Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2011-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.02.2011
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.02.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

    

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

     

ՀՀ վարչական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ՎԴ/2603/05/10

  2011թ.      

Վարչական գործ թիվ ՎԴ/2603/05/10

Նախագահող դատավոր՝ Ա. Միրզոյան

Դատավորներ՝

Ռ. Սարգսյան

Լ. Սոսյան

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

     

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

     

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Գ. Հակոբյանի
Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2011 թվականի փետրվարի 25-ին

քննարկելով Գրիգոր Խաչերյանի ներկայացուցիչ Մկրտիչ Դավթյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 24.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշման դեմ,

       

ՊԱՐԶԵՑ

     

1. Գործի դատավարական նախապատմությունը

Գրիգոր Խաչերյանի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմում ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան)` Երևանի քաղաքապետի 27.03.2008 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

ՀՀ վարչական դատարանի 02.08.2010 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով` հայց ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելու և այն վերականգնելու միջնորդություն չներկայացնելու պատճառով:

ՀՀ վարչական դատարանի 10.08.2010 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 24.08.2010 թվականի որոշմամբ Գրիգոր Խաչերյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գրիգոր Խաչերյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

      

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բողոքի մերժման հիմքում դրել է այն հանգամանքը, որ 09.12.2009 թվականին հայտնի է դարձել, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5/2 հասցեի գույքի նկատմամբ առկա է վեճ, որի պատճառով հայցադիմում է ներկայացվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը նշել է նաև, որ 30.03.2010 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Գրիգոր Խաչերյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդունվել է վարույթ և որ 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշման մասին հայտնի է դարձել քաղաքացիական գործով հրավիրված դատական նիստի ժամանակ: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ վիճարկվող որոշման մասին Գրիգոր Խաչերյանը տեղեկացել է միայն 28.04.2010 թվականին, երբ քաղաքացիական գործով պատասխանող Ամասիկ Մանասերյանի ներկայացուցիչը դատարան է ներկայացրել հայցադիմումի պատասխան, որում նշվել է այդ որոշման մասին: Եվ դա այն դեպքում, երբ Գրիգոր Խաչերյանն իր ձեռքի տակ ունեցել է Երևանի քաղաքապետի խորհրդականի 27.07.2008 թվականի թիվ 04/Խ-862 գրությունը, ըստ որի` Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5/2 հասցեի գույքի վերաբերյալ ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման շրջանակներում Ամասիկ Մանասերյանի և Հովհաննես Խաչերյանի անվամբ օրինականացման հարց չի քննարկվել: Քանի որ վիճարկվող որոշման գոյության մասին Գրիգոր Խաչերյանն իմացել է միայն 28.04.2010 թվականին, միջնորդել է հարգելի ճանաչել դատարան դիմելու բաց թողնված դատավարական ժամկետը:

Դատարանը, մերժելով բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման դեմ բերված բողոքը, բողոք բերած անձին զրկել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքից։

     

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Դատարանի 24.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը։

       

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննարկելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը յուրաքանչյուր անձի համար սահմանում է արդար դատաքննության իրավունք, որի բաղկացուցիչ մասն է հանդիսանում անձի դատական պաշտպանության իրավունքը։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր որոշումներում բազմիցս նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունք։ Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է՝ քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը։ Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից։ Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում։ Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տես՝ Կրեուզն ընդդեմ Լեհաստանի (Kreuz v. Poland), թիվ 28249/95, 2001 թվականի հունիսի 19, կետ 52, Զ-ն և այլոք ընդդեմ Միացյալ Թագավորության (Z. and Others v. The United Kingdom), թիվ 29392/95, 2009 թվականի մայիսի 10, 91-93-րդ կետեր)։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատական պաշտպանության իրավունքը կարող է սահմանափակվել, սակայն կիրառվող սահմանափակումները չպետք է լինեն այն աստիճան, որ խաթարեն այդ իրավունքի բուն էությունը։ Սահմանափակումն անհամատեղելի կլինի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի, և եթե չլինի ողջամիտ հավասարակշռված կապ գործադրվող միջոցների և հետապնդվող նպատակի միջև (տես՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 14.04.2008 թվականի թիվ 3-365(ՎԴ) քաղաքացիական գործով որոշումը, «Պայքար և Հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի թիվ 21638/03 որոշումը, կետ 44)։

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` Եվրոպական դատարանի խնդիրը ներպետական օրենսդրությունը մեկնաբանելը չէ (տես՝ Բրուալլա Գոմեզ դե լա Տորրեն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 19.12.1997 թվականի վճիռը, կետ 31), (Brualla Gցmez de la Torre v. Spain): Վերջինիս դերը հիմնականում դրսևորվում է դատարանների կողմից ներպետական օրենսդրության մեկնաբանությունը Կոնվենցիայի հետ համատեղելիության տեսանկյունից գնահատելով: Այդ կանոնը կիրառելի է նաև դատարանների կողմից փաստաթղթեր լրացնելու կամ գանգատներ ներկայացնելու հետ կապված ժամկետային սահմանափակումներ նախատեսող դատավարական նորմերի մեկնաբանության նկատմամբ (տես՝ Տեոդոր Գարսիան ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 16.12.1997 թվականի վճիռը, կետ 31), (Tejedor Garcվa v. Spain): Եվրոպական դատարանը նշել է նաև, որ գանգատների համար ժամկետային սահմանափակումներ նախատեսող դատավարական նորմերն անկասկած համապատասխան են իրավական հստակության սկզբունքի հետ: Այնուամենայնիվ, դատավարական նման նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է լինեն այնպես, որ կանխարգելեն դատավարության մասնակիցներին օգտագործել իրենց ընձեռված այդ հնարավորությունները (տես՝ Պերեզ դե Ռադա Կավանիլլեսն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1998 թվականի վճիռը, կետ 44-45), (Perez De Rada Cavanilles v. Spain):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, այդ թվում, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետների լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ անձի` դատարան դիմելու իրավունքը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով։ Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի և 72-րդ հոդվածի 3-րդ մասի վերլուծությունից հետևում է, որ դատավարական ժամկետների լրանալուց հետո ներկայացված հայցադիմումները դատարանը վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունում պետք է նշվեն բացթողնման պատճառները:

Սույն գործով Գրիգոր Խաչերյանը հայցադիմում է ներկայացրել՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշումը: Միաժամանակ միջնորդություն է ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ վիճարկվող որոշման գոյության մասին տեղեկացել է միայն 28.04.2010 թվականին:

Դատարանը բողոքը մերժելով նշել է, որ «հայցվորի ներկայացուցիչը դեռևս 09.12.2009 թվականին Երևանի քաղաքապետարանից տեղեկացել է, որ Երևանի Այգեստան 11 փողոցի 1-ին նրբանցքի 5/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ առկա է վեճ, այդ կապակցությամբ հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը 30.03.2010 թվականին ընդունվել է վարույթ և ըստ հայցվորի ներկայացուցչի՝ Երևանի քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշման մասին նրան հայտնի է դարձել քաղաքացիական գործով հրավիրված դատական նիստի ժամանակ, սակայն հայցվորի ներկայացուցիչը միջնորդության և հայցադիմումում բերված վերը նշված պատճառաբանությունները հիմնավորելու և դատավարական ժամկետը հարգելի պատճառով բաց թողնելու վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացրել»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ներկայացված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս Դատարանը պետք է առաջնորդվեր անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարան դիմելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված ժամկետային սահմանափակումները Դատարանը սույն գործով պետք է կիրառեր Գրիգոր Խաչերյանի իրավունքների դատական պաշտպանության մատչելիության լույսի ներքո: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին Գրիգոր Խաչերյանի միջնորդությունը ենթակա է բավարարման, քանի որ Գրիգոր Խաչերյանի ներկայացուցիչը 09.12.2009 թվականին տեղեկացել է, որ Երևանի Այգեստան 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 5/2 հասցեում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ առկա է վեճ, որի կապակցությամբ հայցադիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որը 30.01.2010 թվականին ընդունվել է վարույթ և միայն այդ քաղաքացիական գործի քննության ժամանակ է տեղեկացել Երևանի քաղաքապետի 27.03.2008 թվականի թիվ 1399-Ա որոշման առկայության մասին: Այսինքն` Գրիգոր Խաչերյանը Երևանի քաղաքապետի որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում չէր կարող դիմել դատարան նշված որոշումը վիճարկելու պահանջով:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ ՀՕ-135-Ն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածների ուժով Դատարանի որոշումը վերացնելու համար:

       

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2411-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

       

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական դատարանի 24.08.2010 թվականի «Բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ` վերացնել ՀՀ վարչական դատարանի 10.08.2010 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը մերժելու և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

   

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան