Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0792/03/09

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0792/03/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Մատինյան
                  դատավորներ՝ Լ. Գրիգորյան
                                            Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

 

Վ. Ավանեսյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին,

քննարկելով ըստ դիմումի <<Սեբաստիա-2>> համատիրության (այսուհետ՝ Համատիրություն) ընդդեմ Վահան Էլոյանի` վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին, քաղաքացիական գործով Վահան Էլոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի  26.03.2010 թվականի «Բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու միջնորդությունը մերժելու, վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին»  որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործով կայացված դատական ակտի էությունը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) 15.06.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն՝ Վահան Էլոյանից 63.107,20 ՀՀ դրամ բռնագանձելու մասին։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26.03.2010 թվականի որոշմամբ մերժվել է Վահան Էլոյանի միջնորդությունը՝ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և վերականգնելու մասին և վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վահան Էլոյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածները, <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Գործում առկա է Դատարանի 15.06.2009 թվականի գրությունը` հասցեագրված Վահան Էլոյանին հետևյալ բովանդակությամբ. <<ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.6-րդ հոդվածի կարգով կրկին ուղարկում եմ վճարման կարգադրությունը, դիմումը և կից փաստաթղթերը>>: Նշված գրությանը կից առկա է փոստի բաժանմունքի կտրոնը և հանձնման ծանուցագիրը, որի վրա բացակայում է Վահան Էլոյանի կողմից այն ստանալու փաստը հաստատող անձամբ կատարված որևէ նշում: Նշված ծանուցագիրը չի հանձնվել Վահան Էլոյանին և դրա վրա առկա ստորագրությունը չի կատարվել անձամբ նրա կողմից:

Ավելին, Վահան Էլոյանը նշված վճարման կարգադրության և դրա հիման վրա տրված կատարողական թերթի մասին իմացել է միայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնի հարկադիր կատարողի 19.02.2010 թվականին կատարողական վարույթ հարուցելուց, պարտապանի գույքի վրա արգելանք դնելուց և 05.03.2010 թվականի դիմումի հիման վրա Դատարանի կողմից ՀՀ ԱՆ ԴԱՀԿԱ ծառայության Մալաթիա-Սեբաստիա բաժնին տրամադրված գործում առկա փաստաթղթերին ծանոթանալուց հետո: Դա վկայում է այն մասին, որ մինչև 05.03.2010 թվականը Վահան Էլոյանը Դատարանի 15.06.2009 թվականի վճարման կարգադրության մասին տեղյակ չի եղել:

 

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2010 թվականի որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ ՍՊԸ-ն» ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան) նշել է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում (տե՛ս Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի, թիվ 26737/95, 1997 թվականի դեկտեմբերի 19, կետ 33, Թինելի էնդ Սանզ ՍՊԸ-ն ու այլոք և ՄաքԷլդաֆն ու այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության, թիվ 20390/92, 21322/92, 1998թ. հուլիսի 10, կետ 72 և Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի, թիվ 34791/97, 37)։

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 15.06.2009 թվականին Համատիրության դիմումի հիման վրա արձակել է վճարման կարգադրություն, որի դեմ Վահան Էլոյանը 15.03.2010 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք և պատճառաբանելով, որ վճարման կարգադրության մասին տեղեկացել է միայն 15.03.2010 թվականին, որ գործում առկա Դատարանի 15.06.2009 թվականի վճարման կարգադրությունը, դիմումը և կից փաստաթղթերն իրեն ուղարկելու վերաբերյալ գրությանը կից հանձնման ծանուցագրի վրա առկա ստորագրությունը չի կատարվել անձամբ իր կողմից, միջնորդել է վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառը ճանաչել հարգելի և նշված ժամկետը վերականգնել: Վերաքննիչ դատարանը մերժել է Վահան Էլոյանի միջնորդությունը՝ ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և վերականգնելու մասին և  վերաքննիչ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, որ գործում առկա հանձնման հավաստագրի համաձայն` Երևանի Սեբաստիա 14-րդ շենքի թիվ 42 հասցեով Վահան Էլոյանին ուղարկված վճարման կարգադրությունը 17.06.2009 թվականին վերջինս ստացել է անձամբ և ստորագրել փոստային անդորրագիրը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ չնայած այն հանգամանքին, որ հետադարձ ծանուցման թերթիկում առկա է ստորագրություն <<վճարման կարգադրությունը ստանալու վերաբերյալ>>, այդուհանդերձ փոստային դրոշմակնիքների ամսաթվերի համադրումից ակնհայտորեն երևում է, որ փոստային առաքանին վերջինիս չի հանձնվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով չի առաջնորդվել անձի արդարադատության մատչելիության ապահովման սկզբունքով և չի ապահովել այդ իրավունքը ոչ միայն տեսականորեն, այլև գործնականում իրագործումը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։  

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2010 թվականի որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

 

Վ. Ավանեսյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան