Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.01.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.01.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0363/02/12

Քաղաքացիական գործ թիվ ԵԷԴ/0363/02/12
2018թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան

Դատավորներ՝

Կ. Հակոբյան

Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հունվարի 17-ին

քննարկելով գործին մասնակից չդարձված անձինք Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանների օրինական ներկայացուցիչ Արմինե Աբրահամյանի  ներկայացուցիչ Ասյա Օվանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 18.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ դիմումի Մարգուշ Գուրողլյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Մարգուշ Գուրողլյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում  գտնվող անշարժ գույքի՝ Արինա Բլդեյանի 1/3, Ամալյա Հակոբյանի 1/6, Ելենա Ավետիսյանի 1/6 և Սոֆյա Ղուկասյանի 1/6 բաժնեմասերի նկատմամբ:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վ. Ասլանյան) (այսուհետ` Դատարան) 07.06.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.08.2017 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձինք Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանների օրինական ներկայացուցիչ Արմինե Աբրահամյանի  վերաքննիչ բողոքը վերադարձվել է: 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձինք Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանների օրինական ներկայացուցիչ Արմինե Աբրահամյանի  ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մարգուշ Գուրողլյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ, 205-րդ, 207-րդ և 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանները, լինելով Մարգուշ Գուրողլյանի թոռները, իրենց մոր՝ Արմինե Աբրահամյանի հետ բնակվել են վիճելի հասցեում, իսկ Մարգուշ Գուրողլյանը դատարանին մոլորության մեջ է գցել իր սուտ ցուցմունքներով այն մասին, որ նա միայնակ է տիրապետել, օգտագործել և տնօրինել վիճելի հասցեի տունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ սույն գործով խախտվել են Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանների իրավունքներն այն պատճառով, որ իրենք էլ օրինական ուժի  մեջ մտած վճռի հիման վրա Մարգուշ Գուրողլյանի հետ ժառանգել են իրենց պապի՝ Վոլոդյա Բլդեյանի՝ վիճելի հասցեի նկատմամբ ունեցած 1/12 մասը, և Մարգուշ Գուրողլյանի հետ բնակվելով և փաստացի տիրապետելով վիճելի հասցեն՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջով նույնպես իրավունք ունեն դիմելու դատարան:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքարկման իրավունքը դատական պաշտպանության իրավունքի բաղադրիչներից մեկն է, որը կոչված է ապահովելու վերադաս դատարանի կողմից ստորադաս դատարանների դատական ակտերի նկատմամբ արդյունավետ դատական հսկողությունը, ինչի արդյունքում խախտվել է արդար դատաքննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 18.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոքաբերները չեն հստակեցրել, թե կայացված դատական ակտը, որը վերաբերում է Մարգուշ Գուրողլյանի սեփականության իրավունքը՝ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ Արինա Բլդեյանի 1/3, Ամալյա Հակոբյանի 1/6, Ելենա Ավետիսյանի 1/6 և Սոֆյա Ղուկասյանի 1/6 բաժնեմասերի նկատմամբ ճանաչելուն, իրենց որ իրավունքներին և պարտականություններին է վերաբերում և ինչ կերպ է առնչվում իրենց շահերին:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից  ՀՀ քաղաքացիական  դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի և 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման դրույթներ են պարունակվում նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին և 63-րդ հոդվածի 1-ին մասերում:

 «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձված անձինք, որոնց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացվել է գործն ըստ էության լուծող դատական ակտ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն`վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե բողոքը ներկայացրել է այն անձը, ով ստորադաս դատարանի դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներում անդրադառնալով և գնահատման առարկա դարձնելով այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, արձանագրել է իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, Գյումրու քաղաքապետարանն ընդդեմ Ֆելիքս Թորոսյանի թիվ                3-2343(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.11.2006 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը գործին մաuնակից չդարձված անձանց վերապահում է գործին մաuնակցող անձանց իրավունքներ և նրանց համար uահմանում պարտականություններ միայն այն դեպքում, երբ գործն ըuտ էության լուծող դատական ակտը կայացվել է նրանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ (տե՛ս, ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի գյուղապետարանն ընդդեմ Լարիսա Եղիազարյանի, Գագիկ Մալխասյանի թիվ ԱՐԱԴ/0242/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2011 թվականի որոշումը)։

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով և ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թույլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն  իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետևաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների և օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա (տե՛ս, «Հայր և որդի Ադամյաններ»  ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի և մյուսների թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի՝ արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերևույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին և պարտականություններին:

Սույն գործով Մարգուշ Գուրողլյանը դիմում է ներկայացրել դատարան՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին՝ նշելով, որ ինքը շուրջ 40 տարի միայնակ տիրապետում է Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում  գտնվող անշարժ գույքը: Դատարանի 07.06.2012 թվականի վճռով դիմումը բավարարվել է՝ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Մարգուշ Գուրողլյանի սեփականության իրավունքը Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ Արինա Բլդեյանի 1/3, Ամալյա Հակոբյանի 1/6, Ելենա Ավետիսյանի 1/6 և Սոֆյա Ղուկասյանի 1/6 բաժնեմասերի նկատմամբ: Վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 23-25, 102-104):

Դատարանի 07.06.2012 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձված անձանց՝ Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանների օրինական ներկայացուցիչ Արմինե Աբրահամյանի ներկայացուցիչը և խնդրել է վճիռը բեկանել ու գործն ուղարկել նոր քննության՝ պատճառաբանելով, որ «Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանները և նրանց օրինական ներկայացուցիչ Արմինե Աբրահամյանը, Մարգուշ Գուրողլյանի հետ միասին բնակվելով և փաստացի տիրապետելով Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքը, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման խնդրանքով նույնպես իրավունք ունեն դիմելու դատարան, մինչդեռ Մարգուշ Գուրողլյանը, սուտ տեղեկություններ ներկայացնելով դատարան, նշել է, որ միայնակ է տիրապետել, տնօրինել, օգտագործել նշված հասցեի տունը: Այսինքն՝ Մարգուշ Գուրողլյանը թաքցրել է իր ընտանիքի անդամների՝ մահացած որդու կնոջ, երեխաների և իր դստեր՝ Կարինե Բլդեյանի հետ նույն հասցեում բնակվելու փաստը, իսկ դատարանն էլ, գնահատելով վերջինիս ներկայացրած ապացույցները, սխալ եզրահանգման է եկել» (հատոր 3-րդ, գ.թ. 68-82):

Վերաքննիչ բողոք բերած անձինք վերաքննիչ բողոքին կից ներկայացրել են 14.07.2016 թվականի թիվ ԵԷԴ/3637/02/14 օրինական ուժի մեջ մտած վճիռը, համաձայն որի՝ փաստացի տիրապետման հիմքով Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանները ճանաչվել են Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ Վոլոդյա Բլդեյանի 1/6 բաժնեմասի կեսի նկատմամբ ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգներ, իսկ Մարգուշ Գուրողլյանի և Կարինե Բլդեյանի միջև 06.03.2013 թվականին կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը 1/12 մասով ճանաչվել է անվավեր և որպես անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել Կարինե Բլդեյանի անվամբ կատարված Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի 1/12 մասով իրավունքի պետական գրանցումը: Նշված վճռի հիման վրա 26.04.2017 թվականին տրվել է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26042017-01-0176 վկայականը, որի համաձայն՝ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 տան նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով գրանցվել են Կարինե Բլդեյանի 11/12, Մարգարիտա Բլդեյանի 1/36, Արման Բլդեյանի 1/36 և Արթուր Բլդեյանի 1/36 իրավունքները (հատոր 2-րդ, գ.թ. 48-50):

Միաժամանակ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել են ՀՀ ոստիկանության կողմից տրված «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին» 04.12.2014 թվականի թիվ 447485, 14.11.2014 թվականի թիվ 447423, 04.12.2014 թվականի թիվ 447483 տեղեկանքները, ըստ որոնց՝ Արման Բլդեյանը 13.12.2010 թվականից, Մարգարիտա Բլդեյանը 17.03.2009 թվականից հաշվառված են եղել  Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում (հատոր 3-րդ, գ.թ.       87-89):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանների օրինական ներկայացուցիչ Արմինե Աբրահամյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, և արձանագրելով, որ գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանները ներկայացման իրավունքով ժառանգությունն ընդունած ժառանգներ են ճանաչվել Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող անշարժ գույքի՝ միայն Վոլոդյա Բլդեյանի 1/6 բաժնեմասի նկատմամբ, հանգել է այն հետևության, որ «բողոքաբերները որևէ կերպ չեն հիմնավորել վիճելի հասցեի՝ Արինա Բլդեյանի 1/3, Ամալյա Հակոբյանի, Ելենա Ավետիսյանի և Սոֆյա Ղուկասյանի 1/6-ական բաժնեմասերի նկատմամբ վեճի լուծման պահի դրությամբ որևէ իրավունք ունենալու հանգամանքը և այդ առնչությամբ որևէ ապացույց Դատարան չեն ներկայացրել» (հատոր 3-րդ, գ.թ. 116-117):

Մինչդեռ վերը նշված իրավական վերլուծությունների և սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 14.07.2016 թվականի թիվ ԵԷԴ/3637/02/14 վճիռը, 26.04.2017 թվականի անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26042017-01-0176 վկայականը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից տրված «Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին» տեղեկանքները վկայում են այն մասին, որ բողոք բերած անձինք, որոշակի ժամանակահատվածում հաշվառված լինելով վեճի առարկա անշարժ գույքի՝ Երևանի Սարի Թաղի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում, այնուհետև օրինական մեջ մտած վճռով այդ գույքի մի մասի նկատմամբ ձեռք բերելով սեփականության իրավունք, վեճի առարկա ամբողջ գույքի նկատմամբ ևս կարող էին ունենալ որոշակի օրինական ակնկալիքներ:  Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 07.06.2012 թվականի վճիռն առերևույթ կարող է վերաբերել Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանների իրավունքներին, քանի որ նշված վճռի հիման վրա այլ անձի մոտ ծագել են իրավունքներ այն գույքի նկատմամբ, որի նկատմամբ ենթադրյալ իրավունքներ ունենալու փաստը վիճարկում են նաև բողոք բերած անձինք, ինչը, սակայն, անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարգարիտա, Արման և Արթուր Բլդեյանները սույն գործի քննությանը մասնակից չդարձվելու հետևանքով զրկվել են գործին մաuնակցող անձանց վերապահված իրավունքներից օգտվելու և նրանց համար uահմանված պարտականությունները կատարելու հնարավորությունից, որի արդյունքում խախտվել է նրանց՝ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը։

 

Վերը նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ և 2411-ին հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  18.08.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

 

Նախագահող'

Ե. Խունդկարյան

Դատավորներ'

Ե. Սողոմոնյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան