Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
19.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
19.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ  ԵՇԴ/0779/02/09

Քաղաքացիական գործ  թիվ  ԵՇԴ/0779/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

 

 Ա. Խառատյան
   Ա. Պետրոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

 2010 թվականի մայիսի 19-ին,

 քննարկելով Աիդա Մարտիրոսյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալաբանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2010 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ՝ ըստ Աիդա Մարտիրոսյանի հայցի ընդդեմ Լևոն Մարտիրոսյանի, երրորդ անձ Աշխեն Կոշեցյանի` սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.08.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2009 թվականի որոշմամբ Աիդա Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է՝ արձանագրելով վերաքննիչ բողոքում թույլ տրված խախտումները վերացվելուց հետո՝ որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորության մասին:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2010 թվականի որոշմամբ մերժվել է Աիդա Մարտիրոսյանի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք կրկին ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետի վերականգնման մասին և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աիդա Մարտիրոսյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

 2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ կետը և 213-րդ հոդվածը:

 Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

 Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին միջնորդությամբ հիմնավորվել է այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բաց թողնման պատճառը եղել է Աիդա Մարտիրոսյանի հիվանդությունը: Վերաքննիչ բողոք ներկայացրած անձի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը չի կարող վերաբերել այն դեպքերին, երբ թույլ են տրվել դատավարական նորմերի կոպիտ խախտումներ և խաթարվել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես, երբ գործը քննվել է առանց կողմին պատշաճ ծանուցելու: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել առանց Աիդա Մարտիրոսյանին գործի քննության ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցման, այսինքն՝ գործը քննվել է դատական նիստի մասին պատշաճ չծանուցված հայցվորի բացակայությամբ, զրկելով նրան հայցը հիմնավորող լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու հնարավորությունից:

 

 Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 22.03.2010 թվականի որոշումը:

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը գործին մասնակցող անձի դիմումի հիման վրա, նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու դեպքում, վերականգնում է բաց թողնված ժամկետը:

 Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ վարույթ ընդունելու հարցը լուծելիս Վերաքննիչ դատարանը պետք է առաջնորդվի ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված անձի արդար դատական քննության իրավունքի ապահովման սկզբունքից, իսկ արդար դատաքննության բաղկացուցիչ տարրերից մեկը դատարանի մատչելիության իրավունքն է: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վերաքննիչ դատարաններում Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տես Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 1997 թվականի դեկտեմբերի 19-ի վճիռը, կետ 33):

 Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանի կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում խախտվում է անձի` դատական ակտն օրենքով նախատեսված կարգով վերանայելու պահանջի իրավունքը, հետևյալ պատճառաբանությամբ.

 Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 Հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

 Վերը նշվածից հետևում է, որ առաջին ատյանի դատարանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի ապահովվի ցանկացած որոշման վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարանի) կողմից:

  Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «դիսպանսեր հսկողության տակ գտնվելու և բուժման նպատակով պոլիկլինիկա այցելելու փաստերը չեն կարող որակվել որպես այնպիսի հանգամանքներ, որոնք մինչև 12.03.2010 թվականը խոչընդոտել են վերաքննիչ դատարանի 05.10.2009 թվականի որոշման մեջ նշված խախտումների վերացմանը», մերժել է վերաքննիչ բողոքը բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու մասին Աիդա Մարտիրոսյանի միջնորդությունը ? վերադարձրել է վերաքննիչ բողոքը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի` գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը կարող է ընդունվել քննության այն բացառիկ դեպքերում, երբ նախորդ դատական քննության ընթացքում թույլ են տրվել նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի հիմնարար խախտումներ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը կամ առկա են նոր երևան եկած կամ նոր հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ դատավարական նորմի մեկնաբանությունը և սույն գործի նկատմամբ դրա կիրառելիությունը պետք է կատարվի Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի և դրա բոլոր տարրերը դատարաններում ապահովելու սկզբունքի լույսի ներքո: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 207-րդ հոդվածի 7-րդ կետով նախատեսված դրույթը դատավարական երաշխիք է առանձին բացառիկ դեպքերում դատավարական ժամկետների խախտմամբ բերված վերաքննիչ բողոքները վարույթ ընդունելու և քննելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված դատավարական նորմով առաջնորդվելու դեպքում Վերաքննիչ դատարանը պետք է ուսումնասիրի, թե արդյոք տվյալ դեպքում առկա է այն բացառիկ դեպքը, որի պայմաններում անհրաժեշտ է պարզել բողոքը քննության ընդունելու հարցը: Նման դեպքերում Վերաքննիչ դատարանը պետք է հաշվի առնի, թե վերաքննիչ բողոքում բարձրացված հարցերը որքանով են հիմնարար և գործի քննության ընթացքում դրանց խախտման հայտնաբերումը որքանով կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:

Սույն գործով Աիդա Մարտիրոսյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքում նշել է, որ Դատարանը Աիդա Մարտիրոսյանին չի իրազեկել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ, որի արդյունքում Աիդա Մարտիրոսյանը զրկվել է հայցի հիմնավորման համար համապատասխան ապացույցներ ներկայացնելու, միջնորդություններ անելու հնարավորությունից, այսինքն՝ սույն գործով վերաքննիչ բողոքը վերաբերել է Աիդա Մարտիրոսյանի պատշաճ ծանուցված չլինելու և դրա հետևանքների հարցերին:

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ իշխանությունների կողմից դատաքննության կողմերից մեկին չծանուցելը, այնպես որ նրան հնարավորություն ընձեռվի իրականացնելու իր ներկա գտնվելու իրավունքը, կարող է որոշ դեպքերում հարցեր առաջացնել կապված Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ (տե՛ս Յակովլևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 72701/01, պարբ. 21, 15 մարտի 2005թ., և Գրոշևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 69889/01, պարբ. 29, 20 հոկտեմբերի 2005թ., Նիկողոսյանը և Մելքոնյանը ընդդեմ Հայաստանի, գանգատ թիվ 11724/04 և 13350/04, 2007 թվականի դեկտեմբերի 6, կետ 37, Դե Խաեսը և Գիիյսելսը ընդդեմ Բելգիայի, թիվ 19983/92, 1997 թվականի փետրվարի 24):

Վերոնշյալից հետևում է, որ պատշաճ ծանուցման խնդիրը հիմնարար նշանակություն ունի արդար դատաքննության իրավունքի ապահովման ժամանակ, ուստի սույն գործով Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այդ հանգամանքը և այն բացառիկ դեպքը, որի պայմաններում վերաքննիչ բողոքը, ելնելով անձի արդար դատաքննության իրավունքի ապահովման սկզբունքից, պետք է ընդունվեր վարույթ:

 Բացի այդ, սույն գործում առկա Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության թիվ 13 պոլիկլինիկա ԱՊՓԲԸ-ի 09.03.2010 թվականի թիվ 075-46 գրության համաձայն` Աիդա Մարտիրոսյանը դիսպանսեր հսկողության տակ է գտնվել էնդոկրին կաբինետում վահանագեղձի դիֆուզ մեծացում 2-րդ աստիճանի, հիպերթիերոզ ախտորոշմամբ, իսկ այդ կապակցությամբ 2009 թվականի հոկտեմբեր ամսից բուժման նպատակով այցելում է պոլիկլինիկա:

 

 Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

 1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.03.2010 թվականի որոշումը:

 2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան