Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.03.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2724/02/14

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2724/02/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝

Կ. Չիլինգարյան

 

Ա. Հունանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

   

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

 

2016 թվականի մարտի 9-ին,

քննարկելով ըստ հայցի Փառանձեմ Պողոսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կոմիտեի վճռաբեկ բողոքը, 

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Փառանձեմ Պողոսյանը պահանջել է անվավեր ճանաչել աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին Կոմիտեի 10.06.2014 թվականի թիվ 240-Ա հրամանը, վերականգնել նախկին աշխատանքում և Կոմիտեից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը՝ սկսած 10.06.2014 թվականից մինչև վճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սուքոյան) 18.11.2014 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Գ. Կարախանյան, Ն. Տավարացյան, Ա. Պետրոսյան) 11.03.2015 թվականի որոշմամբ Փառանձեմ Պողոսյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 18.11.2014 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 28.07.2015 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է անվավեր ճանաչել Կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Վ. Վարդանյանի 10.06.2014 թվականի թիվ 240-Ա հրամանը, Կոմիտեի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումից հօգուտ Փառանձեմ Պողոսյանի բռնագանձել հատուցում հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը` միջին աշխատավարձի չափով, աշխատանքում չվերականգնելու դիմաց գանձել հատուցում` միջին աշխատավարձի քառապատիկի չափով. մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.08.2015 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է. միաժամանակ սահմանվել է երկշաբաթյա ժամկետ բողոքում թույլ տված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.09.2015 թվականի որոշմամբ Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի    41-րդ հոդվածի 2-րդ կետը և 42-րդ հոդվածը, ՀՀ կառավարության 28.11.2002 թվականի ««Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» թիվ 1930-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության» 12-րդ կետի «դ» ենթակետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Կոմիտեի կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` Կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում նաև արձակում է հրամաններ, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև՝ վերալիազորման իրավունքով: Հիմք ընդունելով վերոգրյալ դրույթը՝ Կոմիտեի նախագահը 18.09.2014 թվականի թիվ 284-Ա հրամանի 2-րդ կետով նաև Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանին իրավունք է վերապահել Կոմիտեի լիազորությունների սահմաններում, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով, Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարաններում հանդես գալու որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ, ներկայացնելու վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ, դատարաններում վարելու գործեր և իրականացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված լիազորություններ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերանայել Վերաքննիչ դատարանի 19.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետը և 42-րդ հոդվածը խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության ընթացքում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական խնդրին, թե կարող է արդյոք Վերաքննիչ դատարանը վերադարձնել Կոմիտեի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ ներկայացված վերաքննիչ բողոքը վերջինիս մոտ համապատասխան լիազորությունների բացակայության հիմքով այն պայմաններում, երբ Կոմիտեի ղեկավարի կողմից ընդունված հրամանով Կոմիտեի ղեկավարի տեղակալն օժտված է բոլոր ատյանների դատարաններում Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը և համայնքները քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես են գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին կետում նշված քաղաքացիական իրավունքի սուբյեկտների նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պետական մարմինները Հայաստանի Հանրապետության անունից իրենց գործողություններով կարող են գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ ձեռք բերել ու իրականացնել, ինչպես նաև դատարանում հանդես գալ իրենց իրավասության շրջանակներում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց ղեկավարները կամ նրանց կանոնադրությանը համապատասխան` իրավաբանական անձի շահերը ներկայացնելու իրավունք ունեցող այլ անձինք դատարան են ներկայացնում իրենց պաշտոնեական կարգավիճակը կամ լիազորությունները հավաստող փաստաթղթեր:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ կազմակերպության անունից լիազորագիրը տրվում է նրա գործադիր մարմնի ղեկավարի կամ կանոնադրությամբ կազմակերպությունը առանց լիազորագրի ներկայացնելու իրավասություն ունեցող անձի ստորագրությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն՝ դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու դատավարական գործողություններ, բացառությամբ (...) բողոքարկելու դատական ակտը (...): Նույն հոդվածում նշված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:

ՀՀ կառավարության 28.11.2002 թվականի թիվ 1930-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության» 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն (...) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: 

ՀՀ կառավարության 28.11.2002 թվականի թիվ 1930-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրության» 12-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ կոմիտեի նախագահն իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր, իսկ նույն կետի «ժա» ենթակետի համաձայն՝ սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Հայաստանի Հանրապետությունը քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում հանդես է գալիս այդ հարաբերությունների մյուս մասնակիցների` քաղաքացիների ու իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով, և նրա նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ ու այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում կիրառվում են իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը, եթե այլ բան չի բխում օրենքից կամ պետության՝ որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտի առանձնահատկություններից: Ըստ այդմ, Կոմիտեի կանոնադրության վկայակոչված դրույթների բովանդակությունից հետևում է, որ Կոմիտեն Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական մարմին է, որի նկատմամբ քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով կարգավորվող հարաբերություններում ենթակա են կիրառման իրավաբանական անձանց մասնակցությունը սահմանող նորմերը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոմիտեի կանոնադրության ուժով վերջինիս անունից առանց լիազորագրի հանդես գալու իրավունքը վերապահված է Կոմիտեի նախագահին, որը կարող է այլ անձանց օժտել Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությամբ՝ տալով համապատասխան լիազորագիր: Փաստորեն, դատարանում Կոմիտեի գործերը ենթակա են վարման Կոմիտեի նախագահի, ինչպես նաև Կոմիտեի անունից լիազորագրի հիման վրա հանդես եկող այլ անձանց միջոցով: Ընդ որում, Կոմիտեի անունից լիազորագիրը պետք է տրվի նրա ղեկավարի ստորագրությամբ: Ավելին՝ լիազորագիրը պետք է նշում պարունակի ներկայացուցչին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված հատուկ լիազորությունների (տվյալ դեպքում դատական ակտը բողոքարկելու լիազորության) վերապահման մասին:

Սույն գործի փաստերի համաձայն՝ 19.08.2015 թվականին Կոմիտեի անունից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի ստորագրությամբ (հատոր  2-րդ, գ.թ. 39-50):

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 31.08.2015 թվականի որոշմամբ վերադարձրել է Կոմիտեի անունից բերված վերաքննիչ բողոքը նաև այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կից առկա չէ Ֆ. Բաշոյանի՝ Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ (հատոր 2-րդ, գ.թ. 73-75):

16.09.2015 թվականին Կոմիտեն կրկին ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը ստորագրվել է Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի կողմից (հատոր 2-րդ, գ.թ. 88-100): Նշված վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է Կոմիտեի նախագահի 18.09.2014 թվականի թիվ 284-Ա հրամանը, որի 2-րդ կետով Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանին վերապահվել են հետևյալ լիազորությունները`

1) Կոմիտեի լիազորությունների սահմաններում Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարաններում հանդես գալ որպես հայցվոր, պատասխանող կամ երրորդ անձ,

2)  ներկայացնել վերաքննիչ, վճռաբեկ բողոքներ,

3)  դատարաններում վարել գործեր,

4) իրականացնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածով նախատեսված լիազորություններ (հատոր 2-րդ, գ.թ. 107-108):

Վերաքննիչ դատարանը 19.09.2015 թվականի որոշմամբ վերադարձրել է Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը: Վերաքննիչ դատարանն իր այդ որոշման հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ «(...) [Կոմիտեի] անունից ներկայացված վերաքննիչ բողոքն ստորագրել է [Կոմիտեի] նախագահի տեղակալ Ա. Մուսայանը, մինչդեռ բողոքին կից առկա չէ [Կոմիտեի] անունից Ա. Մուսայանի` դատարանում հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ՝ լիազորագիր, որպիսի պայմաններում (...) վերաքննիչ բողոքն ստորագրել է դրա լիազորությունը չունեցող անձ (...)»: Միևնույն ժամանակ անդրադառնալով վերաքննիչ բողոքին կից ներկայացված Կոմիտեի նախագահի 18.09.2014 թվականի թիվ 284-Ա հրամանին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ այն չի կարող դիտվել որպես Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանին Կոմիտեի անունից վերաքննիչ բողոքն ստորագրելու համար տրված լիազորագիր (հատոր 2-րդ, գ.թ. 110-113):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի փաստարկները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանը, 16.09.2015 թվականին կրկին ներկայացնելով վերաքննիչ բողոք, դրան կցել է Կոմիտեի նախագահի 18.09.2014 թվականի թիվ 284-Ա հրամանը՝ որպես Կոմիտեի անունից հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ: Նշված հրամանի բովանդակությունից երևում է, որ Կոմիտեի նախագահը, արձակելով այդ հրամանը, ըստ էության, Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանին օժտել է Կոմիտեի անունից դատարանում գործեր վարելու լիազորությամբ: Ընդ որում, այդ փաստաթղթի վերջում` «Կոմիտեի նախագահ» և «Մ. Սարգսյան» բառերի միջև, տեղադրված է ստորագրություն, ինչպես նաև կատարված է «իսկականի հետ ճիշտ է» գրառում և դրված է ստորագրություն:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունները, որ վերաքննիչ բողոքին կից առկա չէ Ա. Մուսայանի` Կոմիտեի անունից դատարանում հանդես գալու լիազորությունը հավաստող փաստաթուղթ՝ լիազորագիր, և որ Կոմիտեի նախագահի 18.09.2014 թվականի թիվ 284-Ա հրամանը չի կարող դիտվել որպես Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանին Կոմիտեի անունից վերաքննիչ բողոքն ստորագրելու համար տրված լիազորագիր:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Կոմիտեի նախագահի 18.09.2014 թվականի թիվ 284-Ա հրամանի վրա առկա գրառումը կատարվել է անհայտ անձի կողմից, և այն վավերացված չէ Կոմիտեի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու հայերեն անվանմամբ կլոր կնիքով, ապա այն չէր կարող հիմք հանդիսանալ Կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի մոտ Կոմիտեի անունից դատարանում գործեր վարելու լիազորությունների բացակայության վերաբերյալ դատողություն անելու համար, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 2-րդ կետն իրավաբանական անձի անունից լիազորագրի հաստատման համար անհրաժեշտ է համարում միայն ստորագրության առկայությունը, որը տվյալ դեպքում առկա է։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով է վերադարձրել Կոմիտեի կողմից կրկին ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 28.07.2015 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից: Հետևաբար Վերաքննիչ դատարանի 19.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.09.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Տ. Պետրոսյան
  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան