Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.03.2016-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.03.2016
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.03.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0196/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/0196/05/15
2016թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

2016 թվականի մարտի 30-ին

քննարկելով ըստ հայցի Եղեգնուտի գյուղապետարանի (այսուհետ՝ Գյուղապետարան) ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) Արմավիրի մարզային ստորաբաժանման (այսուհետ՝ Ստորաբաժանում), երրորդ անձինք Դավիթ Սարիբեկյանի, Ռաֆայել Առաքելյանի՝ 11.07.2013 թվականի համասեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Դավիթ Սարիբեկյանի, Ռաֆայել Առաքելյանի ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է անվավեր ճանաչել 4,2հա մակերեսով արտադրական հողամասի նկատմամբ Ստորաբաժանման կողմից 11.07.2013 թվականին կատարված Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի համատեղ սեփականության իրավունքի գրանցումը՝ միաժամանակ միջնորդելով վերականգնել հայց ներկայացնելու բաց թողնված դատավարական ժամկետը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 23.02.2015 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ Գյուղապետարանի միջնորդությունը բավարարվել է, և հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանի 18.06.2015 թվականի որոշմամբ սույն վարչական գործով երրորդ անձ են ներգրավվել Դավիթ Սարիբեկյանը և Ռաֆայել Առաքելյանը:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.10.2015 թվականի որոշմամբ Դավիթ Սարիբեկյանի, Ռաֆայել Առաքելյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.02.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դավիթ Սարիբեկյանի, Ռաֆայել Առաքելյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ, 28-րդ, 54-րդ և 126-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որի արդյունքում խախտվել են 27.11.2005 թվականի խմբագրությամբ գործող ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Գյուղապետարանը վարչադատավարական օրենսդրությամբ սահմանված ժամկետի ընթացքում չի ձեռնարկել իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ սույն հայցի առարկան կազմող պահանջներով դատարան դիմելու համար: Այսպես, ըստ Ռաֆայել Առաքելյանի և Դավիթ Սարիբեկյանի հայցի ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղական համայնքի` թիվ ԱՐԴ/0643/02/13 քաղաքացիական գործի քննության ընթացքում արդեն իսկ ներկայացված է եղել վիճարկվող համասեփականության իրավունքի գրանցման վկայականը: Հետևաբար Գյուղապետարանը սույն գործով վիճարկվող սեփականության իրավունքի պետական գրանցման մասին իմացել է ոչ թե 2014 թվականի դեկտեմբերին, այլ դեռևս 2013 թվականին՝ նշված դատական գործի քննության շրջանակներում:

 

Բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 19.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ փոփոխելով Դատարանի 23.02.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի  2-րդ մասի համաձայն` պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան:

27.11.2005 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է նույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը, ներառյալ` զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում` երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե լրացել են հայցադիմում ներկայացնելու համար նույն օրենսգրքով սահմանված ժամկետները, իսկ ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը վարչական դատարանը մերժել է:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները  թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե՛ս, Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57)

Ըստ ՄԻԵԴ-ի՝ ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով ՄԻԵԴ-ի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն անձի`ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված վերոգրյալ հիմնարար իրավունքների լույսի ներքո:

Օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն`օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքը` համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար ամրագրել, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:

Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է  ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառելիության և բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները:

Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ, երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել  է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե'ս, Աշոտ Գագիկի Հովհաննիսյանի օրինական ներկայացուցիչ Գագիկ Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/9439/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.10.2013 թվականի որոշումը, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Արմենուհի Դալիբալթյանի թիվ ՎԴ/2499/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.12.2014 թվականի որոշումը, Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և մյուսների թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստական հանգամանքներից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

26.01.2015 թվականին դիմելով դատարան` Գյուղապետարանը պահանջել է անվավեր ճանաչել 4,2հա մակերեսով արտադրական հողամասի նկատմամբ Ստորաբաժանման կողմից 11.07.2013 թվականին կատարված Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի համատեղ սեփականության իրավունքի գրանցումը: Միաժամանակ Գյուղապետարանը միջնորդել է վերականգնել հայց ներկայացնելու համար բաց թողնված դատավարական ժամկետը՝ պատճառաբանելով, որ չի իմացել վիճելի անշարժ գույքի նկատմամբ Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին, իսկ Կադաստրը չի տեղեկացրել Գյուղապետարանին սեփականության իրավունքի վկայականի տրամադրման մասին: Գյուղապետարանի ներկայացուցիչը, մասնակցելով թիվ ԱՐԴ/0009/04/10 և թիվ ԱՐԴ/0643/02/13 քաղաքացիական գործերով դատական նիստերին և միայն 27.12.2014 թվականին պահանջելով դատական գործում առկա բնօրինակ փաստաթղթերի կրկնօրինակները, պարզել է Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի համասեփականության վկայականի գոյության մասին, որը հաստատվել է թիվ ԱՐԴ/0643/02/13 քաղաքացիական գործով վճռի 4-րդ մասի՝ գործի քննության համար էական նշանակություն ունեցող փաստեր և ապացույցներ բաժնի 10-րդ կետով (հատոր 1-ին, գ.թ. 3-6 և 50):

Դատարանը 23.02.2015 թվականի որոշմամբ բավարարել է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Գյուղապետարանի միջնորդությունը` արժանահավատ համարելով դրանում վկայակոչված փաստարկները և եզրահանգելով, որ Գյուղապետարանը դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություներ կատարելու ժամկետը բաց է թողել իրենից անկախ հանգամանքներում (հատոր 1-ին, գ.թ. 9-10):

Վերաքննիչ դատարանը, 19.10.2015 թվականի որոշմամբ երրորդ անձանց վերաքննիչ բողոքը մերժելով և Դատարանի 23.02.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը անփոփոխ թողնելով, իրավաչափ է համարել Դատարանի վերոգրյալ եզրահանգումը (հատոր 2-րդ, գ.թ. 66-78):

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Գյուղապետարանի կողմից 26.01.2015 թվականին ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել 4,2հա մակերեսով արտադրական հողամասի նկատմամբ Ստորաբաժանման կողմից 11.07.2013 թվականին կատարված Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի համատեղ սեփականության իրավունքի գրանցումը: Այսինքն` Գյուղապետարանը բաց է թողել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու երկամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարել նշված ժամկետի բացթողնման պատճառը հարգելի համարելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը` հիմք ընդունելով Գյուղապետարանի կողմից վկայակոչված այն հանգամանքը, որ վերջինս սույն գործով վիճարկվող 11.07.2013 թվականի համասեփականության իրավունքի գրանցման մասին տեղեկացել է այլ դատական գործերի (թիվ ԱՐԴ/0009/04/10 և թիվ ԱՐԴ/0643/02/13) շրջանակներում՝ 27.12.2014 թվականին ստանալով դատական գործում առկա բնօրինակ փաստաթղթերի կրկնօրինակները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքը չի կարող համարվել Գյուղապետարանի կողմից վիճարկման հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ և չի կարող հիմք հանդիսանալ բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման համար, մասնավորապես` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դեռևս 18.07.2013 թվականին Դավիթ Սարիբեկյանը և Ռաֆայել Առաքելյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Եղեգնուտ համայնքի` անշարժ գույքի նկատմամբ իրենց սեփականության իրավունքը ճանաչելու և այդ հիմքով ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղական համայնքի ղեկավարի 10.07.2009 թվականի թիվ 7 որոշումը և դրա հիման վրա անշարժ գույքի նկատմամբ Եղեգնուտ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին: Այդ հայցադիմումում առկա է նշում վիճարկվող սեփականության իրավունքի պետական գրանցման և 4,2հա մակերեսով արտադրական հողամասի սեփականության իրավունքի թիվ 11072013-04-019 վկայականի մասին, իսկ հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերի շարքում առկա է նշում այդ վկայականի պատճենը դատարան ներկայացնելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 21-30):

Նշված հայցադիմումը ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 18.07.2013 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ (թիվ ԱՐԴ/0643/02/13 քաղաքացիական գործ): Այդ հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2013 թվականի գրությամբ ուղարկվել են ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարին (հատոր 2-րդ, գ.թ. 31): Վերջինս 06.09.2013 թվականին ներկայացրել է հայցադիմումի պատասխան (հատոր 2-րդ, գ.թ. 32):

Փաստորեն, Գյուղապետարանը, որպես պատասխանող ներգրավված լինելով թիվ ԱՐԴ/0643/02/13 քաղաքացիական գործին և ստանալով Դավիթ Սարիբեկյանի և Ռաֆայել Առաքելյանի կողմից ներկայացված հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճեններն ու ներկայացնելով հայցադիմումի պատասխան, այդ դատական գործի շրջանակներում տեղյակ է եղել սույն գործով վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման մասին առնվազն հայցադիմումի պատասխան ներկայացնելու օրվանից` 06.09.2013 թվականից: Հետևաբար ստորադաս դատարանների այն եզրահանգումը, որ վիճելի սեփականության իրավունքի պետական գրանցման մասին Գյուղապետարանը տեղեկացել է միայն 27.12.2014 թվականին, անհիմն է:

Վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ Գյուղապետարանի կողմից վկայակոչված՝ 27.12.2014 թվականին սույն գործով վիճարկվող սեփականության իրավունքի գրանցման վերաբերյալ տեղեկացված լինելու հանգամանքը չի կարող հանդիսանալ վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց թողնելու հարգելի պատճառ, և հետևաբար բաց թողնված ժամկետը ենթակա չէր վերականգնման:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը 

Ո Ր Ո Շ Ե Ց 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 19.10.2015 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 23.02.2015 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու և հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

  Ս. Անտոնյան
 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ն. Տավարացյան