ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0433/02/11 2011թ. |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/0433/02/11 |
|
Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2011 թվականի դեկտեմբերի 21-ին,
քննարկելով Հռիփսիկ Բադալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի «Վերաքննիչ վարույթը կարճելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Հռիփսիկ Բադալյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Սարիբեկ Բադալյանի, վերջինիս կնոջ (անունը, ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են), Հրանտ Բադալյանի, վերջինիս կնոջ` Իսկուհու (ազգանունը, հայրանունը, անձնագրային տվյալները բացակայում են)` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու, ժառանգության ընդունման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և բաժինն առանձնացնելու պահանջների մասին:
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` Դատարան) 17.08.2011 թվականի որոշմամբ Հռիփսիկ Բադալյանի հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2011 թվականի որոշմամբ վերաքննիչ վարույթը կարճվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հռիփսիկ Բադալյանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածը, 94-րդ, 98-րդ և 118-րդ հոդվածների 1-ին կետերը, 120-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 121-րդ և 123-րդ հոդվածները, 208-րդ հոդվածի 3-րդ կետը, 215-րդ հոդվածը և 217-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատասխանողներին չի ուղարկել վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերը, ինչպես նաև նրանց չի կանչել դատական նիստին:
Վերաքննիչ դատարանը պատասխանողների վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին չի ծանուցել դատական նիստի ժամանակի և վայրի մասին:
Վերաքննիչ դատարանը չի պարզաբանել իր իրավունքները և պարտականությունները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մինչև գործի քննությունն սկսելն ինքը չի պահանջել հետ վերադարձնել վերաքննիչ բողոքը, այլ դա արվել է դատական նիստի վերջում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2011 թվականի «Վերաքննիչ վարույթը կարճելու մասին» որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 215-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը, մինչև վերաքննիչ դատարանը սկսի գործի քննությունը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե վերաքննիչ բողոքն ընդունված է վարույթ, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին, եթե վճիռը չեն բողոքարկել այլ անձինք:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու իր դատավարական իրավունքից կարող է օգտվել միայն մինչև Վերաքննիչ դատարանի կողմից գործի քննությունն սկսելը:
Վերաքննիչ դատարանը, 05.10.2011 թվականին կայացնելով «Վերաքննիչ վարույթը կարճելու մասին» որոշումը, դրա հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Վերաքննիչ դատարանում 05.10.2011 թվականին նշանակված դատական նիստի ժամանակ Հռիփսիկ Բադալյանը ներկայացրել է միջնորդություն` վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին»:
Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել 28.09.2011 թվականին, գործի քննությունը նշանակել է 05.10.2011 թվականին, Հռիփսիկ Բադալյանը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին հայտարարությունն արել է 05.10.2011 թվականին նշանակված դատական նիստում, Վերաքննիչ դատարանը 05.10.2011 թվականին որոշում է կայացրել «Վերաքննիչ վարույթը կարճելու մասին»:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետը` անտեսելով, որ Հռիփսիկ Բադալյանը վերաքննիչ բողոքը հետ վերցնելու մասին հայտարարությունն արել է գործի քննությունն սկսելուց հետո:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել Վերաքննիչ դատարան` նոր քննության:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ վարույթը կարճելու մասին» 05.10.2011 թվականի որոշումը վերացնելու համար:
Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին կետը խախտված լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2011 թվականի «Վերաքննիչ վարույթը կարճելու մասին» որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ե. Խունդկարյան |
Դատավորներ` |
|
Գ. Հակոբյան |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |