Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.10.2012-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2012
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2012
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2409/05/12

2012 թ.   

Վարչական գործ թիվ ՎԴ/2409/05/12

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2012 թվականի հոկտեմբերի 10-ին,

քննարկելով ըստ հայցի Ելենա Բաղրամյանի, Գայանե Սարգսյանի, Տիգրան Խդիրյանի, Գեորգի Փալանջյանի, Գայանե Եղիազարյանի, Վալենտինա Փալանջյանի, Մարուսյա Սուջոյանի, Օֆիկ Սարգսյանի, Գառնիկ Գրիգորյանի, Մարինա Սիմոնյանի, Ցողիկ Պողոսյանի, Վիկտոր Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք Արսեն Մկրտչյանի, ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Երևանի քաղաքապետի (այսուհետ` Քաղաքապետ) 27.02.2009 թվականի թիվ 1065-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.06.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Ելենա Բաղրամյանի, Գայանե Սարգսյանի, Տիգրան Խդիրյանի, Գեորգի Փալանջյանի, Գայանե Եղիազարյանի, Վալենտինա Փալանջյանի, Մարուսյա Սուջոյանի, Օֆիկ Սարգսյանի, Գառնիկ Գրիգորյանի, Մարինա Սիմոնյանի, Ցողիկ Պողոսյանի, Վիկտոր Պողոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ելենա Բաղրամյանը, Գայանե Սարգսյանը, Տիգրան Խդիրյանը, Գեորգի Փալանջյանը, Գայանե Եղիազարյանը, Վալենտինա Փալանջյանը, Մարուսյա Սուջոյանը, Օֆիկ Սարգսյանը, Գառնիկ Գրիգորյանը, Մարինա Սիմոնյանը, Ցողիկ Պողոսյանը, Վիկտոր Պողոսյանը պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 27.02.2009 թվականի թիվ 1065-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 13.04.2012 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.06.2012 թվականի որոշմամբ Դատարանի 13.04.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Ելենա Բաղրամյանի, Գայանե Սարգսյանի, Տիգրան Խդիրյանի, Գեորգի Փալանջյանի, Գայանե Եղիազարյանի, Վալենտինա Փալանջյանի, Մարուսյա Սուջոյանի, Օֆիկ Սարգսյանի, Գառնիկ Գրիգորյանի, Մարինա Սիմոնյանի, Ցողիկ Պողոսյանի, Վիկտոր Պողոսյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ելենա Բաղրամյանը, Գայանե Սարգսյանը, Տիգրան Խդիրյանը, Գեորգի Փալանջյանը, Գայանե Եղիազարյանը, Վալենտինա Փալանջյանը, Մարուսյա Սուջոյանը, Օֆիկ Սարգսյանը, Գառնիկ Գրիգորյանը, Մարինա Սիմոնյանը, Ցողիկ Պողոսյանը, Վիկտոր Պողոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքում դրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը և նշել է, որ վարչական արդարադատություն կարող է հայցել միայն այն անձը, որը գտնում է, որ վարչարարությամբ իր իրավունքները կամ շահերն են անմիջականորեն շոշափվել, և անձինք չեն կարող դատարանում հայցել անձամբ իրենց չվերաբերող որևէ վարչարարության ստուգում միայն այն պատճառով, որ նրանք ընդհանրապես շահագրգռված են վարչական մարմինների իրավաչափ գործունեության մեջ: Այսինքն` Դատարանը գտել է, որ տվյալ դեպքում բողոք բերած անձանց շահերը չեն շոշափվում և նաև մեջբերում է կատարել ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից:

Մինչդեռ, տվյալ դեպքում երկար տարիներ վիճելի հողատարածքը տիրապետել, տնօրինել և օգտագործել են բողոք բերած անձինք, վերջիններս այն բարեկարգել և կառուցապատել են, տնկել են ծառեր, թփեր, տեղադրել են նստարաններ, ցանկապատել են, տեղադրել են 8քմ մակերեսով թիթեղյա տնակը, որի հիման վրա էլ հետագայում կատարվել է սեփականաշնորհումը` այն դիտելով որպես մոտ 18,5քմ մակերեսով շինություն: Այսինքն` բողոք բերած անձինք են վիճելի հողատարածքը կառուցապատել, կատարել ծախսեր, տնօրինել, տիրապետել և օգտագործել, ինչպես նաև տեղադրել են վիճելի թիթեղյա տնակը: Դատարանն այդ ամենն անտեսել է, չնայած որ բողոք բերած անձինք ներկայացրել են մի շարք ապացույցներ, տեղեկանքներ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 25.06.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում,  եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ` այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել է վերոնշյալ իրավական խնդրին: Մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ սահմանադրական դատարանը, իր 07.09.2010 թվականի թիվ ՍԴՈ-906 որոշմամբ քննության առարկա դարձնելով դիմողի դիրքորոշումն այն մասին, որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը նախատեսում է դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների ավելի լայն շրջանակ, քան այն անձինք, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, նշված որոշմամբ գտել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի` «խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը: Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտել է, որ ՀՀ օրենսդրությունը հիմնված է այն տրամաբանության վրա, որ խախտված իրավունքների պաշտպանության արդյունավետությունը, ի թիվս այլոց, ներառում է դատարան դիմելու իրավունքն այն անձանց կողմից, որոնց իրավունքներն անմիջականորեն խախտվել են։

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ օրենսդրությամբ դատարան դիմելու իրավունք նախատեսված է միայն այն անձանց համար, ում իրավունքներն անմիջականորեն խախտվել են վիճարկվող ակտով, գործողությամբ կամ անգործությամբ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկվող դատական ակտը հիմնավոր է և բխում է ՀՀ օրենսդրության կարգավորման նպատակներից (տե'ս` «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունն ընդդեմ ՀՀ կառավարության, ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, երրորդ անձ «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի` 08.02.2001 թվականին «Արմենիա Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին տրված Թեղուտի հանքի շահագործման թիվ ՀՎ-ՄՇ-13/33 լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու, ինչպես նաև մի շարք այլ պահանջների մասին, թիվ ՎԴ/3275/05/09 գործով Վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):

Անձը կարող է դիմել դատական պաշտպանության, եթե ունի «իրական (ռեալ)» իրավունքներ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, իր նախադեպային որոշումներում անդրադառնալով այս հարցին, նշել է, որ վեճը պետք է լինի իրական և իր բնույթով` լուրջ: Վեճը չի կարող կապված լինել անձի քաղաքացիական իրավունքների և պարտականությունների հետ աննշան կամ հեռակա կերպով, այլ հենց այդ իրավունքները և պարտականությունները պետք է կազմեն հայցի առարկան, և վեճի հնարավոր լուծումը պետք է վճռական և ուղղակի նշանակություն և ազդեցություն ունենա պաշտպանվող իրավունքների և ազատությունների վրա (Le Compte, Van Leuven and De Meyere v. Belgium, application no. 6878/75 judgment of 23 June 1981 para. 47; Ringeisen v. Austria, application no. 2614/65 judgment of 16 July 1971, para. 94; Benthem v. The Netherlands, Application, no. 8848/80 para. 32):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

Նշված դրույթն ուղղակիորեն փոխկապակցված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի հետ, քանզի եթե այդ նորմի պահանջներին համապատասխան անձը ներկայացված հայցադիմումով չի հանդիսանում շահագրգիռ անձ, ապա նա դառնում է հայցադիմում ներկայացնելու իրավունք ակնհայտորեն չունեցող անձ:

Այսինքն` հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի այն իրավական հարցը, թե արդյոք առկա չեն հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքեր: Վերոնշյալ հարցը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի կանոնակարգումների համաձայն, գնահատվում է հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում: Հարկ է նկատել, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` հայցադիմումի ընդունումը մերժվում է, եթե այն ներկայացվել է դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից, այսինքն` երբ ներկայացված հայցադիմումից (որին ներկայացվող պահանջները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում և դրանց չպահպանելը հիմք է հայցադիմումը վերադարձնելու համար) և դրան կից փաստաթղթերից ակնհայտ է (բավարար է նման հետևության համար), որ հայցադիմում ներկայացրած անձը չի հանդիսանում շահագրգիռ անձ: Եթե հայցադիմումը վարույթ ընդունելիս առկա չէ ակնհայտություն, ապա հայցադիմումն ընդունվում է վարույթ և հարցի հետագա պարզաբանումն իրականացվում է դատական քննության ընթացքում:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ գործի փաստերով հաստատվում է այն հանգամանքը, որ Քաղաքապետի 27.02.2009 թվականի թիվ 1065-Ա որոշումը որևէ կերպ չի առնչվում հայցվորների սուբյեկտիվ իրավունքներին, ինչի հետևանքով վերջիններս ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ակնհայտորեն չեն ունեցել և նրանց կողմից ներկայացված հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով ենթակա էր մերժման:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերից չի երևում բողոք բերած անձանց` ՀՀ վարչական դատարան դիմելու իրավունք ակնհայտորեն չունենալու հանգամանքը, իսկ դրա բացակայությունը բացառում է հայցադիմումի ընդունումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով մերժելու հնարավորությունը:

Այսպես, դիմելով դատարան` Ելենա Բաղրամյանը, Գայանե Սարգսյանը, Տիգրան Խդիրյանը, Գեորգի Փալանջյանը, Գայանե Եղիազարյանը, Վալենտինա Փալանջյանը, Մարուսյա Սուջոյանը, Օֆիկ Սարգսյանը, Գառնիկ Գրիգորյանը, Մարինա Սիմոնյանը, Ցողիկ Պողոսյանը, Վիկտոր Պողոսյանը պահանջել են անվավեր ճանաչել Քաղաքապետի 27.02.2009 թվականի թիվ 1065-Ա որոշումը, որով Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երևանի Շիրազի փողոցի թիվ 10/11 հասցեում գտնվող նույն որոշման 1-ին կետով օրինականացված 20քմ ընդհանուր մակերեսով կառույցը և հասցեում տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող` կառույցի համար առանձնացված 186քմ մակերեսով հողամասն ուղղակի եղանակով օտարվել է կառույցն իրականացրած անձ Արսեն Մկրտչյանին: Բողոք բերած անձինք իրենց պահանջի հիմքում դրել են այն հանգամանքները, որ իրենք վիճելի հողամասը կառուցապատել են, տեղադրել են նստարաններ և 8քմ մակերեսով թիթեղյա տնակ, ցանկապատել են այն և տիրապետել ու տնօրինել են մինչև Արսեն Մկրտչյանին սեփականաշնորհվելը: Մինչդեռ, Արսեն Մկրտչյանը չի կարող հանդիսանալ վիճելի տնակի կառուցապատողը և, ընդհանրապես, վերջինս որևէ կապ չի ունեցել այդ հողատարածքի հետ, սակայն վիճելի տնակը և հողամասն ապօրինաբար օտարվել են նրան, ինչի հետևանքով այժմ բողոք բերած անձինք չեն կարողանում օգտվել հողամասից:

Այսինքն` բողոք բերած անձինք վիճարկում են վիճելի կառույցի և հողամասի նկատմամբ Արսեն Մկրտչյանի սեփականության իրավունքների առաջացման օրինականությունը և հայցադիմումը հիմնավորում են այն փաստարկներով, որ իրենք են հանդիսանում վիճելի կառույցն իրականացրած անձինք, իսկ վիճելի կառույցի և հողամասի օտարմամբ խախտվում են իրենց տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով չի հիմնավորվում հայցադիմումը դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձի կողմից ներկայացված լինելու փաստը, որպիսի ակնհայտության առկայությունը միայն կարող էր իրավական հիմք հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի ուժով հայցադիմումի ընդունումը մերժելու համար, իսկ նման ակնհայտության բացակայության պայմաններում բողոք բերած անձինք համարվում են որպես շահագրգիռ անձինք, ուստի և տվյալ դեպքում Դատարանը պարտավոր էր հայցադիմումն ընդունել վարույթ և հարցի հետագա պարզաբանումն իրականացնել դատական քննության ընթացքում:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջը, ինչի հետևանքով բողոք բերած անձինք զրկվել են դատական պաշտպանության իրավունքից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 25.06.2012 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.04.2012 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ `

Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյա

Գ. Հակոբյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան