ՎԱԼԵՐԻ ՍԱՄՈՅԼՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2012թ. հունվարի 24-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմողը ծնվել է 1958թ.: Նրան ձերբակալել են և պահել կալանավայրում:
Ա. Դիմողի նկատմամբ քրեական վարույթները
6. Դիմողը եղել է Մոսկվայի տարածաշրջանային դատախազ: Նա թոշակի էր անցել 2006թ.:
7. Ազգային իրավասու մարմինները քրեական վարույթ էին հարուցել մի քանի անհատի դեմ` կազմակերպված հանցավոր խմբի կողմից կատարված խոշորամասշտաբ յուրացումների և պաշտոնեական լիազորությունների չարաշահման կասկածանքով և պաշտոնատար անձանց ներգրավելով (տես ստորև` կետ 17): Հայտնի է դառնում, որ 2007թ. սեպտեմբերին դիմողը հարցաքննվել է որպես վկա:
8. Ըստ ազգային իրավասու մարմինների (տես` կետ 25)` 2007թ. հոկտեմբերից մինչ այդ պահը դիմողը չի ընդունել նախաքննություն անցկացնող մարմինների` հարցաքննության ներկայանալու հրավերը և չի բնակվել իր գրանցման հասցեում:
9. 2008թ. մարտի 14-ին քննիչ Գ.-ն որոշում է կայացրել, ըստ որի` վերը նշված քրեական վարույթում դիմողը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նույն օրը քննիչը որոշում է կայացրել` դիմողի կողմից ստորագրությամբ իր բնակության վայրից չհեռանալու և «պատշաճ վարքագիծ» դրսևորելու մասին (подписка о невыезде и надлежащем поведении): Որոշումը նախատեսում էր հետևյալը.
«Դիմողը գրանցված է հետևյալ հասցեում … քննություն անցկացնող մարմինների փորձերը` որոշելու համար նրա իրական գտնվելու վայրը, ապարդյուն էին: Կան բավարար հիմքեր համարելու, որ նա փորձել էր խուսափել քրեական հետապնդումից: Հետևաբար, ես կարգադրում եմ գործադրել խափանման միջոց, ըստ որի` արգելվում է հեռանալ բնակության վայրից և պահանջվում է լավ վարքագծի դրսևորում»:
Ըստ դիմողի` ոչ իրեն և ոչ էլ իր փաստաբանին այն ժամանակ չեն տեղեկացրել նշված որոշումների մասին:
10. Նույն օրը քննիչը կարգադրել է որպիսի դիմողի անունն ավելացվի դաշնային մակարդակում հետախուզվողների ցուցակում: Այս որոշումն ուժի մեջ է մտել 2008թ. ապրիլի 1-ին:
11. Ըստ դիմողի` այս ժամանակահատվածում ինքը չի թաքնվել: Նա բուժում էր ստանում հիվանդանոցում և մասնակցում հասարակական միջոցառումների: Օրինակ` 2008թ. մարտի 14-ին նա մասնակցել է դատախազության գործունեության 75-րդ տարեդարձին նվիրված հասարակական արարողությանը և ստացել է պատվոգիր Մոսկվայի դատախազի կողմից:
12. 2008թ. մարտի 17-ին դիմողը հանդիպել են քննիչ Գ.-ին, և նրան հարցաքննության ծանուցագիր են տվել 2008թ. մարտի 24-ին: Նույն օրը դիմողին ընդունել են քաղաքի թիվ 52 հիվանդանոց: Նույն օրը քննիչ Կ.-ն հարցաքննել է դիմողի որդուն: Վերջինս նշել է, որ դիմողին ընդունել են հիվանդանոց, բայց չի կարողացել նշել հիվանդանոցի հասցեն:
13. 2008թ. ապրիլի 8-ին դիմողին տեղափոխել են ռազմական հիվանդանոց:
14. Քննիչ Կ.-ի հարցմանն ի պատասխան` քաղաքային հիվանդանոցը 2008թ. ապրիլի 15-ին տեղեկացրել է, որ դիմողը բուժվել է այդ հիվանդանոցում 2008թ. մարտի 24-ից մինչև նույն թվականի ապրիլի 7-ը: Ի պատասխան մյուս հարցման` ռազմական հիվանդանոցն ըստ երևույթին 2008թ. ապրիլի 23-ին քննիչին տեղեկացրել է, որ սկսած 2008թ. ապրիլի 8-ից դիմողն իրենց մոտ է և նրա բուժման ավարտն ակնկալվում է 2008թ. ապրիլի 30-ին:
15. Ի պատասխան քննիչ Գ.-ի` 2008թ. ապրիլի 24-ին կայանալիք հարցաքննության ծանուցմանը` դիմողի փաստաբանը նշել է, որ նա հիվանդանոցային բուժում է ստանում ռազմական հիվանդանոցում և պահանջել է, որ դիմողի անունը դաշնային մակարդակում հետախուզվողների ցուցակում ընդգրկելու մասին որոշումը վերացվի:
16. Նույն օրը` 2008թ. ապրիլի 24-ին, ձերբակալություն իրականացնող ոստիկաններն այցելում են դիմողին` հիվանդանոցում, և մոտավորապես երեկոյան ժամը 4-ին նրան տանում են քննչական բաժանմունք: Ձերբակալության արձանագրությունը ձևակերպվել էր հետևյալ կերպ.
«Կալանքն իրականացվել է Քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին (2) և 2-րդ մասերի հիման վրա, քանի որ ականատեսները նշել էին, որ դիմողը հանցագործ է, և նա նախկինում փորձել է խուսափել քննությունից, ու նրա անունը ներառվել էր հետախուզվողների ցուցակում: Եթե դիմողը մնար ազատության մեջ, նա կշարունակեր խուսափել վարույթն իրականացնող մարմնից, կշարունակեր իր հանցավոր գործունեությունը, անօրինական ազդեցություն կունենար վարույթի մյուս մասնակիցների վրա, կոչնչացներ ապացույցները կամ այլ կերպ կխոչընդոտեր վարույթին»:
Դիմողը գրավոր մեկնաբանություն է ներկայացրել նշված արձանագրության վերաբերյալ` նշելով, որ նա որևէ ականատեսի կողմից չի ճանաչվել, ինքն ապրել է Մոսկվայի իր բնակարանում և քննությունից խուսափելու ոչ մի փորձ չի արել: Դիմողին տրվել էր արձանագրության օրինակը, որում նշված էին նրա նկատմամբ բերված մեղադրանքները: Ի հավելումն իր նկատմամբ բերված մեղադրանքի վերաբերյալ մանրամասն մեկնաբանությունների` դիմողը նաև պնդել է, որ իրեն ստիպել էին լքել ռազմական հիվանդանոցը և խնդրել, որ նորից գնա հիվանդանոց կամ ստանա բժշկական օգնություն:
17. Դիմողը մեղադրվում էր կազմակերպված հանցավոր խմբին (преступное сообщество) անդամակցելու ունենալու մեջ, որը, inter alia, ընդգրկել է նաև տարածքային դատախազի, քննիչի և մի քանի այլ ավագ պաշտոնյաների: Ըստ վարույթն իրականացնող մարմինների` այս խումբը կառուցվածքային էր, ուներ հստակ անդամակցություն` հանցավոր գործունեության իրականացման համար դերերի բաշխվածություն, ներքին կարգապահություն և մանրակրկիտ պլանավորում` ընդգրկելով նաև հանցավոր խմբից դուրս այլ մասնակիցների, ներառյալ իրավապահ մարմինների աշխատակիցների: Ըստ վարույթն իրականացնող մարմնի` 2007թ. սկզբին այս խումբը հարուցել է կեղծ քրեական վարույթներ և խուզարկություն է անցկացրել մի քանի մասնավոր կազմակերպությունների տարածքներում, արգելանք է դրել նրանց սեփականության վրա և ապօրինի կերպով յուրացրել է այլ սեփականություն: Դիմողը մեղադրվել է Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով (յուրացում, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ ավելի մեծ մասշտաբով)` 33-րդ հոդվածի 4-րդ մասի հետ համակցված 286-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական դիրքը չարաշահելու դրդչություն, որն էական վնաս է պատճառել) և 210-րդ հոդվածի 2-րդ մասով (հանցավոր խմբին անդամակցություն):
18. Քննիչը հայցել է դատական թույլտվություն դիմողի շարունակական կալանավորման համար` պնդելով, որ 2007թ. սկսած դիմողը եղել է կազմակերպված հանցավոր խմբի անդամ, որը կատարել է խարդախության բազմաթիվ գործողություններ` պետական պաշտոնյաների օգնությամբ: Քննիչը մատնանշել է այն փաստը, որ դիմողը չի ենթարկվել կանխարգելիչ միջոցների, նրա նախկին աշխատանքը, որպես հանրային դատախազ, և սերտ կոռուպցիոն կապը նրա և դատախազության ու այլ իրավապահ մարմինների միջև: Այդ կապակցությամբ քննիչը հիմնվել է դիմողի և այլ անձանց միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրման արդյունքի վրա:
19. 2008թ. ապրիլի 25-ին Մոսկվայի Զամոսկվորետսկի շրջանի դատարանը լսումներ է անցկացրել, որի արդյունքում հաստատվել է դիմողի ձերբակալման օրինականությունը, ինչպես նաև հաստատվել է նրա շարունակական կալանավորումը հետևյալ պայմաններով.
«Հաշվի առնելով մեղադրանքների լրջությունը, հանցագործությունների հանրային վտանգավորությունը, գործի փաստական հանգամանքները և հետախուզվողների ցանկում դիմողի անվան առկայությունը` դատարանը հիմքեր ունի ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելու դեպքում դիմողը կշարունակի խուսափել վարույթն իրականացնող մարմնից, անօրինական ազդեցություն կունենա վկաների և այլ մեղադրյալների վրա կամ այլ կերպ կխոչընդոտեի վարույթին: Դատարանը բավարարված է, որ վարույթն իրականացնող մարմինները նախ տեղեկացել են 2008թ. ապրիլի 23-ին դիմողի բժշկական հաստատություն ընդունվելու մասին: Իրավասու մարմինն իմացել է թիվ 52 հիվանդանոց նրա ընդունվելու մասին միայն այն բանից հետո, երբ նա այդտեղից դուրս է գրվել: Երբ պահանջվել են միջոցներ ձեռք առնել նրա գտնվելու վայրը պարզելու համար, իրավասու մարմինները համապատասխան տեղեկություն չեն ունեցել»:
20. Դիմողը բողոքարկել է` պնդելով, որ առաջին ատյանի դատարանը չի ուսումնասիրել ոչ մի վկայություն` կապված այն պնդման հետ, որ ինքը կխուսափեր վարույթն իրականացնող մարմնից: Նա վիճարկել է, որ ինքը Մոսկվայում մշտական բնակվում է, և որ դատախազությունը տեղյակ է եղել իր գտնվելու վայրի մասին իր հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններից, և կարիք չի եղել իր անունը հետախուզվողների ցուցակում ավելացնելու համար, քանի որ 2008թ. մարտի 17-ին ինքը հարցաքննվել է քննիչի կողմից: Ամեն դեպքում, մինչև 2008թ. մարտի 14-ը դիմողն ունեցել է վկայի կարգավիճակ քրեական վարույթի ընթացքում, և այդպիսով նրան չի պարտադրվել վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին:
21. 2008թ. մայիսի 15-ին Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է կալանավորման մասին միջնորդությունը:
22. 2008թ. մայիսի 30-ին դիմողին թույլատրվել է ծանոթանալ քրեական գործի նյութերին:
23. 2008թ. հունիսի 19-ին Տարածքային դատարանը նիստ է անցկացրել: Քննիչը պնդել է, որ դիմողին ևս մեկ ամիս պետք է պահել կալանքի տակ, քանի որ անհրաժեշտ էր ժամանակ, որպիսի ամբաստանյալները և նրանց պաշտպանները ծանոթանային գործի նյութերին, նախքան գործը դատարան ներկայացնելը պետք էր կազմվեր մեղադրական եզրակացություն: Քննիչը պնդել է, որ կալանավորման հիմքերն առկա էին` հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունն ու քրեական գործի հանգամանքները: Ընդունելով, որ վարույթն իրականացնող մարմինն ավելի երկար ժամանակի կարիք ուներ` քննությունն ավարտելու համար, Տարածքային դատարանը երկարաձգել է դիմողի կալանավորումը մինչև 2008թ. օգոստոսի 13-ը: Դատարանը մատնանշել է մեղադրանքների ծանրությունն ու դիմողի անունը հետախուզվողների ցուցակում ավելացնելու հանգամանքները:
24. Նույն հիմքերով 2008թ. օգոստոսի 11-ին Տարածքային դատարանը երկարաձգել է նրա կալանքը մինչև 2009թ. հունվարի 13-ը: 2008թ. դեկտեմբերի 30-ին կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև 2009թ. ապրիլի 24-ը:
25. 2009թ. մարտի 11-ին Քաղաքային դատարանը քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ մասի հիման վրա երկարաձգել է դիմողի կալանքը մինչև 2009թ. մայիսի 13-ը (տես ստորև` կետ 57): Դատարանի վճռով սահմանվել էր հետևյալը. «Դիմողը մեղադրվել է ծանր քրեական հանցագործություններ կատարելու մեջ … Ներկայիս գործն առանձնակի բարդ է և պահանջում է մեծամասշտաբ քննչական միջոցառումներ և առևտրային գործունեության վերաբերյալ մեծ թվով փաստաթղթերի ձեռքբերում: Գործը բաղկացած է եղել 190 հատորից: Տասնհինգ անձի մեղադրանք է առաջադրվել: Գործի բացառիկ բնույթն ակնհայտ է: Դիմողին մեղադրանք է առաջադրվել երեք հանցագործությունների համար, և նա ծանոթացել է գործի նյութերին սկսած 2008թ. մայիսի 30-ից: Քննության ընթացքում չպատճառաբանված հետաձգումներ չեն եղել. դիմողն անմիջապես թույլտվություն է ստացել ծանոթանալու քրեական գործի նյութերին: Ինչպես երևում է գործի նյութերին ծանոթանալու ժամանակացույցից` ամբաստանյալները գործի նյութերին ծանոթացել են բացի շաբաթվա հանգստյան օրերից և տոն օրերից:
Ըստ վարույթն իրականացնող մարմնի վարկածի` քննվող հանցագործությունները կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի կողմից: Կալանավորման համար համապատասխան հիմքերը շարունակում են առկա լինել:
2007թ. սեպտեմբերին որպես վկա դիմողին հարցաքննելուց հետո` 2007թ. հոկտեմբերից սկսած վարույթն իրականացնող մարմինը դիմողին ուղարկում է հարցաքննության ներկայանալու ծանուցագրեր, ինչը հաստատվել է նրա կնոջ կողմից: Դիմողը չի ներկայացել հարցաքննություններին, չի գտնվել իր գրանցման վայրում, և նրա գտնվելու վայրը հնարավոր չի եղել պարզել: Այս պատճառով` 2008թ. մարտի 14-ին նրա անունն ավելացվել է հետախուզվող անձանց ցուցակում:
Վերը նշված հանգամանքները բավարարում են եզրակացնելու, որ ազատվելու դեպքում նա կխուսափեր քրեական հետապնդումից: Ավելին, անհրաժեշտ է ավարտել գործի նյութերին ծանոթանալը, նա կարող է շարունակել իր հանցավոր գործունեությունը: Այլընտրանքային խափանման միջոցները բավարար չեն լինի…» :
26. 2009թ. ապրիլի 14-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին 2009թ. մարտի 11-ին ներկայացված միջնորդությունը:
27. 2009թ. ապրիլի 20-ին Քաղաքային դատարանը մինչև 2009թ. օգոստոսի 13-ը երկարաձգել է հինգ ամբաստանյալների, ներառյալ` դիմողի կալանքի տակ պահելու ժամկետը: Հղում կատարելով քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածին` դատարանը մատնանշել է քրեական գործի բարդությունը, այն, որ հանցագործությունները շարունակվել էին երկար ժամանակ, և որ որոշ ամբաստանյալներ դեռ պետք է ավարտեին գործի նյութերին ծանոթանալը: Դատարանը մերժել է գրավը` ներառյալ նաև առողջական խնդիրների պատճառով:
28. Դիմողը, մատնանշելով քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասը, բողոքարկել է որոշումը` վիճարկելով, որ իր կալանքը չի կարող տասներկու ամսից ավելի երկար տևել: 2009թ. հունիսի 1-ին Գերագույն դատարանը մերժել է նրա փաստարկներն ու բավարարել 2009թ. ապրիլի 20-ի կալանքի վերաբերյալ որոշումը:
29. 2009թ. հուլիսի 23-ին այս քրեական գործը ներկայացվել է Քաղաքային դատարան դատական քննության: Դատավարությունն սկսվել է 2009թ. օգոստոսի 5-ին: Այդ օրը դատարանը մերժել է կալանավորի` ազատման մասին դիմումը և «խափանման միջոցը թողել անփոփոխ» մեջբերելով մեղադրանքների ծանրությունը և այն վտանգը, որ նրանք կարող էին խուսափել արդարադատությունից ու ճնշում գործադրել տուժող կողմի, ինչպես նաև վկաների վրա` օգտագործելով այն հանգամանքը, որ նրանցից մի քանիսը, ներառյալ` դիմողը, հանրային պաշտոնյայի կարգավիճակ ունեին: Հղում կատարելով քրեական դատավարության օրենսգրքի 255-րդ հոդվածին` դատարանը կայացրել է հետևյալ վճիռը.
«Հաշվի առնելով մեղադրանքների ծանրությունն ու ծավալը, սույն գործը բացահայտում է հանրային շահն ու այն կարևորությունը, որն առկա է ամբաստանյալների ազատության սահմանափակման որոշման մեջ` չնայած անմեղության կանխավարկածին. անհնար է ընտրել նվազ խիստ խափանման միջոց»:
30. Դիմողը բողոքարկել է` պնդելով, որ վերոնշյալ վտանգների գոյությունն ու ճշմարտությունը հաստատելու հարցում դատարանները չեն հիմնվել ոչ մի ապացուցողական փաստի վրա, և որ 2009թ. ապրիլի 24-ից հետո իր կալանքը եղել է անօրինական: 2009թ. սեպտեմբերի 30-ին էր Գերագույն դատարանը կայացրել վերոնշյալ դատական որոշումը:
31. 2010թ. հունվարի 13-ին և նույն թվականի ապրիլի 19-ին Քաղաքային դատարանը կալանքի մասին կարգադրություն է արել` երկարաձգելով դիմողի և նրա հետ մեկտեղ մեղադրվող մյուս անձանց առկախ դատավարության օրը: Այս կարգադրությունները ձևակերպվել էին հետևյալ կերպ.
«Հաշվի առնելով ամբաստանյալների թիվը, մեղադրանքների լրջությունն ու քանակը` այս գործը համարվում է բացառիկ (ինչպես նաև իր ծավալի և բարդության առումով): Ամբաստանյալների կալանքի երկարաձգումն անհրաժեշտ է դատավարությունը լիարժեք ավարտին հասցնելու տեսանկյունից` կանխելու համար ամբաստանյալների կողմից արդարադատությունից խուսափելը և վկաների կամ տուժողների հանդեպ ճնշում կիրառելը: Այս վերջին վտանգն իրատեսական է` հաշվի առնելով որոշ ամբաստանյալների` նախկինում պրոֆեսիոնալ գործունեությունն իրավապահ մարմիններում:
Դատավարության նախորդ փուլերում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրա ժամկետը երկարացնելու մասին նշված հիմքերը շարունակել են առկա լինել. պաշտպանվող կողմն այլ հանգամանքներ չի ներկայացրել…
32. Պարզվում է, որ 2010թ. հունիսի 9-ին դիմողը դատապարտվել է:
Բ. Բժշկական օգնությունը
1. Դիմողի նկատմամբ ցուցաբերված բժշկական օգնությունը` նախքան նրա ձերբակալումն ու կալանքը
33. 2006թ. փետրվարին, 2007թ. մարտ, հուլիս, սեպտեմբեր ամիսներին և 2008թ. մարտին դիմողն ընդունվել է տարբեր քաղաքացիական հիվանդանոցներ և մեկ ռազմական հիվանդանոց` լուծելու տարբեր լրջության աստիճան ունեցող մի շարք առողջական խնդիրներ: 2008թ. մարտի 24-ից մինչև ապրիլի 7-ը դիմողը գտնվել է քաղաքային հիվանդանոցում` ունենալով հետևյալ քուինքս էդեմա, քրոնիկ կրկնվող եղնջատենդ, ալերգիա մի շարք դեղամիջոցների նկատմամբ, կոորդինացնող բուլբիտ, չքայքայվող ստամոքսաբորբ, քրոնիկ գաստրոդուոդենիտիս և հեպատիսի ախտանիշներ:
34. 2008թ. ապրիլի 7-ին կամ 8-ին հիվանդին ընդունել են ռազմական հիվանդանոցի նյարդաբանության բաժին հետևյալ ախտորոշմամբ` քրոնիկ hypertensive encephalopathy և asthenic սինդրոմ, կորոնար սրտասնույց հիվանդություն, անգինա exertional (pectoris), արյան բարձր ճնշում, երիկամների անբավարարություն, oesophagal hernia, և բրոնխիտ: Դիմողի բժշկական պատմությունում նշված էր հետևյալը.
«Հիվանդը գանգատվում էր գլխացավերից, գլխապտույտից, խիստ հոգնածությունից և կրծքավանդակի շրջանում կրկնվող հաճախակի ցավերից:
Հիվանդության պատմությունը. մի քանի տարի շարունակ հիվանդն ունեցել է հետևյալ ախտանիշները` հիպերտոնիկ գանգուղեղի բորբոքում, ընդհանուր ողնաշարի օստեոխոնդրոզ… հիվանդանոցային և տնային պայմաններում ստացած բուժումները տվել են դրական արդյունք: Վերջին հետազոտությունները ցույց են տվել ավելի ուժգին ցավի նշաններ:
Օբյեկտիվ քննության արդյունքները և անալիզները. Հիվանդի ընդհանուր առողջական վիճակը գնահատվում է բավարար … Արյան և մեզի ընդհանուր անալիզների արդյունքը նորմալ է, արյան կենսաքիմիական հետազոտության արդյունքը նորմալ է, B և C հեպատիտը` բացասական, էլեկտրակարդիոգրաման բացահայտում է արյան ներփորոքային փոխանակման խցանում և ձախ փորոքային գերաճում:
Բուժումը. հսկողություն, դիետա, դեղորայք և վիտամիններ … Հիվանդին դուրս են գրել հիվանդանոցից բավարար առողջական վիճակում: Բժշկական խորհրդատվության մեջ մնում է նյարդաբանի և թերապևտի կողմից իրականացվող հսկողություն, արյան ճնշման վերահսկողություն, դեղամիջոցներ` էնալապրիլ (առավոտյան մեկ դեղահաբ ), պրեդուրտալ (մեկական դեղահաբ օրը երկու անգամ) և ասպիկոր (մեկ դեղահաբ` կանոնավոր կերպով), խուսափել ծանրություն կրելուց, որ կազդի ողնաշարի վրա, չմրսել, մերսման և մարմնամարզության թերապիա»:
35. Ի պատասխան դիմողի` քրեական գործով զբաղվող քննիչի պահանջի (տես` կետ 14)` հիվանդանոցը տեղեկացրել է նրան, որ դիմողի հիվանդանոցային բուժման կուրսն ակնկալվում է, որ կավարտվի մինչև 2008թ. ապրիլի 30-ը:
2. Դիմողի նկատմամբ ցուցաբերված բժշկական օգնությունը ձերբակալումից հետո և կալանքի ընթացքում
(ա) Բժշկական օգնությունը ձերբակալումից հետո
36. 2008թ. ապրիլի 24-ին ձերբակալումն իրականացնող ոստիկաններն այցելել են դիմողին ռազմական հիվանդանոցում և նրան տարել քննչական բաժանմունք մոտավորապես երեկոյան ժամը 4-ին: Ձերբակալման գրառումներում դիմողը հետևյալ գրավոր մեկնաբանությունն է արել.
«Ես վատառողջ եմ հետագա հարցաքննություններին մասնակցելու համար. ունեմ կրծքավանդակի սուր ցավ և արյան բարձր ճնշում»:
-----------------------------
1. Դեղերի անվանումները նշված են ըստ Ռուսաստանի Դաշնությունում ընդունված դեղերի /թմրադեղերի/ դասակարգման:
37. Այնուհետև դիմողին հարցաքննել են նրա դեմ ներկայացված մեղադրանքների կապակցությամբ: Ի հավելումն իր նկատմամբ ներկայացված մեղադրանքների և դրանց առնչվող այլ հարցերի վերաբերյալ մանրամասն մեկնաբանությունների` դիմողը նշել է, որ իրեն ստիպել էին լքել ռազմական հիվանդանոցը, և որ հետագայում ասել էին, որ կամ վերընդունվի հիվանդանոց կամ ստանա բժշկական օգնություն կալանավայրում:
38. Ըստ դիմողի` հարցաքննության ժամանակ նա մի պահ ունեցել է հիպերտոնիկ կաթված: Քննիչը շտապօգնություն է կանչել, որն էլ նրան բժշկական օգնություն է ցուցաբերել: Դիմողը, այդուհանդերձ, փոփոխել է իր հայտարարությունը` պնդելով, որ քննիչը հրաժարվել է շտապ օգնություն կանչել:
39. Հարցաքննությունից հետո դիմողին տեղափոխել են ոստիկանության ժամանակավոր մեկուսարան կամ խուց և, ենթադրաբար, նրան չեն ապահովել բժշկական օգնությամբ ու սննդով: Դիմողն ապարդյուն խնդրել է քրեական գործ հարուցել քննիչների դեմ:
40. Դիմողը բողոք է ներկայացրել իր ձերբակալումից հետո ստացած ոչ պատշաճ բժշկական օգնության համար: 2008թ. մայիսի 13-ին Մոսկվայի քննչական բաժանմունքի քննիչը մերժել է այն: 2008թ. հուլիսի 22-ի նամակում` քննչական բաժանմունքը գտել է, որ վերոնշյալ գանգատները չեն պարունակում որևէ քրեական հանցագործություն, և որ դիմողն ստացել էր ու շարունակում է ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն:
(բ) Բժշկական օգնությունը թիվ 77/6 կալանավայրում և բանտի հիվանդանոցում
41. 2008թ. ապրիլի 28-ին դիմողին տեղափոխել են Մոսկվայի թիվ 77/6 ժամանակավոր կալանավայր: Կալանավայր ընդունելու ժամանակ նրան քննել է հերթապահ բժիշկը, ով եզրակացրել է, որ նրա առողջական վիճակը բավարար է: Դիմողը բժշկին տեղեկացրել է իր առողջական խնդիրների ու դեղերի մասին, որոնք նա ընդունում է: Դիմողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերն կցվել են գործի նյութերին: Դիմողը հանձնել է բոլոր անհրաժեշտ անալիզները, ինչպիսին է fluographic imaging: Ըստ Կառավարության` 2008թ. ապրիլի 28-ին նա անցել է բժիշկների վերահսկողության ներքո և ստացել է դեղորայք իր կրկնվող հիվանդության համար:
42. 2008թ. հուլիսի 11-ին դիմողը ենթարկվել է բժշկական քննության` տեսողության խնդիրների` իրերը կրկնակի տեսնելու, և գլխապտույտի գանգատ ունենալու պատճառով: Չափվել է նրա արյան ճնշումը, նշանակվել է դեղորայք` էնալապրիլ (մեկ դեղահաբ` օրը երկու անգամ) և վալիդոլ (մեկ դեղահաբ): Ըստ Դիմողի` չկա ոչ մի փաստացի ապացույց, որ ինքն ստացել է այս դեղորայքը, ինչն ամեն դեպքում եղել է շատ հազվադեպ:
43. 2008թ. դեկտեմբերի 25-ին դիմողը նորից է ենթարկվել է բժշկական ստուգման, երբ գանգատվել է գլխացավից ու գլխապտույտից:
44. 2008թ. դեկտեմբերի 25-ին դիմողը բողոքել է, որ իր առողջական վիճակին չեն հետևել տարբեր բնագավառների համապատասխան բժիշկ-մասնագետներ` սրտաբան, թերապևտ, նյարդաբան, թոքաբան, էնդոկրինոլոգ և գաստրոէնտերոլոգ, և որ 2008թ. ապրիլին հիվանդանոցից իր դուրսգրումը զրկել է իրեն ալերգիոլոգի կողմից համապատասխան ախտորոշում ստանալու հնարավորությունից, որ թույլ կտար իրեն խուսափել անցանկալի դեղերի օգտագործումից: 2009թ. հունվարի 15-ին Մոսկվայի քննչական բաժանմունքն ուսումնասիրել է գանգատը և, հղում կատարելով կալանավորվածներին պահելու վայրի տեղեկատվական նշումներին, եզրակացրել, որ դիմողի առողջական վիճակը եղել է բավարար և որ նա կարող էր պահանջել անհրաժեշտ բժշկական օգնություն կալանավայրում և ցանկացած մերժման դեպքում դիմել դատախազություն կամ դատարան: Ավելին, 2009թ. հունվարի 16-ի նամակով Մոսկվայի դատախազությունը ցույց է տվել, որ դիմողն ստացել է անհրաժեշտ բուժում իր ախտորոշման համաձայն, ինչպես պահանջվել էր 2008թ. հուլիսին և հոկտեմբերին:
45. 2009թ. դեկտեմբերին դիմողը 2006թ. սկսած իր հիվանդությանը վերաբերող փորձագիտական զեկույց է պահանջել պրոֆեսոր, տկն Պ-ից` Մոսկվայի համալսարանի ֆիզիոթերապիայի և նարկոլոգիայի բաժնի տնօրենի տեղակալից: Հաշվի առնելով առկա բժշկական տեղեկությունները (տես` կետեր 33-րդ և 34-րդ)` տկն Պ.-ն իր` 2009թ. դեկտեմբերի 4-ի եզրակացությունում արել է հետևյալ հետևությունները. «Հիվանդը պահանջում է տարբեր բնագավառի բժիշկ- մասնագետների բժշկական հետազոտություն (սրտաբան, թերապևտ, նյարդաբան, թոքաբան, էնդոկրինոլոգ, գաստրոէնտերոլոգ և ալերգիոլոգ), ինչպես նաև դեղորայքի մշտական ընդունում` մասնագետի հսկողությամբ: Խորհրդատվությունների մեջ մտնում է դիետա, արյան ճնշման վերահսկողություն, արյան գլյուկոզայի վերահսկում, վահանաձև գեղձի հորմոնալ վերահսկում, լիպիդիկ վերահսկում` խոլեստերին, սպիտակուցներ, ինչպես նաև բացառել ողնաշարի վրա ճնշումը, ծանր իրեր բարձրացնելը և մրսելը:
Մասնագիտացված բժշկական խնամք չցուցաբերելը կարող է առաջացնել անվերականգնելի առողջական վնաս և պատճառ դառնալ քրոնիկական հիվանդության սրացման, հաշմանդամության (սրտի կամ ուղեղի կաթվածի) կամ մահվան:
46. 2010թ. հունվարի 2-ին դիմողին զննել է կալանավայրի ավագ բժիշկը` կապված նրա գլխացավերի, գլխապտույտի և կրծքավանդակի հատվածում ունեցած ցավերի գանգատի հետ, և նրան տալիս է դեղորայք:
47. 2010թ. փետրվարի 21-ից մինչև մարտի 16-ը դիմողն ընդունվել է կալանավայրի բանտային թիվ 77/1 հիվանդանոց` մասնագետ բժիշկների կողմից, ինչպիսիք են նյարդաբանն ու սրտաբանը, լրացուցիչ բժշկական զննման ենթարկվելու համար դիմողը ենթարկվում է էլեկտրակարդիոգրամայի և նրան նշանակում են դեղորայք` կորինֆար, պապազոլ և վալիդոլ: Պարզվում է, որ 2010թ. մարտին դիմողը ներկայացրել է գրավոր հաղորդագրություն այն մասին, որ ինքն այլևս չի ցանկանում բուժում ստանալ բանտի հիվանդանոցում: Դուրսգրման վկայականը պարունակել է խորհրդատվություններ առ այն, որ անհրաժեշտ են հսկողություն, արյան ճնշման վերահսկողություն և դեղորայք` կորինֆար և պապավերին:
48. Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմողին տեղափոխել են թիվ 77/6 կալանավայր: Նրան զննել է կենտրոնի ավագ բժիշկը և նշանակել դեղորայք, ինչպես նաև տարին երկու անգամ` բժշկական ստուգում:
49. 2010թ. մայիսին դիմողն իր հիվանդությանը վերաբերող ևս մեկ փորձագիտական զեկույց է պահանջել պրոֆեսոր Պ.-ից: Գնահատելով եղած բժշկական տվյալները (տես` կետեր 33-րդ և 34-րդ)` 2010թ. մայիսի 21-ին տկն Պ.-ն մանրամասնում է իր նախորդ զեկույցը` շարադրելով հետևյալ կերպ. «Պարբերական քուինքս էդեմայի առկայությունը լուրջ վտանգ է ներկայացնում կյանքի համար, քանի որ չկան տվյալներ ախտանշանի առաջացման պատճառի վերաբերյալ, ինչպես նաև բացակայում է ալերգիկ վիճակի վերաբերյալ ախտորոշում և բուժման նշանակում, ինչ խիստ անհրաժեշտ է: Բուժման բացակայության դեպքում անաֆիլաքսիկ (ալերգիկ) ցնցման մեծ վտանգ կա»:
50. 2010թ. օգոստոսի 16-ին դիմողին զննել է կալանավայրի բժիշկը` կապված ոտնաթաթի հոդացավի գանգատի հետ: Բժիշկն ախտորոշել է մաշկի բորբոքում ու հոդային արտրիտ և դեղորայք նշանակել: Պարզվել է, որ երկու օր անց դիմողը հրաժարվել է ընդունել դեղորայքը` պատճառաբանելով, որ ընդունած դեղորայքից առաջանում է արյան բարձր ճնշում: 2010թ. օգոստոսի 25-ին դիմողին բժիշկը նորից զննել է և փոփոխել նրա դեղատոմսը:
51. Կառավարությունը Դատարանին ներկայացրել է 9 գրավոր հայտարարություն` կազմված թիվ 77/6 կալանավայրի բժշկական աշխատակազմի կողմից` ցույց տալու համար, որ դիմողը բժշկական օգնության և սննդաբաժնի հետ կապված գանգատներ չի ունեցել, և որ նրան տրամադրվել է համապատասխան բժշկական օգնություն: Կառավարությունը ներկայացրել էր մանրամասն նկարագրություն 2008-2010թթ. թիվ 77/6 կալանավայրում գտնվող բանտարկյալների սննդաբաժնի վերաբերյալ, ինչպես նաև սննդի ու ջրի որակի մասին զեկույցներ` տրամադրված Բանտերի դեպարտամենտի մասնագիտացված միավորման կողմից:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՔ
Ա. Առողջապահությունը կալանավայրերում
52. Ռուսաստանի իրավունքը մանրամասն ուղեցույց է պարունակում կալանքի տակ գտնվող անձանց նկատմամբ բժշկական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ: Առողջապահության և Սոցիալական զարգացման ու Արդարադատության նախարարությունների համատեղ թիվ 640/190 հրամանագրում տեղ գտած այս ուղեցույցը, որ վերաբերում է ազատազրկման մեջ գտնվող և ձերբակալված անձանց համար բժշկական օգնության կազմակերպմանը, ուժի մեջ է մտել 2005թ. հոկտեմբերի 17-ին, կիրառելի է բոլոր կալանավորվածների համար` առանց բացառությունների: Մասնավորապես, Կանոնակարգի III բաժինը նկարագրում է այն ընթացակարգը, որը պետք է իրականացնի կալանավայրի բժշկական անձնակազմը ձերբակալվածներին ընդունելիս: Կալանավայր ժամանելուն պես բոլոր ձերբակալվածները պետք է անցնեն նախնական բժշկական զննում` մինչ մյուսների հետ բանտախուց տեղափոխվելը: Բժշկական քննությունն անցկացվում է` բացահայտելու վարակիչ հիվանդություններ ունեցողներին և նրանց, ովքեր ունեն շտապ բժշկական օգնության կարիք: Ոչ ուշ, քան ժամանումից երեք օր հետո նրանք պետք է անցնեն բժշկական ստուգում` ներառյալ ֆլուրոգրաֆիա: Մանրամասն զննման ժամանակ բանտի բժիշկը պետք է գրանցի բանտարկյալի գանգատները, ուսումնասիրի նրա բժշկական և անձնական պատմությունը, գրանցի վերքերը, եթե այդպիսիք կան, ինչպես նաև դաջվածքները և նշանակի լրացուցիչ բուժման գործողություն, եթե դրա անհրաժեշտությունը կա: Բանտի բժիշկը պետք է նաև նշանակի լաբորատոր անալիզներ` պարզելու սեռական միջոցով անցնող վարակիչ հիվանդությունների առկայությունը` ՁԻԱՀ, պալարախտ`տուբերկուլոզ, և այլ հիվանդություններ:
53. Հաջորդող բժշկական զննումներն անցկացվում են առնվազն տարին երկու անգամ կամ ձերբակալվածի պահանջով: Եթե բանտարկյալի առողջական վիճակը վատթարացել է, ապա հաստատության բժշկական անձնակազմը պետք է անցկացնի բժշկական զննում և ցուցաբերի օգնություն: Նման դեպքերում բժշկական օգնությունը ներառում է ընդհանուր զննում և լրացուցիչ ստուգման միջոցներ, եթե անհրաժեշտ է` հատուկ բժշկական մասնագետների մասնակցությամբ: Քննության արդյունքները պետք է գրառվեն բանտարկյալի բժշկական պատմության մեջ: Բանտարկյալը պետք է լիովին տեղեկացվի բժշկական ստուգման արդյունքների մասին:
54. Կանոնակարգի III բաժինը կարգավորում է ընթացակարգը նաև այն դեպքերի համար, երբ բանտարկյալը հրաժարվում է անցնել բժշկական ստուգում կամ ստանալ բուժում: Հրաժարվելու յուրաքանչյուր դեպքում բանտարկյալի բժշկական պատմության գրառումներում պետք է նշում կատարվի: Բանտի բժիշկը պետք է բանտարկյալին պարզաբանի այն հետևանքները, որ նա կարող է ունենալ` հրաժարվելով անցնել բժշկական ընթացակարգը:
55. Բանտարկյալները նշանակված դեղորայքն ընդունում են բժշկի ներկայությամբ: Բացառիկ դեպքերում կալանավայրի բաժնի ղեկավարը կարող է լիազորել բուժանձնակազմին բանտարկյալին տալ օրվա անհրաժեշտ չափաբաժինը առանց վերահսկման ընդունելու համար:
Բ. Կալանավորումը նախաքննության ժամանակ
56. Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախաքննության ընթացքում կալանքը` կալանավորումից հետո երկու ամսով և ևս մեկ շրջան` մինչև վեց ամիս ժամանակահատվածով, կարող է կիրառվել դատարանի կողմից: Վեց ամսից ավելի կալանքի տակ պահելը կարող է կիրառվել` մինչև տասներկու ամիս ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում, եթե գործն առանձնակի բարդություն ունի: Օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ տասներկու ամսից ավելի կամ մինչև տասնինն ամիս հասնող կալանքը պետք է կիրառված լինի առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում:
57. 109-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նախաքննության ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան կիրառելի կալանքի առավելագույն ժամկետից երեսուն օր առաջ (տես վերոշարադրյալը), ամբաստանյալին պետք է թույլատրվի ծանոթանալ գործի փաստաթղթերին: Եթե ամբաստանյալը ստացել է թույլտվություն ծանոթանալու գործի փաստաթղթերին ավելի շուտ, քան իր կալանքը լրանալու օրվանից երեսուն օր առաջ, ապա նրան պետք է ազատ արձակել, երբ կալանքի նշված ժամանակահատվածը հասնի իր ավարտին: Այնուամենայնիվ, եթե փաստաթղթերն ուսումնասիրելու համար տրամադրված ժամանակն անբավարար է, ապա դատարանը կարող է թույլատրել կիրառելու կալանքի լրացուցիչ ժամանակահատված մինչև ամբաստանյալն ուսումնասիրի փաստաթղթերը (109-րդ հոդվածի 7-րդ մաս): Այս երկարաձգումը վերաբերում է ցանկացած ամբաստանյալի, ով հնարավոր է, որ ավարտած լինի փաստաթղթերի ուսումնասիրությունը:
Գ. Այլ համապատասխան օրենսդրություն
58. Քրեական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` վկան պետք է ենթարկվի դատախազի կամ դատարանի կողմից հարցաքննության ներկայանալու մասին ծանուցագրի պահանջին, չենթարկվելու դեպքում վկան կարող է բերման ենթարկվել այն իրավասու մարմնի կողմից, ով ուղարկել է նրան ծանուցագիրը:
59. Կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կարող է կիրառվել տվյալ անձի կողմից ներկայացված գրավոր համաձայնությունը` բնակության վայրն առանց քննիչի կամ դատարանի թույլտվության չլքելու մասին և/կամ պատասխանելու հարցաքննության ներկայանալու ծանուցագրի պահանջներին և/կամ վարույթին խոչընդոտող ցանկացած վարքագծի դրսևորումից զերծ մնալու մասին (օրենսգրքի 102-րդ հոդված):
ՕՐԵՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
60. Դիմողը գանգատվել է, որ իրեն չի տրամադրվել ու չի տրամադրվում համապատասխան բժշկական օգնություն` խախտելով Կոնվենցիայի 3-րդ հոդվածը, որ սահմանում է, որ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
1. Դիմողը
61. Դիմողը նախ պնդել է, որ 2008թ. ապրիլին իր ձերբակալությունից հետո և հետագայում` իր կալանքի ընթացքում, թիվ 77/6 կալանավայրում ու թիվ 77/1 բանտի հիվանդանոցում մնալուն առնչվող իր անընդմեջ գանգատները կալանքի առումով փոխկապակցված են միմյանց հետ, քանի որ ունեն նույն փաստացի ու իրավական հիմքերը: Հետևաբար, նրա կարծիքով այս գործի փաստերը բացահայտում են շարունակական մի իրավիճակ, որը պահանջում է ուշադրություն դարձնել կալանքի ողջ ժամանակահատվածին` չնայած Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-ամսյա կանոնին:
62. Ինչ վերաբերում է գանգատների էությանը, դիմողը պնդել է, որ իր ձերբակալությունն ու կալանքը եղել են անընդունելի` հաշվի առնելով այդ ժամանակ իր առողջական վիճակը. իրեն չի տրամադրվել բժշկական օգնություն իր ձերբակալումից հետո և կալանքի տակ եղած ժամանակ առաջին մի քանի օրերին: Նա պնդել է, որ կալանավայրում կալանքի տակ եղած ժամանակ նա բժիշկ-մասնագետի կողմից բժշկական զննության չի ենթարկվել: Իր գրավոր դիտարկումներում դիմողն առաջ է քաշել այլ մեղադրանքներ` կապված իր կալանքի մյուս ժամանակահատվածի հետ, և ձևափոխել է իր նախնական գանգատները հետևյալ կերպ: Ըստ նրա` 2008թ. ապրիլին հիվանդանոցային պայմաններում բուժման ընթացքում իր առողջության վերաբերյալ արված խորհրդատվությունները (տես` կետ 34) չէին հետևել ոչ ձերբակալումից հետո և ոչ էլ կալանքի ընթացքում: Նախկինում նշանակված ոչ մի դեղամիջոց չի տրվել նրան կալանավայրում և բանտի հիվանդանոցում: Քանի որ բանտի բժշկի կողմից նշանակված դեղերն առաջացրել են ալերգիա և դիմողը դադարեցրել է դրանց ընդունումը: Կալանքի տակ գտնվելու երկու տարիների ընթացքում նրա արյան ճնշումը չափվել է երեք անգամ:
2. Կառավարությունը
63. Կառավարության ներկայացրած դիրքորոշումներում նշել է, որ դիմողն առողջական վիճակի մասին ներպետական մակարդակով գանգատվել է երեք անգամ` 2008թ. ապրիլին, սեպտեմբերին և դեկտեմբերին, մինչդեռ ներկայիս դիմումը տրվել է 2009թ. սեպտեմբերի 30-ին: Այն եզրակացրել է, որ դիմողը չի պահպանել Կոնվենցիաի 35-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված վեցամսյա ժամկետը:
64. Ինչ վերաբերում է գանգատների էությանը` Կառավարությունը պնդել է, որ դիմողին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն կալանավայրում, և բանտի հիվանդանոցում: Նրա առողջական վիճակը եղել է և շարունակում է մնալ կալանավայրի բժշկական անձնակազմի կանոնավոր վերահսկողության ներքո: Նա հիվանդանոցային պայմաններում ստացել է բուժում և դեղորայք` տրված դեղատոմսի համաձայն: Բժշկական խորհրդատվությունը` նրա կալանքից առաջ, նույնպես հաշվի է առնվել: Նրան նաև ընդունել են բանտի հիվանդանոց և դուրս գրել այնտեղից բավարար առողջական վիճակում: Ոչ մի հիմնավոր պատճառ չի եղել նրան հատուկ սննդակարգ նշանակելու համար: Կալանավորվածների համար նախատեսված ստանդարտ սննդաբաժինը համատեղելի էր նրա առողջական վիճակի հետ:
Բ. Դատարանի գնահատականը
1. Ընդունելիությունը
65. Նախ Դատարանը կուսումնասիրի կողմերի փաստարկները Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեցամսյա ժամկետի կանոնի վերաբերյալ:
66. Սույն գործում Դիմողի առաջին դիմումը Դատարանին ներկայացվել է 2009թ. սեպտեմբերի 30-ին: Այն վերաբերել է 2008թ. ապրիլի 24-ից իր շարունակական կալանքի ժամանակահատվածին և կալանքի առաջին օրերին իր ցուցաբերված բժշկական օգնությանը, ինչպես նաև թիվ 77/6 կալանավայրում բժշկական անձնակազմի կողմից անցկացվող վերահսկման ենթադրյալ բացակայությանը: 2010թ. հունիսին նա ընդարձակել է իր նախկին գանգատները` կապված 2009թ. սեպտեմբերից հետո իր կալանքի ժամանակահատվածի հետ (տես կետ 62): Հետևաբար ներկայիս գործը վերաբերում է 2008թ. ապրիլի 24-ից մինչև 2010թ. հունիսն ընկած ժամանակահատվածում Դիմողի կալանքին:
67. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասը թույլ է տալիս տվյալ գանգատին անդրադառնալ միայն այն դեպքում, եթե համապատասխան գանգատը ներկայացվել է ներպետական միջոցների սպառման արդյունքում կայացված վերջնական որոշման օրվանից վեցամսյա ժամկետի ընթացքում (այլ գործերի շարքում տես` Պոստն ընդդեմ Նիդեռլանդների (dec.), no 21727/08, 20 հունվարի 2009թ., Օտտոն ընդդեմ Գերմանիայի (dec.), no 21425/06, ՄԻԵԴ 2009-… և Բարիշնիկովան ընդդեմ Ռուսաստանի (dec.), no 37390/04, 12-ը նոյեմբերի 2009թ.):
68. Դատարանը նաև հիշեցնում է, որ գանգատները, որոնք որպես սկզբնաղբյուրը, հստակ ամսաթվին տեղի ունեցած առանձնահատուկ իրադարձություններն են, չեն կարող դիտարկվել որպես շարունակական վիճակ (տես` Քամբերոն ընդդեմ Բուլղարիայի (dec.), թիվ 50357/99, 2004): Միևնուն ժամանակ, «շարունակական վիճակ» հասկացությունը վերաբերում է հարաբերությունների այն վիճակին, որում Պետության կողմից կամ նրա անունից հանդես եկողը շարունակական գործունեություն է ծավալում, որի արդյունքում Դիմողը դառնում է տուժող (տես` Պոստին և Ռահկոն ընդդեմ Ֆինլանդիայի, no. 27824/95, կետ 39, ՄԻԵԴ 2002 VII): Այն դեպքերում, երբ առկա է շարունակական վիճակ և չկա ներպետական մակարդակով համապատասխան վերջնական վճիռ, ապա վեցամսյա ժամկետը հաշվարկվում է այդ վիճակի ընդհատումից սկսած (տես Կովալն ընդդեմ Ուկրաինայի (dec.), no. 65550/01, 30 մարտի 2004թ.): Հետևաբար, Դատարանը պետք է որոշի` արդյոք Դիմողի կալանքի համապատասխան ժամանակը կազմում է «շարունակական վիճակ» և այդպիսով համապատասխանում է վեցամսյա ժամկետի սահմանափակմանը:
69. Դիմողի գանգատները վերաբերում են բժշկական օգնության անբավարար լինելուն, ինչը ենթադրվում է, որ պետք է շարունակական բնույթ ունենար նրա չընդհատվող կալանքի տակ եղած ողջ ժամանակահատվածում (տես, օրինակ, Վլադիմիր Սոկոլովն ընդդեմ Ռուսաստանի, no. 31242/05, կետ 56, 29 մարտի 2011թ., և ի հակադրումն` Վլադիմիր Վասիլևն ընդդեմ Ռուսաստանի (dec.), no. 28370/05, 1 հուլիսի 2010թ.): Հետևաբար, Դատարանը մերժում է Կառավարության առարկությունն այս կապակցությամբ:
70. Դատարանը գտնում է, որ 2008թ. ապրիլի 24-ից մինչև 2010թ. հունիսին կալանքի ընթացքում բժշկական օգնության վերաբերյալ գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ (a) կետի առումով: Այն նաև նշում է, որ գանգատն անընդունելի չէ ցանկացած այլ հիմքով նույնպես: Հետևաբար, այն պետք է ճանաչվի ընդունելի:
2. Ըստ էության քննություն
ա. Հիմնական սկզբունքներ
71. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը պահպանում է ժողովրդավարական հասարակության ամենահիմնական արժեքներից մեկը: Այն բացարձակապես արգելում է ցանկացած տեսակի խոշտանգում կամ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք կամ պատիժ (տես` Լաբիտան ընդդեմ Իտալիայի [GC], no. 26772/95, կետ 119, ՄԻԵԴ 2000-IV): Այնուամենայնիվ, Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխանելու համար վատ վերաբերմունքը պետք է խստության նվազագույն մակարդակ պարունակի: Խստության այս նվազագույն մակարդակի գնահատումը կախված է գործի այնպիսի հանգամանքներից, ինչպիսիք են` վերաբերմունքի տևողությունը, դրա ֆիզիկական և հոգեկան ազդեցություններն ու որոշ դեպքերում էլ` տուժողի սեռը, տարիքը և առողջական վիճակը (այլ գործերի շարքում տես` Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 18 հունվարի 1978թ., կետ 162, Series A no. 25):
72. Վատ վերաբերմունքը, որ հասնում է դաժանության այս նվազագույն մակարդակին, ներառում է իրական մարմնական վնասվածք, ուժեղ ֆիզիկական կամ հոգեկան տառապանք: Այնուամենայնիվ, նույնիսկ նշվածների բացակայության դեպքում, երբ տվյալ վերաբերմունքը ստորացնում կամ նվաստացնում է անձին` դրսևորելով անհարգալից վերաբերմունք կամ նսեմացնելով նրա մարդկային արժանապատվությունը, առաջացնում է վախի զգացում կամ պատճառում է նրա ֆիզիոլոգիական կամ ֆիզիկական գոյության հետ անհամատեղելի տառապանք, ապա այն նույնպես դիտվում է որպես նսեմացում և համապատասխանում է 3-րդ հոդվածի արգելքներին (տես` Փրիթին ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 2346/02, կետ 52, ՄԻԵԴ 2002-III, հետագա մեջբերումներով):
73. Ազատությունից զրկելու համատեքստում, Դատարանը միշտ շեշտել է, որ 3-րդ հոդվածին համապատասխանելու համար պատճառված տառապանքը և նվաստացումը պետք է անցնեն կալանքի հետ կապված անխուսափելի տառապանքի և նվաստացման սահմանները (mutatis mutandis, Թայրերն ընդդեմ Միացյալ Թագավորության, 25 ապրիլի 1978թ., կետ 30, Series A no. 26 և Սոերինգն ընդդեմ Միացյալ Թագավորության, 7 հուլիսի 1989թ., կետ 100, Series A no. 161):
74. Բացի դրանից, Դատարանը կրկնում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումները պետք է պաշտպանվեն համապատասխան ապացույցներով: Ապացույցները գնահատելիս Դատարանը հիմնականում կիրառել է «ողջամիտ կասկածից վեր» ապացույցի նորմը (տես` վերոհիշյալ Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, կետ 161): Այնուամենայնիվ, նման ապացույցի կարելի է հասնել բավականաչափ ուժեղ, հստակ և ներդաշնակ հետևությունների զուգակցումից կամ համանման անհերքելի փաստի կանխավարկածից: Կոնվենցիայի ներքո վարույթները ոչ բոլոր դեպքերում են կիրառում հետևյալ սկզբունքը` affirmanti incumbit probation (նա, ով պնդում է, ինչ-որ կերպ պետք է ապացուցի այդ պնդումը), քանի որ որոշ դեպքերում պատասխանող կողմ հանդիսացող Կառավարությունն է միայն օգտվում տեղեկատվությունից` տալով լրացուցիչ հիմնավորումներ և մերժելով մեղադրանքները: Կառավարության կողմից նման տեղեկատվության տրամադրման մերժումը` առանց բավարար բացատրության, կարող է հանգեցնել այն հետևության, որ Դիմողի մեղադրանքները լավ հիմնավորված են (տես` տարբեր համատեքստերում, Դ.Հ.-ն և այլոք ընդդեմ Չեխիայի [GC], no. 57325/00, կետ 179, ՄԻԵԴ 2007 IV; Ահմեդ Օզքանը և այլոք ընդդեմ Թուրքիայի no. 21689/93, կետ 426, 6 ապրիլի 2004թ; Ալեքսանդր Լեոնիդովիչ Իվանովն ընդդեմ Ռուսաստանի, no. 33929/03, կետեր 27-35, 23 սեպտեմբերի 2010թ., և Բորիս Պոպովն ընդդեմ Ռուսաստանի, no. 23284/04, կետեր 65-67, 28 հոկտեմբերի 2010թ.):
75. Կապված կալանավայրերում առողջապահական խնդրի հետ` Դատարանը հիշեցնում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` Պայմանավորվող Պետությունը պետք է ապահովի, որ անձը կալանքի տակ գտնվի իր մարդկային արժանապատվությանը համապատասխանող պայմաններում, և որ միջոցների կիրառման ձևն ու մեթոդը նրան չպատճառեն ավելի շատ անհարմարություն ու դժվարություն, քան անխուսափելիորեն վրա է հասնում կալանքի վերցնելիս, և, որ նրա առողջությունն ու լավ վիճակը, այլ հանգամանքների հետ մեկտեղ, նրան անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու միջոցով ապահովվի` հաշվի առնելով բանտի գործնական պահանջները (Կուդլան ընդդեմ Լեհաստանի [GC], no. 30210/96, կետ 94, ՄԻԵԴ 2000 XI):
76. Երբ ներկայացվում են գանգատներ, կալանավայրում անհրաժեշտ բժշկական օգնության բացակայության մասին, պարտադիր չէ, որ այդ բացակայությունը հանգեցնի առողջապահության հետ կապված որևէ հրատապ դեպքի կամ երկարատև ցավի` որոշելու համար, որ կալանավորված անձը ենթարկվել է 3-րդ հոդվածի երաշխիքների հետ անհամատեղելի վերաբերմունքի (տես` Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, no. 34334/04, կետ 114, 15 հունիսի 2010թ.): Այն փաստը, որ կալանավորված անձն ունեցել է նման օգնության կարիք և պահանջել է այն, բայց որոշակի հանգամանքներում նրան օգնություն չի ցուցաբերվել, բավարար է հանգելու այն եզրակացությանը, որ նման վերաբերմունքը հոդվածի խախտում է (ibid):
77. Այսպիսով, չնայած 3-րդ հոդվածը չի կարելի մեկնաբանել այնպես, որ այն պարտադրում է ազատել կալանքի տակ գտնվող անձին առողջության պատճառով` բացառությամբ բացառիկ դեպքերի (տես` Պապոնն ընդդեմ Ֆրանսիայի (no. 1) (dec.), no. 64666/01, ՄԻԵԴ 2001-VI, և Պրիեբկեն ընդդեմ Իտալիայի (dec.), no. 48799/99, 5 ապրիլի 2001թ.), այնուամենայնիվ, համապատասխան բժշկական օգնության բացակայությունը կարող է խնդիր առաջացնել` 3-րդ հոդվածի հիմքով, եթե նույնիսկ Դիմողի առողջական վիճակը չի պահանջում նրան անմիջապես ազատել կալանքից:
78. Ազգային իրավասու մարմինները պետք է հետամուտ լինեն, որ ախտորոշումն ու բժշկական խնամքը կալանավայրերում, ներառյալ բանտերի հիվանդանոցներում, լինեն արագ ու ճշգրիտ, և անհրաժեշտ բժշկական վիճակի բնույթից ելնելով` իրականացվի կանոնավոր վերահսկում, որը կներառի թերապևտիկ համապարփակ ռազմավարություն` նպատակաուղղված կալանավորի ապաքինումն ապահովելուն կամ թերևս նրա առողջական վիճակի վատթարացումը կանխարգելուն (տես` Պիտալևն ընդդեմ Ռուսաստանի, no. 34393/03, կետ 54, 30 հուլիսի 2009թ., հետագա հղումներով):
79. Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով «բանտարկման իրական պահանջները»` Դատարանը պահպանում է բավարար ճկունություն ամեն գործի հիմքի վրա որոշելու` արդյոք բժշկական օգնության թերությունները «համատեղելի են մարդու արժանապատվության հետ» (տես` Ալեքսանյանն ընդդեմ Ռուսաստանի, no. 46468/06, կետ 140, 22 դեկտեմբերի 2008թ.): Գնահատման ժամանակ Դատարանը մանրամասն ուսումնասիրում է համապատասխանությունը բժիշկ- մասնագետների կողմից իրականացված խորհրդատվության ու դեղատոմսերի և Դիմողի կողմից ներկայացված կոնկրետ մեղադրանքների միջև` պատշաճ կերպով հաշվի առնելով առողջական վիճակի ծանրությունը:
80. Միևնույն ժամանակ Դատարանը գտնում է, որ անհիմն պնդումը` բժշկական օգնության բացակայության կամ անբավարար լինելու մասին, հիմնականում բավարար չէ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո խնդիրը պարզելու համար: Հավաստի գանգատը, ի թիվս այլնի, սովորաբար պետք է ներառի քննվող բժշկական վիճակի մասին բավարար տեղեկանքը, համապատասխան բժշկական խորհրդատվությունները, խորհուրդները և դեղատոմսերը, որոնք պահանջվել են, տրվել են կամ մերժվել, ինչպես նաև որոշ փաստեր, օրինակ` փորձագետի զեկույցը, որը կկարողանա ապացուցել, որ լուրջ բացթողումներ են եղել Դիմողի բժշկական օգնության հարցում:
81. Դատարանը նաև հիշեցնում է, որ իր խնդիրն է որոշել` արդյոք սույն գործի հանգամանքները բացահայտում են Կոնվենցիայի խախտում Դիմողի առնչությամբ, և ոչ թե in abstracto/վերացական կերպով/ գնահատել Պատասխանող պետության ազգային օրենսդրությունը, նրա կանոնակարգող համակարգը կամ Դիմողի կողմից օգտագործված գանգատների ընթացակարգը: Այսպիսով, միայն ներպետական նման օրենսդրությանն ու համակարգին հղումը, ինչպիսին է, օրինակ` բժշկական հաստատությունների լիցենզավորումը և բժիշկ-մասնագետների որակավորումը, բավարար չէ, որպեսզի գանգատը հակասի Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող ճանաչվի: Կարևոր է, որպեսզի նման մեղադրանքներին առնչվող ազգային իրավասու մարմինները կիրառեն 3-րդ հոդվածում ամրագրված սկզբունքներին համապատասխանող չափանիշներ:
բ. Սկզբունքների կիրառումը սույն գործով
82. Դատարանը նկատում է, որ 2006թ. փետրվարից մինչև 2008թ. ապրիլի 24-ն իր ձերբակալման ժամանակահատվածում Դիմողն ընդունվել է տարբեր հիվանդանոցներ մի քանի առիթներով (տես` վերը` կետեր 33 և 34): Ինչպես երևում է Դիմողի կողմից ներկայացված երկու փորձագիտական զեկույցներից` նրա առողջական վիճակը պահանջել է մասնագիտացված բժշկական օգնություն` ներառյալ տարբեր բնագավառի բժիշկ-մասնագետների կողմից վերահսկում և դեղամիջոցների պարբերաբար ընդունում`բժիշկ-մասնագետների վերահսկողության ներքո (տես` վերը` կետեր 45 և 49): 2008թ. ապրիլի 24-ին Դիմողին բժշկական հաստատությունից տարել են ձերբակալող աշխատակիցները, որպեսզի նրան ներկայացնեն քննիչին` կապված ընթացիկ քրեական գործի հետ (տես` վերը` կետեր 14-16): Այնուհետև Դիմողին պահել են կալանավայրում, ինչպես նաև մեկ այլ կալանավայրի հիվանդանոցում:
83. Դիմողն պնդել է, որ իր ձերբակալությունը և կալանքը եղել է անընդունելի`հաշվի առնելով այդ ժամանակ իր առողջական վիճակը, և որ իրեն չէին տրամադրել բժշկական օգնություն իր ձերբակալումից հետո և կալանքի տակ եղած ժամանակ` առաջին մի քանի օրերին: Այնուամենայնիվ, նրա փաստարկի հիմնական շեշտը դրվել է իր կալանքի ընթացքում` 2008թ. ապրիլի 24-ից մինչև 2010թ. հունիսը, բժշկական օգնության ենթադրյալ բացակայության կամ անհամապատասխանության վրա (տես` վերը կետ 62):
84. Դատարանը պետք է որոշի` արդյոք Դիմողի կալանքի համապատասխան ժամանակահատվածում նա կանոնավոր բժշկական օգնության կարիք է ունեցել, և արդյոք նրան այն չի հատկացվել, ինչպես ինքն է պնդել, և եթե այդպես է, ապա` արդյոք այն հավասար է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող` Կոնվենցիայի 3-րդ հոդվածին հակասող վերաբերմունքի (տես` Ֆարբտուհսն ընդդեմ Լատվիայի, no. 4672/02, կետ 53, 2 դեկտեմբերի 2004թ., և Սարբանն ընդդեմ Մոլդովայի, no. 3456/05, կետ 78, 4 հոկտեմբերի 2005թ.):
85. Դատարանը գտնում է, և սա ընդհանուր փաստ է կողմերի միջև, որ համապատասխան ժամանակահատվածում Դիմողի առողջական վիճակի վատթարացման առնվազն մի քանի բավականին լուրջ դեպք է եղել և մի շարք բուժում է պահանջել:
86. Ուսումնասիրելով առկա նյութը` Դատարանը չի կարող չնկատել, որ դատավարության տարբեր փուլերում Դիմողն Դատարանի առջև կատարել է հակասական հայտարարություններ` կապված իր ձերբակալման օրը շտապօգնության բացակայության և հիպերթոնիկ ճգնաժամի հետ (տես` վերը կետ 38): Հետևաբար, Դատարանը չի գտնում, որ հաստատվել է այն պնդումը, որ իր ձերբակալման օրը Դիմողին մերժել են բժշկական օգնություն ցուցաբերել:
87. Դատարանը նաև հիշեցնում է, որ 3-րդ հոդվածը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն պարտադրում է չձերբակալել անձին կամ ազատ արձակել ձերբակալվածին` կապված առողջական վիճակի հետ: Չնայած մտահոգվածությանը, որ Դիմողի բուժումը հիվանդանոցում ընդհատվել է, Դատարանը գտնում է, որ այս փաստը ինքնին չի հանդիսանում Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում` մեկնաբանելով, որ հաշվի առնելով բանտարկության գործնական պահանջները` իրավասու մարմինները ձեռնարկել են համապատասխան միջոցներ ապահովելու համար Դիմողի առողջությունն ու լավ վիճակը կալանքի տակ եղած ժամանակ:
88. Իրոք, Դատարանի առջև Դիմողի բարձրացած հիմնական փաստարկը վերաբերում է 2008թ. ապրիլից մինչև 2010թ. հունիսն ընկած ժամանակահատվածում բժիշկ-մասնագետի կողմից վերահսկողության բացակայությանը: Ուշադրություն դարձնելով Դիմողի առողջությունը և լավ վիճակն ապահովող համապատասխան միջոցների հարցին` Դատարանը պետք է գնահատի Դիմողի առանձնակի մեղադրանքները:
89. Դատարանն այդ կապակցությամբ նկատում է, որ կողմերի համար անվիճելի է այն փաստը, որ կալանավայրում գտնվելու ընթացում Դիմողին զննել է բժիշկը, ով էլ փաստաթղթերի փաթեթին ավելացրել է Դիմողի կողմից ներկայացված բժշկական փաստաթղթերը: Ըստ Կառավարության 2008թ. ապրիլի 28-ին Դիմողը ենթարկվել է բժշկական զննության և ստացել դեղամիջոցներ իր քրոնիկ վատ առողջական վիճակի կապակցությամբ: Բժշկական հսկողության խնդիրն ուսումնասիրվել է ներպետական մակարդակով և չհիմնավորված լինելու պատճառով` դադարեցվել: Դատարանը չունի բավարար հիմքեր չհամաձայնելու ներպետական գնահատմանը: Եվ ոչ էլ Դիմողն է հարցումների ժամանակ առարկել ստացված արդյունքներն ազգային որևէ դատավարությունում (տես` վերը` կետեր 39, 40 և 44):
90. 2009 և 2010թթ. Դիմողի պահանջով հավաքված զեկույցներից չի հետևում, որ նրան մերժել են համապատասխան բժշկական վերահսկողություն տրամադրել, և որ դա այն աստիճան վատ է անդրադարձել նրա առողջական վիճակի վրա, որ խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով առաջարկված երաշխիքները (տես` վերը` կետեր 45 և 49): Նմանապես, չի հիմնավորվում այն, որ արյան ճնշման ենթադրյալ ոչ հաճախակի ստուգումներն առաջացրել էին այնպիսի բացթողում, որը խախտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները: Ինչ վերաբերում է իր բժշկական օգնության մյուս տեսակետներին, այդ թվում դեղորայքի պակասության վերաբերյալ նրա պնդումներին, Դիմողն չի հիմնավորել դրանք և չի ներկայացրել համապատասխան ապացույցներ (տես` վերը` կետ 42):
91. Վերոգրյալի տեսանկյունից Դատարանը գտնում է, որ հաշվի առնելով բանտարկման պրակտիկ պահանջները` իրավասու մարմինները ձեռնարկել են համապատասխան միջոցառումներ` ապահովելու Դիմողի առողջությունը նրա ձերբակալումից հետո և կալանքի ընթացքում:
92. Դատարանն ընդունում է, որ կալանավորված անձանց համար կարող է դժվար լինել փաստեր հավաքելը` հիմնավորելու համար կալանավայրում բժշկական օգնության բացակայության վերաբերյալ իրենց մեղադրանքները թե ազգային մակարդակով և թե այս Դատարանի առջև: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ մեղադրանքները ներառում են բարդ բժշկական խնդիրներ: Այնուամենայնիվ, Դատարանը գտնում է, որ դիմողն, ով ազգային մակարդակով և այս Դատարանի առջև ներկայացվում է փաստաբանի կողմից, չի ներկայացրել բավարար և համոզիչ փաստարկներ, որոնք կապացուցեն 2008թ. ապրիլի 24-ից մինչև 2010թ. հունիսն ընկած ժամանակահատվածում ազգային իրավասու մարմինների կողմից թույլ տրված այնպիսի ակնհայտ և ենթադրյալ լուրջ բացթողումներ, որոնք խախտում են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները:
93. Հետևաբար, Կոնվենցիայի 3-րդ Հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
94. Դիմողը բողոքել է, որ իր ձերբակալումը և կալանքը եղել են անօրինական` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտումով, որը սահմանում է, որ
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով.
գ/ անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար»:
95. Դիմողը նախ պնդել է, որ փաստական հիմքեր չեն եղել ենթադրելու, որ իր ձերբակալումը չի համապատասխանել իր նկատմամբ կիրառված նախնական խափանման միջոցներին (բնակության վայրը չլքելու պարտավորություն և քննություն իրականացնող իրավասու մարմինների պահանջներին ենթարկվել): Քանի որ այս հանգամանքով էր հիմնավորվել իր ձերբակալումը, հետևաբար այն չի կարող համարվել օրինական: Երկրորդ` քանի որ իր դեմ բերված մեղադրանքները չէին պատկանում «առանձնապես ծանր հանցագործություններ» դասակարգմանը (տես` վերը` կետ 56), ուստի` իր կալանքը ոչ մի դեպքում չպետք է շարունակվեր տասներկուամսյա ժամկետը լրանալուց հետո` 2009թ. ապրիլի 24-ին, որի պատճառով նշված կալանավորումն անօրինական էր` Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման իմաստով:
96. Կառավարությունը պնդել է, որ 2008թ. ապրիլի 24-ից 2009թ. ապրիլը Դիմողի ձերբակալումն ու կալանքը եղել են օրինական` Քրեական դատավարության օրենսգրքի իմաստով: Ինչպես նաև Դատարանը պնդել է, որ 2009թ. ապրիլից սկսած կալանքի ժամանակահատվածը կանոնակարգվել է ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի:
97. Դատարանը գտնում է, որ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վեցամսյա ժամկետի կանոնի կիրառման վերաբերյալ Դիմողի գանգատը քննելու իրավասություն ինքը չունի` կապված 2008թ. ապրիլի 24-ի նրա անօրինական կալանավորման հետ: Ինչ վերաբերում է այս կետին, ապա ներպետական միջոցներն սպառելու հերթականությունում քաղաքային դատարանի կողմից վերջնական վճիռը կայացվել է 2008թ. մայիսի 15-ին, մինչդեռ համապատասխան գանգատն այս Դատարան է ներկայացվել 2009թ. սեպտեմբերի 30-ին: Այստեղից հետևում է, որ այս գանգատը ներկայացվել է ժամկետից դուրս և Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հիման վրա ենթակա է մերժման:
98. Երկրորդ` Դատարանն ուսումնասիրել է վերոհիշյալ գանգատները` կապված Դիմողի ենթադրյալ անօրինական կալանքի հետ 2009թ. ապրիլի 24-ից հետո: Նշվել է, որ մինչև 2009թ. օգոստոսի 5-ը Դիմողի կալանքը եղել է Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածին համապատասխան: Սույն գործի դեպքում տասներկուամսյա ժամանակահատվածը կավարտվեր 2009թ. ապրիլի 24-ին: 2009թ. ապրիլի 20-ին քաղաքային դատարանը Դիմողին կալանքի տակ է վերցրել` մեջբերելով 109-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերը: Սրանք էին այն դրույթները, որոնք կարգավորվում էին կալանավորումը վարույթի ընթացքում, որպեսզի ուսումնասիրվեին գործի փաստաթղթերը` մինչև գործը Դատարանին ներկայացնելը (տես` վերը` կետ 57): Այսպիսով, Դատարանը եզրակացնում է, որ Դիմողի կալանքը 2009թ. ապրիլի 20-ից մինչև օգոստոսի 5-ը` դատավարությունը սկսելու օրը, եղել է օրինական` Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն:
99. Հետո նշվել է, որ 2009թ. օգոստոսի 5-ին Դիմողի կալանքն օրինական կարգով` Քրեական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն երկարաձգվել է դատավարության ընթանալու պատճառով: Հետևաբար, ոչ մի վկայություն չկա այն մասին, որ Դիմողի կալանքը դատավարության ընթացքում` 2009թ. օգոստոսի 5-ից մինչև 2010թ. հունիսի 9-ը` դատապարտման օրը, ներպետական կանոնների համաձայն եղել է անօրինական:
100. Վերջապես, Դատարանը չի տեսնում ոչ մի հիմք, ըստ որի` կարելի է ենթադրել, որ Դիմողի կալանքը հետաքննության ընթացքում և դատավարությունից առաջ եղել է կամայական կամ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասի խախտումով: Դիմողի փաստարկները` կապված իր կալանքի բավարար հիմքերի հետ, քննության կառնվի հաջորդիվ`Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով:
101. Ուստի` գանգատի այս մասն ակնհայտորեն չհիմնավորված է և ենթակա է մերժման Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3(a) և 4-րդ մասով:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ՄԱՍԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ
102. Դիմողը բողոքել է, որ իր կալանքի երկար տևողությունը նախաքննության ընթացքում և դատավարությունից առաջ` եղել է չպատճառաբանված և չի ունեցել համապատասխան ու բավարար հիմքեր` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտման առումով, որը սահմանում է, որ
«Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք … ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք ...: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
Ա. Կողմերի դիրքորոշումները
103. Կառավարությունը պնդել է, որ Դիմողի ձերբակալումն ու կալանավորումն արդարացվում է նրա և մի քանի այլ անձանց դեմ ուղղված մեղադրանքների փաստացի հիմք հանդիսացող քրեական գործողությունների բնույթով: Հաշվի առնելով նրա կարգավիճակը` որպես նախկին հանրային ծառայող, Դիմողը կարող էր բարդացնել քննության ընթացքը, եթե լիներ ազատության մեջ: Նա կարող էր ազդել վկաների ցուցմունքների վրա, որոնց համար նա եղել էր հիերարխիկ վերադաս կամ վերահսկող պաշտոնյա: Դիմողն չէր ենթարկվել նախնական խափանման միջոցին ներկայացվող (բնակության վայրը չլքելու պարտավորությանը) և այսպիսով նրան վերաբերվել էին որպես արդարադատությունից խուսափող անձի: Ազգային դատարանները մանրամասն գնահատել էին բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ Դիմողի առողջական վիճակը և այլընտրանքային խափանման միջոցները: Դատարանները լրջորեն հաշվի էին առել այն փաստարկները, որոնք վերաբերում էին գործի բարդությանը և մի շարք քննչական գործողություններին, որոնք պետք է կատարվեին և հետևողական էին եղել, որպեսզի ընթացակարգերն իրականացվեին հատուկ ուշադրությամբ:
104. Դիմողը պնդել է գանգատը:
Բ. Դատարանի գնահատական
1. Ընդունելիություն
105. Դատարանը գտնում է, որ այս գանգատն ակնհայտորեն անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (a) մասի հիմքով: Այն անընդունելի ճանաչելու այլ հիմքեր չեն բերվել: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
2. Ըստ էության քննություն
ա. Հիմնական սկզբունքները
106. Դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածի առկայությունն ու տեղեկատվությունն այն մասին, որ ձերբակալված անձը հանցանք է գործել, sine qua non պայման է հանդիսանում շարունակական կալանքի համար: Սակայն ժամանակի ընթացքում այս կասկածը դադարում է այլևս բավարար լինել: Ազգային իրավասու մարմինները պետք է ապացուցեն հասարակական հետաքրքրության իսկական պահանջի հստակ ուղենիշների առկայությունը, որոնք չնայած անմեղության կանխավարկածի` գերակշռում են Կոնվենցիայի 5-րդ հոդվածում սահմանված մարդու անձնական ազատության նկատմամբ հարգանք տածելու կանոնին (տես, ի թիվս այլնի, Բիկովն ընդդեմ Ռուսաստանի, [GC], no. 4378/02, կետեր 62 և 63, ՄԻԵԴ 2009 ...): Պետք է ապացուցվի` արդյոք ըստ իրավասու մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերի շարունակում է պատճառաբանվել ազատությունից զրկելը (Մքքեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [GC], no. 543/03, կետ 44, ՄԻԵԴ 2006 X ): Բոլոր այն դեպքերում, երբ նման հիմքերը եղել են համապատասխան և բավարար, Դատարանը պետք է նաև բավարարվի, որ ազգային իրավասու մարմինները ցուցաբերել են հատուկ ջանքեր այս ընթացակարգերն իրականացնելիս:
107. Դատարանը կրկնում է, որ փախուստի վտանգը պետք է գնահատվի` հաշվի առնելով տարբեր գործոններ, հատկապես այնպիսիք, որոնք վերաբերում են տվյալ անձի բնութագրին, նրա բարոյականությանը, նրա տանը, զբաղմունքին, ունեցվածքին, նրա ընտանեկան կապերին և ամեն տեսակի կապերին, որ նա ունի այն երկրի հետ, որտեղ նա դատական կարգով հետապնդվում է (Նոեմաստերն ընդդեմ Ավստրիայի, 27 հունիսի 1968թ, կետ 10, Series A no. 8; Շենոևն ընդդեմ Ռուսաստանի, no. 2563/06, կետ 55, 10 հունիսի 2010թ.; and Շչիբուրան ընդդեմ Լեհաստանի, no. 39412/08, կետ 30, 15 փետրվարի 2011թ.):
108. Ինչ վերաբերում է վարույթի ընթացքին խոչընդոտելու վտանգին, ապա ազգային իրավասու մարմինները պետք է հաշվի առնեն այն համապատասխան գործոնները, ինչպիսիք են նախաքննության կամ դատական վարույթի զարգացումը և իրենց կողմից վերահսկումը կամ որևէ այլ հստակ ցուցում` արդարացնելու համար այն վախը, որ Դիմողը կարող է չարաշահել իր վերգտած ազատությունը` կատարելով գործողություններ` նպատակաուղղված , օրինակ` ապացույցների կեղծմանը կամ վերացմանը (տես` Վ.-ն ընդդեմ Շվեյցարիայի, 26 հունվարի 1993թ., կետ 36, Series A no. 254-A):
109. Այն վտանգը, որ նորից հանցագործություն տեղի կունենա, կարող է հանգեցնել նրան, որ դատական իրավասու մարմինները կասկածյալին վերցնեն կալանքի տակ կամ պահեն նրան կալանավայրում` կանխելու համար նրա կողմից հետագա հանցագործություններ կատարելու ցանկացած փորձ: Թերևս անհրաժեշտ է, ի թիվս այլ պայմանների, որ այդ վտանգը լինի հավանական և կիրառվող միջոցառումները` համապատասխան` հաշվի առնելով գործի հանգամանքները և հատկապես տվյալ անձի կյանքի նախկին պատմությունը և անձնական տվյալները (տես, ի թիվս այլնի, Քլութն ընդդեմ Բելգիայի, 12 դեկտեմբերի 1991թ., կետ 40, Series A no. 225, և Պարադիգն ընդդեմ Ֆրանսիայի, no. 17020/05, կետ 71, 29 հոկտեմբերի 2009թ.):
110. Ավելին, Դատարանի կարծիքով` ենթադրյալ քրեական գործունեության համաձայնեցված և կազմակերպված բնույթը կարող է հիմք լինել հստակ վտանգի գնահատման համար: Դրանից բխող ընդհանուր վտանգի գոյությունը կարող է կալանքի հիմք հանդիսանալ դատավարության սկզբնական փուլերում (տես` Կուչերան ընդդեմ Սլովակիայի, no. 48666/99, կետ 95, 17 հուլիսի 2007թ. և Սելեջևսկին ընդդեմ Լեհաստանի, no. 17584/04, կետեր 37 և 38, 4 մայիսի 2006թ.): Կազմակերպված հանցագործությանը վերաբերող գործերում չի անտեսվում այն վտանգը, որ ազատ արձակման դեպքում կալանավորը կարող է ճնշում գործադրել վկաների կամ մյուս մեղադրյալների վրա կամ խոչընդոտել վարույթի ընթացքին:
111. Վերջապես, Դատարանը կրկնում է, որ իրենց առանձնահատուկ ծանրության և հասարակական արձագանքի պատճառով որոշ հանցագործություններ կարող են առաջացնել հասարակական անհանգստություն, որն էլ կարդարացնի կալանքի ժամանակահատվածի տևողությունը (տես` Ի. Ա.-ն ընդդեմ Ֆրանսիայի, 23 սեպտեմբերի 1998թ., կետ 104, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998 VII, Բուշեն ընդդեմ Ֆրանսիայի, no. 33591/96, կետ 43, 20 մարտի 2001թ.): Բացառիկ հանգամանքներում և այն դեպքերում, երբ առկա են բավական հիմքեր, միայն այս գործոնը կարող է հաշվի առնվել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի նպատակներով: Սակայն այս հիմնավորումը կարող է համարվել անհրաժեշտ և բավարար, եթե միայն հիմնված է հանգամանքների վրա, որոնք կարող են ցույց տալ, որ ամբաստանյալի ազատ արձակումը վնաս կհասցնի հասարակական կարգին: Բացի դրանից, կալանքը շարունակում է մնալ օրինական, եթե հասարակական կարգն ըստ էության մնում է վտանգված: Դրա շարունակականությունը չի կարող նախատեսել վերջնական ազատազրկման դատավճիռ (տես` Կամաշեն ընդդեմ Ֆրանսիայի, 27 նոյեմբերի 1991թ., կետ 52, Series A no. 218, և Թոմասին ընդդեմ Ֆրանսիայի, 27 օգոստոսի 1992թ., կետ 91, Series A no. 241-A):
բ. Սկզբունքների կիրառումը սույն գործում
112. Դիմողը ձերբակալվել էր 2008թ. ապրիլի 24-ին և դատավարության արդյունքում մեղավոր ճանաչվել 2010թ. հունիսի 9-ին: Հաշվի առնելով, որ Դիմողի գանգատները վերաբերում են նախաքննության և դատավարության ընթացքում իր կալանքի ողջ ժամանակահատվածին (որպես հակասող գործ տես` Քեյվին օ’Դոուդն ընդդեմ Միացյալ Թագավորության, no. 7390/07, կետեր 71-77, 21 սեպտեմբերի 2010թ.), որ պետք է ուսումնասիրվի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, այն կազմում է երկու տարի մեկ ամիս և տասնհինգ օր:
113. Դատարանը գտնում է, որ Դիմողի դեմ եղած կասկածը տվյալ հանգամանքներում եղել է հիմնավոր, և որ այն շարունակել է մնալ այդպիսին վերոնշյալ ժամանակահատվածում: Այն ընդունում է, որ այս կասկածի առկայությունն արդարացրել է Դիմողի ձերբակալումը և կալանքի նախնական ժամանակահատվածը:
114. Ինչ վերաբերում է կալանքի հաջորդ ժամանակահատվածին, Դատարանը պետք է հաստատի` արդյոք իրավասու մարմինների կողմից ներկայացված այլ հիմնավորումները շարունակում են արդարացնել ազատությունից զրկումը: Ինչպես երևում է կալանքի վերաբերյալ որոշումներից, Դիմողի կալանքը երկարաձգելիս ներպետական դատարաններն արդարացրել են իրենց եզրահանգումներն այն մասին, որ առկա էր փախուստի և խոչընդոտման վտանգ` մեջբերելով մեղադրանքների ծանրությունն ու Դիմողի ենթադրյալ խոչընդոտող վարքագիծը 2008թ. ապրիլի 24-ի իր կալանքից առաջ: Դատարանը հաջորդաբար կուսումնասիրի համապատասխան ոլորտները` ինչպես որ դրանք ներկայացվել են ազգային դատարանների կողմից:
(i) արդարադատությունից խուսափելու և դատավարությունը խոչընդոտելու վտանգները
115. Դատարանը նկատում է, որ Դիմողի ձերբակալումը և կալանքը հիմնված են եղել իրավասու մարմինների եզրակացությունների վրա` կապված նրա նախկին վարքագծի հետ 2007թ. հոկտեմբերից մինչև 2008թ. մարտն ընկած ժամանակահատվածում: Դատարանը չի կարող չնկատել, որ այս ժամանակաշրջանում Դիմողն ունեցել է վկայի կարգավիճակ` քրեական վարույթներում: Ամեն դեպքում Դատարանին ոչ մի նյութ չի ներկայացվել, որը հնարավորություն կտար նրան հիմնվելու որևէ վերաբերելի գործոնի վրա 2007թ. սեպտեմբերից մինչև 2008թ. մարտն ընկած ժամանակահատվածի առումով, ինչպես նշված է 2009թ. մարտի 11-ի կալանքի հրամանում (տես` վերը կետ 25):
116. Ուսումնասիրելով առկա նյութը` Դատարանը բավարարված է, որ Դիմողն արդյունավետ կերպով ծանուցվել է 2008թ. մարտի 17-ին դատարան ներկայանալու մասին: Սակայն, ինչպես երևում է, նա ոչ մի քայլ չի ձեռնարկել` կապված այն արգելքների հետ, որ ներառված էին նախնական խափանման միջոցներում, ինչպես, օրինակ` բնակության վայրը չլքելու արգելքը և պատշաճ վարքագծի դրսևորումը (տես` վերը` կետ 59): Չնայած այդ ժամանակ Դիմողն ընթացիկ քննության մեջ ներգրավվել է որպես կասկածյալ և նրանից պահանջվել է արձագանքել դատարան ներկայանալու ծանուցագրերին, Դատարանը չունի բավարար փաստեր իր տրամադրության ներքո, որպեսզի եզրակացնի, որ Դիմողն այնպես է իրեն պահել, որ հիմնավոր առիթ` վստահելու քննիչի կամ դատարանի կողմից նրա դեմ ներկայացված մեղադրանքներին և դատարանին, որը կալանքի տակ էր պահել նրան` հիմնավորելու համար արդարադատությունից խուսափելու և վարույթին խոչընդոտելու վտանգները:
117. Կալանքի վերաբերյալ որոշումներում նաև նշված է քրեական գործունեության կազմակերպված բնույթը, որի համար Դիմողը և մյուս անձինք հետապնդվել են: Իրականում Դիմողն մեղադրվում էր կառուցվածքային քրեական խմբի հետ ենթադրյալ կապեր ունենալու մեջ, որն ուներ կայուն անդամակցություն` քրեական գործունեությունում դերերի բաշխմամբ, ներքին կարգուկանոն և մանրամասն ծրագրավորում` ընդգրկելով նաև հանցավոր խմբից դուրս այլ մասնակիցների, որոնց թվում էին իրավապահ մարմիններում աշխատող պաշտոնյաներ: Դիմողը մեղադրվում էր Քրեական օրենսդրության մի հոդվածով, ըստ որի` նմանատիպ հանցագործ խմբի անդամ լինելն առանձին հանցակազմ է: Դիմողը նաև հետապնդվում էր կազմակերպված խմբում յուրացումներ կատարելու համար և մեծ մասշտաբով վերցրած` պաշտոնական դիրքի չարաշահմանը դրդելուն` պատճառելով լուրջ վնաս:
118. Սակայն առկա նյութերից չի երևում, որ ենթադրյալ քրեական գործունեության համաձայնեցված բնույթն է եղել կալանքի պատճառաբանման զգալի մասը, որ կայացվել է դատարանի կողմից վարույթի սկզբնական փուլում, մասնավորապես 2008թ. մայիսին` նախաքննության ավարտից հետո:
119. Որևէ այլ հիմքեր չէր ներկայացվել ներպետական դատավարություններում` հիմնավորելու համար փախուստի և վարույթին խոչընդոտելու ռիսկերը դատավարությունների սկզբնական փուլերում, որպեսզի պատճառաբանվեր Դիմողի` երկու տարուց ավելի ժամկետով տևած կալանքը:
120. Հետևաբար, Դատարանը եզրակացնում է, որ դրանք համոզիչ կերպով չեն հիմնավորվել:
(ii) Կրկին հանցագործություն գործելու վտանգը
121. Դատարանը նկատում է, որ այս վտանգը հաստատված չլինելով նախնական կալանքի որոշման մեջ, առանց հետագա գնահատման նշվում է վարույթի հաջորդ փուլերում, օրինակ` 2009թ. մարտին (տես վերը` կետեր 19 և 25): Այնուամենայնիվ, չի նշվել, որ հետագա հանցագործություններ կատարելու վտանգը հավաստի է, և որ խափանման միջոցը տեղին է, օրինակ` հաշվի առնելով Դիմողի քրեական անցյալը, պատմությունը կամ անձնական բնութագիրը: Հետևաբար, Դատարանը չի համոզվում, որ կրկին հանցագործություն գործելու վտանգը բավարար չափով է հիմնավորված:
(iii) Հասարակական կարգի պահպանումը
122. Դատարանը նաև նկատում է, որ պատասխանող կողմ Կառավարությունը և ազգային դատարանները 2009թ. հուլիսից մինչև 2010թ. ապրիլն ընկած ժամանակահատվածում մեջբերել էին, որ «հանրային շահն ու կարևորությունը» վտանգված է սույն գործում (տես վերը` կետեր 29 և 31): Որքանով որ հասկանալի է դառնում հասարակական կարգի պահպանումը կալանքի հիմք ընդունելուց` Դատարանը նշում է, որ Ռուսաստանի օրենքը չի ճանաչել հասարակական կարգի խախտում, որ առաջացած լինի այս հանցագործությունից և կալանքի հիմք դառնա (տես` Ալեքսանդր Մակարովն ընդդեմ Ռուսաստանի, no. 15217/07, կետ 137, 12 մարտի 2009թ.): Ամեն դեպքում, կալանքի ոչ մի նման հիմք հստակ կերպով չի ներկայացվել ազգային դատարանների կողմից: Դատարանները չեն պարզաբանել, թե ինչու էր զգացվել Դիմողի շարունակական կալանքի կարիք հանրության անհանգստությունը կանխելու համար, և չեն ուսումնասիրել` արդյոք Դիմողը վտանգ էր ներկայացնում հասարակական անվտանգությանը: Հետևաբար, Կառավարության փաստարկները, որ մեջբերում են հասարակական կարգը, չեն կարող դիտվել որպես բավարար հիմք Դիմողի կալանքը երկարացնելու համար: Դատարանն այդ կապակցությամբ հիշեցնում է, որ իր խնդիրը չէ ստանձնել Դիմողի կալանքը տնօրինող ազգային իրավասու մարմինների դերը (տես` Իլիջկովն ընդդեմ Բուլղարիայի, no. 33977/96, կետ 86, 26 հուլիսի 2001թ.):
123. Վերջապես Դատարանը նկատում է, որ 2009թ. մարտից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում Դիմողի կալանքը պատճառաբանվել է այն փաստով, որ պաշտպանվող կողմն ուսումնասիրում էր գործի փաստաթղթերը, և որ փաստաթղթերն իրոք ծավալուն էին (տես վերը` կետ 25): Դատարանը գտնում է, որ միայն քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտության մեջբերումը, ինչպես վերոհիշյալներն են, համապատասխան մեջբերում չէ շարունակական կալանքը պատճառաբանելու համար (տես նաև Շտեյնն (Stein) ընդդեմ Ռուսաստանի թիվ 23691/06, կետ 117, 18 հունիսի 2009թ.): Ընդունելի է, որ ամբաստանյալների կողմից գործի նախաքննության ուսումնասիրությանը տրամադրված ժամանակահատվածի տևողությունն անհրաժեշտ էր իրենց դատավարական իրավունքները կիրառելու համար, մասնավորապես նրանք, որոնք պաշտպանվում են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3 (բ) և (գ) մասերով: Սակայն կալանքի տվյալ ժամկետի ողջամտությունը պետք է համոզիչ կերպով գնահատվեր` հաշվի առնելով համապատասխան ռիսկերը և անհատական գործոնները` ի պաշտպանություն մարդու անձնական ազատության նկատմամբ հարգանքի կանոնի, ինչպես որ նշվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասում` պատշաճ կերպով հաշվի առնելով նաև անմեղության կանխավարկածը:
(IV) Եզրակացություն
124. Հաշվի առնելով վերոշարադրյալը` Դատարանը եզրակացնում է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողացել ներկայացնել անհրաժեշտ և բավարար պատճառներ` արդարացնելու համար երկու տարի և մեկ ամիս ժամկետով Դիմողի կալանքի երկարաձգումը: Հետևաբար, տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում:
125. Եվ վերջապես, Դիմողը բարձրացրել է մի շարք գանգատներ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` կապված իր քրեական գործի նախաքննական ընթացակարգի հետ: 2010թ. նոյեմբերին նա նաև բարձրացրել է բողոքներ` կալանավայրում նյութական պայմանների և դատարանի մեկուսարանի ու փոխադրամիջոցների վերաբերյալ:
126. Դատարանը քննել է Դիմողի կողմից ներկայացված այս գանգատները: Սակայն, հաշվի առնելով իր տրամադրության տակ եղած բոլոր նյութերը և թե որքանով էին գանգատարկվող հարցերն իր իրավասություններին համապատասխանում` Դատարանը գտնում է, որ դրանք չեն բացահայտում Կոնվենցիայում կամ դրա Արձանագրություններում ամրագրված իրավունքների ու ազատությունների որևէ խախտում: Դրանից հետևում է, որ դիմումի այս մասն ակնհայտորեն անհիմն է և ենթակա է մերժման` համաձայն Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3 (ա) և 4-րդ մասերի:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
127. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը սահմանում է. «Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա, անհրաժեշտության դեպքում, Դատարանը որոշում է տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
Ա. Վնասը
128. Դիմողն պահանջել է 200 000 եվրո (EUR)` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
129. Կառավարությունը գտել է, որ այս պահանջը չի համապատասխանում սույն դիմումում բարձրացված գանգատներին:
130. Դատարանը չի համաձայնել և գտել է, որ անհանգստությունն ու նյարդային գրգռվածությունը, որ պատճառվել է Դիմողին հնարավոր չէ հատուցել միայն Կոնվենցիայի խախտում գտնելով: Հաշվի առնելով սույն գործով տեղի ունեցած խախտման բնույթը և առաջնորդվելով արդարացիության սկզբունքով` Դատարանը որոշում է Դիմողին տրամադրել 2 500 եվրո` որպես ոչ նյութական վնասի հատուցում` ներառյալ համապատասխան հարկերը:
Բ. Ծախսեր
131. Դիմողը նաև պահանջել է 1 400 եվրո տկն. Մ.Ա. Սամոյլովայի կողմից վճարված ծախսերի դիմաց, Օ. Միխայլովայի` Դատարանում Դիմողի իրավական ներկայացուցչության համար:
132. Կառավարությունը մերժել է այս պահանջը:
133. Համաձայն Դատարանի նախադեպային իրավունքի` Դիմողին հասնում է ծախսերի փոխհատուցում միայն այնքանով, որքանով որ ցույց կտրվի, որ դրանք իրականում կատարվել են անհրաժեշտաբար և նվազագույն չափով ողջամիտ են: Սույն գործում հաշվի առնելով իր տրամադրության ներքո եղած փաստաթղթերը, վերոհիշյալ չափանիշները` Դատարանը սահմանում է 1 000 եվրո` գումարած որևէ հարկ, որը կարող է վճարման ենթակա լինել Դիմողի կողմից: Այդ գումարը պետք է վճարվի տկն Մ.Ա. Սամոյլովային:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
134. Դատարանը նպատակահարմար է գտնում, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի վրա, որին պետք է ավելացվի երեքհարյուրերորդական տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Ընդունելի է հայտարարում Դիմողի գանգատները` կապված 2008թ. ապրիլի 24-ից մինչև 2010թ. հունիսն ընկած ժամանակահատվածում նրա` կալանավայրում բժշկական օգնության և նախաքննության ու դատավարության ընթացքում նրա կալանքի երկարատևողության վերաբերյալ, իսկ դիմումի մնացած մասը անընդունելի:
2. Վճռում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում տեղի չի ունեցել:
3. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում:
4. Վճռում է, որ
(ա) Պատասխանող պետությունը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավճիռը կայացնելուց հետո` երեք ամսվա ընթացքում պետք է որպես ոչ նյութական վնասի հատուցում դիմումատուին վճարի 2 500 եվրոյին (երկու հազար հինգ հարյուր եվրո) համարժեք ռուսական ռուբլի` հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` հավելած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր հարկերը:
(բ) Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավճիռը կայացնելուց հետո` երեք ամսվա ընթացքում Պատասխանող պետությունը պետք է որպես դատական ծախսի հատուցում` տկն Մ.Ա.Սամոյլովային վճարի 1 000 եվրոյին (մեկ հազար) համարժեք ռուսական ռուբլի` հաշվարկված վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով` հավելած նշված գումարի վրա հաշվարկվող բոլոր հարկերը:
(գ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո մինչև վճարման օրը պետք է վճարվի նշված գումարի պարզ տոկոս` Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխառության տրամադրման առավելագույն տոկոսադրույքի չափով, պարտավորությունների չկատարման ժամանակահատվածի համար` գումարած երեքհարյուրերորդական տոկոս:
5. Մերժում է Դիմողի արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերեն, Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ հոդվածների համաձայն` գրավոր ծանուցվել է 2012թ. հունվարի 24-ին:
Սորեն Նիելսեն Քարտուղար |
Պիիր Լորենցեն
Նախագահ |
