ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 փետրվարի 2019 թվականի N 117-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 565-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով ու 8-րդ հոդվածի 3-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները սահմանելու և Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին հանձնարարություններ տալու իրավասություն վերապահելու մասին» N 565-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերից հանել «առաջին փոխվարչապետը և» բառերը.
2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 12 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. փետրվարի 12-ի N 117-Լ որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. մայիսի 25-ի N 565-Լ որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
1) տարածքային կառավարում, էներգետիկ ենթակառուցվածքներ, տրանսպորտ, ճանապարհներ, բնական պաշարներ, ջրային ոլորտ, աղբահանություն, պետական գույքի կառավարում.
2) բնապահպանություն.
3) տնտեսական զարգացում և գյուղատնտեսություն.
4) կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ.
5) միջուկային անվտանգություն.
6) վիճակագրություն.
7) քաղաքաշինություն.
8) անշարժ գույքի կադաստր.
9) բարեգործություն, այդ թվում՝ բարեգործական ծրագրեր.
10) Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների և դրանցում քննարկվող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝
1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով.
2) հարկային բարեփոխումներ.
3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.
4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.
5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներ և ծրագրեր.
6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի.
7) օրենսդրության գնահատման և կարգավորման քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ աշխատանքներ.
8) հակակոռուպցիոն քաղաքականություն.
9) հանրային ծառայություն:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|