ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/4342/05/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Հ. Բեդևյան | |
Դատավորներ՝ Ք. Մկոյան | |
Ա. Սարգսյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ | ||
Մ. Դրմեյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի հունվարի 29-ին,
քննարկելով «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Կարեն Պետրոսյանի և Արմեն Միքայելյանի ներկայացուցիչ Վաչագան Քոսյանի վճռաբեկ բողոքները ՀՀ վարչական դատարանի 27.10.2009 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,
ՊԱՐԶԵՑ
1. Գործով կայացված դատական ակտի էությունը
«Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս» հիմնադրամի, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերության, «Յուկոս ՍՆԳ Ինվեստմենթ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն), «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V» ընկերության և Արմեն Միքայելյանի անուններից Վաչագան Քոսյանը, Կարեն Պետրոսյանը և Գրիգոր Բեքմեզյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի՝ վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու և միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջներով:
ՀՀ վարչական դատարանի 07.10.2009 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.10.2009 թվականի որոշումներով ՀՀ վարչական դատարանի 07.10.2009 թվականի որոշման դեմ Գրիգոր Բեքմեզյանի բողոքը բավարարվել է մասնակի՝ ՀՀ վարչական դատարանի 07.10.2009 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» թիվ ՎԴ/4342/05/09 որոշումը Գրիգոր Բեքմեզյանի մասով վերացվել է, իսկ Կարեն Պետրոսյանի և Վաչագան Քոսյանի բողոքները մերժվել են:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կարեն Պետրոսյանը և Վաչագան Քոսյանը:
Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
2.1. Կարեն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը որոշմամբ պատճառաբանել է, որ Կարեն Պետրոսյանին լիազորագիրը տրվել է Ընկերության նախկին տնօրեն Արմեն Միքայելյանի կողմից, որի լիազորությունները, իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03Ա 053441 վկայականում արված գրառման համաձայն, դադարեցվել են 06.08.2009 թվականին, հետևաբար իրավաբանական անձի անունից նրա տնօրենի կողմից տրված լիազորագիրը դադարել է: Դատարանը պատճառաբանել է նաև, որ նշված լիազորագիրը վերացվել է լիազորագրողի կողմից, մանավանդ որ Արմեն Միքայելյանի փոխարեն Ընկերության տնօրեն նշանակելու մասին 06.08.2009 թվականի գրանցումն առ ոչինչ լինելը չի հաստատվել վարչական կամ դատական կարգով: Մինչդեռ Ընկերության անունից հայցադիմումը ստորագրած Կարեն Պետրոսյանի համոզմամբ այդ գրանցումն առ ոչինչ է, իսկ Դատարանը վճռի պատճառաբանական մասում որևէ կերպ չի անդրադարձել վերոնշյալ վարչական ակտերի առ ոչինչ չլինելու փաստին:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 27.10.2009 թվականի որոշումը:
2.2. Վաչագան Քոսյանի վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ, 21-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը որոշմամբ պատճառաբանել է, որ Արմեն Միքայելյանի կողմից Վաչագան Քոսյանին տրված լիազորագրում նախատեսված չէ Արմեն Միքայելյանի շահերը ՀՀ վարչական դատարանում ներկայացնելու լիազորություն: Մինչդեռ, եթե լիազորագրում նշված է, որ Վաչագան Քոսյանը պետք է ներկայացնի լիազորագրողի շահերը, քրեական և քաղաքացիական գործերով լինի իր ներկայացուցիչը և շահերի պաշտպանը, ներգրավվի ՀՀ ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ բոլոր դատարաններում և կատարի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածում նշված գործողությունները, ապա փաստացի իրավիճակից ելնելով Վաչագան Քոսյանը կարող է այդ նույն իրավունքների և շահերի պաշտպանությամբ հանդես գալ նաև ՀՀ վարչական դատարանում:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 27.10.2009 թվականի որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննարկելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
3.1) Կարեն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար.
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմն իրավունք ունի վարչական դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
Սույն գործի փաստերի համաձայն` Վաչագան Քոսյանը, Կարեն Պետրոսյանը և Գրիգոր Բեքմեզյանը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել են առոչինչ ճանաչել որպես Ընկերության կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի 31.07.2009 թվականի գրանցումը, ինչպես նաև Արմեն Միքայելյանի փոխարեն որպես Ընկերության տնօրեն Նիկիտա Տոլստիկովին նշանակելու մասին 06.08.2009 թվականի պետական գրանցումը: ՀՀ վարչական դատարանի 07.10.2009 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումը ստորագրել են այն ստորագրելու լիազորություն չունեցող անձինք: Դատարանը մերժել է նշված որոշման դեմ Կարեն Պետրոսյանի բերած բողոքը` պատճառաբանելով, որ վերջինիս տրված լիազորագիրը չի կարող համարվել պատշաճ, քանի որ այն տրված է Ընկերության նախկին տնօրեն Արմեն Միքայելյանի կողմից, որի լիազորությունները դադարեցվել են, և 06.08.2009 թվականին իրավաբանական անձի պետական գրանցման թիվ 03Ա 053441 վկայականում արված գրառման համաձայն` որպես Ընկերության գլխավոր տնօրեն է գրանցվել Նիկիտա Տոլստիկովը: Հետևաբար Ընկերության շահերը ներկայացնելու համար Կարեն Պետրոսյանը պետք է լիազորված լիներ Նիկիտա Տոլստիկովի կողմից ստորագրված և Ընկերության կնիքով հաստատված լիազորագրով:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը, հանգելով վերոնշյալ եզրահանգման, անտեսել է, որ Ընկերության նախկին տնօրեն Արմեն Միքայելյանը Կարեն Պետրոսյանի միջոցով ներկայացված հայցադիմումով վիճարկում է մինչև իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնում 06.08.2009 թվականին Նիկիտա Տոլստիկովին Ընկերության տնօրեն գրանցելը կայացված վարչական ակտի՝ Ընկերության կանոնադրական կապիտալում 100 տոկոս բաժնեմասի սեփականատեր «ՆԿ Ռոսնեֆտ» ԲԲԸ-ի 31.07.2009 թվականի գրանցման առոչինչ լինելը, այսինքն՝ Ընկերության նախկին տնօրեն Արմեն Միքայելյանին զրկել է հիշյալ վարչական ակտերը վիճարկելու, Ընկերության շահերը դատական կարգով պաշտպանելու իրավունքից: Դատարանը, գտնելով, որ Կարեն Պետրոսյանին տրված լիազորագիրը պատշաճ չէ, վկայակոչել է մասնավորապես Արմեն Միքայելյանի փոխարեն Նիկիտա Տոլստիկովին Ընկերության տնօրեն նշանակելու մասին 06.08.2009 թվականի պետական գրանցման փաստը` անտեսելով այն հանգամանքը, որ հենց այդ վարչական ակտի իրավաչափության հարցն էլ վիճարկվում է Ընկերության կողմից:
Բացի այդ, Դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառումը, որի համաձայն` լիազորագրի գործողությունը դադարում է, եթե լիազորագրողը վերացրել է այն, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում վերոգրյալ և մասնավորապես` ներքոշարադրյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առոչինչ վարչական ակտն ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով լիազորագրողի, այն է` որպես Ընկերության տնօրեն Արմեն Միքայելյանի կողմից տրված հիշյալ լիազորագիրը նոր տնօրենի կողմից վերացնելու հարցը կարող է պարզվել միայն հայցադիմումով վիճարկվող վարչական ակտերի իրավաչափության հարցը ՀՀ վարչական դատարանում քննվելուց հետո միայն: Ուստի ՀՀ վարչական դատարանը պարտավոր էր հանգամանորեն քննարկել 31.07.2009 թվականին և 06.08.2009 թվականին կատարված պետական գրանցումների օրինականության հարցը՝ իր հետևանքներով:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ Դատարանը հայցադիմումը վերադարձնելու հարցը պետք է լուծեր Կոնվենցիայով երաշխավորված դատարանի մատչելիության իրավունքի լույսի ներքո:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում, երբ ներպետական դատարաններն իրենց համար հիմք են ընդունել վարչական մարմինների լուծումներն այն դեպքում, երբ դրանք էական են եղել քննվող գործի լուծման համար` առանց համապատասխան հարցերն անկախ կերպով քննության առնելու (Տես Օբերմեյերն ընդդեմ Ավստրիայի գործով Եվրոպական դատարանի 28.06.1990 թվականի վճիռը, կետեր 22, 23):
Սույն գործով որպես այդպիսին հանդես է գալիս 31.07.2009 թվականին իրավաբանական անձի պետական գրանցումը, Արմեն Միքայելյանի փոխարեն Նիկիտա Տոլստիկովին որպես Ընկերության տնօրեն նշանակելու մասին 06.08.2009 թվականի գրանցումը, որը Դատարանը հիմք ընդունելով, առանց քննության առնելու, վերադարձրել է հայցադիմումն այն դեպքում, երբ այն սույն գործի քննության համար էական նշանակություն ունի, քանի որ սույն գործով վիճարկվում է հենց այդ վարչական ակտերը:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը, իսկ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը: Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (Տես՝ թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44):
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ՀՀ վարչական դատարանի 07.10.2009 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշմամբ Ընկերությունը զրկվել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով երաշխավորված վերը նշված վարչական ակտերի հետ կապված դատական պաշտպանության իրավունքից:
3.2) Վաչագան Քոսյանի վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վարչական դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 321-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` լիազորագիր է համարվում գրավոր լիազորությունը, որն անձը տալիս է այլ անձի` երրորդ անձանց առջև ներկայացվելու համար:
Վերոգրյալ իրավանորմից բխում է, որ դատարանում ներկայացուցչի կողմից ներկայացվողի անունից կատարվող դատավարական գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է հատուկ նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը:
Սույն գործի փաստերի համաձայն` Արմեն Միքայելյանը 08.05.2009 թվականի լիազորագրով Վաչագան Քոսյանին լիազորել է իր շահերը ներկայացնելու քրեական և քաղաքացիական գործերով, ներգրավվել ՀՀ դատախազությունում, ՀՀ ոստիկանության քննչական բոլոր մարմիններում, ՀՀ ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում ու կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 42-րդ հոդվածում նշված գործողությունները:
Դատարանը, մերժելով Վաչագան Քոսյանի բողոքը, պատճառաբանել է, որ Արմեն Միքայելյանի կողմից Վաչագան Քոսյանին տրված լիազորագրում նախատեսված չէ Արմեն Միքայելյանի շահերը ՀՀ վարչական դատարանում ներկայացնելու լիազորություն:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է Դատարանի վերոնշյալ պատճառաբանությունը, քանի որ հիշյալ լիազորագրում նախատեսված է Արմեն Միքայելյանի շահերը քաղաքացիական և քրեական գործերով ներկայացնելու Վաչագան Քոսյանի լիազորությունը, և դրանում որևէ նշում չկա վարչական գործերով ՀՀ վարչական դատարանում շահերը ներկայացնելու համար վերջինիս լիազորելու մասին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վաչագան Քոսյանն օժտված չէ ՀՀ վարչական դատարանում Արմեն Միքայելյանի անունից հանդես գալու իրավունքով:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Կարեն Պետրոսյանի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Կարեն Պետրոսյանի բողոքի մասով Դատարանի որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Կարեն Պետրոսյանի վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել Կարեն Պետրոսյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի 27.10.2009 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը:
2. Վաչագան Քոսյանի վճռաբեկ բողոքը մերժել: Վաչագան Քոսյանի բողոքի վերաբերյալ ՀՀ վարչական դատարանի 27.10.2009 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. ՀԱՅՐԻՅԱՆ | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |