Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2010
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/4342/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/4342/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Առաքելյան
                        դատավոր՝  Ա. Միրզոյան 
                                             Հ. Բեդևյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

 

Վ. Աբելյանի

Վ. Ավանեսյանի

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. Դրմեյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 9-ին,        

քննարկելով «Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս» հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V» ընկերության ներկայացուցիչ Գրիգոր Բեքմեզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 19.01.2010 թվականի «Բողոքը մասնակի բավարարելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

ՀՀ վարչական դատարանի 01.12.2009 թվականի որոշմամբ «Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս» հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V» ընկերության ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին, մերժվել է։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.01.2010 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանի 01.12.2009 թվականի որոշման դեմ Գրիգոր Բեքմեզյանի բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ վարչական դատարանի 01.12.2009 թվականի որոշումը`  որոշումը կայացման պահից ուժի մեջ մտնելու և բողոքարկման ենթակա չլինելու մասերով, վերացվել է, իսկ մնացած` հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասով, բողոքը մերժվել է։

 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Բեքմեզյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը պատճառաբանել է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդության մեջ առկա չեն բավարար հիմնավորումներ, թե նման միջոցներ չկիրառելը կարող է արդյոք անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։ Մինչդեռ հայցադիմումում և դրան կից միջնորդություններում հստակ հիմնավորված են հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտությունը։ Մասնավորապես` անհրաժեշտ է շեշտել, որ հայցադիմումով վիճարկվում են «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալի 100 տոկոսի օտարումը գրանցելու գործողությունները և դրանց արդյունքում հայցվորների իրավունքների խախտումը, իսկ այդ բաժնեմասի հնարավոր օտարումը կամ ընկերության ներկայիս ենթադրյալ տնօրենի կողմից ընկերության գույքի հետ կատարված ցանկացած գործողություն կվտանգի, եթե ոչ անհնարին կդարձնի, հայցվորների իրավունքների վերականգնումը հետևյալ կերպ.

ա/ «Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս» հիմնադրամի մասով` որպես նախկին «ՆԿ Յուկոս» ընկերությունների խմբի մասի օրինական շահի խախտմամբ, այն առումով, որ «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի գույքը չպետականացվի և հնարավոր լինի դրա բաշխումը նրա օրինական կրեդիտորներին և նախկին բաժնետերերին։

բ/ «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V» ընկերության` որպես նախկին «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի օրինական պարտատիրոջ մասով գոյություն ունի Միջազգային արբիտրաժի Լոնդոնի դատարանի 16.09.2005 թվականի արբիտրաժային որոշումը, որի համաձայն` հայցվորը «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի նկատմամբ ստանում է 847.775.011.26 ԱՄՆ դոլարի պահանջի իրավունք։ Հետևաբար «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասն օտարելիս և դրա արդյունքում այն ձեռքբերողի իրավունքը գրանցելիս խախտվել են հայցվորի իրավունքներն ու օրինական շահերը, քանի որ նա զրկվել է հիշյալ արբիտրաժային որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվելու դեպքում իր իրավունքներն իրականցնելու հնարավորությունից։

գ/ «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության` որպես  «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի նախկին բաժնետիրոջ մասով` վերջինիս լուծարվելու դեպքում դրա գույքից բաժին ստանալու իրավունքի խախտմամբ։

         

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 19.01.2010 թվականի որոշումը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու վերաբերյալ բողոքը մերժելու մասով։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

 

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործերի քննության ընթացքում հայցի ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի համաձայն` դատարանըգործին մասնակցող անձի միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը կամ հանգեցնել վեճի առարկա հանդիսացող գույքի վիճակի վատթարացմանը։ Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության ցանկացած փուլում։

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտությունն առաջանում է այն դեպքում, երբ նման միջոց չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը, կամ էլ կարող է վատթարացնել վեճի առարկա գույքի վիճակը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի ապահովման ինստիտուտը նպատակ է հետապնդում երաշխավորելու հետագայում ընդունվող դատական ակտի կատարումը։ Հայցի ապահովում կիրառելու համար անհրաժեշտ է ապացուցել հայցի ապահովում չկիրառելու դեպքում դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հանգամանքը (տե´ս ըստ դիմումի "Բի լայն" ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության` պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/0677/05/08 վարչական գործով 21.04.2008 թվականի ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումը)։

Սույն գործով ներկայացված հայցադիմումով հայցվորները միջնորդել են դատարանին կիրառել հայցի ապահովման միջոց, քանի որ «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի կողմից կարող են իրականացվել բաժնեմասի տնօրինման գործողություններ, ինչը կդժվարացնի կամ անհնարին կդարձնի դատական ակտի կատարումը։

Միջնորդությամբ հայցվորները խնդրել են`

1) արգելել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, ինչպես նաև նրա տարածքային ստորաբաժանումներին /այդ թվում նաև Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը/ ձեռնարկելու որևէ միջոց` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասի /դրա մասի/ նկատմամբ որևէ այլ անձի սեփականության իրավունքը,

2) արգելել "ՆԿ Ռոսնեֆտ" ԲԲԸ-ին որևէ կերպ օգտագործել և /կամ/ տնօրինել  «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասը /դրա մասը/,

3) արգելել Նիկիտա Տոլստիկովին և /կամ/ նրա լիազորված անձանց կամ նրանց իրավահաջորդներին «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի անունից օգտագործել և /կամ/ տնօրինել «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»  ՍՊԸ-ի գույքը։

Տվյալ դեպքում Դատարանը մերժելով ՀՀ վարչական դատարանի 01.12.2009 թվականի «Հայցի ապահովման միջոց կիրառելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման դեմ  Գրիգոր Բեքմեզյանի բողոքը, պատճառաբանել է, որ հայցվոր կողմը միջնորդության 1-ին կետով հստակորեն չի նշել, թե սեփականության իրավունքի ինչն է ցանկանում արգելել, ինչի հետևանքով ՀՀ վարչական դատարանը 01.12.2009 թվականի որոշմամբ իրավացիորեն նշել է, որ միջնորդությունը հստակ չէ և դրան անդրադառնալ հնարավոր չէ։ Միաժամանակ, Դատարանը գտել է որ միջնորդությամբ բերված փաստարկները բավարար ու հիմնավոր չեն հայցի ապահովման միջոց կիրառելու համար, քանի որ առկա չէ որևէ հիմնավորում, որ նման միջոցներ չկիրառելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։

Սույն գործով հայցվորները հայցադիմումով պահանջել են առ ոչինչ ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի վարչական ակտերը՝ որպես Ընկերության կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի 31.07.2009 թվականի գրանցումը, ինչպես նաև Արմեն Միքայելյանի փոխարեն որպես Ընկերության տնօրեն Նիկիտա Տոլստիկովին նշանակելու մասին 06.08.2009 թվականի պետական գրանցումը, և վերացնել միջամտող վարչական ակտը, այսինքն՝ հայցվորներ «Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս» հիմնադրամը` որպես նախկին «ՆԿ Յուկոս» ընկերությունների խմբի մաս, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V» ընկերությունը` որպես նախկին «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի օրինական պարտատեր և «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը` որպես «ՆԿ Յուկոս» ԲԲԸ-ի նախկին բաժնետեր, դիմելով դատարան` նպատակ են ունեցել վերականգնել բաժնեմասի «օրինական տիրապետողի» և բաժնեմասի նկատմամբ օրենքի համաձայն բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց իրավունքները, ինչն էլ իր հերթին ենթադրում է, որ մինչև ՀՀ վարչական դատարանի կողմից դատական ակտ կայացնելը դրա օտարումը կամ այլ կերպ տնօրինումը անհնարին կդարձնի կամ կդժվարացնի այդ դատական ակտի կատարումը։

Ինչ վերաբերում է միջնորդության 1-ին կետի անհստակ ձևակերպման վերաբերյալ Դատարանի պատճառաբանությանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քանի որ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, ինչպես նաև նրա տարածքային ստորաբաժանումների խնդիրը, ի թիվս այլ ֆունկցիաների, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում մասնակիցների բաժնեմասի գրանցումն է, ապա նշված կետում, ըստ էության, առկա է տեխնիկական վրիպակ, որը, սակայն չի արգելում միջնորդության պահանջը ճիշտ հասկանալուն. մասնավորապես նշված կետը պետք է ձևակերպվեր հետևյալ կերպ. "Արգելել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, ինչպես նաև նրա տարածքային ստորաբաժանումներին /այդ թվում նաև Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը/ ձեռնարկելու որևէ միջոց` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասի / դրա մասի/ նկատմամբ որևէ այլ անձի սեփականության իրավունքի գրանցման ուղղությամբ" : Հետևաբար արդարացի չէ ձևական նկատառումներով միջնորդության հիշյալ կետը թյուրըմբռնելի որակելը և դրան չանդրադառնալը: 

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.01.2010 թվականի որոշման` հայցի ապահովման միջոցի կիրառման միջնորդությունը մերժելու մասը և այն փոփոխել. բավարարել հայցի ապահովման միջոցի կիրառման վերաբերյալ միջնորդությունը`

1/ արգելել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, ինչպես նաև նրա տարածքային ստորաբաժանումներին /այդ թվում նաև Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը/ ձեռնարկելու որևէ միջոց` «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասի /դրա մասի/ նկատմամբ որևէ այլ անձի սեփականության իրավունքի գրանցման ուղղությամբ,

2/ արգելել "ՆԿ Ռոսնեֆտ" ԲԲԸ-ին որևէ կերպ օգտագործել և /կամ/ տնօրինել  «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնեմասը /դրա մասը/,

3/ արգելել Նիկիտա Տոլստիկովին և /կամ/ նրա լիազորված անձանց կամ նրանց իրավահաջորդներին «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի անունից օգտագործել և /կամ/ տնօրինել «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ»  ՍՊԸ-ի գույքը։

ՀՀ վարչական դատարանի 19.01.2010 թվականի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

 

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. Դրմեյան

Է. ՀԱՅՐԻՅԱՆ

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան