Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.2011-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.12.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

     

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

      

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0163/02/11

2011թ.       

Քաղաքացիական գործ թիվ ԳԴ1/0163/02/11

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

 (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

  

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի
Ա. Բարսեղյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայիրյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի

      

2011 թվականի դեկտեմբերի 21-ին,

քննարկելով Նելլի Միքայելյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2011 թվականի որոշման դեմ,

       

ՊԱՐԶԵՑ

       

1. Գործի դատավարական նախապատմությունը

Նելլի Միքայելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղի միջնակարգ դպրոցի տնօրինության` «վստահությունը կորցնելու և անհարգելի պատճառներով աշխատանքի պարբերաբար չներկայանալու» հիմքով իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ փաստաթղթերն իրեն տրամադրելու պահանջի մասին։

ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր` Վ. Վարդանյան) (այսուհետ` Դատարան) 02.08.2011 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.09.2011 թվականի որոշմամբ Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 02.08.2011 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նելլի Միքայելյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ դատարանը հայցադիմումի ընդունումը մերժել է` նշելով, որ հայցվորի խնդրանքը կարող է բավարարվել արտադատական կարգով, անտեսելով այն հանգամանքը, որ դպրոցի տնօրինությունը խուսափում է տեղեկատվություն տրամադրելուց, հետևաբար առկա է քաղաքացիական վեճ, որը ենթակա է դատարանի քննության:

Նման պայմաններում հայցադիմումի ընդունումը չէր կարող մերժվել:

    

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.09.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

       

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության:

Դատարանը, մերժելով սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունումը, 02.08.2011 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Հայցվորը որպես իր պահանջների հիմնավորում, դատարանին է ներկայացրել ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Հ.Մաղաքյանի 20.04.2011թ. համար ՓՊ-3-50 և 23.05.2011թ. ՓՊ 3-65 գրությունները` ուղղված «Ծափաթաղ գյուղի Հենրիկ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենին և խնդրել հայտնել, թե դպրոցի պատմության և աշխարհագրության ուսուցչուհի Նելլի Միքայելյանին աշխատանքից ազատելու համար հիմք հանդիսացած, իր կատարած աշխատանքին չհամապատասխանելու, պարտականությունները չկատարելու, իր նկատմամբ վստահությունը կորցնելու և հարգելի պատճառով աշխատանքի չներկայանալու վերաբերյալ որևէ փաստաթուղթ կազմվել է, թե ոչ և կազմված լինելու դեպքում խնդրել է տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Իսկ Ծափաթաղի միջնակարգ դպրոցի լիազորված անձ, փաստաբան Գ.Մաթևոսյանը իր 06.05.2011թ. թիվ Ն/Մ-10/05 գրությամբ պատասխանել է, որ նշված հարցերի վերաբերյալ կազմված փաստաթղթերը, ինչպես նաև ՀՀ ԿԳ նախարարին և այլ պետական մարմիններ ուղղված ծնողների դիմումների պատճենները ներկայացվել են դատարանին, իսկ հանգամանքն էլ ապացուցված է համարվել քաղաքացիական գործով վերաքննիչ դատարանի 04 օգոստոսի 2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով, Ձեզ անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ստանալ քաղաքացիական գործի նյութերից: Նշվածից երևում է, որ Ծափաթաղի միջնակարգ դպրոցի տնօրինությունը չի հրաժարվել կատարել դիմումատուի պահանջը և չի խուսափել տեղեկատվություն տրամադրել հայցվորին` նշելով, որ այդ փաստաթղթերը ներկայացվել են դատարանին և գտնվում են քաղաքացիական գործի նյութերում: Հետևաբար փաստաթղթերի տրամադրման հարցում կողմերի միջև բացակայում է քաղաքացիաիրավական վեճը, և գործը ենթակա չէ դատարանում քննության»։

Վերաքննիչ դատարանը, մերժելով Նելլի Միքայելյանի վերաքննիչ բողոքը, 20.09.2011 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «Տվյալ դեպքում Դատարանը եզրահանգել է, որ հայցվորի խնդրանքը կարող է բավարարվել արտադատական կարգով, ինչն էլ հիմք է հանդիսացել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի 1-ին կետի հիմքով «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշում կայացնելու համար։ Հետևաբար, դատավարական սույն նորմի սխալ կիրառման մասին բողոքի փաստարկներն անհիմն են և մերժման ենթակա»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (Տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (Տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի, թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 29392/95, 91-93-րդ կետեր)։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված հայցադիմումի ընդունելիության հարցը լուծելիս Դատարանը պետք է առաջնորդվեր անձի իրավունքների խախտման վերաբերյալ դատարան դիմելու անձի սահմանադրական իրավունքի ապահովման գերակայությամբ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հայցադիմումի ընդունումը մերժելու հիմք չեն, քանի որ տվյալ վեճը ենթակա է դատարանում քննության, այսինքն` բացակայում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված` հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքը, իսկ Վերաքննիչ դատարանի կողմից բարձրացված հարցադրումները պետք է քննության առարկա դառնան հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

        

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

       

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.09.2011 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 02.08.2011 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

        

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան