Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.07.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.07.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.07.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2017

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի

քաղաքացիական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 2-2563/06թ., 3-419(ՎԴ)

Քաղաքացիական գործ թիվ 2-2563/06թ.,  3-419(ՎԴ)

2017թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ն. Տավարացյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյան

 

2017 թվականի հուլիսի 07-ին

քննարկելով Թամարա Դոմազյանի ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանի վճռաբեկ բողոքը` ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) ընդդեմ Թամարա Դոմազյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ հողամասի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, անշարժ գույքի սեփականության և վարձակալության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքով վերանայելու մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է լուծել իր և Թամարա Դոմազյանի միջև կնքված հողամասի վարձակալության պայմանագիրը, անվավեր ճանաչել Թամարա Դոմազյանին տրված անշարժ գույքի սեփականության (օգտագործման) վարձակալության իրավունքի գրանցման վկայականը:

Հակընդդդեմ հայցով դիմելով դատարան՝ Թամարա Դոմազյանի ներկայացուցիչը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 19.06.2006 թվականի թիվ 994-Ա որոշումը։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 01.11.2006 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցը վերադարձվել է։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի (դատավոր`Գ. Կարախանյան) (այսուհետ` Դատարան) 01.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (դատավորներ`Դ. Խաչատրյան, Վ. Ավանեսյան, Գ. Մատինյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.01.2007 թվականի որոշմամբ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի միջնորդությունը բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Թամարա Դոմազյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Թամարա Դոմազյանի ներկայացուցչի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) 25.02.2016 թվականի վճռով հաստատված է համարել, որ «դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն իր բնույթով իրավաչափ նպատակ չի հետապնդել, ոչ էլ այն համաչափ է եղել այդպիսի նպատակին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ [ՀՀ կառավարությունը] ներպետական օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական հիմք չի ներկայացրել, որի վրա հիմնվելով՝ ներպետական դատարանը կարող էր դիմումատուից պահանջել ներկայացնել նոտարի կողմից վավերացված կամ օրենքով սահմանված մեկ այլ ընթացակարգին համապատասխանող լիազորագիր: Մերժելով դիմումատուի հակընդդեմ հայցն այդ հիմքով՝ ներպետական դատարաններն այդ կերպ կասկածի տակ են դրել դիմումատուի՝ դատարան դիմելու իրավունքը, որը երաշխավորված է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով»: Վերը նշված հիմքով Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության նկատմամբ ճանաչել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմաններում Եվրոպական դատարանի վերը նշված վճիռը վերջնական է դարձել 25.05.2016 թվականին:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի որոշումը, վերացնել Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատությունները ապահովելու` Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը: Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության` որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով:

Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, 249-րդ կետ):

Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.

1.    Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,

2.    կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,

3.    restitutio in integrum սկզբունքից բխող` մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով:

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece (Article 50) գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, 34-րդ կետ, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, 125-րդ կետ):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.

-       դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,

-       Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,

-       Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն:

Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն` պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, 210-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 2-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար:

ՀՀ սահմանադրական դատարանը 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն` անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես` գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.

1)   նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,

2)   դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը` արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, 104-րդ կետ):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 01.11.2006 թվականի վճռով Երևանի քաղաքապետարանի հայցը բավարարվել է:  Վճռվել է լուծել Կենտրոն թաղապետարանի և Թամարա Դոմազյանի միջև Երևանի քաղաքապետարանի անունից 26.08.2005 թվականին կնքված թիվ 23/35-2242 հողամասի վարձակալության պայմանագիրը և անվավեր ճանաչել վերջինիս 05.09.2005 թվականին տրված թիվ 1626124 անշարժ գույքի սեփականության (օգտագործման), վարձակալության իրավունքի գրանցման վկայականը (հատոր 1-ին, գ.թ.      54-56)։ Դատարանի 01.11.2006 թվականի որոշմամբ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի կողմից ներկայացված հակընդդեմ հայցադիմումը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 50)։ Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի որոշմամբ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի միջնորդությունը` բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է (հատոր 1-ին, գ.թ. 63)։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոքում բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ընդունելության հիմքերը, բացի այդ բողոք բերած անձը չի ներկայացրել  ՀՀ քաղաքացիական օրենսդրությանը համապատասխան լիազորագիր  (հատոր 1-ին, գ.թ.      68-69):

Թամարա Դոմազյանի ներկայացուցչի գանգատի (գանգատ թիվ 22558/07) հիման վրա Եվրոպական դատարանը, 25.02.2016 թվականին կայացված վճռում նշել է, որ «դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումն իր բնույթով իրավաչափ նպատակ չի հետապնդել, ոչ էլ այն համաչափ է եղել այդպիսի նպատակին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ [ՀՀ կառավարությունը] ներպետական օրենսդրությամբ սահմանված որևէ իրավական հիմք չի ներկայացրել, որի վրա հիմնվելով ներպետական դատարանը կարող էր դիմումատուից պահանջել ներկայացնել նոտարի կողմից վավերացված կամ օրենքով սահմանված մեկ այլ ընթացակարգին համապատասխանող լիազորագիր։ Մերժելով դիմումատուի հակընդդեմ հայցն այդ հիմքով ՝ ներպետական դատարաններն այդ կերպ կասկածի տակ են դրել  դիմումատուի դատարան դիմելու իրավունքը, որը երաշխավորված է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով։ Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում»:

Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճռով ճանաչվել  է Թամարա Դոմազյանի՝ Կոնվենցիայի     6-րդ հոդվածի 1-ին կետով  երաշխավորված դատարան դիմելու իրավունքը (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումը սույն գործով հանգում է Թամարա Դոմազյանի` դատարանի մատչելիության իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակմանը: Մասնավորապես` Թամարա Դոմազյանը զրկվել է դատարանի մատչելիության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունից՝ առանց ՀՀ ներպետական օրենսդրությամբ ամրագրված որևէ հստակ իրավական հիմքի:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի 25.02.2016 թվականի վճռով արձանագրվել է Թամարա Դոմազյանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արդար դատաքննության իրավունքի տարր կազմող դատարանի մատչելիության իրավունքի խախտում, այսինքն` Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի ուժի մեջ մտած վճռով հիմնավորվել է Թամարա Դոմազյանի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:

Հետևաբար սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով Դոմազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 21.01.2016 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կատարած վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Թամարա Դոմազյանի խախտված կոնվենցիոն իրավունքները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժեշտ է ապահովել Թամարա Դոմազյանի` դատարանի մատչելիության իրավունքը, որը կարող է իրականացվել Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու միջոցով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.33-րդ հոդվածի 1-ին կետի ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և այն վերացնելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ որոշումը նոր հանգամանքով վերանայելու և վերացնելու պարագայում հաշվի առնելով Դոմազյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 21.01.2016 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, Թամարա Դոմազյանի խախտված կոնվենցիոն իրավունքները վերականգնելու նպատակով սույն գործով Վերաքննիչ դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ վերջինիս ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն անհրաժեշտ է ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.30-րդ, 204.33-րդ, 204.38-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 15.02.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և այն վերացնել:

2. Թիվ 2-2563/06, 3-419(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.01.2007 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքն ընդունել Վճռաբեկ դատարանի վարույթ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան