Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
23.07.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1852/02/13

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/1852/02/13

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 23-ին

քննարկելով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2014 թվականի որոշման դեմ՝ ըստ Բանկի հայցի ընդդեմ Իսկուհի Ավագյանի, Սեյրան և Ռուզաննա Մանթաշյանների (այսուհետ՝ Պատասխանողներ)` վտարելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Պատասխանողներին վտարել Երևանի Միկոյան խճուղու թիվ 7 և Եղվարդի խճուղու թիվ 108/3 հասցեներում գտնվող ռեստորանային համալիրներից, հողամասերից և կից շինություններից:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Սմբատյան) (այսուհետ` Դատարան) 05.05.2014 թվականի որոշմամբ Պատասխանողների միջնորդությունը բավարարվել է` քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.06.2014 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05.05.2014 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Պատասխանողները։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի առաջին մասը, 31-րդ հոդվածի առաջին և երրորդ մասերը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիային կից թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածը, 163-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Պատասխանողները, ՀՀ դատարաններ ներկայացնելով բազմաթիվ հայցեր, չարաշահում են իրենց իրավունքները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանը չի հիմնավորել սույն գործի քննության անհնարինությունը մինչև միջնորդության մեջ նշված վարչական գործերով դատական ակտ կայացնելը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 04.06.2014 թվականի որոշումը և Դատարանի 05.05.2014 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը»։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ սույն գործով ներկայացված հայցի փաստական հիմքը նշված գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցման առկայությունն է, որի իրավաչափությունը ներկայումս վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում:

Բացի այդ, հայցի առարկա գույքի նկատմամբ Բանկի սեփականության իրավունքը գրանցվել է վերը նշված գրավի պայմանագրերի հիման վրա, առանց դատարան դիմելու, իբրև բռնագանձում տարածելու միջոցով, ինչն ակնհայտ հակասում է ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին:

Վարչական դատարանի վարույթում գտնվող վերը նշված հայցերի բավարարման դեպքում սույն քաղաքացիական գործով Բանկն այլևս չի կարող հանդես գալ որպես պատշաճ հայցվոր, որպիսի փաստի առկայությունն անհնարին է դարձնում սույն քաղաքացիական գործի քննությունը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանն այն  գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների՝ օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշման մեջ անդրադարձել է գործի վարույթը կասեցնելու իրավական կարգավորումներին և արձանագրել, որ գործի վարույթի կասեցումը գործի քննության ընթացքում այնպիսի հանգամանքի ի հայտ գալն է, որն ըստ էության արգելակում է գործի հետագա ընթացքը. գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է (տե՛ս, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի և մյուսների թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանի պարտականությունն է կասեցնել գործի վարույթը, եթե դրա քննությունն անհնարին է մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների։ Ընդ որում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանը պարտավոր է նշել այն կապը, որն առկա է քննվող գործի և այլ դատարանում սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող գործի միջև, այսինքն` նշել այլ դատավարության կարգով քննվող այն իրավահարաբերությունները կամ փաստերը, որոնք քննվող գործի համար իրավաբանական նշանակություն ունեն, ինչպես նաև պարտավոր է նշել, թե ինչու տվյալ իրավահարաբերությունը կամ փաստը չի կարող հաստատվել տվյալ գործի քննության շրջանակներում, այսինքն` ցույց տալ գործի քննության անհնարինությունը (տե՛ս, Վերա Ազիզյանն ընդդեմ Նունե Սարգսյանի թիվ ԵԱԴԴ/0452/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.01.2010 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նշված դիրքորոշումը, արձանագրել է նաև, որ  դատական ակտը հիմնավորելու պահանջը հավասարապես վերաբերում է ինչպես գործն ըստ էության լուծող, այնպես էլ` միջանկյալ դատական ակտերին: Յուրաքանչյուր դեպքում որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, Մանուկ Ղազանչյանն ընդդեմ Ալինա Չոբանյանի թիվ ԵԿԴ/2768/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2013 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը, բավարարելով գործի վարույթը կասեցնելու մասին Պատասխանողների միջնորդությունը, իր 05.05.2014 թվականի որոշման հիմքում դրել է այն հանգամանքը, որ «անհնար է սույն քաղաքացիական գործի քննությունը մինչև ՀՀ վարչական դատարանի վարույթում գտնվող թիվ ՎԴ/0501/05/14 և թիվ ՎԴ/0502/05/14 վարչական գործերին վերջնական լուծում տալը` նկատի ունենալով, որ դրանցով վիճարկվում է Պատասխանողների և Բանկի միջև կնքված գրավի պայմանագրերի հիման վրա Երևանի Միկոյան խճուղու թիվ 7 և Եղվարդի խճուղու թիվ 108/3 հասցեներում գտնվող անշարժ գույքի նկատմամբ կատարված Բանկի սեփականության իրավունքի պետական գրանցումը, այսինքն` նշված վարչական գործերով հայցի բավարարման դեպքում սույն քաղաքացիական գործով հայցվորն այլևս չի կարող հանդես գալ որպես պատշաճ հայցվոր, որպիսի փաստի առկայությունն անհնարին է դարձնում սույն քաղաքացիական գործի քննությունը»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Բանկի վերաքննիչ բողոքը, և նշելով, որ «թիվ ՎԴ/0501/05/14 և թիվ ՎԴ/0502/05/14 վարչական գործերով քննվում է սույն գործով հայցվոր ընկերության սեփականության իրավունքի ծագման հիմք հանդիսացած պայմանագրային պարտավորությունների կատարումն ապահովելու համար կնքված գրավի պայմանագրերը ոչ իրավաչափ ճանաչելու և Բանկի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջը, որպիսի հանգամանքը սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու հիմք է, քանի որ քննվող իրավահարաբերությունները կամ փաստերը կասեցվող գործի համար պետք է իրավաբանական նշանակություն ունենան, իսկ գրավի պայմանագրերը ոչ իրավաչափ և սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջները սույն գործով Պատասխանողների դեմ ներկայացված վտարման պահանջը բավարարելու կամ մերժելու համար իրավաբանական նշանակություն ունեն», գտել է, որ «ՀՀ վարչական դատարանում քննվող գործերի քննությունն անհնարին է դարձնում սույն գործի քննությունը, ուստի և առկա է սույն քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտությունը»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը չի կարող բավարար հիմք հանդիսանալ գործի վարույթը կասեցնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին կետի հիմքի առկայությունը հաստատված համարելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, նշելով, թե թիվ ՎԴ/0501/05/14 և թիվ ՎԴ/0502/05/14 վարչական գործերով քննվող որ իրավահարաբերությունները կամ փաստերը նշանակություն ունեն սույն գործի համար, չի հիմնավորել սույն քաղաքացիական գործի քննության անհնարինությունը մինչև վարչական դատավարության կարգով քննվող վերը նշված գործերով որոշում կայացնելը:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 10.06.2014 թվականի ՀՕ-49-Ն ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ, 240-րդ, 2411-ին հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.06.2014 թվականի թիվ ԵԱԴԴ/1852/02/13 որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 05.05.2014 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան