ՄԱՍԼՈՎԱՆ ԵՎ ՆԱԼԲԱՆԴՈՎՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ
2008թ. հունվարի 24-ի վճիռը
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
ՓԱՍՏԵՐ
I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
6. Դիմողները ծնվել են 1980 և 1982 թվականներին և ապրում են Նիժնի Նովգորոդում:
A. Հիմնական տեղեկություններ
7. 1999 թվականի նոյեմբերի 4-ին և 24-ին առաջին դիմողն ունեցել է վկայի կարգավիճակ սպանության գործով, որը քննվել է ոստիկանության և դատախազության կողմից համատեղ:
8. Պարզվել է, որ այս մարմինները մի քանի անգամ կանչել են նրան ցուցմունք տալու ներքին գործերի Նիժեգորոդսկի շրջանային վարչություն (Нижегородское районное управление внутренних дел – ՛՛the police station՛՛):
9. Նաև հայտնի է դարձել, որ ինչ-ինչ պատճառներով քննության ընթացքում կասկածյալ Բ.-ն հայտնել է, որ առաջին դիմողն ստացել է սպանվածի ունեցվածքը:
10. Ըստ առաջին դիմողի՝ քննիչ Զ.-ն կանչել է իրեն ներկայանալու 1999 թվականի նոյեմբերի 25-ին ժամը 12.30-ին: Կառավարությունը հայտնել է, որ առաջին դիմողը կանչվել է ոստիկան Կ.-ի կողմից, այլ ոչ թե քննիչ Զ.-ի:
B. 1999 թվականի նոյեմբերի իրադարձությունները
11. Դիմողը հայտնել է դեպքերի վերաբերյալ իր վարկածը:Կառավարությունն այդ առթիվ որևէ հատուկ մեկնաբանություն չի ներկայացրել:
1. Ոստիկաններ Խ.-ի և Կ.-ի կողմից իրականացված հարցաքննությունները
12. Առաջին դիմողը ներկայացել է ոստիկանության բաժանմունք, որտեղ և հարցաքննվել է: Հարցաքննությունն սկզբում կազմակերպվել է ոստիկաններ Խ.-ի և Կ.-ի կողմից և տեղի է ունեցել թիվ 63 ոստիկանության բաժանմունքում:
13. Ոստիկանները առաջարկել են դիմողին ընդունել, որ ինքն է ստացել սպանվածի ունեցվածքը: Երբ առաջին դիմողը հրաժարվել է այդ անել, նրանք սկսել են բղավել և վախեցնել, որ իր դեմ քրեական գործ կհարուցեն: Նրանք վերցրել են նրա ֆուտբոլային վզկապը և դրանով հարվածներ են հասցրել նրա դեմքին:
14. Ապա Կ.-ն գնացել է բաժանմունքից, իսկ Խ.-ն մնացել է այնտեղ առաջին դիմողի հետ մենակ: Նա ներսից փակել է դուռը և սկսել է նրա վրա գործադրել ֆիզիկական և հոգեբանական ճնշում: Խ.-ն կապել է առաջին դիմողի ձեռքերը և հասցրել է հարվածներ գլխին և դեմքին: Նա պահպանակով բռնաբարել է առաջին դիմողին, ապա հարկադրել է նրան իր հետ զբաղվել օրալ սեքսով:
15. Խ.-ին հետ է պահում միջանցքից լսվող ձայնը և դռան թակոցը: Նա թույլ է տվել առաջին դիմողին գնալ զուգարան և իրեն կարգի բերել:
2. Կասկածյալ Բ.-ի հետ կայացած առերեսումը և դրանից երեք ժամ հետո տեղի ունեցած դեպքերը
16. Մոտ ժամը 14.00-ին առաջին դիմողն առերեսման է ենթարկվել կասկածյալ Բ.-ի հետ: Իր ներկայությամբ նա կրկին ժխտել է կատարված սպանությանն իր մասնակցությունը:
17. Դրանից հետո Խ.-ն և Կ.-ն կապել են առաջին դիմողի բութ մատները և մի քանի անգամ հարվածել նրա որովայնին: Նրանք դիմողի դեմքին հագցրել են հակագազային դիմակ և սկսել են խեղդել նրան՝ փակելով օդի մուտքը: Խ.-ն և Կ.-ն էլեկտրական լարեր են անցկացրել առաջին դիմողի ականջօղերի միջով: Վերը նշված գործողություններն ուղեկցվել են խոստովանություն կորզելու փորձերով:
18. Ստացվում է, որ ի վերջո առաջին դիմողն ընդունել է, որ ստացել է սպանվածի ունեցվածքը և համաձայնել է ցուցմունք գրել թղթի վրա: Քանի որ առաջին դիմողը եղել է խիստ հուզված և չի կարողացել նորմալ գրել, նա երկու անգամ է փորձել դա անել: Խոստովանությունն ուղղված է եղել տեղի շրջանային դատախազին:
19. Խ.-ն և Կ.-ն ապա պահանջել են, որպեսզի առաջին դիմողի մայրը բերի դիմողի ընկերների և ծանոթների հեռախոսահամարները պարունակող բլոկնոտը:
20. Առաջին դիմողը կանչել է իր մորը, և ժամը 16.40-ին վերջինս և երկրորդ դիմողը եկել են ոստիկանության բաժանմունք և բերել պահանջվող բլոկնոտը: Առաջին դիմողի մայրը և երկրորդ դիմողը կանգնել են թիվ 63 աշխատասենյակի ընդունարանի կողքին:
21. Ժամը 17.00-ին տեղի դատախազության մի քննիչ մտել է թիվ 63 աշխատասենյակ: Նա իմացել է առաջին դիմողից, որ վերջինս եղել է Մոսկվայի ԲԿՍԱ-ի ֆուտբոլային թիմի երկրպագուն, սկսել է վիրավորել նրան և հարվածներ հասցնել գլխին երկրորդ դիմողի վզկապով՝ ստիպելով նրան հայհոյել այդ թիմի հասցեին:
3. Առաջին դիմողի հարցաքննությունը քննիչ Զ.-ի կողմից
22. Որոշ ժամանակ անց Խ.-ն բերել է դիմողին Նիժնի Նովգորոդի Նիժեգորոդսկի շրջանի դատախազության (Прокуратура Нижегородского района г. Нижний Новгород – ՛՛the local prosecutor's office՛՛ թիվ 3 աշխատասենյակ, որը գտնվել է ոստիկանության բաժանմունքի հետ միևնույն շենքում:
23. Զ.-ն՝ տեղի դատախազության քննիչը, հարցաքննել է առաջին դիմողին նրա տված ցուցմունքների առնչությամբ:
24. Նրա վրա լրացուցիչ ճնշում գործադրելու համար քննիչները միաժամանակ ձերբակալել և կալանավորել են նրա մորը: Պարզվել է, որ առաջին դիմողի մայրը ձերբակալված է մնացել երկու ժամ շարունակ:
4. 18.30-19.00 տեղի ունեցած դեպքերը
25. Ըստ երկրորդ դիմողի` մոտ 18.30-ին քննիչ Ս.-ն եղել է ընդունարանում և տեսել է երկրորդ դիմողին: Ս.-ն կոպտորեն պահանջել է երկրորդ դիմողից լքել շենքը, հարվածել է նրա ազդրին, հրել է նրան դեպի ելքը, ապա բռնել է նրան և քարշ տվել թիվ 54 աշխատասենյակ, որտեղ եղել են երկու անհայտ ոստիկաններ:
26. Ապա Ս.-ն ներսից փակել է դուռը, հարվածել է դիմողին մի քանի անգամ և մի քանի վնասվածքներ է առաջացրել նրա գլխին և մարմնին` նրա սեփական Մոսկվայի ԲԿՍԱ ֆուտբոլային վզկապով:
27. Ս.-ն տարել է երկրորդ դիմողին թիվ 7 աշխատասենյակ և Խ.-ի ու քննիչ Մ.-ի ներկայությամբ սկսել է ծեծել երկրորդ դիմողին՝ պահանջելով, որպեսզի վերջինս հայհոյի Մոսկվայի ԲԿՍԱ ֆուտբոլային ակումբին: Երբ երկրորդ դիմողը հրաժարվել է, Ս.-ն կապել է նրա վիզը վզկապով և սկսել է խեղդել նրան՝ միաժամանակ հասցնելով հարվածներ: Ի վերջո դիմողը ենթարկվել է:
28. Դրանից հետո Մ.-ն, Զ.-ն և Ծ.-ն ուղարկել են երկրորդ դիմողին խանութ ոգելից խմիչք, ծխախոտ և ուտելիք գնելու համար, որից հետո նրան բաց են թողել շենքից:
5. 19.00-22.30 տեղի ունեցած դեպքերը
29. Մոտ ժամը 19.00-ին Ս.-ն և Մ.-ն մտել են թիվ 3 աշխատասենյակ, որտեղ քննիչ Զ.-ն ավարտում էր առաջին դիմողի հարցաքննությունը: Հարցաքննելուց հետո նրանք բաց չեն թողել առաջին դիմողին և սկսել են խմել: Ըստ դիմողի՝ իրեն ազատ արձակելու խնդրանքները մերժվել են:
30. Իր խնդրանքով առաջին դիմողին ուղեկցել են երրորդ հարկում գտնվող զուգարան, որտեղ նա կատարել է իր ձախ ձեռքի երակները կտրելու փորձ:
31. Նա վերադարձել է թիվ 3 աշխատասենյակ և հաջորդ երկու ժամվա ընթացքում բռնաբարվել է Զ.-ի, Ս.-ի և Մ.-ի կողմից: Պարզվում է, որ նրանք օգտագործել են պահպանակներ և, որ բռնաբարությունից հետո նրանք մաքրել են այդ տեղը սրբիչներով: Խ.-ն առաջին դիմողի՝ զուգարանից վերադառնալուց հետո գնացել է աշխատասենյակից և չի մասնակցել բռնաբարությանը:
32. Ժամը 21.00-ին Ս.-ն գնացել է, և հաջորդ մեկ ժամվա ընթացքում Զ.-ն և Մ.-ն են շարունակել բռնաբարել առաջին դիմողին: Մոտ ժամը 22.00-ին նրանք ազատել են նրան:
6. 22.00-ին հաջորդած դեպքերը
33. Ժամը 22.30-ին առաջին դիմողը եկել է իր ծանոթ Ռ.Բ.-ի տուն: Քիչ անց նրան են միացել Յ.Ա.-ն և Ի.Ա.-ն: Կայացած խոսակցությունից հետո Ե.Ա.-ն կանչել է առաջին դիմողի ծնողներին և ասել նրանց, որ Ռ.Բ.-ն և Յ.Ա.-ն տանելու են առաջին դիմողին հիվանդանոց:
34. Հաջորդ օրը, ժամը 1.20-ին նրանք եկել են թիվ 21 հիվանդանոց, և առաջին դիմողն ասել է բուժքրոջը, որ իրեն բռնաբարել են ոստիկանության բաժանմունքում: Քույրը և բժիշկը խորհուրդ են տվել առաջին դիմողին դիմել դատաբժշկական փորձաքննությունների բյուրո: Դիմողը հրաժարվել է, քանի որ բյուրոն շատ մոտ է գտնվել ոստիկանության բաժանմունքին: Նրան խորհուրդ են տվել գնալ այլ վայրում գտնվող բյուրո: Չի երևում, որ առաջին դիմողը վարվել է հենց այդպես:
C. Քրեական գործի քննություն
35. Պարզվում է, որ 1999 թվականի նոյեմբերի 26-ին առաջին դիմողը դիմել է դատախազին` հայտնելով, որ իրեն ենթարկել են տանջանքի և բռնաբարել են: Նիժնի Նովգորոդի քաղաքային դատախազությունը հարուցել է քրեական գործ այս առթիվ և կատարել է քննություն: Երկրորդ դիմողն այս գործով ունեցել է տուժողի կարգավիճակ:
36. 2000 թվականի ապրիլի 25-ին Խ.-ին, Ս.-ին և Մ.-ին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 131-րդ, 132-րդ և 286-րդ հոդվածների համաձայն:
37. 2000 թվականի հուլիսի 5-ին ստորագրվել է մեղադրական եզրակացությունը, և Խ.-ի, Զ.-ի, Ս.-ի և Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը փոխանցվել է Նիժեգորոդսկի շրջանային դատարան (Нижегородский районный суд г. Нижний Новгород – ՛՛the District Court՛՛) :
38. Համաձայն մեղադրական եզրակացության՝ Խ.-ն մեղադրվել է առաջին դիմողին տանջելու և բռնաբարելու և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու, պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու մեջ (see the episodes described in paragraphs 12-15, 16-21, 25-28 and 29-32 above): Զ.-ն մեղադրվել է առաջին դիմողին բռնաբարելու և նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու, պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու մեջ (see paragraphs 22-24 and 29-32): Ինչ վերաբերում է Ս.-ին, նա մեղադրվել է առաջին և երկրորդ դիմողների նկատմամբ վատ վերաբերմունքի և պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու համար,(see paragraphs 16-21 and 25-28), Մ.-ն մեղադրվել է առաջին դիմողին բռնաբարելու և նրա նկատմամբ սեռական բնույթի գործողություններ կատարելու և պաշտոնի չարաշահման և պաշտոնի նկատմամբ վստահությունը կասկածի տակ դնելու մեջ (see paragraphs 29-32): Մեղադրյալների ենթադրյալ քրեական գործողությունները որակվել են համապատասխանաբար՝ Քրեական օրենսգրքի 131-1, 2 (b), 132-1, 2 (b) և 286-3 (a, b) հոդվածներով:
39. Մեղադրյալները հերքել են իրենց մասնակցությունն այդ հանցագործություններին, պահպանել են լռություն և հրաժարվել են տալու իրենց մեզի և սպերմայի անալիզ:
40. Մեղադրական եզրակացության հետևությունները հիմնականում կատարվել են առաջին և երկրորդ դիմողների կողմից տրված ցուցմունքների հիման վրա, որոնք ճանաչել են ենթադրյալ հանցագործներին և կատարել են դեպքերի բավականին մանրամասն նկարագրություն:
41. Եզրակացությունը հիմնված է եղել նաև վկա Բ.-ի ցուցմունքի վրա, որը լսել է Խ.-ի բղավոցները և առաջին դիմողի նվնվոցները, ապա տեսել է, որ դիմողը արտասվել էր և ուժասպառ է: Բ.-ն նույնպես հաստատել է Խ.-ի հայտարարությունը, ով ասել է, որ առաջին դիմողը «հանձնվել է» և ընդունել ամեն բան:
42. Առկա են եղել նաև վկաներ Ռ.Բ.-ի և Ի.Ա.-ի և Յ.Ա.-ի, բուժքրոջ և բժշկի, առաջին դիմողի ծնողների, երկրորդ դիմողի մոր և խանութի աշխատողի ցուցմունքները, որը երկրորդ դիմողին վաճառել էր ուտելիք և ոգելից խմիչք (տես վերը՝ կետ 28):
43. Մյուս ապացույցը նաև ներառել է ոստիկանության շենքում և դատախազությունում կատարված խուզարկությունների արդյունքում առգրավված առարկաներ, դիմողի՝ ինքնախոստովանական ձեռագիր ցուցմունքը, որը, ըստ փորձագետի, գրված է եղել «դողդողացող ձեռքով»(տես՝ կետ 18), դիմողի` երակները կտրելու փորձի բժշկական հաստատումը (տես՝ կետ 30), դատաբժշկական հետազոտությունների արձանագրությունները և այլ ապացույցներ: Ստացվում է, որ մի քանի այլ անձինք, ովքեր նախկինում ենթարկվել են հետապնդման և որոնց քրեական գործերը կապված են եղել ապացույցի հետ, ըստ որի` հաստատվել է, որ կասկածյալները գործադրել են տանջող միջոցներ, ինչպիսիք են՝ հակագազային դիմակը, էլեկտրական լարերը և վախ առաջացնող միջոցները:
44. 1999 թվականի դեկտեմբերի թիվ 650 դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ Խ.-ի հագուստը, որը նա կրել էր 1999 թվականի նոյեմբերի 25-ին, պարունակել է առաջին դիմողին համապատասխանող միևնույն հակագենային խմբի վագինալ էպիթելիումի տարրերի հետքեր: Քննությամբ ևս հաստատվել է, որ Խ.-ն և նրա ամուսինը պատկանել են տարբեր հակագենային խմբերի:
45. 1999 թվականի նոյեմբերի 27-ին շենքերում կատարված խուզարկության ընթացքում քննչական մարմինը հայտնաբերել է երկու օգտագործված պահպանակ՝ մեկը ոստիկանության բաժանմունքի բակում, իսկ մյուսը՝ դատախազի թիվ 3 աշխատասենյակի պատուհանի կառնիզի վրա:
46. Պարզվել է, որ հայտնաբերված պահպանակներից միայն մեկն է պիտանի եղել դատաբժշկական փորձաքննության համար: Գենոմիկ հետազոտությամբ բացահայտվել է, որ վագինալ տարրերը 99.9999 տոկոս հավանականությամբ պատկանել են առաջին դիմողին, իսկ սպերմատոզոիդները և տարրերը՝ տղամարդու միզուղու:
47. Նույն խուզարկությամբ հայտնաբերվել է նաև սպերմայի հետքեր պարունակող երկու սրբիչ ոստիկանության բաժանմունքի բակում:
48. Ավելին, դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվել է, որ առաջին դիմողի զգեստները, որոնք նա կրել էր այդ օրը, պարունակել են սպերմայի հետքեր:
D. Քննությունն առաջին ատյանի դատարանում
49. 2000 թվականի օգոստոսի 16-ին գործի նախնական քննության ընթացքում կասկածյալի պաշտպանը մատնանշել է դատավարական մի շարք թերություններ և միջնորդել է գործը վերադարձնել լրացուցիչ քննության:
50. Նույն օրը Շրջանային դատարանը բավարարել է միջնորդությունը և գործը վերադարձրել է լրացուցիչ քննության:
51. Դատարանը որոշել է, որ քննչական մարմինները քննության ընթացքում թույլ են տվել ներպետական դատավարության մի շարք լուրջ խախտումներ, որով խախտվել են կասկածյալի իրավունքները, և գործով ապացույցների մեծ մասը ճանաչել է ոչ թույլատրելի:
52. Հատկապես, որոշման մեջ մատնանշվել են բազում թերացումներ և բացթողումներ` կապված գործը վարելու հետ, ներառյալ՝ հետապնդման մարմինների աշխատակիցների նկատմամբ գործ հարուցելու հատուկ ընթացակարգի անտեսումը, և այն փաստը, որ Խ.-ն, Զ.-ն Ս.-ն և Մ.-ն մինչև 2000 թվականի ապրիլի 24-ը չեն ունեցել կասկածյալի կարգավիճակ, ինչը նշանակում է, որ գրեթե բոլոր քննչական գործողությունները (խուզարկությունը, հարցաքննությունները, ճանաչման ներկայացնելը, փորձագետի եզրակացությունները և այլն), որոնք կատարվել են մինչ այդ օրը և իրականացվել են կասկածյալների պաշտպանության իրավունքի խախտումներով և դարձրել են համապատասխան ապացույցները ոչ թույլատրելի:
E. Բողոքարկումը և վերահսկողությունը
53. Դատախազի` 2000 թվականի օգոստոսի 16-ի բողոքի հիման վրա Շրջանային դատարանի որոշումը 2000 թվականի հոկտեմբերի 13-ին անփոփոխ է թողնվել Նիժնի Նովգորոդի ռեգիոնալ դատարանի կողմից:
54. 2001 թվականի սեպտեմբերի չպարզված օրը առաջին դիմողի պաշտպանը 2000 թվականի օգոստոսի 16-ի և հոկտեմբերի 13-ի որոշումները բողոքարկել է Ռեգիոնալ դատարանի նախագահությանը՝ պահանջելով կրկին անգամ դրանք վերանայել վերահսկողության կարգով:
55. 2001 թվականի հոկտեմբերի 1-ին պաշտպանը ներկայացրել է նմանատիպ բողոք Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարան (Верховный Суд РФ – ՛՛the Supreme Court՛՛):
56. Քննելով գործի նյութերը՝ 2002 թվականի հունիսի 6-ին Ռեգիոնալ դատարանի նախագահությունը մերժել է որոշումները վերահսկողության կարգով վերանայելու մասին դիմողի պահանջը:
57. Նույն որոշումը կայացվել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից 2002 թվականի հունիսի 21-ին:
F. Քրեական գործի վարույթի կարճումը
58. 2001 թվականի հունվարի 12-ին Ռեգիոնալ դատախազությունը քննել է գործը և գտել, որ մեղադրանքները հիմնված են հիմնականում առաջին դիմողի չկապակցված և ոչ համոզիչ հայտարարությունների վրա, որ ընդհանուր առմամբ գործով ապացույցներն անհամապատասխան են, և եզրակացրել է, որ քննության ընթացքում կասկածյալների դեմ չի ներկայացվել որևէ ծանրակշիռ ապացույց:
59. Հաշվի են առնվել նաև դատարանի՝ 2000 թվականի օգոստոսի 16-ի և հոկտեմբերի 13-ի որոշումներում արված հետևությունները, և նշվել է, որ «օրենքի բազմակի խախտումները, հատկապես` հատուկ մարմինների, այն է՝ դատախազության քննիչների նկատմամբ քրեական գործերի հարուցման հետ կապված ընթացակարգերը և կանոնները չպահպանելը գործը զրկում են դատական քննության հեռանկարից, քանի որ անհնարին է շտկել քննության ընթացքում թույլ տրված խախտումները»: Այդ հիմքերով որոշվել է կարճել քրեական գործի վարույթը: Որոշման համաձայն՝ առաջին դիմողը և կասկածյալը պետք է ստանային այն և կարող էին բողոքարկել վերադաս դատախազին:
60. 2001 թվականի հունիսի 19-ի նամակով (No. 15/1-1018-99) Ռեգիոնալ դատախազությունը պատասխանել է առաջին դիմողի՝ 2001 թվականի հունվարի 12-ի որոշման դեմ բերված բողոքին, որը լիովին տարբերվել է իր պատճառաբանություններով և եզրակացություններով: Նամակը չի պարունակել ցուցում դրա դեմ դատարան բողոք ներկայացնելու հնարավորության մասին:
61. Ըստ Կառավարության՝ այս գործի վարույթը բազմիցս վերսկսվել է և կարճվել:
62. 2002 թվականի օգոստոսի 30-ին Ռեգիոնալ դատախազությունը վերացրել է քրեական գործի վարույթը կարճելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի որոշումը և գործն ուղարկել է լրացուցիչ քննության: Այն նշել է երկրորդ դիմողի նկատմամբ գործողությունների իրավական որակման բացակայությունը` որպես այդ որոշման կայացման պատճառաբանություն:
63. 2002 թվականի հոկտեմբերի 16-ին տեղական դատախազությունը կարճել է քրեական գործի վարույթը՝ ապացույցների բացակայության և ոստիկանների ու դատախազության մարմինների աշխատակիցների՝ հանցագործությանը չներգրավված լինելու հիմքով:
64. Այդ որոշումն արդյունքում վերացվել է, սակայն 2002 թվականի փետրվարի 24-ին տեղական դատախազությունը կրկին կարճել է վարույթը` հանցակազմի բացակայության հիմքով:
65. 2004 թվականի սեպտեմբերի 19-ին առաջին դիմողի պաշտպանը բողոքարկել է 2002 թվականի փետրվարի 24-ի որոշումը Շրջանային դատարանում: 2004 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով Շրջանային դատարանը որոշումը թողել է անփոփոխ ՝ լիովին տարբեր պատճառաբանությամբ: Դատավճիռը թողնվել է անփոփոխ Ռեգիոնալ դատարանի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 29-ին:
66. 2005 թվականի ապրիլի 29-ին Ռեգիոնալ դատախազությունը կրկին անգամ որոշել է վերսկսել գործի քննությունը:
67. Ըստ դիմողի՝ 2005 թվականի հունիսի 28-ին գործի վարույթը կրկին կարճվել է:
68. Կառավարությունը հայտարարել է, որ 2005 թվականի օգոստոսի 22-ին գործի քննությունը վերսկսվել է: Այդ որոշման դեմ բողոք է ներկայացրել կասկածյալը: 2005 թվականի նոյեմբերի 22-ին Շրջանային դատարանը բեկանել է գործի վարույթը վերսկսելու մասին որոշումը՝ անօրինական լինելու հիմքով: Ռեգիոնալ դատարանը 2005 թվականի դեկտեմբերի 30-ին անփոփոխ է թողել Շրջանային դատարանի որոշումը: Դրանից հետո գլխավոր դատախազի տեղակալը ներկայացրել է վերահսկողության կարգով վերանայման պահանջ 2005 թվականի նոյեմբերի 22-ին և դեկտեմբերի 30-ին:
69. 2007 թվականի փետրվարի 1-ին Շրջանային դատարանը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, քննել և մերժել է դատախազի պահանջը, սակայն նշել է, որ 2005 թվականի դեկտեմբերի 30-ի որոշումը կայացվել է դատավորների ոչ պատշաճ կազմով և գործը վերադարձրել է Ռեգիոնալ դատարան՝ նոր քննության:
70. Այս քննությունների արդյունքն անորոշ է, սակայն երևում է, որ չեն ձեռնարկվել հետագա քայլեր ոստիկանների և քննիչների դեմ քրեական գործի առնչությամբ:
II. Համապատասխան ներպետական օրենսդրություն
A. Համապատասխան քրեական հանցագործությունները
71. Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1 և 2(b) հոդվածներով նախատեսված է մի խումբ անձանց կողմից կատարված բռնաբարության համար պատիժ` մինչև տասնհինգ տարի ժամկետով, անկախ նրանից, այդ խումբը եղել է կազմակերպված, թե գործել է առանց նախնական համաձայնության:
72. 132-րդ հոդվածի 1 և 2(b) կետերը պատիժ են նախատեսում մի խումբ անձանց կողմից սեռական բնույթի գործողություններ կատարելուն հարկադրելու համար` մինչև տասնհինգ տարի ազատազրկմամբ, անկախ նրանից, այդ խումբը եղել է կազմակերպված, թե գործել է առանց նախնական համաձայնության:
73. 286-րդ հոդվածի 3(a,b) կետերը նախատեսում են պատիժ` պաշտոնեական դիրքի չարաշահման համար ուժի գործադրմամբ կամ դրա սպառնալիքով, զենքի կամ այլ հատուկ միջոցների գործադրմամբ կամ առանց դրա` մինչև երեք տարի ժամկետով:
B. Վկաների հարցաքննությունը (այդ ժամանակ գործող 1960 թվականի Քրեական դատավարության օրենսգիրքը)
Հոդված 155
«Վկան պետք է կանչվի հարցաքննության անձամբ իրեն կամ իր բացակայության դեպքում՝ իր ընտանիքի չափահաս անդամին հանձնված գրավոր ծանուցմամբ…
Ծանուցումը պետք է պարունակի որպես վկա կանչվող անձի անունը, նշում այն մասին, թե ուր, ում մոտ, երբ և որ ժամին նա պետք է ներկայանա, ինչպես նաև չներկայանալու հետևանքները: Վկան կարող է նաև կանչվել հեռախոսազանգի կամ հեռագրի միջոցով»:
Հոդված 157
«Վկայի հարցաքննությունը պետք է իրականանա հարցաքննության համար նախատեսված վայրում: Քննիչը կարող է որոշել հարցաքննել վկային այդ վկայի գտնվելու վայրում»:
C. Հանցագործությունների պաշտոնական քննությունը
74. Քրեական դատավարության օրենսգրքի 108-րդ և 125-րդ հոդվածների համաձայն՝ քրեական գործ կարող է հարուցվել դատախազության քննիչի կողմից անհատ անձի միջնորդությամբ կամ քննչական մարմնի սեփական նախաձեռնությամբ: Օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ անձը, ով վնաս է կրել հանցագործության հետևանքով, ստացել է տուժողի կարգավիճակ և կարող է միանալ քրեական գործի քննության որպես քաղաքացիական կողմ: Քննության ընթացքում տուժողը կարող է ներկայացնել ապացույցներ և դիմումներ, ինչպես նաև քննությունն ավարտվելիս իրավունք ունի ծանոթանալու գործի նյութերին:
75. Օրենսգրքի 210-րդ և 211-րդ հոդվածների համաձայն՝ դատախազը պատասխանատու է ողջ քննության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար: Հատկապես, դատախազը կարող էր ձեռնարկել հատուկ քննչական միջոցներ, փոխանցել գործը մեկ քննիչից մյուսին կամ վերսկսել քննությունը:
76. Օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝ քննիչը, որը կատարել է քննությունը, կարող էր կարճել այն հանցակազմի բացակայության դեպքում: Նման որոշումը ենթակա է բողոքարկման ավագ դատախազին կամ դատարան: Դատարանը կարող էր որոշում կայացնել գործի քննությունը վերսկսելու մասին, եթե գտնի, որ քննությունը չի եղել լիարժեք:
77. Օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ գործի քննությունը կարող էր վերսկսվել դատախազի կողմից` «եթե առկա են հիմքեր»: Այս կանոնից միակ բացառությունը նախատեսված է այն գործերի համար, որտեղ հանցագործությունների համար հետապնդման վաղեմության ժամկետը լրացել է:
78. Օրենսգրքի 161-րդ հոդվածի համաձայն՝ որպես ընդհանուր կանոն, քննության ընթացքում ձեռք բերված տեղեկությունները հրապարակային չեն: Այդ տեղեկության հրապարակումը պետք է թույլատրվի հետապնդման մարմինների կողմից, եթե հրապարակումը չէր խոչընդոտի քննության պատշաճ ընթացքին կամ չի խախտի քննության մեջ ներգրավվածների իրավունքները և օրինական շահերը: Կողմերի անձնական կյանքին առնչվող տեղեկությունները չեն կարող դառնալ հրապարակային նրանց համաձայնության բացակայության դեպքում:
79. Քննչական մարմինների մասին օրենքի 42-րդ հոդվածը և 1998 թվականի հունիսի 26-ի՝ Գլխավոր դատախազության մասին թիվ 44 որոշումը նախատեսում են հատուկ վարույթ վարչական և քրեական գործերով հետապնդման մարմինների աշխատակիցների դեմ: Հատկապես, մարմինները, որոնք իրավունք ունեն հարուցելու նման գործեր, հստակորեն սահմանված են:
D. Քաղաքացիաիրավական միջոցներ պետական պաշտոնյաների անօրինական գործողությունների դեմ
80. 1996 թվականի մարտի 1-ից գործող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է փոխհատուցում Պետության գործողության կամ անգործության համար (հոդված 1069): Քաղաքացիական օրենսգրքի հոդված 151-ը և 1099-1101-ը նախատեսում են փոխհատուցում ոչ նյութական վնասի համար: Մասնավորապես, հոդված 1099-ի համաձայն՝ ոչ նյութական վնասը պետք է փոխհատուցվի, անկախ նյութական վնասի փոխհատուցումից:
ՕՐԵՆՔ
I. Կառավարության նախնական առարկությունը
81. Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին, որ տանջանքի ենթադրյալ գործադրողների դեմ քրեական գործերը դեռևս քննվում են ներպետական մակարդակով և ձեռնպահ է մնացել գործի առթիվ որևէ մեկնաբանություններ տալուց:
82. Քանի որ նման հայտարարությունը կարող է հասկացվել որպես առարկություն` կապված դիմողի՝ ներպետական միջոցները սպառած չլինելու հետ, Դատարանը նկատում է, որ պատասխանող Կառավարությունը չի առարկել առ այն,որ դիմողների կողմից ընտրված և կիրառված ներպետական միջոցները, որոնցով նրանք փորձել են գրավել ներպետական մարմինների ուշադրությունն իրենց խնդրի վրա, եղել են ոչ արդյունավետ կամ ոչ պատշաճ:
83. Ապա Դատարանը նշում է, որ առաջին դիմողն ի սկզբանե բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հենց հաջորդ օրը, այն է՝ 1999 թվականի նոյեմբերի 26-ին: Դրանից հետո մի քանի անգամ գործ է հարուցվել, ապա՝ կարճվել: 2005 թվականի օգոստոսին, այն է՝ առաջին բողոքը ներկայացնելուց հետո 5 տարի և մոտ 9 ամիս անց քրեական գործի քննությունը վերսկսվել է, իսկ 2007 թվականի փետրվարի 14-ին, այն է՝ այն օրը, երբ պատասխանող Կառավարությունը ներկայացրել է իր լրացուցիչ դիտարկումները, այդ գործը դեռևս քննվել է մինչդատական փուլում: Հակառակը պնդող որևէ հանգամանքի բացակայության պայմաններում Դատարանը գտնում է, որ Կառավարությունն ունեցել է բավարար ժամանակ պատասխանելու դիմողների բողոքներին ներպետական քննության միջոցով: Ավելին, դիմողները պատշաճ կերպով մասնակցել են քննությանը, և գործի նյութերում չկա որևէ հանգամանք, որը կմատնանշի, թե նրանք չեն օգտագործել ներպետական հասանելի միջոցներն այդ գործով իրենց համար ոչ ցանկալի որոշումները բողոքարկելու համար:
84. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը գտնում է, որ դիմողները կատարել են ներպետական միջոցներն սպառելու պահանջը, և մերժում է Կառավարության առարկությունը:
II. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումն առաջին դիմողի առնչությամբ
85. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո առաջին դիմողը բողոքել է, որ 1999 թվականի նոյեմբերի 25-ին իրեն մի քանի անգամ բռնաբարել են և իր նկատմամբ վատ վերաբերմունք դրսևորել ոստիկաններն ու դատախազության աշխատակիցները: Առաջին դիմողը նաև բողոքել է առ այն, որ իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն այդ առթիվ: Կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն.
«Ոչ ոք չպետք է ենթարկվեի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:
A. Կողմերի փաստարկները
86. Կառավարությունը չի համաձայնել առաջին դիմողի բողոքներին ու հայտարարություններին և հայտարարել է, որ 2005 թվականի ապրիլի 29-ին Ռեգիոնալ դատախազությունը վերսկսել է քրեական գործի քննությունը՝ կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի իրադարձությունների հետ: Այն նշել է, որ հնարավոր չէ ներկայացնել այլ մեկնաբանություններ, քանի որ քննությունները դեռևս շարունակվում են: Իր լրացուցիչ դիտարկումներում այն նաև խուսափել է մեկնաբանություններ կատարել բողոքների հանգամանքների վերաբերյալ:
87. Առաջին դիմողը պնդել է իր բողոքները: Մասնավորապես, նա հայտարարել է, որ գործի նյութերը պարունակել են բավարար ապացույցներ առաջին դիմողի նկատմամբ դրսևորված վատ վերաբերմունքի և տանջանքի վերաբերյալ, և որ իրականացված քննությունը չի համապատասխանել 3-րդ հոդվածի պահանջներին` դրա դատավարական իմաստով:
B. Դատարանի գնահատականը
88. Դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է սկսել առաջին դիմողի հայտարարությունների առթիվ քննություն, քանի որ դրանք բարձրացվել են Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ներքո` դրա դատավարական իմաստով, ապա այնուհետև՝ անդրադառնալ բուն խնդրի քննությանը Կոնվենցիայի դրույթների ներքո:
1. Քննության վիճարկվող ոչ լիարժեքությունը
(a) Վատ վերաբերմունքի վերաբերյալ վիճահարույց բողոքի առկայությունը
89. Նախևառաջ դատարանը նշում է, որ առաջին դիմողը բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ հենց հաջորդ օրը: Քննչական մարմինները խուզարկություն են իրականացրել դեպքի վայրում, որի արդյունքում հայտնաբերվել են երկու օգտագործված պահպանակներ և երկու սրբիչներ, որոնց վրա առկա են եղել սպերմայի հետքեր: 2000 թվականի ապրիլի 25-ին չորս ոստիկանների պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել, իսկ 2000 թվականի հուլիսի 5-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը և գործը փոխանցվել է դատական քննության:
90. Հաշվի առնելով քննության սկզբնական փուլում քննչական մարմինների կողմից հավաքված ապացույցները և փաստը, որ ներպետական իշխանությունները համարել են այս ապացույցները բավականին լուրջ քրեական մեղադրանքների հիմքում դնելու համար, ինչպես նաև դրանք դատական քննության փոխանցելը՝ Դատարանը գտնում է, որ առաջին դիմողը կարող է բողոքել առ այն, որ ինքը ենթարկվել լուրջ վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից:
(b) Քննության արդյունավետությանն առնչվող ընդհանուր սկզբունքները
91. Դատարանը կրկնում է, որ երբ անհատը վիահարույց բողոք է ներկայացնում առ այն, որ ինքը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից` ի խախտումն 3-րդ հոդվածի, այդ դրույթը Կոնվենցիայի «իր իրավազորության ներքո յուրաքանչյուրի՝ Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու»՝ 1-ին հոդվածի ներքո Պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, որպեսզի տեղի ունենա արդյունավետ պաշտոնական քննություն: Դատարանը գտնում է, որ բռնաբարությունը տուժողի նկատմամբ առավելագույն նվաստացնող,խոցող հանցագործություն է, այդ պատճառով ընդգծում է Պետության դատավարական պարտականությունն այդ համատեքստում (տես՝ Ս.Վ.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. նոյեմբերի 22, Series A, թիվ 335‑B, Ս.Ր.-ն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1995թ. նոյեմբերի, Series A թիվ 335‑C և Մ.Ս.-ն ընդդեմ Բուլղարիայի, թիվ 39272/98, կետ 153, ՄԻԵԴ 2003‑XII): Արդյունավետ պաշտոնական քննությունը պետք է հանգեցնի պատասխանատու անձանց բացահայտմանն ու պատժին (տես՝ Ասենովն և այլոք ընդդեմ Թուրքիայի, 1998թ. հոկտեմբերի 28, Զեկույցներ, 1998-VIII, էջ 3290, կետ 102 և Լաբիթան ընդդեմ Իտալիայի [GC], թիվ 26772/95, կետ 131, ՄԻԵԴ 2000-IV): Դատարանի նախադեպային վճիռներում ամրագրված արդյունավետության նվազագույն չափանիշները ներառում են նաև պահանջներ առ այն, որ քննությունը պետք է լինի անկախ, անկողմնակալ և ենթակա լինի հանրության հսկողությանը, այդպիսով, իրավասու մարմինները պետք է գործեն օրինակելի կոկիկությամբ և պատշաճությամբ (տես՝ Իսաևան և այլոք ընդդեմ Ռուսաստանի, թիվ 57947/00, 57948/00 և 57949/00, կետեր 208-13, 2005թ. փետրվարի 24):
(c) Այդ սկզբունքների կիրառումը
92. Այդպիսով, հարց է առաջանում` արդյոք իշխանությունները կատարել են իրենց՝ գործի արդյունավետ պաշտոնական քննություն կատարելու պարտականությունը:
93. Դատարանն այս առումով նկատում է, որ առաջին դիմողի բողոքների առթիվ քննությունն սկսվել է հենց որ գործը ներկայացվել է իրավասու մարմիններին, և որ առնվազն արտաքուստ իշխանությունները կարծես թե գործել են պատշաճ և բազմակողմանի: Այդպիսով, քննչական մարմինները խուզարկել են դեպքի վայրը, որի արդյունքում հայտնաբերել են երկու պահպանակ և երկու սրբիչ, որոնց վրա առկա են եղել սպերմայի հետքեր (տես՝ կետեր 45 և 47): Նրանք նաև հարցաքննել են հնարավոր վկաներին և հանձնարարել են կատարել առգրավված առարկաների հետ կապված անհրաժեշտ դատաբժշկական փորձաքննություններ (տես՝ կետ 37):
94. Դատարանը, այդուհանդերձ, նկատում է, որ գործի նախնական քննությունից հետո` 2000 թվականի օգոստոսի 16-ին դատարանը հայտնաբերել է ներպետական դատավարական կանոնների մի շարք լուրջ խախտումներ, որոնցով խախտվել են մեղադրյալների իրավունքները, ներառյալ՝ հետապնդման մարմինների նկատմամբ քրեական գործ հարուցելու հատուկ ընթացակարգի անտեսումը և այն փաստը, որ համապատասխան ոստիկանները չեն ունեցել կասկածյալների դատավարական կարգավիճակ մինչև 2000 թվականի ապրիլի 25-ը, ինչը գործով նախկինում հավաքված բոլոր ապացույցները դարձրել է անընդունելի (տես՝ կետ 52): Գործը վերադարձվել է նոր քննության, այնուհետև վարույթը կարճվել է դատախազության կողմից` ի թիվս այլ հանգամանքների, այն հանգամանքների պատճառով, որ անհնարին է եղել շտկել ներպետական դատավարական խախտումները, որոնք թույլ են տվել քննիչները քննության առաջին հինգ ամիսների ընթացքում (տես՝ կետեր 58 և 59): Հաշվի առնելով դատարանի կողմից անընդունելի հայտարարված ապացույցի բնույթը՝ այն չէր կարող կրկին անգամ օգտագործվել գործը նոր քննության համար վերադարձնելուց հետո, իսկ այդ հանգամանքներում զարմանալի չէ, որ արդյունքում քննությունը դադարեցվել է հանցագործության ապացույցների բացակայության հիմքով:
95. Քննելով գործի հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ կարող է իսկապես ընդունվել, թե իշխանությունները ձեռնարկել են անհրաժեշտ քայլեր այդ դեպքի համար մեղավորների բացահայտման և պատժի ուղղությամբ, և գործը հարուցելուց հետո առաջին հինգ ամիսների ընթացքում իշխանությունների կողմից թույլ տրված ներպետական դատավարական կանոնների խախտումների պատճառով, ինչպես ընդունվել է ներպետական դատարանների կողմից, հիմնական ապացույցները եթե չդառնային անընդունելի (տես՝ կետեր 49, 51-52 և 58-59)` քննությունը կարող էր համարվել 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխանող` դրա դատավարական իմաստով: Այդուհանդերձ,փաստ է այն, որ իրավասու մարմինները թույլ են տվել անուղղելի դատավարական սխալներ, որոնք ոստիկանների դեմ հարուցված քննությունը մտցրել են փակուղի:
96. Կառավարության կողմից այս սխալների առթիվ այլ համոզիչ բացատրությունների բացակայության պայմաններում Դատարանը գտնում է, որ այս սխալների սկզբունքային պատճառը 1999 թվականի նոյեմբերի 26-ից 2000 թվականի հուլիսի 5-ը քննություն իրականացրած հետապնդման մարմինների լուրջ ոչ բանիմացությունն է:
97. Համապատասխանաբար, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի՝ վատ վերաբերմունքի մասին բողոքների առթիվ արդյունավետ քննության բացակայության կապակցությամբ:
2. Պետական մարմինների կողմից ենթադրյալ վատ վերաբերմունքի դրսևորումը
98. Այժմ Դատարանը կանդրադառնա այն հարցին,թե արդյոք առաջին դիմողը ենթարկվել է վատ վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
(a) Ընդհանուր սկզբունք
99. Դատարանը բազմիցս նկատել է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը նախատեսում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներից մեկը, և որպես այդպիսին բացարձակապես արգելում է խոշտանգումը կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը (տես, օրինակ՝ Աքսոյն ընդդեմ Թուրքիայի, 1996թ. դեկտեմբերի 18, Զեկույց 1996-VI, էջ 2278, կետ 62 և Այդինն ընդդեմ Թուրքիայի, 1997թ. սեպտեմբերի 25, Reports 1997‑VI, կետ 81): Ապա Դատարանը նշում է, ինչպես նշել է բազմիցս, որ իշխանությունները պարտավոր են պաշտպանել կալանքի տակ գտնվող անձի ֆիզիկական ամբողջականությունը, և որ ապացույցները գնահատելիս ինքը սովորաբար կիրառել է «կասկածից վեր» ապացուցման չափանիշը (Իռլանդիան ընդդեմ Միացյալ Թագավորության, 1978թ. հունվարի 18, Series A, թիվ 25, էջեր 64-65, կետ 161): Նման ապացույցը կարող է բխել բավականաչափ լուրջ, հստակ և միանշանակ հետևությունների կամ փաստի միատեսակ անհերքելի կանխավարկածների միաժամանակյա առկայությունից: Երբ իրադարձությունները լիովին կամ մեծ մասամբ տեղի են ունենում իշխանությունների գիտությամբ, ինչպես դա լինում է կալանքի տակ գտնվող անձանց առնչվող դեպքերում, փաստի լուրջ կանխավարկած է առաջ գալիս՝ կապված նման կալանքի տակ գտնվելու ընթացքում պատճառված վնասվածքների առթիվ:
100. Իսկապես, ապացուցման բեռը կարող է թողնվել իշխանությունների վրա, որոնք պետք է ներկայացնեն բավարար և համոզիչ բացատրություններ (տես՝ Ribitsch v. Austria, judgment of 4 December 1995, Series A թիվ 336, կետ 34, and Salman v. Turkey [GC], թիվ 21986/93, կետ 100, ՄԻԵԴ 2000-VII): Ապա Դատարանը կրկնում է, որ հաշվի առնելով իր դերի օժանդակ բնույթը և զգուշանալով առաջին ատյանի դատարանի դեր կատարելուց, այդուհանդերձ, այն կաշկանդված չէ ներպետական դատարանների հետևություններով և կարող է հեռանալ դրանցից, երբ դա անխուսափելի է դառնում կոնկրետ գործի հանգամանքներում (տես՝ օրինակ , Մաթյարն ընդդեմ Թուրքիայի, թիվ 23423/94, կետ 108, 2002թ. փետրվարի 21 ի հակադրություն Էդվարդսն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1992թ. դեկտեմբերի 16, Series A, թիվ 247‑B, էջ 12, կետ 34 և Վիդալն ընդդեմ Բելգիայի, 1992թ. ապրիլի 22, Series A, թիվ 235‑B, էջեր 32-33, կետեր 33-34):
(b) Ապացույցի գնահատումը
101. Տվյալ գործով 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ նախնական քննությունը հանգեցրել է այնպիսի ապացույցների բացահայտմանը, ինչպիսիք են` օգտագործված պահպանակները, որոնցից մեկը 99,9999 տոկոս հավանականությամբ կրում էր առաջին դիմողի վագինալ բջիջները (տես՝ կետ 46), և երկու սրբիչները, որոնք կրում էին սպերմայի հետքեր (տես՝ կետ 47), ինչպես նաև սպերմայի հետքերով հագուստը, որն առաջին դիմողը հավանաբար կրել էր քննարկվող ժամանակահատվածում (տես՝ կետ 48), ոստիկան Խ.-ին պատկանող հագուստը, որը կրում էր այն նույն անտիգենային խմբի վագինալ տարրեր, ինչը որ դիմողը (տես՝ կետ 44), բժշկական փաստաթղթերը, որոնք հաստատում էին առաջին դիմողի կողմից իր երակները կտրելու փորձը, և առաջին դիմողի ինքնախոստովանական բնույթի ձեռագիր ցուցմունքը (տես՝ կետ 43), և դրանք բոլորն էլ հիմնավորվում են դիմողի կողմից դեպքերի առթիվ կատարված նկարագրություններով` կապված վիճելի կրկնվող բռնաբարությունը և տարբեր տեսակի բռնության և վատ վերաբերմունքի գործողությունները պետական մարմինների աշխատակիցների կողմից: Իրոք, հաշվի առնելով այն փաստը, որը 2000 թվականի հուլիսի 5-ի մեղադրական եզրակացությունը, ի թիվս այլնի հիմնված է եղել վերը նշված ապացույցների վրա, ինչպես նաև հաշվի առնելով գործը հարուցող և կարճող որոշումների թիվը (տես՝ կետեր 58-70), կարելի է ասել, որ իշխանությունները չեն ընդունել, որ բողոքները եղել են ճշմարտացի:
102. Դատարանն ապա նշում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի դատավարական կողմի առթիվ իր հետևությունները (տես՝ կետեր 92-97) և այն փաստը, որ ներպետական դատարանները վերը նշված ապացույցները համարել են անընդունելի միայն դատավարական թերությունների պատճառով (տես՝ կետեր 51 և 52) և այն, որ ոչ Կառավարությունը, ոչ էլ ներպետական մարմինները երբեք չեն համարել այդ ապացույցները կեղծ:
103. Հետևաբար, Դատարանն ընդունում է 1999 թվականի նոյեմբերի 25-ի իրադարձությունների՝ առաջին դիմողի կողմից ներկայացված նկարագրությունը:
(c) Վատ վերաբերմունքի լրջության գնահատումը
104. Դատարանը նշում է, որ ընդունել է փաստերն այնպես, ինչպես դրանք նկարագրվել են առաջին դիմողի կողմից, մասնավորապես այն, որ ինքը կալանավորվել է պետական մարմինների կողմից և կրկնակի բռնաբարվել է կալանքի տակ եղած ժամանակ և ենթարկվել է վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների, ինչպիսիք են՝ ծեծը, խեղդելը և էլեկտրական հոսանք անցկացնելը (տես վերը՝ կետեր 17-34):
105. Դատարանը նկատում է, որ իր նախադեպերի համաձայն՝ պետական մարմնի կողմից կալանավորված անձին բռնաբարելը պետք է համարվի շատ լուրջ և նողկալի բնույթի վատ վերաբերմունքի դրսևորում, երբ հանցագործն օգտվում է իր զոհի անօգնական և խոցելի վիճակից: Ավելին, բռնաբարությունը թողնում է խոր հոգեկան վերքեր տուժողի վրա, որոնք չեն անհետանում կամ նվազում ժամանակի ընթացքում, ինչպես ֆիզիկական և հոգեկան բռնության այլ դրսևորումների պարագայում: Զոհը նաև ունենում է սուր ֆիզիկական ցավեր հարկադիր սեռական հարաբերությունների արդյունքում, ինչն ստիպում է նրան ունենալ թե ֆիզիկական և թե հոգեկան խոր տրավմա (տես՝ Aydın, cited above, կետ 83):
106. Հաշվի առնելով վերը նշվածը՝ Դատարանը բավական է համարում այն, որ առաջին դիմողի նկատմամբ ֆիզիկական բռնության գործողությունների համակցությունը (տես՝ կետեր 13, 14, 17, 21 և 31-32) և կրկնվող բռնաբարության գործողությունների առանձնահատուկ դաժանությունը (տես՝ կետեր 14 և 31-32) հանգեցրել են խոշտանգման՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
III. Առաջին դիմողի առնչությամբ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ենթադրյալ խախտում
107. Առաջին դիմողը նաև բողոքել է առ այն, որ իշխանությունները չեն իրականացրել պատշաճ քննություն 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ՝ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների հիմքով:
108. Հաշվի առնելով 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտումը 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ արդյունավետ քննության բացակայության հետևանքով (տես՝ կետ 97)՝ Դատարանը գտնում է, որ չկան Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո առանձին հարցեր՝ հաշվի առնելով տվյալ գործի հանգամանքները:
IV. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի ենթադրյալ խախտումը երկրորդ դիմողի առնչությամբ
109. Երկրորդ դիմողը նույնպես բողոքել է 1999 թվականի նոյեմբերի 25-ին պետական մարմինների կողմից վատ վերաբերմունքի ենթարկվելու և այս առթիվ արդյունավետ քննություն չիրականացնելու կապակցությամբ: Նա հիմնվել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վրա:
A. Կողմերի փաստարկները
110. Կառավարությունը չի ընդունել այս գանգատները: Նրանց հիմնավորումները հիմնականում նույնն են, ինչ առաջին դիմողի դեպքում (տես՝ կետեր 86 և 87):
111. Երկրորդ դիմողը պնդել է իր գանգատները:
B. Դատարանի գնահատականը
1. Քննության ենթադրյալ անհամապատասխանությունը
112. Դատարանը նկատում է, որ երկրորդ դիմողն ունեցել է տուժողի կարգավիճակ 1999 թվականի նոյեմբերի 26-ին առաջին դիմողի կողմից ներկայացված բողոքին առնչվող գործով (տես՝ կետ 35): Ավելին, քննչական մարմինները գործով ապացույցները ճանաչել են բավարար ոչ միայն Խ.-ի և Ս.-ի նկատմամբ պաշտոնի չարաշահման և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի կապակցությամբ մեղադրանքներ ներկայացնելու համար, այլ նաև՝ մեղադրական եզրակացություն կազմելու և գործը դատարան ուղարկելու համար (տես՝ կետ 37):
113. Հաշվի առնելով այս գործոնները՝ Դատարանը գտնում է, որ երկրորդ դիմողն ունի վիճելի բողոք առ այն, որ ինքը ենթարկվել է վատ վերաբերմունքի պետական մարմինների կողմից:
114. Դատարանը կրկնում է, որ երբ անձը բողոք է ներկայացնում առ այն, որ ինքը ենթարկվել է լուրջ վատ վերաբերմունքի ոստիկանների կողմից` ի խախտումն հոդված 3-ի, այդ դրույթը, Կոնվենցիայի 1-ին հոդվածով նախատեսված «Իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի` Կոնվենցիայով նախատեսված իրավունքները և ազատությունները պաշտպանելու» Պետության ընդհանուր պարտականության հետ մեկտեղ, պահանջում է, որպեսզի անցկացվի արդյունավետ պաշտոնական քննություն (տես՝ կետ 91): Այդպիսով, հարց է ծագում` արդյոք իշխանությունները կատարել են գործով արդյունավետ քննություն իրականացնելու իրենց պարտականությունը:
115. Դատարանը նկատում է, որ ինքը գտել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում միևնույն քրեական գործով քննչական մարմինների կողմից մի շարք թերությունների և բացթողումների հետ կապված, ինչպես տեղի է ունեցել առաջին դիմողի գործով (տես՝ կետեր 92-97): Հաշվի առնելով այս դրույթը,և քանի որ 95-րդ կետում նշված պատճառները ճշմարտացի են երկրորդ դիմողի առնչությամբ, Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում վատ վերաբերմունքի մասին երկրորդ դիմողի հայտարարությունների կապակցությամբ ոչ արդյունավետ քննության առումով:
2. Պետական մարմինների կողմից դրսևորված ենթադրյալ վատ վերաբերմունք
(a) Ապացույցի գնահատում
116. Դատարանը հիշեցնում է իր նախադեպային վճիռները, երբ իշխանությունները պարտավոր են ապահովել կալանավորված անձի ֆիզիկական անձեռնմխելիությունը, և որ ապացույցները գնահատելիս այն սովորաբար հղում է կատարել «կասկածից վեր» ապացուցման չափանիշին: Ապացույցը կարող է բխել բավականաչափ ուժեղ, հստակ և միանշանակ հանգամանքների միաժամանակյա առկայությունից կամ փաստի անհերքելի կանխավարկածից (տես՝ կետեր 99-100):
117. Անդրադառնալով տվյալ գործի հանգամանքներին՝ Դատարանը նկատում է, որ երկրորդ դիմողը բողոքել է առ այն, որ ոստիկաններն իրեն ծեծի են ենթարկել և խեղդել 1999 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 18.30-19.00-ն ընկած ժամանակահատվածում (տես՝ կետեր 25-28): Դատարանը նկատում է, որ դիմողի կողմից վկայակոչված վատ վերաբերմունքի ցանկացած տեսակ հետք կթողնեին նրա մարմնի վրա, որոնք կնկատվեին և կարձանագրվեին բժշկի կողմից: Ապա Դատարանը նկատում է, որ իր տրամադրության տակ եղած նյութերը չեն պարունակում նման որևէ բժշկական ապացույց և թույլ չեն տալիս դեպքերի վերաբերյալ երկրորդ դիմողի դիրքորոշումներն կոչել «կասկածից վեր»:
118. Դատարանը, այդուհանդերձ, նկատում է, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին ինքը պահանջել է Կառավարությունից ներկայացնել 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերին առնչվող քննության բոլոր նյութերը, քանի որ Դատարանն այդ նյութերում առկա ապացույցները համարում է վճռորոշ երկրորդ դիմողին վերաբերող բողոքների առումով: Ի պատասխան՝ Կառավարությունը ներկայացրել է միայն քրեական գործի վարույթը կարճելու և վերսկսելու մասին դատավարական որոշումների պատճենները և հրաժարվել է ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ:
119. Քանի որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ համոզիչ բացատրություն իր մերժման վերաբերյալ (տես՝ կետեր 128-131) և հաշվի առնելով վերը նշված սկզբունքները՝ Դատարանը գտնում է, որ կարող է հետևություններ անել այս առթիվ Կառավարության վարքագծի առնչությամբ:
120. Դատարանը գտնում է, որ ողջ քննության ընթացքում երկրորդ դիմողը ներկայացրել է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերին առնչվող կապակցված և համոզիչ փաստարկներ, որոնք ապա հիմնավորվել են քննչական մարմինների կողմից հավաքված ապացույցներով: Քննչական մարմինների կողմից հավաքված նյութերը բավարար են թվում ոստիկաններ Խ.-ի և Ս.-ի նկատմամբ պաշտոնեական դիրքի չարաշահման և երկրորդ դիմողի նկատմամբ վատ վերաբերմունքի առթիվ մեղադրանքների հիմքում դրվելու և այս հիմքով քրեական գործը դատարան ուղարկելու համար (տես՝ կետեր 38-48): Դատարանը նաև նկատում է, որ չի տեսել որևէ նյութ, որը կարող էր կասկած հարուցել երկրորդ դիմողի կողմից ներկայացված բողոքների ճշմարտացիության կամ նրա կողմից ներկայացված տեղեկությունների առթիվ: Ավելին, ներպետական իշխանությունների կամ Կառավարության կողմից չեն ներկայացվել դեպքերի վերաբերյալ այլընտրանքային փաստարկներ:
121. Հաշվի առնելով վերը նշվածը և քննության բացթողումների վերաբերյալ իր ավելի վաղ կատարած հետևությունները, ինչպես նաև առաջին դիմողի կողմից կատարված` 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի նկարագրություններն ընդունելու մասին որոշումը (տես՝ կետեր 102-105)՝ Դատարանն ընդունում է 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի՝ երկրորդ դիմողի կողմից ներկայացված նկարագրությունը:
(b) Վատ վերաբերմունքի աստիճանի գնահատումը
122. Դատարանը նկատում է, որ ինքն ընդունել է փաստերն այնպես, ինչպես դրանք նկարագրված են եqողությունը և դրա ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը՝ Դատարանը հանգում է այն եզրակացությանը, որ քննարկվող վատ վերաբերմունքն ընդհանուր առմամբ իր լրջությամբ և նպատակով հանգեցրել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի:
V. Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վիճելի խախտումներ երկրորդ դիմողի առնչությամբ
124. Երկրորդ դիմողն ապա բողոքել է պատշաճ քննության բացակայության վերաբերյալ՝ հիմնվելով Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների վրա:
125. 3-րդ հոդվածի դատավարական կողմի խախտումների մասին հետևությունների լույսի ներքո` կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ ոչ արդյունավետ քննություն իրականացնելու հետ (տես՝ կետ 117), Դատարանը գտնում է, որ այս առթիվ որևէ խնդիր առկա չէ Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո:
VI. Համապատասխանությունը Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետին
126. Դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի 34-րդ հոդվածի ներքո մասնավոր բողոքների համակարգի արդյունավետ գործունեության համար հատկապես կարևոր է, որպեսզի Պետությունը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը բողոքների առթիվ պատշաճ արդյունավետ քննությունը հնարավոր դարձնելու համար (տես՝ Tanrıkulu v. Turkey [GC], թիվ 23763/94, կետ 70, ՄԻԵԴ 1999‑IV): Այս պարտականությունը պահանջում է, որպեսզի Պայմանավորվող պետությունն անհրաժեշտ տեղեկություններ ներկայացնի Դատարանին առ այն, որ ինքն իրականացնում է փաստերի բացահայտման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ քայլերը կամ կատարում է իր պարտականությունները՝ կապված բողոքների քննության հետ: Իր ձեռքին եղած նման տեղեկություն Կառավարության կողմից չներկայացնելը` առանց բավարար բացատրության, չի կարող հիմք հանդիսանալ միայն դիմողի բողոքի հիմնավորվածության համար, այլ նաև կարող է բացասաբար անդրադառնալ Պատասխանող պետության՝ Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետով նախատեսված պարտականության մակարդակի վրա (տես՝ Թիմուրթաշն ընդդեմ Թուրքիայի, թիվ 3531/94, կետ 66, ՄԻԵԴ 2000-VI): Այն գործերով, երբ բողոքը վեր է հանում խնդիրներ քննության արդյունավետության վերաբերյալ, քննության նյութերը խիստ կարևոր են փաստերի հաստատման համար, և դրանց բացակայությունը կարող է խոչընդոտել Դատարանի կողմից բողոքի առթիվ արդյունավետ քննությանն ընդունելիության փուլում և փաստերի հաստատման փուլում (տես վերը` կետ 70):
127. Դատարանը նկատում է, որ 2006 թվականի դեկտեմբերի 12-ին ինքը պահանջել է Կառավարությունից ներկայացնել 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ հարուցված գործի նյութերը: Այդ նյութերում պարունակվող ապացույցը Դատարանի կողմից համարվել է խիստ անհրաժեշտ տվյալ գործով փաստերի հաստատման համար: Ի պատասխան՝ Կառավարությունը ներկայացրել է միայն քրեական գործի քննությունը դադարեցնելու և վերսկսելու մասին դատավարական որոշումները: Այն հրաժարվել է ներկայացնել որևէ այլ փաստաթուղթ:
128. Դատարանը նկատում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ բացատրություն, որը կարդարացնի Դատարանի կողմից պահանջված կարևոր տեղեկության չտրամադրումը:
129. Հաշվի առնելով պատասխանող Կառավարության համագործակցության կարևորությունը Կոնվենցիային առնչվող գործերով և տվյալ գործին նման գործերով փաստերի հաստատման հետ կապված բարդությունները՝ Դատարանը գտնում է, որ Ռուսաստանի Կառավարությունը խախտել է իր պարտականությունները, որոնք նախատեսված են Կոնվենցիայի 38-րդ հոդվածի 1(a) կետով՝ կապված 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ պահանջվող փաստաթղթերի կրկնօրինակները չներկայացնելու հետ:
VII. Կոնվենցիայի 41-րդ հոդվածը
130. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
A. Վնաս
131. Առաջին դիմողը պահանջել է 70,000 եվրո (EUR), իսկ երկրորդ դիմողը` 30,000 եվրո (EUR) ոչ նյութական վնասի փոխհատուցման համար:
132. Կառավարությունն առարկել է, նշելով, որ տվյալ գործով խախտման հայտնաբերումը ինքնին բավարար փոխհատուցում է:
133. Դատարանը նկատում է, որ բացահայտել է, որ իշխանություններն առաջին դիմողին ենթարկել են կրկնվող բռնաբարության և վատ վերաբերմունքի` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի: Այդ դրույթի ներքո Դատարանը նաև գտել է, որ տեղի չի ունեցել արդյունավետ քննություն 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ` կապված առաջին դիմողի հետ: Հաշվի առնելով Կոնվենցիայի խախտումների լրջությունը, ինչպես նաև նախադեպային որոշումները (տես՝ վերը նշված Այդինի գործը, կետեր 126-31, Միխեևն ընդդեմ Ռուսաստանի, թիվ 77617/01, կետ 163, 2006թ. հունվարի 26 և Սելմունին ընդդեմ Ֆրանսիայի [GC], թիվ 25803/94, կետ 123, ՄԻԵԴ 1999‑V)՝ Դատարանը տրամադրում է առաջին դիմողի պահանջված ողջ գումարը, այն է՝ 70,000 եվրո` ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
134. Ինչ վերաբերում է երկրորդ դիմողին՝ հաստատվել է, որ իշխանությունները ենթարկել են երկրորդ դիմողին անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի՝ ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, և որ տեղի չի ունեցել արդյունավետ քննություն` ի խախտումն այդ դրույթի: Այս դիրքորոշման լույսի ներքո Դատարանն օբյեկտիվորեն տրամադրում է երկրորդ դիմողին 10,000 եվրո ոչ նյութական վնասի փոխհատուցման համար, ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը:
B. Ծախսեր և ծախքեր
135. Դիմողները չեն ներկայացրել պահանջներ այս կետի ներքո, և Դատարանը համապատասխանաբար չի տրամադրում որևէ փոխհատուցում` կապված ծախսերի և ծախքերի հետ:
C. Տուգանային տոկոսներ
112. Դատարանը նպատակահարմար է գտնում, որպեսզի տուգանային տոկոսը գանձվի Եվրոպական կենտրոնական Զանկի սահմանած փոխառության սահմանային տոկոսադրույքի հիման վրա` հավելած երեք տոկոս:
ՎԵՐՈԳՐՅԱԼԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ
1. Մերժում է Կառավարության նախնական առարկությունը:
2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի նկատմամբ 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առնչությամբ` ոչ արդյունավետ քննություն իրականացնելու առթիվ:
3. Վճռում է,որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում առաջին դիմողի նկատմամբ՝ պետական մարմինների աշխատակիցների կողմից կրկնվող բռնաբարության և վատ վերաբերմունքի ենթարկվելու առթիվ:
4. Վճռում է, որ չի առաջանում որևէ առանձին հարց Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո՝ կապված առաջին դիմողի՝ արդյունավետ քննության բացակայության առթիվ բողոքների հետ:
5. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում երկրորդ դիմողի նկատմամբ 1999 թվականի նոյեմբերի 25-ի դեպքերի առթիվ ոչ արդյունավետ քննություն իրականացնելու առնչությամբ:
6. Վճռում է,որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում երկրորդ դիմողի նկատմամբ պետական մարմինների կողմից դրսևորված վատ վերաբերմունքի առթիվ:
7. Վճռում է, որ չի առաջանում լրացուցիչ հարց Կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածների ներքո` կապված երկրորդ դիմողի՝ ոչ արդյունավետ քննության վերաբերյալ բողոքների հետ:
8. Վճռում է, որ չեն պահպանվել Կոնվենցիայի 378-րդ հոդվածի 1(a) կետի պահանջները, և որ Կառավարությունը հրաժարվել է տրամադրել Դատարանի կողմից պահանջվող փաստաթղթերը:
9. Վճռում է,
(a) որ Պատասխանող պետությունը պետք է վճարի առաջին դիմողին վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում 70,000 եվրո (յոթանասուն հազար եվրո) ոչ նյութական վնասի համար, որը պետք է հաշվարկվի ռուսական ռուբլով վճռի կատարման օրվա տոկոսադրույքով՝ ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը,
(b) որ Պատասխանող պետությունը պետք է վճարի երկրորդ դիմողին, վճիռը Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` երեք ամսվա ընթացքում 10,000 եվրո (տասը հազար եվրո) ոչ նյութական վնասի համար, որը պետք է հաշվարկվի ռուսական ռուբլով վճռի կատարման օրվա տոկոսադրույքով՝ ներառյալ բոլոր կիրառելի հարկերն ու տուրքերը, որ վերը նշված եռամսյա ժամկետը լրանալուց հետո մինչև վճարման ավարտը տվյալ գումարներից գոյացող տոկոսները պետք է հաշվվեն այդ ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով՝ գումարած երեք տոկոս:
10. Մերժում է երկրորդ դիմողի կողմից ներկայացված արդարացի փոխհատուցման մնացած մասը:
Կատարված է անգլերեն և ծանուցված է գրավոր 2008 թվականի հունվարի 24-ին՝ համաձայն Դատարանի կանոնների 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Սորեն Նիելսեն Քարտուղար |
Լուկիս Լուկաիդես
Նախագահող |
