Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3540/05/14

Վարչական գործ թիվ ՎԴ/3540/05/14
2016թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Սարգսյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի մայիսի 25-ին,

քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Հայկ Ալումյանի ներկայացուցիչ Տիգրան Մուրադյանի վճռաբեկ բողոքը, 

Պ Ա Ր Զ Ե Ց 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հայկ Ալումյանը պահանջել է վերացնել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը կամ ճանաչել այդ որոշման առ ոչինչ լինելը, որպես հետևանք՝ վերացնել Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշումը: Հայկ Ալումյանը պահանջել է նաև ճանաչել Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը կամ այն վերացնել, ճանաչել Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը կամ այն վերացնել:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ` Դատարան) 23.07.2014 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16.09.2014 թվականի որոշմամբ Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.07.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հայկ Ալումյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ծառայությունը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով Հայկ Ալումյանն օժտված է հարկադիր կատարողի բոլոր տեսակի որոշումները դատական կարգով բողոքարկելու բացարձակ իրավունքով: Հետևաբար Դատարանի կողմից Հայկ Ալումյանի հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելն օրենքով չնախատեսված սահմանափակումներ է ստեղծել վերջինիս՝ դատարան դիմելու իրավունքի իրացման համար:

Վերաքննիչ դատարանը համարել է, որ «Կատարողական վարույթ հարուցելու մասին» հարկադիր կատարողի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ և մերժել է հայցադիմումի ընդունումը: Մինչդեռ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն արտաքին ներգործություն ունեցող վարչական ակտ է, որի ընդունման հետևանքով Հայկ Ալումյանը ձեռք է բերել որոշակի կարգավիճակ, իսկ հարկադիր կատարողն իրավունք է ստացել անձի և նրա գույքի նկատմամբ իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք չէր կարող իրականացնել նախքան կատարողական վարույթի հարուցումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված հայցադիմումում առկա են եղել չորս պահանջներ, որոնցից մեկը վերաբերել է Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը վերացնելու կամ դրա առոչինչ լինելը ճանաչելուն, իսկ երկրորդը` որպես առաջին հայցապահանջի հետևանք՝ Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշումը վերացնելուն: Բացի այդ, նույն հայցադիմումով ներկայացված են եղել ևս երկու ինքնուրույն պահանջներ՝ Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու կամ այն վերացնելու և Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու կամ այն վերացնելու մասին: Վերջին երկու պահանջների վերաբերյալ Դատարանն առհասարակ ոչ մի դիրքորոշում չի արտահայտել, իսկ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով դրանք դիտել է որպես ածանցյալ պահանջներ՝ խախտելով դատարանի մատչելիության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է` վերացնել Դատարանի 23.07.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը»:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումն ընդամենը վարչական վարույթի հարուցման փուլի իրավական ակտ է, ուստի այն վարչական ակտ չի հանդիսանում: Նշված որոշումն ուղղված չէ Հայկ Ալումյանի համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, դրա միջոցով վարչական մարմինը չի մերժում, միջամտում կամ ընդհուպ սահմանափակում Հայկ Ալումյանի իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն չի դնում վերջինիս վրա կամ ցանկացած այլ եղանակով չի վատթարացնում Հայկ Ալումյանի իրավական կամ փաստացի դրությունը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման՝ դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգի վերաբերյալ կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1.    անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջն ընդդատյա է արդյո՞ք վարչական, թե ընդհանուր իրավասության դատարանին,

2.    արդյո՞ք անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը ՀՀ իրավական համակարգում վարչական ակտ է,

3.    ի՞նչ կանոններով պետք է քննվի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը վերացնելուն ուղղված հայցապահանջը:

 

1. 27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններն են ընդհանուր իրավասության դատարանները, վարչական դատարանը:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...)։

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով (...):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 66-68-րդ հոդվածներին համապատասխան։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առ ոչինչ լինելը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրամական պահանջները նույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հարկադիր կատարման ներկայացնելիս վարչական մարմինը ներկայացնում է դրամական պահանջները հավաստող համապատասխան վարչական ակտը, այդ ակտի մասին նույն օրենքով սահմանված կարգով իրազեկելը կամ այլ օրենքներով սահմանված կարգով հասցեատիրոջը հանձնելը կամ այլ կերպ պատշաճ ծանուցելը, ինչպես նաև ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները և կատարման վերաբերյալ գրություն (...):

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ (...) նույն օրենքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխին համապատասխան, սահմանում է նաև հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերն իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը նույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթն է, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումը:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 31.1-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պահանջներին չհամապատասխանող, ինչպես նաև ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը երկու հարյուր հազար դրամը գերազանցելու (...) դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողը կայացնում է որոշում: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկադիր կատարողի որոշումները վերացվում կամ փոփոխվում են դատարանի վճռի հիման վրա կամ հարկադիր կատարողի վերադասի կողմից:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողը կայացնում է որոշում (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև։

ՀՀ սահմանադրական դատարանը 03.02.2009 թվականի թիվ ՍԴՈ-787 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական պաշտպանության իրավունքի բաղկացուցիչ տարրն է հանդիսանում անձի՝ այն դատարանում իր գործի քննության իրավունքը, որի ընդդատությանն օրենքով հանձնված է տվյալ գործը:

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը կանխորոշել է ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակը, որն ընդգրկում է բոլոր գործերը՝ բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի: Իսկ ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածում ամրագրված իրավադրույթներով օրենսդիրը սահմանել է ՀՀ վարչական դատարանի ընդդատության շրջանակը, որը կազմված է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերից։ Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝ առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից:

Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը (իսկ մի քանի փոխկապակցված հայցապահանջների առկայության դեպքում՝ դրանցից հիմնականը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1. արդյո±ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2. արդյո±ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3. արդյո±ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի` սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում օրենսդրի կողմից սահմանված իրավադրույթի ուժով, որի համաձայն՝ հարկադիր կատարողի կայացրած որոշումը կարող է բողոքարկվել հարկադիր կատարման ծառայության մարզային ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում առաջին ատյանի դատարաններ են համարվում ընդհանուր իրավասության դատարանները և վարչական դատարանը: Հետևաբար, սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցապահանջները և դրանց հիման վրա հարուցված գործերն առաջին ատյանի կոնկրետ ո՞ր դատարանին են ընդդատյա՝ ընդհանուր իրավասության դատարաններին, թե՞ վարչական դատարանին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ հայցապահանջները բխում են հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա են վարչական դատարանի քննությանը: Այսպես՝

1. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով քննության ենթակա վեճի կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ հարկադիր կատարողը (Ծառայությունը),

2. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով քննության ենթակա վեճը ծագում է այնպիսի իրավահարաբերությունից, որի բովանդակությունը հանգում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի՝ հարկադիր կատարողի (Ծառայության) կողմից հարկադիր կատարման ենթակա իրավական ակտերի կատարումն ապահովելու իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությանը,

3. անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները բողոքարկելու վերաբերյալ գործով վիճելի իրավահարաբերությունը ծագում է հարկադիր կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջների պարտադիրությունն ու կատարելիությունն ապահովելու հանրային շահի՝ սոցիալ-իրավական պրակտիկայում իրացման և առարկայացման կապակցությամբ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, հանգում է այն եզրակացության, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջներն ընդդատյա են վարչական դատարանին:

 

2. Օրենսդիրը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները՝ որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել վերացնել իր իրավունքները և ազատությունները խախտող ոչ իրավաչափ վարչական ակտը։

Վերոգրյալից հետևում է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված վարչական գործերի քննության ընթացքում առաջին հերթին անհրաժեշտ է պարզել, թե արդյոք ներկայացված հայցապահանջի նյութական օբյեկտը վարչական ակտ է, թե՝ ոչ: Այլ կերպ ասած՝ ՀՀ վարչական դատավարության օրենսդրությամբ սահմանված վիճարկման հայցատեսակով որևէ փաստաթուղթ անվավեր ճանաչելու պահանջի քննությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե արդյոք այդ փաստաթուղթը ՀՀ իրավական համակարգում հանդիսանում է վարչական ակտ, թե՝ ոչ։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի իրավակարգավորումների շրջանակներում վարչական ակտը սահմանված է որպես արտաքին ներգործություն ունեցող որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

-  վարչական ակտն անհատական իրավական ակտ է. այն ունի հստակորեն որոշված հասցեատեր,

- վարչական ակտն ընդունվում է վարչական մարմինների՝ ՀՀ գործադիր իշխանության հանրապետական, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև վարչարարություն իրականացնող այլ պետական մարմինների կողմից,

- վարչական ակտն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

- վարչական ակտն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում. այն հանրային իշխանությամբ օժտված մարմնի՝ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձին ուղղված միակողմանի կարգադրություն է, որը հիմնված է ի սկզբանե հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով ընդունված իրավական նորմերի վրա,

- վարչական ակտն ընդունվում է կոնկրետ գործի կարգավորման նպատակով. այն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

- վարչական ակտն ուղղակի իրավական հետևանքներ է առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը սահմանում, փոփոխում, վերացնում կամ ճանաչում է իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար (տես, Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ թվարկված որակական հատկանիշներից յուրաքանչյուրն անհրաժեշտ է, իսկ դրանց համակցությունը՝ բավարար, գրավոր փաստաթուղթը վարչական ակտ որակելու համար. այդ հատկանիշներից որևէ մեկի բացակայության դեպքում փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես վարչական ակտ (տե′ս, Վարդիթեր Ավոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Օրենսդիրը վարչական ակտերով սահմանված հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով: Քննարկվող օրենքները սահմանում են, որ հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման, այսինքն՝ կատարողական գործողություններ իրականացնելու համար հիմք է հանդիսանում օրենքով սահմանված կարգով կազմված և հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը), որին կից համապատասխան վարչական մարմինը ներկայացնում է նաև հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտը, ինչպես նաև այդ վարչական ակտի մասին հասցեատիրոջը պատշաճ ծանուցելը, տվյալ վարչական ակտի ուժի մեջ մտնելը և անբողոքարկելի դառնալը հավաստող ապացույցները: Բացի այդ, այն դեպքում, երբ հանրային իրավական դրամական պահանջով պարտապանը ֆիզիկական անձ է, ապա այդ դրամական պահանջը ենթակա է հարկադիր կատարման, եթե այն չի գերազանցում 200.000 ՀՀ դրամը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված պահանջներին համապատասխանող դիմումը (գրությունը) և դրան կցված փաստաթղթերը հարկադիր կատարողին ներկայացնելու դեպքում վերջինս հարուցում է հանրային իրավական դրամական պահանջի կատարմանն ուղղված վարչական վարույթ՝ կայացնելով համապատասխան որոշում: Հակառակ պարագայում, այսինքն՝ այն դեպքում, երբ հանրային իրավական դրամական պահանջ պարունակող վարչական ակտն ընդունած վարչական մարմնի կողմից հարկադիր կատարողին ուղարկված դիմումը (գրությունը) և դրան կցված փաստաթղթերը չեն համապատասխանում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին, կամ եթե պարտապան ֆիզիկական անձից գանձման ենթակա հանրային իրավական դրամական պահանջը գերազանցում է 200.000 ՀՀ դրամը, ապա հարկադիր կատարողը պարտավոր է ներկայացված փաստաթղթերը վերադարձնել համապատասխան վարչական մարմին:

Անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման իրավական բնույթը համադրելով վարչական ակտին բնորոշ հատկանիշների հետ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն անհատական իրավական ակտ է,

- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ընդունվում է վարչական մարմնի՝ հարկադիր կատարողի (Ծառայության) կողմից,

- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ունի արտաքին ներգործություն. նրա հասցեատերն այնպիսի ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ,

- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ընդունվում է հանրային իրավունքի բնագավառում,

- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ուղղված է հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը,

- հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումն ուղղակի իրավական հետևանքներ չի առաջացնում իր հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար. դրանով վարչական մարմինը չի սահմանում, չի փոփոխում, չի վերացնում կամ չի ճանաչում իրավունքներ և պարտականություններ համապատասխան ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար:

Այսպիսով, անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը՝ որպես անհատական իրավական ակտ, օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր առանձնահատկությամբ, ինչպիսին է՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը: Հետևաբար վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը ՀՀ իրավական համակարգում չի կարող համարվել վարչական ակտ, քանի որ այն օժտված չէ վարչական ակտին բնորոշ վերը նշված հատկանիշով և իր բնույթով ընդամենը վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի՝ որպես իրավական ընթացակարգի, սկիզբն ազդարարող իրավական ակտ է հանդիսանում:

 

3. Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

1)   մի կողմից՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման իրավաչափության վիճարկման վերաբերյալ գործն ընդդատյա է վարչական դատարանին և պետք է քննվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան,

2)   մյուս կողմից՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը չի հանդիսանում վարչական ակտ, և այդ որոշման վերացման պահանջը չի կարող դառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցի առարկա:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված խնդրահարույց իրավիճակի առաջացումը պայմանավորված է կատարողական վարույթի վերաբերյալ հարկադիր կատարողի կայացրած որոշումների, այդ թվում նաև՝ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման դատական կարգով բողոքարկման իրավական կառուցակարգի թերի և հանրային իշխանության մարմինների իրավական ակտերի, գործողությունների ու անգործության դատական կարգով բողոքարկման հարցում ընդհանուր հայեցակարգային մոտեցումներին հակասող օրենսդրական կարգավորումներով:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործող օրենսդրությունը պատշաճ կերպով չի ապահովում հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթի շրջանակներում ընդունվող և վարչական ակտ չհանդիսացող անհատական իրավական ակտերի դեմ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ և լիարժեք իրացումը: Ուստի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման դատական կարգով վիճարկման հարցում առկա իրավական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է որպես ելակետ ընդունել այն հանգամանքը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումների ուժով վերը նշված որոշումը ենթակա է բողոքարկման դատական կարգով: Ըստ Վճռաբեկ դատարանի՝ վերոգրյալ իրավազորող նորմի կիրառումը չի կարող խաթարվել դատավարական ընթացակարգերի անկատար կամ թերի լինելու պատճառով: Այլ կերպ ասած, օրենքով ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վիճարկման իրավական հնարավորությունը պետք է երաշխավորված իրացվի՝ անկախ վարչադատավարական օրենսդրությամբ այդ որոշումների իրավաչափությունը դատական քննության անմիջական առարկա դարձնելու վերաբերյալ պատշաճ կառուցակարգի բացակայության հանգամանքից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների՝ դատական կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն տվող միակ դատավարական կառուցակարգը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցն է: Նշված հայցատեսակի միջոցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը՝ դրանով իսկ, ըստ էության, դատական քննության առարկա դարձնելով վիճելի կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցապահանջները վարչական դատարանում ենթակա լինեն քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոններով: Այսինքն՝ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցապահանջի հիման վրա հարուցված վարչական գործերը պետք է քննվեն այն նույն կարգով, որով քննվում են ճանաչման հայցի հիման վրա հարուցված գործերը: Նման եզրահանգման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն իրավաբանական իրողությունը, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վերացման նպատակով անձը չի կարող դատարան դիմել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-68-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակներից որևէ մեկով, քանի որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների վերացման հայցապահանջը չի համապատասխանում ո՛չ վիճարկման, ո՛չ պարտավորեցման, ո՛չ գործողության կատարման հայցատեսակներին:

Վերոգրյալ դատողություններից բխում է, որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումները վերացնելուն ուղղված հայցադիմումը չի կարող չընդունվել վարչական դատարանի վարույթ՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նման հայցատեսակ նախատեսված չլինելու պատճառաբանությամբ: Հետևաբար, վարչական դատարանը պարտավոր է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ լուծել նշված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նաև հատուկ ընգծել, որ վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման համար կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը վերացնելուն ուղղված և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցատեսակին համապատասխան ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու արդյունքում հարուցված վարչական գործի շրջանակներում վարչական դատարանը պետք է ստուգի այդ որոշման իրավաչափությունը, այսինքն՝ դրա համապատասխանությունը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջներին և քննարկվող անհատական իրավական ակտի՝ օրենքի խախտմամբ ընդունված լինելու դեպքում վճիռ կայացնի անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու մասին:

 

4. Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի գործող իրավակարգավորումները սահմանում են անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի ընդունած որոշումների, այդ թվում նաև՝ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշման, կամ կատարած գործողությունների դեմ անձի իրավունքների և օրինական շահերի իրավական պաշտպանության լրացուցիչ երաշխիքներ:

Այսպես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողը կատարողական վարույթը կարճում է, եթե`

(...)

11) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.

12) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

13) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ առկա են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման սահմանափակումները.

14) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

(...):

Ընդ որում, վերոգրյալ իրավադրույթներն ընդունվել են ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-252-Ն ՀՀ օրենքով, որն ուժի մեջ է մտել 09.01.2015 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսել է անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթը կարճելու պարտադիր հիմքերը: Այսինքն՝ վերոգրյալ իրավանորմերի ուժով հարկադիր կատարողը պարտավոր է կարճել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման նպատակով հարուցված կատարողական վարույթը, եթե կատարողական վարույթի ընթացքում պարզվել են հետևյալ հանգամանքները.

1)   անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը,

2)   բացակայում է վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրենքով սահմանված հիմքը,

3)   առկա են անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հարկադիր կատարման օրենքով սահմանված սահմանափակումները,

4)   հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին:

Այսպիսով, հարկադիր կատարողը, անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված յուրաքանչյուր կատարողական վարույթի ընթացքում պարզելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերում ամրագրված հանգամանքներից որևէ մեկի առկայությունը, պարտավոր է սեփական նախաձեռնությամբ կարճել հարուցված կատարողական վարույթը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի կարճման վերոգրյալ իրավական հիմքերից որևէ մեկի առկայության պայմաններում հարկադիր կատարողը սեփական նախաձեռնությամբ չի կարճում հարուցված կատարողական վարույթը, ապա հանրային իրավական դրամական պահանջով պարտապան հանդիսացող անձը կարող է օգտվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված՝ կատարողական վարույթի ընթացքում միջնորդություններ անելու իր իրավունքից՝ միջնորդելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով ամրագրված համապատասխան հիմքով կարճել հարուցված կատարողական վարույթը: Հարկադիր կատարողի կողմից հանրային իրավական դրամական պահանջով պարտապան հանդիսացող անձի նշված միջնորդությունը մերժվելու դեպքում վերջինս կարող է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցով դիմել վարչական դատարան՝ պահանջելով ընդունել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթը կարճելու մասին բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է հարկադիր կատարողի կողմից:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ տվյալ պարագայում անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթը կարճելու մասին բարենպաստ վարչական ակտ ընդունելու հայցապահանջի հիման վրա հարուցված վարչական գործի շրջանակներում կատարողական վարույթը կարճելու օրենքով նախատեսված իրավական հիմքերի առկայության կամ բացակայության և կատարողական վարույթի՝ կարճման ենթակա լինելու կամ չլինելու հանգամանքները կդառնան դատական քննության առարկա: Հետևաբար վարչական դատարանը, քննարկվող վարչական գործերի քննության ընթացքում պարզելով հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի կարճման՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով նախատեսված համապատասխան հիմքի առկայությունը, կարող է վճիռ կայացնել հանրային իրավական դրամական պահանջով պարտապան հանդիսացող անձի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու, այսինքն՝ կատարողական վարույթը կարճելու մասին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումն անվավեր ճանաչելու և հարկադիր կատարողին այդ վարչական ակտի ընդունմանը, այսինքն՝ կատարողական վարույթը կարճելուն, պարտավորեցնելու մասին:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում կատարված և 09.01.2015 թվականին ուժի մեջ մտած լրացումներով օրենսդիրը նախատեսել է անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի շրջանակներում հարկադիր կատարողի ընդունած որոշումների կամ կատարած գործողությունների արդյունքում անձի իրավունքների և օրինական շահերի իրավական պաշտպանության լրացուցիչ կառուցակարգ, որը կարող է նույնքան արդյունավետ կերպով ապահովել անձի խախտված իրավունքների գործնական վերականգնումը, որքան վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումների անմիջական բողոքարկումը վարչական դատարան:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 12.06.2014 թվականի թիվ 17/1-5907 գրության և դրան կից փաստաթղթերի համաձայն՝ վերջինս հայտնել է Ծառայությանը, որ Հայկ Ալումյանը 11.01.2012 թվականի որոշմամբ, որն անբողոքարկելի է դարձել 05.03.2014 թվականին, ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ առկա հանրային իրավական դրամական պահանջը կազմում է 750.000 ՀՀ դրամ՝ խնդրելով ապահովել նշված դրամական պահանջի կատարումը (գ.թ. 13-15):

Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշման համաձայն՝ Ծառայության Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Գևորգ Սողոմոնյանը, ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 12.06.2014 թվականի թիվ 17/1-5907 գրությունը, որոշել է հարուցել թիվ 01/13-22598/14 կատարողական վարույթը՝ Հայկ Ալումյանից 750.000 ՀՀ դրամ, ինչպես նաև 37.500 ՀՀ դրամ՝ որպես կատարողական գործողությունների կատարման ծախս, բռնագանձելու մասին (գ.թ. 12):

Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշման համաձայն՝ Ծառայության Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Գևորգ Սողոմոնյանը, ուսումնասիրելով թիվ 01/13-22598/14 կատարողական վարույթի նյութերը, որոշել է պարտապան Հայկ Ալումյանի գույքի նկատմամբ հայտարարել հետախուզում (գ.թ. 11):

Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն՝ Ծառայության Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Գևորգ Սողոմոնյանը, ուսումնասիրելով թիվ 01/13-22598/14 կատարողական վարույթի նյութերը, որոշել է 787.500 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պարտապան Հայկ Ալումյանին պատկանող դրամական միջոցների վրա (գ.թ. 10):

Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման համաձայն՝ Ծառայության Երևան քաղաքի վարչական ակտերով բռնագանձումների բաժնի հարկադիր կատարող Գևորգ Սողոմոնյանը, ուսումնասիրելով թիվ 01/13-22598/14 կատարողական վարույթի նյութերը, որոշել է 787.500 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պարտապան Հայկ Ալումյանին պատկանող շարժական և անշարժ գույքի վրա (գ.թ. 9):

Սույն գործով դիմելով դատարան՝ Հայկ Ալումյանը ներկայացրել է հետևյալ հայցապահանջները.

1)   վերացնել Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը կամ ճանաչել այդ որոշման առ ոչինչ լինելը,

2)   վերացնել Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշումը,

3)   ճանաչել Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը կամ այն վերացնել,

4)   ճանաչել Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը կամ այն վերացնել:

Ընդ որում, Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշումը հայցվորը դիտել է որպես ածանցյալ հայցապահանջ, որի լուծման ելքը կանխորոշվում է հիմնական հայցապահանջի՝ Ծառայության «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 20.06.2014 թվականի որոշումը վերացնելու կամ դրա առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի մերժմամբ կամ բավարարմամբ (գ.թ. 2-8):

Սույն գործով Դատարանը, մերժելով Հայկ Ալումյանի հայցադիմումի ընդունումը, պատճառաբանել է, որ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը վարչական ակտ չի հանդիսանում, և ներկայացված հայցը վարչական դատարանին ընդդատյա չէ (գ.թ. 23-24):

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և Դատարանի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողել անփոփոխ՝ ըստ էության վերահաստատելով Դատարանի վերոգրյալ դիրքորոշումը (գ.թ. 73-78):

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախևառաջ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ծառայության «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 20.06.2014 թվականի որոշումը վերացնելու կամ դրա առ ոչինչ լինելը ճանաչելու հայցապահանջի քննությունն ընդդատյա է վարչական դատարանին, քանի որ անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման բողոքարկման վերաբերյալ հայցապահանջը բխում է հանրային իրավահարաբերություններից ծագող վեճից:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ծառայության «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 20.06.2014 թվականի որոշումը ՀՀ իրավական համակարգում չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշումը՝ որպես անհատական իրավական ակտ, օժտված չէ վարչական ակտին բնորոշ այնպիսի կարևոր յուրահատկությամբ, ինչպիսին է ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար ուղղակի իրավական հետևանքներ առաջացնելու՝ վերջիններիս համար իրավունքներ և պարտականություններ սահմանելու, փոփոխելու, վերացնելու կամ ճանաչելու հատկանիշը, և իր բնույթով ընդամենը վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթի՝ որպես իրավական ընթացակարգի սկիզբն ազդարարող իրավական ակտ է հանդիսանում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 20.06.2014 թվականի որոշումը վարչական ակտ չէ, և անձը չի կարող այդ որոշման վերացման պահանջով հայց ներկայացնել ո՛չ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման, ո՛չ նույն օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածներով նախատեսված՝ պարտավորեցման և գործողության կատարման հայցատեսակներին համապատասխան: Միաժամանակ Ծառայության «Կատարողական վարույթ հարուցելու մասին» 20.06.2014 թվականի որոշման առոչինչ լինելը ճանաչելու պահանջը չի կարող հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված ճանաչման հայցի առարկա: Հետևաբար, նշված անհատական իրավական ակտի վերացմանն ուղղված հայցադիմումը վարույթ ընդունելու և այդ հայցապահանջը քննության առնելու նկատմամբ պետք է կիրառվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցի կանոնները:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկը  դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքն է, որը նպատակաուղղված է վարչական արդարադատության առջև դրված առանձնահատուկ խնդիրների լուծմանը և հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի կենսագործունեության ապահովմանը: Վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ: Քննարկվող իրավական սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու  սկզբունքի համաձայն՝ դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու՝ վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները: Նշված դեպքերում վարչական դատարանի՝ դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հայցատեսակի ընտրության սուբյեկտիվ իրավունքը բոլոր դեպքերում պատկանում է հայցվորին, և եթե ոչ հստակ կամ ոչ ճիշտ հայցատեսակը հստակեցնելու կամ ճիշտ հայցատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարանի մատնանշումից հետո էլ հայցվորը շարունակում է պնդել իր կողմից ներկայացված հայցապահանջը, ապա դատարանը պարտավոր է գործի քննությունն իրականացնել հայցվորի կողմից ներկայացված հայցապահանջի շրջանակներում: Այդ պարագայում դատարանի մատնանշման պարտականությունը համարվում է կատարված (տե′ս, Ալեքսանդր Կարալովն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայկ Ալումյանը, Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ այդ որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջով դիմելով դատարան, նպատակ է ունեցել իրացնել անբողոքարկելի վարչական ակտով նախատեսված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարմանն ուղղված կատարողական վարույթ հարուցելու մասին հարկադիր կատարողի որոշման՝ դատական կարգով բողոքարկման իր իրավունքը և արդյունավետ դատական պաշտպանության միջոցով հասնել այդ անհատական իրավական ակտի վերացմանը: Հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու դատավարական սկզբունքի ուժով Դատարանը պարտավոր էր առաջարկել Հայկ Ալումյանին իր կողմից ներկայացված ոչ ճիշտ հայցատեսակը՝ Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ այդ որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի վերաբերյալ, փոխարինել պատշաճ հայցատեսակով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ճանաչման հայցով:

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը վերացնելու (անվավեր ճանաչելու) կամ այդ որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջի վերաբերյալ Հայկ Ալումյանի հայցադիմումը չէր կարող չընդունվել Դատարանի վարույթ՝ այդ հայցադիմումում բովանդակվող հիմնական հայցապահանջը վարչական դատարանին ընդդատյա կամ ենթակա չլինելու պատճառաբանությամբ: Հետևաբար, տվյալ դեպքում Դատարանը պետք է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ վարույթ ընդուներ Հայկ Ալումյանի կողմից ներկայացված հայցադիմումը՝ նշված հայցապահանջների մասով, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, թեև ստորադաս դատարաններն իրավացիորեն են հանգել այն եզրակացության, որ Ծառայության 20.06.2014 թվականի «Կատարողական վարույթ հարուցելու մասին» որոշումը վարչական ակտ չէ, սակայն Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված որոշումը վերացնելու կամ այդ որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու և որպես հետևանք՝ Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին» որոշումը վերացնելու հայցապահանջների մասով Հայկ Ալումյանի հայցադիմումը պետք է քննվեր սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

Միևնույն ժամանակ սույն գործով ներկայացված հայցադիմումի բովանդակության ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ այդ հայցադիմումը պետք է ընդունվեր Դատարանի վարույթ նաև մյուս երկու ինքնուրույն հայցապահանջների՝ Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու կամ այն վերացնելու և Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու կամ այն վերացնելու մասով: Այսպես, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումները համապատասխանում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի հատկանիշներին.

- Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումներն անհատական իրավական ակտեր են, քանի որ վերաբերում են որոշակի ֆիզիկական անձի, այսինքն՝ ունեն հստակորեն որոշված հասցեատեր. դրանք ուղղված են Հայկ Ալումյանին,

- Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումներն ունեն արտաքին ներգործություն, քանի որ առնչվում են այնպիսի ֆիզիկական անձի, որը կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չի գտնվում այն ընդունած մարմնի հետ, այսինքն` կարգավորում են վարչական մարմնի և ֆիզիկական անձի միջև ծագած իրավահարաբերությունները,

- Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումներն ընդունվել են հանրային իրավունքի բնագավառում, քանի որ դրանք հանրային իշխանությամբ օժտված մարմնի, այն է` Ծառայության, իրավական նորմերի հիման վրա (որոնք ի սկզբանե ընդունվել են հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից իրագործվելու նպատակով) կատարված միակողմանի կարգադրություններ են` ուղղված Հայկ Ալումյանին,

- Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումներն ընդունվել են կոնկրետ գործի կարգավորման նպատակով, դրանք միտված են հանրային իշխանությամբ օժտված մարմնի կողմից հանրային իրավունքի ոլորտում կոնկրետ անձին` Հայկ Ալումյանին, առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը, այն է` վերջինիս ուղղված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման ապահովմանը,

- Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումներն ուղղակի իրավական հետևանքներ են առաջացնում ֆիզիկական անձի համար, քանի որ վարչական մարմինը` Ծառայությունը, այդ որոշումներով արգելանք դնելով Հայկ Ալումյանի գույքի և դրամական միջոցների վրա, դրանով իսկ վատթարացրել է վերջինիս իրավական և փաստացի դրությունը:

Վերոգրյալը վկայում է այն մասին, որ Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» և «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշումները ՀՀ իրավական համակարգում վարչական ակտեր են և դրանք վերացնելու կամ դրանց առ ոչինչ լինելը ճանաչելու պահանջները կարող են հանդիսանալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վիճարկման կամ ճանաչման հայցի առարկա: Հետևաբար Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հայկ Ալումյանի հայցադիմումը՝ Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու կամ այն վերացնելու և Ծառայության 20.06.2014 թվականի «Պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին» որոշման առ ոչինչ լինելը ճանաչելու կամ այն վերացնելու հայցապահանջների մասով, պետք է ընդունվեր Դատարանի վարույթ:

Ամփոփելով վերը նշված իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումը պետք է ամբողջությամբ ընդունվեր Դատարանի վարույթ՝ դրանում պարունակվող բոլոր հայցապահանջների մասով, ինչը հաշվի չի առնվել Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ, 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 16.09.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 23.07.2014 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու» մասին որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ե. Սողոմոնյան
  Ն. Տավարացյան