Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.06.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.06.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0536/02/13

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0536/02/13

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2014 թվականի հունիսի 30-ին

քննարկելով ըստ հայցի «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ընդդեմ Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ Ափինյանների, Սիրանուշ Ծատինյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ Ափինյանների, Սիրանուշ Ծատինյանի հակընդդեմ հայցի ընդդեմ  Ընկերության` 02.11.2011 թվականին կնքված քարտով վարկային սահմանաչափի տրամադրման մասին թիվ 060216/310894 պայմանագիրը, 03.11.2011 թվականին կնքված «Անշարժ գույքի գրավով ապահոված վարկային քարտերի տրամադրման մասին» թիվ 310894 պայմանագիրը, այդ պայմանագրի անբաժանելի մաս կազմող 03.11.2011 թվականին կնքված անշարժ գույքի գրավի մասին թիվ 1C223839 պայմանագիրը, երաշխավորության թիվ 333108 պայմանագիրը և երաշխավորության թիվ 333109 պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Ռոբերտ Ափինյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Հասմիկ, Ռոբերտ, Անահիտ  Ափինյաններից և Սիրանուշ Ծատինյանից համապարտության կարգով բռնագանձել 25.976 ԱՄՆ դոլար և 34 ցենտ ու 17.966 ՀՀ դրամ, ինչպես նաև Ընկերության կողմից վճարած պետական տուրքի գումարը, սկսած 26.12.2012 թվականից մինչև վարկի մնացորդի գումարը՝ 22.907.50 ԱՄՆ դոլարը, Ընկերությանը վերադարձնելու օրը, հաշվարկել և պատասխանողներից համապարտության կարգով բռնագանձել պայմանագրով նախատեսված տարեկան 15% տոկոսադրույքը, սկսած 26.12.2012 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել և բռնագանձել պայմանագրով նախատեսված տույժերի գումարը, գումարի բռնագանձումը տարածել ինչպես պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող գույքի և դրամական միջոցների վրա, այնպես էլ պատասխանողների կողմից գրավադրված Երևանի Ագաթանգեղոսի փողոցի 7-րդ շենք թիվ 6 բնակարանի վրա։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ  վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ս. Թադևոսյան) (այսուհետ` Դատարան) 13.02.2014 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.03.2014 թվականի որոշմամբ Ռոբերտ Ափինյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին, մերժվել է և վերաքննիչ բողոքը վերադարձվել է` միաժամանակ սահմանելով ժամկետ թույլ տրված խախտումները վերացնելու և բողոքը կրկին ներկայացնելու համար:

Վերաքննիչ դատարանի 07.04.2014 թվականի որոշմամբ Ռոբերտ Ափինյանի միջնորդությունը՝ պետական տուրքի վճարումից ազատելու մասին, կրկին մերժվել է, իսկ վերաքննիչ բողոքը վերադարձվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Ափինյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի «ա» կետը, 31-րդ հոդվածի «գ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով հաստատված է այն հանգամանքը, որ բողոք բերողն առաջին կարգի հաշմանդամ է: Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելիս պատճառաբանել է, որ բողոք բերած անձը գույքային վատ դրության վերաբերյալ այլ ապացույցներ չի ներկայացրել, իսկ ինչ վերաբերում է նրա կողմից ներկայացրած հաշմանդամության վերաբերյալ փաստաթղթին, ինչպես նաև հիվանդության ախտորոշման վերաբերյալ պոլիկլինիկական ծառայության 24.03.2014 թվականի փաստաթղթին, ապա դրանք չեն կարող հիմք հանդիսանալ միջնորդությունը բավարարելու համար, քանի որ թոշակառու կամ հաշմանդամ լինելու հանգամանքը դեռևս չի վկայում անձի գույքային ծանր դրության մասին:

Վերաքննիչ դատարանի որոշումը հիմնավորված չէ և չի համապատասխանում իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի չափանիշին: Պետական տուրքի գծով արտոնություններ սահմանելու դատարանի լիազորությունը հայեցողական է, սակայն այն չպետք է սահմանափակի անձի արդարադատության մատչելիությունը:  

Վերաքննիչ դատարանը, պետական տուրքի վճարումից ազատելու մասին միջնորդությունը մերժելով, սահմանափակել է բողոք բերած անձի վերաքննիչ բողոքի քննության իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 07.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանն այն գտնում է  հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ  միջոցների իրավունք:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար։

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պետական տուրքի չափը սահմանելու, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հարցերը լուծվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով:

  ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` պետական տուրք վճարողներն իրավունք ունեն դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքի գծով կարող է սահմանվել արտոնություն` պետական տուրքի վճարումից ազատում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի համաձայն`առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` նույն օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադառնալով տվյալ իրավական խնդրին` նշել է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի առաջին պարբերության «գ» կետի համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել դատարանները կամ դատավորները` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից և այդ արտոնությունները ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու հնարավորությունը, որն ուղղված է ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված՝ յուրաքանչյուր անձի դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրականացմանը: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև  (տես` Արմենակ և Գուլյա Սահակյանների հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական բանկի` նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդի գումարը փոխհատուցելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 28.11.2008 թվականի թիվ 3-734(ՎԴ) որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ յուրաքանաչյուր դեպքում պետական տուրքի գծով արտոնությունների կիրառումը պետք է հիմնվի դատարանի ներքին համոզման վրա (սուբյեկտիվ չափորոշիչ), որը, սակայն, ձևավորվում է ապացույցների օբյետիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտման վրա (օբյեկտիվ չափորոշիչ): Բացի այդ, ներքին համոզման հիման վրա ապացույցների գնահատումը, որպես ապացուցման գործընթացի բաղկացուցիչ մաս, չպետք է լինի կամայական, այլ պետք է ուղղված լինի քաղաքացիական դատավարության նպատակների իրականացմանը, որոնցից ամենահիմնականը` իրավունքի սուբյեկտների խախտված կամ վիճարկվող իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն է:

  Սույն գործի փաստերի համաձայն` Ռոբերտ Ափինյանը Դատարանի 13.02.2014 թվականի վճռի դեմ բերել է վերաքննիչ բողոք` միաժամանակ միջնորդելով ազատել պետական տուրքի վճարումից այն պատճառաբանությամբ, որ ինքն առաջին խմբի  հաշմանդամ է` ախտորոշված է զարգացման վերջին աստիճանի քաղցկեղ, միակ եկամտի աղբյուրը հաշմանդամության թոշակն է: Նյութական ծանր վիճակի հետ կապված նույնիսկ չի կարողանում ստանալ պարտադիր քիմիաթերապիա: Որպես իր նյութական ծանր դրությունը հիմնավորող ապացույց` բողոք բերած անձը վերաքննիչ բողոքին կից ներկայացրել է հիվանդության ախտորոշման վերաբերյալ պոլիկլինիկական ծառայության 24.03.2014 թվականի փաստաթուղթը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 17.05.2010 թվականի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը:

Վերաքննիչ դատարանը մերժելով նշված միջնորդությունը` վերադարձրել է վերաքննիչ բողոքը` պատճառաբանելով, որ բողոք բերած անձի փաստարկները հաշմանդամ և թոշակառու լինելու և դրանց վերաբերյալ առկա ապացույցները բավարար չեն վերջինիս գույքային դրությունը ծանր գնահատելու և պետական տուրքի վճարումից ազատելու  արտոնություն  սահմանելու համար։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանություններին և բողոք բերած անձի ներկայացրած ապացույցներին` հիվանդության ախտորոշման վերաբերյալ պոլիկլինիկական ծառայության 24.03.2014 թվականի փաստաթղթին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 17.05.2010 թվականի հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքին, արձանագրում է, որ Ռոբերտ Ափինյանի առաջին խմբի հաշմանդամ լինելու, եկամտի միակ աղբյուրը հաշմանդամության թոշակը ստանալու հանգամանքը համարվում է բավարար օբյեկտիվ հիմք վերջինիս գույքային դրությունը ծանր դիտելու համար: Բողոք բերած անձի կողմից ներկայացված ապացույցները արտացոլում են նրա գույքային ծանր դրությունը, հետևաբար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի «գ» կետի հիմքով որպես պետական տուրքի գծով արտոնություն` այն է պետական տուրքից ազատում,  կարող էր սահմանվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, Ռոբերտ Ափինյանի վերաքննիչ բողոքը վերադարձնելով, չի ապահովել ստորադաս դատարանի դատական ակտի վերանայման հնարավորությունը` դրանով իսկ խախտելով Ռոբերտ Ափինյանի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերագրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222-րդ,  240-րդ, 2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.04.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան