Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.11.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.11.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ/2298/05/10

Վարչական գործ թիվ ՎԴ/2298/05/10

2010թ.

Նախագահող դատավոր՝  Ա. Աբովյան
                   դատավորներ՝  Լ. Սոսյան
                                             Ռ. Սարգսյան 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Գ. ՀԱկոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի նոյեմբերի 30-ին,

քննարկելով Երևանի «Գլաձոր» համալսարան ուսումնաարտադրական կոոպերատիվի (այսուհետ` Համալսարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 03.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Համալսարանը դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ ՀՀ կրթության և գիտության նախարարության (այսուհետ` Նախարարություն)` Նախարարության՝ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հարաբերություններում հավատարմագրման պահանջի շրջանցման գործողությունները (անգործությունը), Համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ» մասնագիտությունների գծով հավատարմագրում չիրականացնելու հետ կապված գործողությունները (անգործությունը) ոչ իրավաչափ ճանաչելու և «Հայոց լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ» մասնագիտությունների գծով հավատարմագրում կազմակերպելուն Նախարարությանը պարտավորեցնելու պահանջների մասին։

ՀՀ վարչական դատարանի 09.07.2010 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 03.08.2010 թվականի որոշմամբ Համալսարանի բողոքը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համալսարանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, 13-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ, 68-րդ, 79-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը, արձանագրելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի սահմանափակումը չի տարածվում նույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան ներկայացված հայցատեսակի վրա, չի փաստել, որ ՀՀ վարչական դատարանը չէր կարող հայցադիմումի ընդունումը մերժել: Նման պայմաններում Դատարանն անտեսել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի    3-րդ մասն 1-ին մասի հետ որևէ կապ չունի, և այդ մասով որևէ սահմանափակում առկա չէ:

Դատարանը, մերժելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը, բողոք բերած անձին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված դատական պաշտպանության  իրավունքից։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 03.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (Տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։

Բացի այդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (Տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության(Z. and Others v. The United Kingdom), թիվ 29392/95, 91-93-րդ կետեր

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով,

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն,

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝

1. ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:

2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:

3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝ 1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ, 2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ 3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անձի՝ դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով։ Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ճանաչման հայցով դատարան դիմելու իրավունքը կարող է սահմանափակվել, եթե անձն ունի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-67-րդ հոդվածներով նախատեսված վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց ներկայացնելու հնարավորություն: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված ճանաչման հայց ներկայացնելու համար որևէ սահմանափակում նախատեսված չէ:

Սույն գործով Համալսարանը հայցադիմում է ներկայացրել պահանջելով`

1. Նախարարության` պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հարաբերություններում հավատարմագրման պահանջի շրջանցման գործողությունները (անգործությունը) ճանաչել ոչ իրավաչափ,

2. Նախարարության` Համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ» մասնագիտությունների գծով հավատարմագրում չիրականացնելու հետ կապված գործողությունները (անգործությունը) ճանաչել ոչ իրավաչափ,

3. վերացնել Նախարարության անգործության հետևանքները`  պարտավորեցնելով վերջինիս անհապաղ կազմակերպել Համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ» մասնագիտությունների գծով հավատարմագրումը։

Դատարանը, բողոքը մերժելով, նշել է, որ այն իր ձևակերպմամբ չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորմանը: Միաժամանակ Դատարանը գտել է, որ եթե հայցվորն ունի տվյալ իրավահարաբերության կապակցությամբ իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար վիճարկման, պարտավորեցման կամ գործողության կատարման հայց ներկայացնելու հնարավորություն, ապա նա պետք է ներկայացնի տվյալ հայցը և ոչ թե ճանաչման  իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը ճանաչելու մասին հայցը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված ճանաչման հայցը վերաբերում է վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելուն, որի ներկայացման իրավական հնարավորությունը նախատեսված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ նշված մասով հայց ներկայացնելու դեպքում նույն հոդվածի 1-ին մասի սահմանափակումը չի տարածվում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Դատարանի որոշումը վերացնելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական դատարանի 03.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 09.07.2010 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։  

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Գ. ՀԱկոբյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան