես նաևթույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար տրամադրվել է երկշաբաթյա ժամկետ:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իննա Ստեփանյանի և Աննա Բաղդասարյանի ներկայացուցիչը:

 

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ  դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 4-րդ պարբերության պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանն իր նախաձեռնությամբ  պարտադրել է պետական տուրք վճարել այն քաղաքացիներին, որոնք օրենքի ուժով ազատված են պետական տուրքի վճարումից:  Բողոքարկվող որոշմամբ Վերաքննիչ դատարանը բողոք բերող անձին զրկել է օրենքով սահմանված ժամկետում իր խախտված իրավունքների արդյունավետ, դատավարական ժամկետներում պաշտպանության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի  20.08.2012  թվականի  «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին»  որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ   այն  հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 4-րդ պարբերության համաձայն`դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք`դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև հարկադիր կատարողների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով։ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս պատճառաբանել է, որ բողոքին կցված չէ սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը և առկա չէ պետական տուրքի գծով արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդություն, ինչպես նաև հստակեցված չէ  վերաքննիչ բողոքի պահանջը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքով Իննա Ստեփանյանն ու Աննա Բաղդասարյանը պահանջել են բեկանել կատարողական թերթ տրամադրելու և կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ Դատարանի «Դիմումը մերժելու մասին» որոշումը, ուստի նրանք պետական տուրքի վճարումից ազատված են օրենքի ուժով:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ բողոքում հստակեցված չէ բողոքի պահանջը, ապա Վճռաբեկ դատարանն այն համարում է հիմնավոր, քանի որ վերաքննիչ բողոքում նշված է Դատարանի բողոքարկվող որոշման այլ ամսաթիվ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքում բողոքարկվող որոշման այլ ամսաթիվ նշելն արդեն իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջների խախտում է, որի առկայությունը վերաքննիչ բողոքը վերադարձնելու և թույլ տրված խախտումը վերացնելու համար երկշաբաթյա ժամկետ տրամադրելու հիմք է, ինչը և արվել է Վերաքննիչ դատարանի որոշմամբ, հետևաբար,  այդ  մասով  Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավոր է։

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 20.08.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ` սույն որոշման պատճառաբանություններով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  20.08.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան