Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.9
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵՇԴ/0023/11/17

ԵՇԴ/0023/11/17 

Նախագահող դատավոր՝ Մ. Պետրոսյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի ապրիլի 18-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Հետաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Նարիման Սմբատյանի և Ռիմա Սմբատյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը Ռուբեն Ափինյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի արարքներում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժվել է։

Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի մայիսի 12-ի որոշմամբ հետաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ Ն.Սմբատյանի բողոքը մերժվել է, և հաստատվել է քրեական գործ հարուցելը մերժելու օրինականությունը։

2017 թվականի հուլիսի 20-ին դիմող Ն.Սմբատյանի ներկայացուցիչ Զ.Հայրապետյանը բողոք է ներկայացրել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել հետաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 22-ի և Երևան քաղաքի դատախազի` 2017 թվականի մայիսի 12-ի որոշումները։

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ դիմող Ն.Սմբատյանի ներկայացուցիչ Զ.Հայրապետյանի բողոքը մերժվել է։

2. Ներկայացուցիչ Զ.Հայրապետյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանել` վերացնելով քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2017 թվականի ապրիլի 22-ի որոշումը։

3. Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը։ Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

4. Հետաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը Ռ.Ափինյանի և Ս.Հովհաննիսյանի արարքներում հանցակազմի բացակայության հիմքով մերժվել է` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Ռուբեն Ափինյանը (...) գնալով Նարիման Սմբատյանի տուն վերջինիցս պարտքով` մեկ ամսից վերադարձնելու պայմանով, 10.000 ԱՍՆ դոլար գումար է խնդրել` ավարտելու իրեն պատկանող ավտոլվացման կետի շինարարությունը, որի դիմաց առաջարկել է գույք գրավադնել։ Նարիման Սմբատյանը Ռուբեն Ափինյանի հետ գտնվելով լավ հարաբերությունների մեջ, համաձայնվել է վերոգրյալ գումարը պարտքով տրամադրել նշված պայմանով (…)։

(…)

(...) Ռուբեն Ափինյանը բացատրություն է տվել այն մասին, որ վերոգրյալ գումարը Նարիման Սմբատյանից պարտքով վերցրել է Սիրանուշ Հովհաննիսյանը` ավարտելու Սիրանուշ Հովհաննիսյանին պատկանող ավտոլվացման կետի շինարարությունը, իսկ Ռուբեն Ափինյանը որևէ բաժնեմաս չի ունեցել դրանից։ Նշել է, որ նշված գրասենյակային տարածքը պատկանել է Ռաֆիկին և Ռուզաննային, ովքեր իր ընկերներն են եղել, իսկ Սիրանուշ Հովհաննիսյանը եղել է իր ընկերուհին և (...) ինքը Ռուբեն Ափինյանը, չէր կարող լինել նշված գրասենյակում« քանի որ այդ օրը իր ծննդյան օրն է եղել։

Սիրանուշ Հովհաննիսյանը բացատրություն է տվել հայտնելով, որ Նարիման Սմբատյանը տեղեկանալով, որ գումար է անհրաժեշտ ավտոլվացման կետի շինարարության համար, որը չնայած, որ եղել է Սիրանուշ Հովհաննիսյանի անվամբ, սակայն դրանից բաժնեմաս է ունեցել նաև Ռուբեն Ափինյանը, համաձայնվել է պարտքով տրամադրել 10.000 ԱՄՆ դոլար գումար մեկ տարուց հետ վերադարձնելու պայմանով, թեև փոխառության պայմանագրում նշվել է 6 ամիս։ Ավելացրել է նաև, որ ինքը երբեք չի հրաժարվել նշված պարտքից, պարզապես ժամանակ է խնդրել Նարիման Սմբատյանից պարտքը մաս֊մաս վերադարձնելու համար։

(…)

(…) Նարիման և Ռիմա Սմբատյանների (…) գումարը վերցվել է պարտքով որոշ ժամանակ անց վերադարձնելու պայմանավորվածությամբ, ինչի կապակցությամբ Նարիման Սմբատյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի միջև կնքվել է քաղաքացիական օրենսդրության պահանջների պահպանմամբ փոխառության պայմանագիր։ (…) [Կ]ողմերի միջև ծագել է վերոգրյալ պայմանագրի դրույթների խախտման արդյունքում առաջացած գումարային վեճ, որը լուծելու համար Նարիման Սմբատյանն արդեն իսկ քաղաքացիական հայցի կարգով դիմել է ընդհանուր իրավասության դատարան։ Նման պայմաններում պետությունը պարտավոր չէ քաղաքացիական օրենսդրության պահանջների պահպանմամբ կնքած գործարքներով քաղաքացիների գույքային և այլ իրավունքների վերականգնումը դիտել հանրային շահի տիրույթում և հանրային միջոցներ ծախսելով իրականացնել նշված մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն, հետևաբար Ռուբեն Ափինյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի գործողություններում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածով նախատեսված հանցակազմը և նրանց ու Նարիման Սմբատյանի միջև ծագած գումարային վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ, որը ենթակա է լուծման քաղ. հայցի կարգով դատարանի միջոցով» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 54-56)։

4.1. Նախաքննական մարմնի կողմից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնից ստացված նյութերում առկա է Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի ու Ս.Հովհաննիսյանի կողմից 2015 թվականի օգոստոսի 26-ին կնքված փոխառության պայմանագիրը (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 44)։

4.2. Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2017 թվականի հոկտեմբերի 18-ին վճռել է Ս.Հովհաննիսյանից հօգուտ Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի բռնագանձել 4.840.000 (չորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ փոխառության գումարը և այդ գումարին 2016 թվականից փետրվարի 26-ից մինչև պարտավորության դադարման օրը հաշվարկվող տոկոսները։

5. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման համաձայն` «(…) Նարիման Սմբատյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որից հետո կողմերի միջև վեճ է առաջացել կապված պայմանագրի կետերի խախտման հետ, այսինքն սույն վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով։ Միևնույն ժամանակ դատարանը գտնում է, որ Ն.Սմբատյանի հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները խարդախության հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում։ Ավելին, նյութերի նախապատրաստման ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել, որով կհաստատվեր Ս.Հովհաննիսյանի կողմից ի սկզբանե Ն.Սմբատյանի վստահությունը չարաշահելու եղանակով խաբելու հանգամանքը։ Բացի այդ, վարույթն իրականացնող մարմինը նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի խախտումներ թույլ չի տվել։

(...)

Դատարանը գտնում է, որ միայն այն փաստը, որ կողմերի միջև կնքվել է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր և առաջացած վեճը լուծելու համար գործի են դրվել մեխանիզմներ քաղաքացիական դատավարության կարգով և հիմք ընդունելով վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի դատարանն իրավասու չէ քրեական դատավարության կարգով քննություն իրականացնել քաղաքացիաիրավական բնույթի իրավահարաբերությունները պարզելու ուղղությամբ և հաստատել այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստեր, գտնում է, որ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը օրինական է և հիմքեր չկան այն վերացնելու» (տե'ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 40-41)։

6. Վերաքննիչ դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 14-ի իր որոշմամբ արձանագրել է. «(…) Նարիման և Ռիմա Սմբատյանների հաղորդմամբ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են։

Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինը Նարիման և Ռիմա Սմբատյանների կողմից ներկայացված հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնք վկայում են Ռուբեն Ափինյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի կողմից Նարիման և Ռիմա Սմբատյանների գույքը` 10.000 ԱՄՆ դոլար գումարը, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու մասին։

Դրա մասին են վկայում մասնավորապես հետևյալ հանգամանքները.

1. Նարիման և Ռիմա Սմբատյանների նույնաբովանդակ բացատրությունների համաձայն` Ռ.Ափինյանը խոստացել է վերջիններիս 10000 ԱՄՆ դոլարի դիմաց գույք գրավադնել, սակայն չի կատարել իր խոստումը` հայտնելով, որ Սիրանուշ Հովհաննիսյանն ունի տուն, ավտոմեքենա և ավտոլվացման կետ, նրանք գումարն անպայման կվերադարձնեն։

2. Ռուբեն Ափինյանն իր բացատրությամբ հերքել է Նարիման Սմբատյանից պարտքով գումար խնդրելու և 10.000 ԱՄՆ դոլար ստանալու հանգամանքը` հայտնելով, որ իրականում վերոնշյալ գումարը Նարիման Սմբատյանից պարտքով խնդրել է Սիրանուշ Հովհաննիսյանը` ավտոլվացման կետ կառուցելու նպատակով, ում հետ կապ չի պահպանում։

3. Սիրանուշ Հովհաննիսյանն իր բացատրությամբ պնդել է Ռուբեն Ափինյանի կողմից Նարիման Սմբատյանից պարտքով գումար խնդրելու և 10.000 ԱՄՆ դոլար ստանալու հանգամանքը, ինչն իրենք միասին օգտագործել են տարբեր գործերի մեջ ներդնելով։

Ռուբեն Ափինյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի կողմից Նարիման և Ռիմա Սմբատյաններին խաբելու կամ նրանց վստահությունը չարաշահելու մտադրությունը` նախքան Նարիման և Ռիմա Սմբատյանների գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը ծագելու, քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դիտավորության մասին են վկայում այն փաստական տվյալները, որ Նարիման Սմբատյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի միջև 26.08.2015 թվականին կնքված փոխառության պայմանագրի կնքումից հետո` մինչև Նարիման և Ռիմա Սմբատյանների միջև 02.11.2016 թվականին գումարի բռնագանձման պահանջի մասին դատարան հայցադիմում ներկայացնելը, ինչպես Ռուբեն Ափինյանի, այնպես էլ Սիրանուշ Հովհաննիսյանի անվամբ որևէ գույք առկա չէ։

(...) Վերոգրյալ փաստական հանգամանքները վկայում են այն մասին, որ Ռուբեն Ափինյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի կողմից մինչև Նարիման և Ռիմա Սմբատյանների գույքին տիրանալը, Ռ.Ափինյանը և Ս.Հովհաննիսյանը նպատակ են ունեցել չկատարելու պայմանագրային պարտավորությունները և ցանկացել են խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել Նարիման և Ռիմա Սմբատյաններին պատկանող գույքը։

Մինչդեռ քաղաքացիաիրավական պարտավորությունների խախտման դեպքում անձը նման նպատակ չի ունենում։

Ամփոփելով վերոշարադրյալ բոլոր հանգամանքներն իրենց համակցությամբ` Վերաքննիչ դատարանը փաստում է, որ քրեադատավարական այս փուլի ընթացքում նախաքննական մարմինն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում և հանրային-իրավական պարտավորություններին համապատասխան, ժամանակային, ինչպես նաև քննչական և այլ դատավարական գործիքակազմի սահմանափակության պայմաններում իրականացրած որոշակի միջոցառումների արդյունքում չի պարզել դիմողներ Նարիման և Ռիմա Սմբատյանների հաղորդման մեջ տեղ գտած այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին, որի պայմաններում մերժելով նյութերով քրեական գործի հարուցումը` հանգել է ոչ ճիշտ հետևության։

Վերաքննիչ դատարանի նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինը դիմողներ Նարիման և Ռիմա Սմբատյանների կողմից ներկայացված դիմումի նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ է ձեռք բերել, որի պայմաններում պարտավոր էր հարուցել քրեական գործ, որից հետո միայն իրականացնել քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բազմակողմանի և լրիվ քննություն, ինչն անտեսվել է նաև Դատարանի կողմից, և արձանագրում է, որ Դատարանը քրեական գործի հարուցումը մերժելու մասին քննիչի որոշման օրինականության ու հիմնավորվածության ստուգման արդյունքում մերժելով դիմողի ներկայացուցչի բողոքը` Նարիման Սմբատյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի միջև առկա հարաբերությունները դիտելով որպես քաղաքացիաիրավական բնույթի վեճ, հանգել է սխալ հետևության։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ Ռուբեն Ափինյանի և Սիրանուշ Հովհաննիսյանի բացատրությունների միջև առկա են էական հակասություններ, որպիսի հանգամանքը ևս վկայում է նախաքննական մարմնի կողմից քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության մասին։

(...) Վերաքննիչ դատարանը` Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտի ստուգման արդյունքում հաշվի առնելով վերոշարադրյալ պատճառաբանությունները, հանգում է այն հետևության, որ դիմողներ Նարիման և Ռիմա Սարգսյանների հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարունակում են հանցագործության հատկանիշներ, Դատարանը` մերժելով հետաքննիչի որոշման դեմ բերված դիմողի ներկայացուցչի բողոքը, խախտել է նյութական և դատավարական օրենսդրության պահանջները, ինչի հետևանքով խախտվել է դիմող Նարիման Սմբատյանի իրավունքներն ու ազատությունները (…)» (տե՛ս նյութեր« հատոր 2-րդ, թերթեր 90-92)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքի հեղինակը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է այն հետևությունը, որ Նարիման և Ռիմա Սմբատյանների հաղորդմամբ նշված հանգամանքների կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար չեն եղել հավաստելու, որ քրեական գործ հարուցելու օրինական հիմքերը բացակայում են, ավելին` հաղորդման նախնական ստուգմամբ ձեռք են բերվել հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ։

Բողոքաբերը գտել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ, քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, հետևաբար Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման։

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանն անտեսել է այն, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու հիմքում դրված պատճառաբանությունները քաղաքացիաիրավական բնույթի վեճի առարկա են կազմել, իսկ այդ վեճն արդեն իսկ լուծվել է քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական կանոններով, մասնավորապես` հօգուտ Նարիման և Ռիմա Սմբատյանների Սիրանուշ Հովհաննիսյանից 4.840.000 ՀՀ դրամ և հաշվարկված տոկոսներ բռնագանձելու մասին Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 18-ի վճռով։

Ըստ բողոքի հեղինակի` վերոգրյալ պատճառաբանություններն իր դատական ակտի հիմքում դնելով` Վերաքննիչ դատարանն արձանագրել է անհրաժեշտություն Նարիման և Ռիմա Սմբատյանների խախտված իրավունքները վերականգնելու նպատակով արդեն իսկ գործադրված քաղաքացիաիրավական և քաղաքացիադատավարական գործիքակազմը քրեաիրավական և քրեադատավարական միջոցներով փոխարինելու վերաբերյալ, որպիսի հանգամանքը Վճռաբեկ դատարանի` Ռուդիկ Բալասանյանի վերաբերյալ գործով որոշմամբ համարվել է անթույլատրելի։

Բացի այդ, ըստ բողոքաբերի, Վերաքննիչ դատարանն իր որոշումը պատճառաբանել է գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու հիմքում դրվող պատճառաբանությամբ` դուրս գալով գործն ըստ էության լուծող և գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքները քննելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով վերաքննիչ դատարանի համար սահմանված կանոններից։

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմանը։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք դիմող Նարիման Սմբատյանի իրավունքների և ազատությունների խախտում արձանագրելու և վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները։

10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին (…)ե։

Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «(...) դատարանը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու շրջանակներում ներկայացված բողոքը հիմնավորված ճանաչելու դեպքում իր դատական ակտում պետք է հստակ պատճառաբանի`

ա) վարույթն իրականացնող մարմնի կողմից քրեադատավարական օրենսդրության որ պահանջն է խախտվել և ինչում է այն դրսևորվել,

բ) դրա հետևանքով անձի որ իրավունքը կամ ազատությունն է խախտվել» (տե՛ս Մանվել և Լիդա Հովհաննիսյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի փետրվարի 27-ի թիվ ԱՐԱԴ/0001/11/14 որոշման 13-րդ կետը)։

11. Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրմամբ իրավական պաշտպանություն հայցելու հնարավորության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես` քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ։ Հակառակ պարագայում կարող է առաջանալ իրավիճակ, երբ նույն փաստի վերաբերյալ առկա լինեն քաղաքացիական դատավարության կարգով և քրեական դատավարության կարգով կայացված օրինական ուժի մեջ մտած իրար հակասող դատական ակտեր, ինչն անթույլատրելի է, քանի որ իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից եթե դատարանները վերջնականապես որոշել են որևէ հարց, նրանց որոշումը չպետք է կասկածի տակ դրվի (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Լ.Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փետրվարի 29-ի որոշման 30-րդ կետը« Վ.Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 գործով 2012 թվականի հունիսի 8-ի որոշման 25-27-րդ կետերը« Ռ.Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը)։

11.1. Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել այն դեպքերում, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը, այդ թվում` վերջնական որոշումների օրինականության նկատմամբ հետագա դատական վերահսկողությունը, չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու ուղղությամբ (տե'ս Վճռաբեկ դատարանի` Տատյանա Բելյավցևայի և Շահեն Գևորգյանի վերաբերյալ 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ԵԱՆԴ/0025/11/16 որոշման 12.1-րդ կետը)։

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Առաջին ատյանի դատարանը, քննության առնելով նախաքննության մարմնի և դատախազի որոշումների դեմ դիմող Ն.Սմբատյանի ներկայացուցիչ Զ.Հայրապետյանի բողոքը, մերժել է այն` նշելով, որ Ն.Սմբատյանի և Ս.Հովհաննիսյանի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որից հետո կողմերի միջև վեճ է առաջացել` կապված պայմանագրի կետերի խախտման հետ, այսինքն` սույն վեճը կրում է քաղաքացիաիրավական բնույթ և ենթակա է լուծման քաղաքացիական դատավարության կարգով։ Միևնույն ժամանակ Առաջին ատյանի դատարանը գտել է, որ Ն.Սմբատյանի հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները խարդախության հանցակազմի հատկանիշներ չեն պարունակում։ Նյութերի նախապատրաստման ընթացքում որևէ ապացույց ձեռք չի բերվել, որով կհաստատվեր Ս.Հովհաննիսյանի կողմից ի սկզբանե Ն.Սմբատյանի վստահությունը չարաշահելու եղանակով խաբելու հանգամանքը։ Բացի այդ, ըստ Առաջին ատյանի դատարանի, վարույթն իրականացնող մարմինը նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի խախտումներ թույլ չի տվել (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ նյութերի նախապատրաստման փուլում վարույթն իրականացնող մարմինը Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի կողմից ներկայացված հաղորդման նախնական ստուգման միջոցով հանցագործության հատկանիշներ մատնանշող բավարար փաստական տվյալներ է ձեռք բերել, որոնք վկայում են Ռ.Ափինյանի և Ս.Հովհաննիսյանի կողմից Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի գույքը` 10.000 ԱՄՆ դոլար գումարը, խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակելու մասին, նշել է, որ դրա մասին են վկայում մասնավորապես հետևյալ հանգամանքները.

- Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի նույնաբովանդակ բացատրությունների համաձայն` Ռ.Ափինյանը խոստացել է վերջիններիս 10000 ԱՄՆ դոլարի դիմաց գույք գրավադնել, սակայն չի կատարել իր խոստումը` հայտնելով, որ Ս.Հովհաննիսյանն ունի տուն, ավտոմեքենա և ավտոլվացման կետ, նրանք գումարն անպայման կվերադարձնեն,

- Ռ.Ափինյանն իր բացատրությամբ հերքել է Ն.Սմբատյանից պարտքով գումար խնդրելու և 10.000 ԱՄՆ դոլար ստանալու հանգամանքը` հայտնելով, որ իրականում վերոնշյալ գումարը Ն.Սմբատյանից պարտքով խնդրել է Ս.Հովհաննիսյանը` ավտոլվացման կետ կառուցելու նպատակով, ում հետ կապ չի պահպանում,

- Ս.Հովհաննիսյանն իր բացատրությամբ պնդել է Ռ.Ափինյանի կողմից Ն.Սմբատյանից պարտքով գումար խնդրելու և 10.000 ԱՄՆ դոլար ստանալու հանգամանքը, ինչն իրենք միասին օգտագործել են տարբեր գործերի մեջ ներդնելով։

Ըստ Վերաքննիչ դատարանի` Ռ.Ափինյանի և Ս.Հովհաննիսյանի կողմից Ն.Սմբատյանին և Ռ.Սմբատյանին խաբելու կամ նրանց վստահությունը չարաշահելու մտադրության` նախքան Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի գույքի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելը ծագելու, քաղաքացիաիրավական պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու դիտավորության մասին են վկայում այն փաստական տվյալները, որ Ն.Սմբատյանի և Ս.Հովհաննիսյանի միջև 2015 թվականի օգոստոսի 26-ին կնքված փոխառության պայմանագրի կնքումից հետո` մինչև Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի միջև 2016 թվականի նոյեմբերի 2-ը գումարի բռնագանձման պահանջի մասին դատարան հայցադիմում ներկայացնելը, ինչպես Ռ.Ափինյանի, այնպես էլ Ս.Հովհաննիսյանի անվամբ որևէ գույք առկա չէ։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը գտել է, որ մինչև Ռ.Ափինյանի և Ս.Հովհաննիսյանի կողմից Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի գույքին տիրանալը, Ռ.Ափինյանը և Ս.Հովհաննիսյանը նպատակ են ունեցել չկատարելու պայմանագրային պարտավորությունները և ցանկացել են խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել Ն.Սմբատյանին և Ռ.Սմբատյանին պատկանող գույքը` արդյունքում նաև վտանգելով անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ նախաքննական մարմինը չի պարզել դիմողներ Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի հաղորդման մեջ տեղ գտած այն տվյալները, որոնք վկայում են հանցագործության հատկանիշների առկայության մասին։

Վերաքննիչ դատարանը գտել է նաև, որ Ռ.Ափինյանի և Ս.Հովհաննիսյանի բացատրությունների միջև առկա են էական հակասություններ, որպիսի հանգամանքը, ըստ Վերաքննիչ դատարանի, ևս վկայում է նախաքննական մարմնի կողմից քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության մասին։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ դիմողներ Ն.Սմբատյանի և Ռ.Սմբատյանի հաղորդման կապակցությամբ իրականացված նախնական ստուգման արդյունքում ձեռք բերված փաստական տվյալները բավարար են փաստելու, որ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարունակում են հանցագործության հատկանիշներ (տե՛ս նաև սույն որոշման 6-րդ կետը)։

13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-11.1-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը բավարարել է դիմողի ներկայացուցչի բողոքը և վերացրել նախաքննության մարմնի որոշումը, առանց պատշաճ իրավական գնահատականի արժանացնելու այն, որ դիմողի կողմից նախաքննության մարմնի որոշման դեմ ներկայացված բողոքով հայցվող իրավական պաշտպանության առարկան կազմում են բացառապես քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր։

Այսպես` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն, որ Ն.Սմբատյանի, Ռ.Սմբատյանի ու Ս.Հովհաննիսյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են, կնքվել են կողմերի փոխադարձ կամահայտնության հիման վրա։ Ընդ որում, այդ մասին հայտնել է նաև հենց Ն.Սմբատյանը։ Նշված քաղաքացիական իրավահարաբերության փաստը կողմերի միջև հաստատվել է փոխառության պայմանագրով, որով Ս.Հովհաննիսյանի համար պարտավորություն է սահմանվել փոխառության կարգով տրված ողջ գումարը` 4.840.000 ՀՀ դրամը, վերադարձնելու մասին (տե'ս սույն որոշման 4.1-րդ կետը)։

Այսինքն` վերոնշյալ հանգամանքների համակցությունը ցույց է տալիս, որ Ն.Սմբատյանի, Ռ.Սմբատյանի ու Ս.Հովհաննիսյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրում են բացառապես քաղաքացիական բնույթ, սակայն Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի ենթարկել վերոնշյալ հանգամանքները։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Ռ.Ափինյանի և Ս.Հովհաննիսյանի բացատրությունների միջև առկա են էական հակասություններ, որպիսի հանգամանքը, ըստ Վերաքննիչ դատարանի, ևս վկայում է նախաքննական մարմնի կողմից քրեական գործ հարուցելու հիմքերի առկայության մասին։ Մինչդեռ նշված փաստական հանգամանքների հաստատման իրավասությունը դուրս է գտնվել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատական ակտի օրինականությունը վերանայող դատարանի լիազորությունների սահմաններից։ Ավելին` Վերաքննիչ դատարանի կողմից ուշադրության չի արժանացել այն հանգամանքը, որ, ըստ էության, նշված փաստական հանգամանքների վերաբերյալ առկա է քաղաքացիական օրենսդրության պահանջներին համապատասխան կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտ (տե՛ս սույն որոշման 4.2.-րդ կետը)։

Նման պայմաններում Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով վեճի առարկա իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթը, հանգել է իրավաչափ հետևության այն մասին, որ վարույթն իրականացնող մարմինը պատշաճ քննություն է կատարել ներկայացված դիմումում նկարագրված դեպքի առթիվ, և կայացված որոշմամբ չեն խախտվել դիմող Ն.Սմբատյանի իրավունքներն ու օրինական շահերը։

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմող Ն.Սմբատյանի իրավունքների և ազատությունների խախտում արձանագրելու և վարույթն իրականացնող մարմնի որոշումը վերացնելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն։

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման օրինականության և հիմնավորվածության ստուգման ընթացքում Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը բեկանելու հիմք է։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, կայացված որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, ուստի պետք է օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմանը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմանը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լ. Թադևոսյան
Ս. Օհանյան