Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.06.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.06.2015
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.06.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.06.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0136/04/14
2015 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0136/04/14

Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան

Դատավորներ`

Ն. Բարսեղյան

Ս. Միքայելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

 

2015 թվականի հունիսի 10-ին,

քննարկելով ըստ դիմումի Ֆելիքս Սարգսյանի ընդդեմ Աշոտ Հակոբյանի` սնանկ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչ Գեորգի Մելիքյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ֆելիքս Սարգսյանը պահանջել է Աշոտ Հակոբյանին սնանկ ճանաչել:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.10.2014 թվականի որոշմամբ Աշոտ Հակոբյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 22.07.2014 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Կ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 04.02.2015 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.03.2015 թվականի որոշմամբ Դատարանի 04.02.2015 թվականի վճռի դեմ Աշոտ Հակոբյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Հակոբյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին կետը, կիրառել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անհիմն և սխալ կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի պահանջները, վերաքննիչ բողոքը վերադարձրել է՝ թույլ տալով դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, այնինչ եթե ուսումնասիրեր գործի նյութերը, ապա կպարզեր, որ վերաքննիչ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.03.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17.1-րդ հոդվածի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը (որոշումները, վճիռները) օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատարանի` սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվվող դատավարական ժամկետի ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա սկիզբը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատավարական գործողությունը կարող է կատարվել մինչև սահմանված ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողած ժամկետը վերականգնելու մասին, կամ նման միջնորդությունը չի բավարարել դատարանը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ընդհանուր իրավասության դատարանի սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված է տասնհինգօրյա ժամկետ: Վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված նշված ժամկետի հաշվարկը սկսվում է սնանկության գործը կամ սնանկության հարցն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից և ավարտվում է այդ օրվանից հաշվարկված` 15-րդ օրը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը և վերադարձնելով վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Դատարանի 04.02.2015 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոքը ներկայացվել է 19.02.2015 թվականին` օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո և չի ներկայացվել միջնորդություն՝ բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի վճիռը հրապարակվել և օրինական ուժի մեջ է մտել 04.02.2015 թվականին (հավելված հատոր 1-ին, գ.թ. 105-108), այնուհետև 19.02.2015 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք (հանձնվել է փոստային բաժանմունք) (հավելված հատոր 2-րդ, գ.թ. 52), այսինքն` տվյալ դեպքում վերաքննիչ բողոքը բերվել է դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման օրվան հաջորդող օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Հակոբյանը Դատարանի 04.02.2015 թվականի վճռի դեմ սույն վերաքննիչ բողոքը բերել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ժամկետում, ինչից հետևում է, որ վերջինս այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու որևէ պարտավորություն չի ունեցել:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Աշոտ Հակոբյանը զրկվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ և 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.03.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան