Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1441
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.30/7(1460) Հոդ.72
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2019
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2019

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

22 հունվարի 2019 թ.

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ «ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄՈՆՐԵԱԼԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԻԳԱԼԻԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Ի. Ղափլանյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2018 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով սույն գործով Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին Կիգալիում՝ օզոնաքայքայիչ նյութերին այլընտրանք հանդիսացող հիդրոֆտորածխածինների (այսուհետ՝ ՀՖԱ) գործածման փուլային կրճատում իրականացնելու նպատակով:

2. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ 12 ամսվա ընթացքում, որն սկսվում է 2019 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում F հավելվածով կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակը՝ արտահայտված CO2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է 2J հոդվածի 1-ին կետի «a»-«e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, F հավելվածով կարգավորվող նյութերի՝ իր սպառման հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար՝ գումարած C հավելվածի I Խմբով կարգավորվող նյութերի՝ 2F հոդվածի 1-ին կետով սահմանված՝ իր սպառման հաշվարկային մակարդակի 15%-ը՝ արտահայտված CՕ2 համարժեքով. a) 2019-2023թթ.՝ 90%, b) 2024-2028թթ.՝ 60%, c) 2029-2033թթ.՝ 30%, d) 2034-2035թթ.՝ 20%, e) 2036թ. և դրանից հետո՝ 15% (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 1.),

- ապահովել, որ F հավելվածով կարգավորվող նյութեր արտադրելու դեպքում 12 ամսվա ընթացքում, որն սկսվում է 2019 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում F հավելվածով կարգավորվող նյութերի՝ իր արտադրության հաշվարկային մակարդակը՝ արտահայտված CՕ2 համարժեքով, չգերազանցի այն տոկոսը, որը սահմանված է ստորև բերված «a»-«e» ենթակետերում նշված համապատասխան տարիների համար, F հավելվածով կարգավորվող նյութերի՝ իր արտադրության հաշվարկային մակարդակների տարեկան միջինը 2011, 2012 և 2013 թվականների համար՝ գումարած C հավելվածի I Խմբի կարգավորվող նյութերի՝ 2F հոդվածի 2-րդ կետով սահմանված՝ իր արտադրության հաշվարկային մակարդակի 15%-ը՝ արտահայտված CՕ2 համարժեքով. a) 2019-2023թթ.՝ 90%, b) 2024-2028թթ.՝ 60%, c) 2029-2033թթ.՝ 30%, d) 2034-2035թթ.՝ 20%, e) 2036թ. և դրանից հետո՝ 15% (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 3.),

 - ապահովել, որ C հավելվածի I Խմբի կամ F հավելվածով նախատեսված նյութեր արտադրելու դեպքում 12 ամսվա ընթացքում, որն սկսվում է 2020 թվականի հունվարի 1-ին, և դրան հաջորդող յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածում F հավելվածի II Խմբի նյութերի՝ իր արտանետումները, որոնք առաջացել են յուրաքանչյուր արտադրության օբյեկտում, որն արտադրում է C հավելվածի I Խմբի կամ F հավելվածի նյութեր, հնարավորինս ոչնչացվեն՝ օգտագործելով նույն 12-ամսյա ժամանակահատվածում Կողմերի հաստատած տեխնոլոգիաները (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 6.),

- ապահովել, որ C հավելվածի I Խմբի կամ F հավելվածի նյութեր արտադրող գործարաններում առաջացած՝ F հավելվածի II Խմբի նյութերի ցանկացած ոչնչացում կատարվի բացառապես Կողմերի հաստատած տեխնոլոգիաներով (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 2J, կետ 7.),

- համաձայնել, որ Արձանագրության 4-րդ հոդվածի 1 sept կետի ուժի մեջ մտնելուց հետո արգելվի F հավելվածով կարգավորվող նյութերի ներմուծումը Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետությունից (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 4, կետ 1 sept),

- համաձայնել, որ Արձանագրության 4-րդ հոդվածի 2 sept կետի ուժի մեջ մտնելուց հետո արգելվի F հավելվածով կարգավորվող նյութերի արտահանումը Արձանագրության Կողմ չհանդիսացող ցանկացած պետություն (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 4, կետ 2 sept),

- ապահովել, որ 4B հոդվածի 2 bis կետի ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում ներդրվի և կիրառվի F հավելվածով կարգավորվող՝ նոր, օգտագործված, վերամշակված և վերականգնված նյութերի ներմուծման և արտահանման լիցենզավորման համակարգ (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 4B, կետ 2 bis),

- ապահովել, որ հայկական կողմը քարտուղարությանը ներկայացնի F հավելվածի II Խմբի կարգավորվող նյութերի՝ իր տարեկան արտանետումների վիճակագրական տվյալները՝ ըստ օբյեկտի, համաձայն Արձանագրության 3-րդ հոդվածի 1(d) կետի (Համաձայնագրի «Փոփոխություն» վերտառությամբ I հոդված, Հոդվ. 7, կետ 3 ter) և այլն:

3. Միաժամանակ, Համաձայնագրի V հոդվածով «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության յուրաքանչյուր Կողմ ցանկացած ժամանակ՝ մինչև իր համար սույն Փոփոխության ուժի մեջ մտնելը, կարող է հայտարարել, որ ինքը ժամանակավորապես կիրականացնի Արձանագրության 2J հոդվածում սահմանված կարգավորման միջոցառումներից ցանկացածը և կկատարի 7-րդ հոդվածում սահմանված ներկայացման համապատասխան պարտավորությունները մինչև ուժի մեջ մտնելը:

4. Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել, որ Համաձայնագրում հղում է կատարվել մի շարք միջազգային պայմանագրերի, մասնավորապես.

- «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիա՝ ստորագրված 1985 թվականի մարտի 22-ին (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999թ. ապրիլի 28-ին Ազգային ժողովի Ն-328-1 թվակիր որոշմամբ (ՍԴՈ-145),

- «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրություն՝ ստորագրված 1987 թվականի սեպտեմբերի 26-ին (Հայաստանի Հանրապետությունը միացել է 1999թ. ապրիլի 28-ին Ազգային ժողովի Ն-329-1 թվակիր որոշմամբ (ՍԴՈ-145),

- «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Պեկինյան փոփոխություն՝ ստորագրված 1999 թվականի դեկտեմբերի 3-ին (Հայաստանի Հանրապետությունը միացել է 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի Ն-095-4 թվակիր որոշմամբ (ՍԴՈ-745),

- «Կլիմայի փոփոխության մասին» Ռիո դե Ժանեյրոյում 1992 թվականի մայիսի 9-ին ստորագրված շրջանակային կոնվենցիան (վավերացվել է 1993թ. մարտի 31-ին ՀՀ Գերագույն խորհրդի Հ.Ն-0780-I թվակիր որոշմամբ),

- «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրություն՝ ստորագրված 1997 թվականի դեկտեմբերի 11-ին (վավերացվել է 2002թ. դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի Ն-323-2 որոշմամբ (ՍԴՈ-394):

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 12 և 13-րդ հոդվածների դրույթներին, մասնավորապես՝ նպատակաուղղված են շրջակա միջավայրի պահպանությունը, բարելավումը ու վերականգնումը խթանելու և բնական պաշարների ողջամիտ օգտագործելու նպատակով պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ստորագրված՝ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Հ. Թովմասյան

  

22 հունվարի 2019 թվականի

ՍԴՈ-1441

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան