Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.08/1(1454) Հոդ.3
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.06.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0210/01/16

ԵԱՔԴ/0210/01/16

Նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան
                       Դատավորներ՝ Ն. Հովակիմյան
                                                 Ա. Մնացականյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

2018 թվականի հունիսի 15-ին                                                               ք.Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ամբաստանյալ Սուսաննա Արթուրի Գասպարյանի պաշտպան Թամարա Բաղդասարյանի վճռաբեկ բողոքը,  

Պ Ա Ր Զ Ե Ց

 Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է թիվ 09125116 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով։

2. Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ Սուսաննա Արթուրի Գասպարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։        

2016 թվականի նոյեմբերի 7-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ նաև՝ Առաջին ատյանի դատարան)։

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճռով Ս.Գասպարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) ՀՀ դրամի չափով։

4. Վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Գասպարյանի պաշտպան Թ.Բաղդասարյանը։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև՝ Վերաքննիչ դատարան)՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը՝ թողնվել անփոփոխ։

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Ս.Գասպարյանի պաշտպան Թ.Բաղդասարյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2018 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։             

                Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Ս.Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ. (...) 2016 թվականի սեպտեմբերի 07-ին ժամը 17։00-ի սահմաններում Երևան քաղաքի Ռուբինյանց 10 շենքի 17-րդ բնակարանում իրեն պատկանող շունը վերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է Անահիտ Անդրանիկի Աթոյանի հետ, որի ընթացքում բռնի գործողություններ կատարելով ձեռքերով քաշել է վերջինիս մազերից և ձեռքերից, որի հետևանքով Անահիտ Աթոյանը զգացել է ֆիզիկական ցավ ու ստացել առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մակերեսային վերքի ձևով» 1 ։

  7. Առաջին ատյանի դատարանում տուժող Անահիտ Աթոյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ շանը վերադարձնելու հարցի շուրջ 2016թ. սեպտեմբերի 7-ին իր և Ս.Գասպարյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Դեպքի օրը Ս.Գասպարյանը ներխուժել է իրենց տուն, բացել է սենյակների դռները, որից հետո քաշել է իր մազերից, ապա վնասել ձեռքերը և եղունգները, որի հետևանքով ձեռքերին բաց վերքեր են առաջացել: Չկարողանալով ազատվել Ս.Գասպարյանից՝ իր տատիկից` Եպրաքսյա Հարությունյանից է օգնություն խնդրել, ով վեճի ժամանակ տանն է եղել, սակայն չի միջամտել: Ամբաստանյալ Ս.Գասպարյանի պաշտպանի և դատարանի հարցերին Ա.Աթոյանը պատասխանել է, որ ինքը չի կարող ցույց տալ և չի հիշում, թե Ս.Գասպարյանն ինչպես է սեղմել իր ձեռքերը, որ իր եղունգները կոտրել է, նույնիսկ չի պատկերացնում դա, իսկ երբ Ս.Գասպարյանը քաշել է իր մազերը, ինքը կանչել է տատիկին։ Պաշտպանի այն հարցին, թե ձեռքերը սեղմելը մինչև մազերը քաշելն է եղել, թե դրանից հետո, Ա.Աթոյանը պատասխանել է՝ մազերը քաշելուց հետո, սակայն պաշտպանի այն հարցին, թե արդյոք տատիկը տեսել է՝ ինչպես է ամբաստանյալը նրա ձեռքերը սեղմում, տուժողը բացասական պատասխան է տվել։ Պաշտպանի հարցերին պատասխանելիս Ա.Աթոյանը նաև նշել է, որ ամբաստանյալը շան փաստաթղթերը երկու անգամ ցույց է տվել, անձամբ ինքը չի տեսել, սակայն իր մայրը՝ Լուսինե Աթոյանն ասել է, որ Ս.Գասպարյանն այդ փաստաթղթերը ցույց է տվել իրեն։ Տուժողը նաև հայտնել է, որ իր հայրը վաղ առավոտյան իրենից թաքուն է շանը վերադարձրել Ս.Գասպարյանին։ Դատարանի հարցերին պատասխանելիս Ա.Աթոյանը հայտնել է, որ երբ իր տատիկը մոտեցել է, ինքը նրան ցույց է տվել ձեռքը, որովհետև արյուն էր գալիս, և որ վկա Մարի Հակոբյանին ինքը տեսել է հաջորդ օրը իրենց խանութում 2 ։ 

  8. Առաջին ատյանի դատարանում վկա Եպրաքսյա Հարությունյանը ցուցմունքներ է տվել, որ տուժողն իր թոռնուհին է։ Դեպքի օրն ինքը խոհանոցում է եղել, երբ Ս.Գասպարյանը եկել է իրենց տուն՝ շան հետ կապված հարցի շուրջ թոռնուհու` Ա.Աթոյանի հետ զրուցելու համար: Ինքն այդ պահին գտնվել է խոհանոցում, որտեղից երևացել է սենյակի այն հատվածը, որտեղ տեղի է ունեցել վիճաբանությունը: Վկան հայտնել է, որ մտնելով սենյակ՝ տեսել է, որ Ս.Գասպարյանը քաշում է Ա.Աթոյանի մազերից, ամոթանք է տվել նրան և դուրս հանել տանից:

 Մեղադրողի, պաշտպանի և ամբաստանյալի՝ տուժողի մազերը քաշելու մասին հարցերին պատասխանելիս վկան չի պնդել ամբաստանյալի կողմից տուժողի մազերը քաշելու հանգամանքը, այլ միայն նշել է, որ տուժողն ու ամբաստանյալը քաշքշել են միմյանց։ Մեղադրողի այն հարցին, թե արդյոք Ա.Աթոյանի ձեռքից արյուն գալիս էր, վկան բացասական պատասխան է տվել։ Դատարանի այն հարցին, թե բացի կոտրված եղունգից, տուժողի ձեռքին կամ մատին այլ վնասվածք վկան տեսել է, թե ոչ, վերջինս կրկին բացասական պատասխան է տվել 3 ։

9. Առաջին ատյանի դատարանում վկա Լուսինե Աթոյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ անձամբ վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի մասին իմացել է իր աղջկանից՝          Ա.Աթոյանից, ով, ցույց տալով իր ձեռքի վնասվածքները, հայտնել է, որ Ս.Գասպարյանը քաշել է իր մազերից, եղունգները պոկել, սակայն չի նշել, թե Ս.Գասպարյանը քանի անգամ է քաշել մազերից և ինչպես է վնասել եղունգները: Վկայի ցուցմունքների համաձայն՝ վիճաբանության ժամանակ տանն է եղել նաև տուժողի տատը, սակայն վնասվածքը պատճառելու ժամանակ ներկա չի եղել, այլ հետագայում միջամտել և ամոթանք է տվել Ս.Գասպարյանին: Մեղադրողի հարցին վկան պատասխանել է, որ Ա.Աթոյանի ձեռքից արյուն չի եկել 4 ։

10. Առաջին ատյանի դատարանում վկա Մարի Հակոբյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքի ժամանակ գտնվել է ընկերուհու բնակարանում, ով ապրում է այն նույն շենքի 3-րդ հարկում, որտեղ բնակվում է Ա.Աթոյանի ընտանիքը։ Վկայի ցուցմունքների համաձայն՝ ընկերուհու տանը գտնվելու ժամանակ բղավոցներ է լսել, ճանաչել է Ա.Աթոյանի ձայնը, իսկ հաջորդ օրն անձամբ տեսել է Ա.Աթոյանի ձեռքի վնասվածքը, եղունգների կոտրված վիճակը: Վկայի ցուցմունքների համաձայն՝ ձայներ լսելուց հետո իջել է ներքև, գնացել Աթոյանների խանութ և Լ.Աթոյանից իմացել Ա.Աթոյանի և Ս.Գասպարյանի վիճաբանության մասին։ Ամբաստանյալի այն հարցին, թե արդյոք 1-ին հարկի բնակարանի ներսում խոսակցությունը կլսվեր արդյոք 3-րդ հարկում, վկա Մ.Հակոբյանը պատասխանել է, որ ինքը խոսում է բակում, դրսում, այլ ոչ թե բնակարանի ներսում խոսակցության մասին: Լսելով այդ պատասխանը՝ ամբաստանյալն անմիջապես արձագանքել է, որ քրեական գործում չկա որևէ ցուցմունք այն մասին, որ հիշյալ վիճաբանությունը տեղի է ունեցել դրսում: Մեղադրողի հարցին վկան պատասխանել է, որ դեպքի օրը Ա.Աթոյանին չի տեսել, այլ երկրորդ օրն է տեսել, և նա էլ հենց պատմել է, որ վեճ է եղել, և Ս.Գասպարյանը հարվածել է ձեռքին։ Դատարանի այն հարցին, թե արդյոք վկան անձամբ տեսել է տուժողի ձեռքի վնասվածքները, վկա Մ.Հակոբյանը պատասխանել է, որ անձամբ տեսել է, որ նրա եղունգները ջարդվել էին, ձեռքը կապույտ էր, իսկ ձեռքերն էլ դողում էին։ Պաշտպանի հարցին պատասխանելիս Մ.Հակոբյանը հայտնել է, որ Լ.Աթոյանն է խնդրել իրեն ցուցմունք տալ, ինքն էլ համաձայնել է օգնել 5 ։

         11. Առաջին ատյանի դատարանում վկա Համասբյուր Ներսիսյանը ցուցմունքներ է տվել, որ ինքն անձամբ է բերել շանը Մոսկվայից հատուկ Ս.Գասպարյանի համար։ Ցուցմունքներ տալով դեպքի հանգամանքների մասին՝ վկան հայտնել է, որ ինքը և Ս.Գասպարյանը 2016 թվականի սեպտեմբերի 7-ին գնացել են Աթոյաններին պատկանող հացաբուլկեղենի խանութ, որպեսզի զրուցեն շանը վերադարձնելու հարցի շուրջ, քանի որ Ա.Աթոյանը գտել էր շանը և հրաժարվում էր վերադարձնել։ Վկայի ցուցմունքների համաձայն՝ խանութում եղել են Ա.Աթոյանը և նրա մայրը, և տեսնելով շանը՝ իրենք պահանջել են հետ տալ, սակայն Ա.Աթոյանն արհամարհական վերցրել է շանը և հեռացել։ Վկան ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը մնացել է խանութի մոտ՝ շարունակելով խոսել Ա.Աթոյանի մոր հետ, երբ մի քանի րոպե անց խանութի ետնամասից լսելով տուժողի և ամբաստանյալի ձայները, տղայի գոռգոռոցներ, Լ.Աթոյանի հետ դուրս են եկել բակ, տեսել, որ նրանք այնտեղ վիճում են, հետո Ա.Աթոյանի եղբայրը հարբած վիճակում հայհոյել է իրեն և Ս.Գասպարյանին, սպառնացել Ս.Գասպարյանին, փորձել շան փաստաթղթերը վերցնել, բայց ինքը չի տվել, ու իրենք հեռացել են այնտեղից։ Վկա Հ.Ներսիսյանը նշել է նաև, որ այդ ամբողջ ընթացքում Ս.Գասպարյանը ոչ ոքի չի հարվածել, իսկ Ա.Աթոյանի բնակարան գնացել է նրա հրավերով։ Վկան նաև հայտնել է, որ հաջորդ օրը Ս.Գասպարյանը զանգել և ասել է, որ Ա.Աթոյանի հայրը վաղ առավոտյան բերել է շանը։ Մեղադրողի հարցին պատասխանելիս վկան նշել է, որ տուժողն ու ամբաստանյալը միասին են դուրս եկել բնակարանից, եթե Ս.Գասպարյանը ծեծած լիներ Ա.Աթոյանին և վերջինս վնասվածքներ ստացած լիներ, ապա կասեր այդ մասին, սակայն այդ մասին որևէ խոսք չի եղել 6 :

         12. Ս.Գասպարյանը Առաջին ատյանի դատարանում ցուցմունքներ է տվել, որ նախքան դեպքը մի քանի անգամ խնդրել է Ա.Աթոյանին վերադարձնել իր շանը, սակայն վերջինս չի համաձայնել։ Ամբաստանյալի ցուցմունքների համաձայն՝ դեպքի օրն իր ծանոթ Համասբյուր (Հասմիկ) Ներսիսյանի հետ, ով այդ շանը Մոսկվայից բերել և իրեն էր նվիրել, վերցնելով շան փաստաթղթերը, գնացել են տուժողի տան մոտ գտնվող նրանց պատկանող խանութ։ Խոսակցության ընթացքում բորբոքվել են, ձայները բարձրացրել, և որպեսզի խանութի հաճախորդները չլսեն՝ Ա.Աթոյանն իրեն հրավիրել է տուն։ Այնտեղ ինքը փորձել է շանը վերցնել, տուժողն իրեն թույլ չի տվել և հրել է իրեն, ինքն էլ տուժողին է հրել շանը վերցնելու նպատակով։ Իրենց ձայները լսելով՝ եկել է Ա.Աթոյանի տատիկը, և ինքն ու տուժողը երկուսով դուրս են եկել բակ։ Բակում խոսակցությունը շարունակվել է, ներկա են եղել Ա.Աթոյանի մայրը, եղբայրը և Համասբյուր (Հասմիկ) Ներսիսյանը։ Պաշտպանի հարցին ամբաստանյալը պատասխանել է, որ Ա.Աթոյանին չի հարվածել, մազերից չի քաշել, ձեռքի մակերեսային վերքը ինքը չի պատճառել։ Մեղադրողի հարցին ամբաստանյալը պատասխանել է, որ քաշքշել ասելով՝ նկատի ունի, որ ինքը փորձել է շանը վերցնել, իսկ Անահիտն իրեն հետ է պահել, թույլ չի տվել։ Մեղադրողի այն հարցին, թե չէր կարող արդյոք հեռախոսով պատճառվել վնասվածքը, Ս.Գասպարյանը, ցույց տալով իր հեռախոսը, պատասխանել է որ այն ոչ մի սուր եզր չունի։ Տուժողի հարցին պատասխանելիս ամբաստանյալը հայտնել է, որ տուժողի հայրը տեսել է շան փաստաթղթերը և դեպքի հաջորդ օրը հենց ինքն է վերադարձրել շանը։ Դատավորի հարցերին պատասխանելիս Ս.Գասպարյանը պնդել է, որ տուժողի մազերից չի քաշել, նրա ձեռքերից չի բռնել և չի ոլորել նրա ձեռքերը, նա վայր չի ընկել, այլ միայն փոխադարձ հրել են միմյանց 7 ։

13. Դատաբժշկական փորձագետի թիվ 2796 եզրակացության համաձայն՝ Ըստ փորձաքննվողի խոսքերի, 07.09.2016թ. շան հետ կապված վիճաբանության ժամանակ Սուսաննան ներխուժել է իրենց տուն, քաշել է իր մազերից, մի քանի անգամ հարվածել և ճանկռել իր ձեռքը։

  (...)

  Ա.Աթոյանի մարմնական վնասվածքը` աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մակերեսային վերքի ձևով, պատճառվել է սուր եզր ունեցող բութ առարկայով, հնարավոր է որոշման մեջ նշած ժամկետին և հանգամանքներում, որը առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում» 8 :

        14. Առաջին ատյանի դատարանի դատական ակտի համաձայն. (...) Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սուսաննա Արթուրի Գասպարյանի կողմից Անահիտ Անդրանիկի Աթոյանի նկատմամբ այլ բռնի գործողությունների կատարմամբ ծեծը, որը չի առաջացրել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, հաստատված և ապացուցված է, այսինքն` Սուսաննա Արթուրի Գասպարյանը մեղավորությամբ կատարել է հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներին, հետևաբար` վերջինս ենթակա է քրեական պատասխանատվության և պատժի վերը հիշատակված հոդվածով։

        Նման հետևության Դատարանը հանգեց, հաշվի առնելով տուժող Ա.Աթոյանի, վկաների դատաքննական ցուցմունքները, դատարանում հրապարակված և հետազոտված մյուս ապացույցները։

        (...)» 9 ։  

15. Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ (...) ամբաստանյալ Սուսաննա Գասպարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարված լինելու հանգամանքը հիմնավորված է գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված թույլատրելի ու վերաբերելի ապացույցների բավարար ամբողջությամբ, և այդ մեղադրանքով նրա նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու իրավաչափ հիմք չկա։

(...)» 10 ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

16. Վճռաբեկ բողոք բերած անձը գտել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումն օրինական և հիմնավորված չեն, Ս.Գասպարյանն իրեն մեղսագրված արարքը չի կատարել, իսկ վերոնշյալ դատական ակտերը կայացվել են գործի ելքի վրա ազդած նյութական և դատավարական իրավունքի էական խախտումներով։

17. Բողոքաբերը նշել է, որ առաջադրված մեղադրանքի կապակցությամբ իր պաշտպանյալ Ս.Գասպարյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ զբոսնելու ժամանակ կորցրել է իր շանը, փնտրել է, սակայն չի գտել։ Ս.Գասպարյանն անցորդներից տեղեկացել է, որ ինչ-որ մեկը շանը վերցրել և տարել է։ Դեպքից մեկ ամիս անց այգում պատահաբար տեսել է իր շանը մի աղջկա՝ Անահիտ Աթոյանի մոտ։ Տեսնելով շանը՝ անմիջապես ճանաչել է, մոտեցել է Ա.Աթոյանին և ասել, որ շունն իրենն է, սակայն Ա.Աթոյանը հրաժարվել է շանը վերադարձնել։ Հետո Ս.Գասպարյանը գնացել է Ա.Աթոյանի բնակության վայր և իր շանը վերադարձնելու հարցի շուրջ զրուցել նրա ընտանիքի անդամների հետ։ Ա.Աթոյանի հայրը ցանկացել է շանը վերադարձնել Ս.Գասպարյանին, սակայն Ա.Աթոյանը չի համաձայնել։ Այնուհետև Ս.Գասպարյանն Ա.Աթոյանի բնակության վայր է գնացել շունն իրեն նվիրած կնոջ հետ, սակայն Ա.Աթոյանը դարձյալ հրաժարվել է վերադարձնել շանը։ Ա.Աթոյանն իրեն ագրեսիվ է պահել, որի պատճառով էլ վիճաբանել են միմյանց հետ, սակայն այդ ընթացքում Ա.Աթոյանի մազերից չի քաշել և վերջինիս չի հարվածել։ Հաջորդ օրը լուսադեմին Ա.Աթոյանի հայրը շանը բերել և տվել է Ս.Գասպարյանին, իսկ Ա.Աթոյանն այդ մասին տեղեկանալով՝ վրեժ լուծելու շարժառիթով հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն, որ իբր բռնության է ենթարկվել Ս.Գասպարյանի կողմից։ Իսկ Ս.Գասպարյանը գործի քննության ամբողջ ընթացքում մշտապես պնդել է, որ Ա.Աթոյանի մազերից չի քաշել, վերջինիս չի հարվածել, նրա մատի վրայի քերծվածքն ինքը չի պատճառել և տեղյակ չէ, թե այդ քերծվածքն ինչի հետևանք է։ Ս.Գասպարյանը փաստարկել է նաև, որ եթե Ա.Աթոյանի ցուցմունքները համապատասխանեին իրականությանը և ինքը բռնություն գործադրած լիներ Ա.Աթոյանի նկատմամբ՝ ապա վերջինիս հայրը հաջորդ օրը շանը չէր վերադարձնի իրեն։

Վերլուծելով գործի տվյալները՝ բողոքի հեղինակը փաստարկել է, որ գործի փաստական հանգամանքների մասին դատական ակտում շարադրված դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին, այդպիսիք օբյեկտիվ չեն գնահատվել դատարանի կողմից, պաշտպանության կողմի ներկայացրած փաստարկներն ու հիմնավորումներն անտեսվել են, իսկ միջնորդությունները՝ անհիմն մերժվել։

  Բողոքի հեղինակն ընդգծել է, որ դատարանը Ս.Գասպարյանին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ հիմք ընդունելով տուժող Ա.Աթոյանի, նրա մոր, տատի և մտերիմ հարևանուհու հակասական, կանխակալ և ոչ արժանահավատ ցուցմունքները, ընդ որում՝ էական հակասություններ են առկա ոչ միայն վերոհիշյալ անձանց ցուցմունքների միջև, այլ նաև հենց միևնույն անձի տված ցուցմունքներում։

18. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը, Ս.Գասպարյանի վերաբերյալ կայացնել արդարացնող դատական ակտ կամ քրեական գործն ուղարկել Վերաքննիչ դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է՝ հիմնավորված և պատճառաբանված են արդյոք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարելու մեջ Սուսաննա Գասպարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։

20. ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում հետևյալ հանցավոր արարքի համար. «Ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ»։

21. Մեջբերված հանցակազմը Վճռաբեկ դատարանը վերլուծել է Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով որոշման շրջանակներում և իրավական դիրքորոշում հայտնել այն մասին, որ.  «(...) ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով գործի քննության ժամանակ վարույթն իրականացնող մարմինը պետք է ուշադրություն դարձնի և պատշաճ իրավական գնահատության արժանացնի վկաների, տուժողի, ամբաստանյալների ցուցմունքները և գործի այն բոլոր փաստական հանգամանքները, որոնք թույլ կտան սահմանազատել նախ՝ հանցավոր արարքը ոչ հանցավոր արարքից, ապա քրեորեն հետապնդելի մի արարքը մյուս արարքից և դրանց ճիշտ քրեաիրավական գնահատական տալ» 11 ։

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանցանք գործելու մեջ անձի մեղավորության մասին հետևությունը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա, այն պետք է հաստատվի գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի համաձայն`

«1. Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ։

2. Քրեական դատավարությունում ոչ մի ապացույց նախապես հաստատված ապացույցի ուժ չունի։ Դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը չպետք է կանխակալ մոտեցում ցուցաբերեն ապացույցներին, չպետք է դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տան` մինչև դրանց հետազոտումը պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածի համաձայն`

«Գործով հավաքված ապացույցները ենթակա են բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցի վերլուծության, այն այլ ապացույցների հետ համադրելու, նոր ապացույցներ հավաքելու, ապացույցների ձեռքբերման աղբյուրներն ստուգելու միջոցով»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի համաձայն`

«1. Յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից։

2. Հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը, դատավորը, ղեկավարվելով օրենքով, ապացույցները գնահատում են ապացույցների համակցության մեջ` դրանց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության վրա հիմնված իրենց ներքին համոզմամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝

«Մեղադրական դատավճիռը չի կարող հիմնված լինել ենթադրությունների վրա և կայացվում է միայն այն դեպքում, երբ հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունն ապացուցված է դատական քննության ընթացքում։ Հանցանքը կատարելու մեջ ամբաստանյալի մեղավորությունը կարող է համարվել ապացուցված, եթե դատարանը, ղեկավարվելով անմեղության կանխավարկածով, հիմնվելով պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատական քննության ընթացքում գործի հանգամանքների հետազոտման արդյունքների վրա, դատաքննության ժամանակ հետազոտված հավաստի ապացույցների հիման վրա, ամբաստանյալի մեղավորության մասին չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, սույն օրենսգրքի 360 հոդվածի առաջին մասի 1-4-րդ կետերում նշված հարցերին տալիս է հաստատող պատասխաններ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի համաձայն՝ «Դատավճռի նկարագրական-պատճառաբանական մասում ցույց է տրվում (...) 3) այն ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, ինչպես նաև այս կամ այն ապացույցն անարժանահավատ համարելու փաստարկները»։

23. Վերլուծելով ապացուցման քրեադատավարական կանոնները, մասնավորապես անդրադառնալով «ապացույցների բավարարություն» հասկացությանը՝ Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով և զարգացնելով Սիրակ Սաքանյանի,  Մարգար Հակոբյանի, Մակար Հովհաննիսյանի և Աշոտ Մարտիրոսյանի, Ֆրունզիկ Գալստյանի գործերով արտահայտված իրավական դիրքորոշումները, Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով որոշման մեջ նշել է, որ. «(…) «ապացույցների բավարարությունը» որոշելու չափանիշներն են. 

1)               անմեղության կանխավարկածը, 

2)               վարույթն իրականացնող մարմինների ներքին համոզմունքը,

3)              դատավարական որոշումների հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը։

(…) Հանցանք կատարելու մեջ անձի մեղավորությունը հաստատված համարելը ոչ այլ ինչ է, քան անմեղության կանխավարկածի հաղթահարում։ Միևնույն ժամանակ, անձին դատապարտելու համար համարժեք ապացույցների բավարար համակցության բացակայությունը նշանակում է, որ անձի անմեղության կանխավարկածը հաղթահարված չէ։ Այլ խոսքով՝ քրեական դատավարության ընթացքում չապացուցված մեղավորությունը հավասարազոր է ապացուցված անմեղության։

(…) Ներքին համոզմունքը, որպես ապացույցների գնահատման արդյունք, բնութագրվում է օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնների անխզելի կապով. այն, մի կողմից, պետք է բխի հետազոտվող ապացույցների բավարար համակցությունից և հիմնվի դրանց վրա, իսկ մյուս կողմից, անկողմնակալ դիտորդի մոտ պետք է առաջացնի այն վստահությունը, որ ապացույցները հետազոտվել են արդարության բոլոր պահանջների պահպանմամբ։

(...) Ապացույցի արժանահավատության հատկանիշը նույնպես վերաբերում է ապացույցի բովանդակային գնահատմանը։ Արժանահավատ է այն ապացույցը, որի ճշմարտացիությունը կասկած չի հարուցում։ Ապացույցն արժանահավատության տեսանկյունից գնահատելիս դատարանը պետք է հիմք ընդունի հետևյալ հանգամանքները.  

ա) ապացույցի աղբյուրի հատկանիշները (օրինակ՝ փորձագետի ձեռնհասությունը, ցուցմունք տվող անձի շահագրգռվածությունը, որոշ դեպքերում հոգեբանական և ֆիզիոլոգիական հատկանիշները, վիճակը, ինչպես նաև անձին վերաբերող այլ հատկանիշներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ այդ անձի կողմից գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներն ընկալելու, մտապահելու, վերարտադրելու գործընթացի վրա),

բ) ապացույցի ձևավորման հանգամանքները (օրինակ՝ վկայի կողմից կոնկրետ հանգամանքն ընկալելու պայմանները, պաշտպանի, ներկայացուցչի ներկայությունը և այլն),

(…)։

Յուրաքանչյուր ապացույց արժանահավատության տեսանկյունից պետք է գնահատվի ապացույցների համակցության մեջ՝ բազմակողմանի և մանրամասն գնահատելով փաստական տվյալների ստացման աղբյուրները և ապացույցի ձևավորման ամբողջ ընթացքը։ Ապացույցի արժանահավատության վերաբերյալ վերջնական որոշում կարող է կայացվել դրա բովանդակությունն այլ աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ համադրելու արդյունքում։ Որոշակի փաստի վերաբերյալ այս կամ այն աղբյուրից ստացված տեղեկությունների արժանահավատությունը գնահատելու համար անհրաժեշտ է վերլուծել ստացված տեղեկությունների բովանդակությունը, համադրել դրանք այլ ապացույցների հետ, պարզել դրանց համապատասխանությունը կամ հակասությունը, հակասության դեպքում` դրա պատճառները։

Ապացույցի արժանահավատության վերաբերյալ դատարանի եզրահանգումները պետք է հիմնվեն գործում առկա փաստական տվյալների վրա։

32. Ապացույցների գնահատման արդյունքում ձևավորված ներքին համոզմունքն իրավական նշանակություն է ստանում և օբյեկտիվացվում ապացույցների բավարարությունը որոշելու մյուս՝ դատավարական որոշումների հիմնավորման և պատճառաբանման չափանիշի միջոցով (…)։

(…) քրեական դատավարությունում մեղքի հարցը լուծելիս որպես ապացույցների բավարարության շեմ պետք է գործի «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշը։ Ընդ որում, «հիմնավոր կասկածից վեր» ապացուցողական չափանիշ ասելով, պետք է հասկանալ փաստական տվյալների (ապացույցների) այնպիսի համակցություն, որը բացառում է հակառակի ողջամիտ հավանականությունը։ Վերոգրյալը չի նշանակում, որ հանցանք գործելու մեջ անձի մեղավորությունն ընդհանրապես չի կարող առաջացնել որևէ կասկած, սակայն այդպիսի կասկածի հավանականության դեպքում դրա աստիճանը պետք է լինի աննշան (խիստ ցածր)։ Այլ խոսքով՝ մեղադրանքը կազմող յուրաքանչյուր փաստական հանգամանք պետք է հիմնավորվի ապացույցների այնպիսի ծավալով, որը կբացառի դրա ապացուցվածության վերաբերյալ ցանկացած ողջամիտ կասկած» 12 ։

24. Սույն գործի նյութերից երևում է, Ս.Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրեն պատկանող շունը վերադարձնելու հարցի շուրջ վիճաբանել է Ա.Աթոյանի հետ, որի ընթացքում ձեռքերով քաշել է վերջինիս մազերից և ձեռքերից, որի հետևանքով Ա.Աթոյանը զգացել է ֆիզիկական ցավ ու ստացել առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք՝ աջ դաստակի 3-րդ մատի շրջանի մակերեսային վերքի ձևով 13 ։ Առաջին ատյանի դատարանը Ս.Գասպարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքը հաստատված է համարել՝ հիմք ընդունելով տուժող Ա.Աթոյանի, վկաների դատաքննական ցուցմունքները, դատարանում հրապարակված և հետազոտված մյուս ապացույցները 14 ։ Իսկ Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ արձանագրել է, որ ամբաստանյալ Ս.Գասպարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցանքը կատարված լինելու հանգամանքը հիմնավորված է գործով ձեռք բերված և դատաքննությամբ հետազոտված թույլատրելի ու վերաբերելի ապացույցների բավարար ամբողջությամբ, և այդ մեղադրանքով նրա նկատմամբ արդարացման դատական ակտ կայացնելու իրավաչափ հիմք չկա 15 ։  

25. Անդրադառնալով սույն քրեական գործում առկա, ինչպես նաև մեղադրական դատավճռի հիմքում դրված ապացույցներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց ուսումնասիրությունից երևում է, որ Ս.Գասպարյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հերքել է տուժողի մազերից և ձեռքերից քաշքշելու, և նրան որևէ մարմնական վնասվածք պատճառած լինելու հանգամանքը 16 ։ Հակառակը պնդել է տուժող Ա.Աթոյանը, ով ցուցմունք է տվել, որ Ս.Գասպարյանը քաշել է իր մազերից, վնասել ձեռքերը և եղունգները, որի հետևանքով ձեռքերին բաց վերքեր են առաջացել: Սակայն հենց ինքը՝ տուժողը, Ս.Գասպարյանի պաշտպանի և դատարանի հարցերին պատասխանելիս հայտնել է, որ չի կարող ցույց տալ և չի հիշում, թե Ս.Գասպարյանն ինչպես է սեղմել, որ իր եղունգները կոտրել է, նույնիսկ չի պատկերացնում դա։ Տուժողը նաև հայտնել է, որ այդ ժամանակ տանն է եղել իր տատիկը՝ Ե.Հարությունյանը, սակայն վերջինիս կողմից դեպքի մանրամասներին ականատես լինելու հանգամանքի վերաբերյալ տվել է հակասական ցուցմունքներ։ Մասնավորապես, թեև տուժողը նշել է, որ իր մազերը քաշելուն պես ինքն անմիջապես կանչել է տատիկին և որ ամբաստանյալն իր ձեռքերը սեղմել է մազերը քաշելուց հետո, այդուհանդերձ, պաշտպանի հարցին պատասխանելիս նշել է, որ տատիկը չի տեսել, թե ինչպես է Ս.Գասպարյանը սեղմել իր ձեռքերը։ Ուշադրության է արժանի նաև այն, որ համաձայն՝ դատաբժշկական փորձագետի թիվ 2796 եզրակացության Ա.Աթոյանը դատաբժշկական փորձագետին հայտնել է, որ շան հետ կապված վիճաբանության ժամանակ Ս.Գասպարյանը նաև մի քանի անգամ հարվածել է իրեն, սակայն իր դատաքննական ցուցմունքներում տուժողն այդ հանգամանքը չի պնդել 17 ։      

Դեպքի միակ ականատես Ե.Հարությունյանի ցուցմունքներով ևս չի հաստատվում Ս.Գասպարյանի կողմից տուժողի մազերը քաշելու և նրան ձեռքի շրջանում մարմնական վնասվածք պատճառելու հանգամանքը։ Այսպես, թեև դատարանում վկան սկզբում ցուցմունք է տվել այն մասին, որ քանի որ խոհանոցից հյուրասենյակը երևում է, ինքը տեսել է, որ ամբաստանյալը քաշել է տուժողի մազերից՝ այդուհանդերձ իր հետագա ցուցմունքներում դատավարության մասնակիցների հարցերին պատասխանելիս մի քանի անգամ ժխտել է Ս.Գասպարյանի կողմից Ա.Աթոյանի մազերը քաշելու հանգամանքը, այլ պարզապես նշել, որ նրանք քաշքշել են միմյանց։ Վկա Ե.Հարությունյանը նաև նշել է, որ բացի կոտրված եղունգներից, որևէ այլ վնասվածք չի տեսել։ Ընդ որում, վկա Ե.Հարությունյանն իր ցուցմունքում չի նշել թոռնուհու արհեստական եղունգները կոտրելուն ականատես լինելու մասին, այլ նշել է, որ տեսել է եղունգները կոտրված վիճակում։ Ընդ որում, այս առնչությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ տուժողի եղունգները կոտրելը Ս.Գասպարյանին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված չէ: Վկա Ե.Հարությունյանը չի հաստատել նաև իր թոռնուհու ձեռքից արյուն գալու հանգամանքը, թեև Ա.Աթոյանը ցուցմունք է տվել, որ դեպքից անմիջապես հետո տատիկին ցույց է տվել իր արյունահոսող ձեռքը։ Ինչ վերաբերում է եղունգները կոտրվելուն, ապա ինչպես վերը նշվեց, այդպիսի արարք Ս.Գասպարյանին չի մեղսագրվել, և բացի դա, այդպիսի արարքի կատարումը որևէ օբյեկտիվ տվյալով չի ապացուցվում 18 ։                  

Ինչ վերաբերում է վկա Լ.Աթոյանի ցուցմունքներին, ապա վերջինս դեպքին ականատես չի եղել և իր ցուցմունքներում նշել է, որ վիճաբանության մասին տեղեկացել է իր աղջկանից։ Ընդ որում, դատարանում տված իր ցուցմունքներում  վկան հայտնել է, որ տուժողը չի ասել, թե Ս.Գասպարյանը քանի անգամ է հարվածել, ինչպես է կոտրել իր եղունգները։ Վկան նաև նշել է, որ Ա.Աթոյանի ձեռքից արյուն չի եկել 19 ։ 

Վկա Մ.Հակոբյանը ևս դեպքին ականատես չի եղել, այլ պարզապես նշել է, որ դեպքի ժամանակ գտնվել է ընկերուհու բնակարանում, ով ապրում է նույն շենքի 3-րդ հարկում, որտեղ բնակվում է Ա.Աթոյանի ընտանիքը։ Վկայի ցուցմունքների համաձայն՝ ընկերուհու տանը գտնվելու ժամանակ բղավոցներ է լսել, ճանաչել է Ա.Աթոյանի ձայնը, սակայն դեպքի մասին տեղեկացել է ոչ թե տուժողից, այլ Լ.Աթոյանից, իսկ տուժողին տեսել է միայն հաջորդ օրը 20 :

 Վկա Հ.Ներսիսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքից անմիջապես հետո տեսել է ամբաստանյալին և տուժողին, սակայն վերջինս որևէ վնասվածքի մասին չի հայտնել 21 :

26. Սույն որոշման 23-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումները կիրառելով սույն որոշման 25-րդ կետում ներկայացված գործի փաստական հանգամանքների նկատմամբ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության չեն ենթարկել տուժողի, վկաներ Ե.Հարությունյանի, Լ.Աթոյանի և Մ.Հակոբյանի ցուցմունքներն արժանահավատության, ինչպես նաև համակցության մեջ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից: Մասնավորապես, ստորադաս դատարանները նշված ցուցմունքների արժանահավտության տեսանկյունից պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել այն հանգամանքը, որ էական հակասություններ կան տուժողի և դեպքի միակ ականատես վկայի ցուցմունքների միջև: Ստորադաս դատարանները Լ.Աթոյանի ցուցմունքները գնահատելիս անտեսել են նաև ապացույցի արժանահավտությունը որոշելու տեսանկյունից կարևոր նշանակություն ունեցող այն հանագամանքը, ինչպիսին գործի ելքով անձի շահագրգռվածությունն է:  Ընդ որում, Լ.Աթոյանի ցուցմունքները չեն հաստատվում գործում առկա այլ օբյեկտիվ ապացույցներով: Ինչ վերաբերում է Մ.Հակոբյանի ցուցմունքներին, ապա դրանք գնահատելիս ստորադաս դատարանները պատշաճ քննարկման առարկա չեն դարձրել վկայի կողմից համապատասխան տեղեկությունների ստացման պայմանները, այն է՝ թե արդյոք 3-րդ հարկի բնակարանից կարող էր լսվել 1-ին հարկի բնակարանում տեղի ունեցած վիճաբանությունը և արդյոք կարող էին նույնականացվել անձանց ձայները, ինչը տվյալ դեպքում կոնկրետ ապացույցի արժանահավատությունը գնահատելու կարևոր պայման էր: Ստորադաս դատարանների կողմից անտեսվել է նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալի կողմից վկային ուղղված այն հարցին, թե արդյոք 3-րդ հարկի բնակարանից կարող էր լսվել 1-ին հարկի բնակարանում տեղի ունեցած վիճաբանությունը, վկան պատասխանել է, որ ինքը խոսում է բակում տեղի ունեցած վիճաբանության մասին, մինչդեռ, ըստ գործի տվյալների՝ հիշյալ վիճաբանությունը տեղի է ունեցել բնակարանում:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ստորադաս դատարանները որևէ գնահատականի չեն արժանացրել վկա Հ.Ներսիսյանի ցուցմունքները:

Այսպիսով, սույն քրեական գործում առկա ուղղակի ապացույցներն են՝

- Ս.Գասպարյանի ցուցմունքներն այն մասին, որ ինքը տուժողի մազերից չի քաշել, նրան մարմնական վնասվածք չի պատճառել,

- տուժողի հակասական ցուցմունքներն այն մասին, որ Ս.Գասպարյանը քաշել է իր մազերից, սեղմել ձեռքերը, կոտրել եղունգները:

- ինչպես նաև ականատես վկա Ե.Հարությունյանի ցուցմունքները, որոնք էականորեն հակասում են տուժողի ցուցմունքներին և չեն հաստատում դրանք:

Վերոշարադրյալ վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանները պատշաճ ստուգման և գնահատման չեն ենթարկել սույն գործի փաստական հանգամանքները, իսկ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ ամբաստանյալ Ս.Գասպարյանը կատարել է սույն քրեական գործով իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքը։

Հիմք ընդունելով սույն որոշման 22-23-րդ կետերում շարադրված օրենսդրական պահանջներն ու իրավական վերլուծությունները, ինչպես նաև 25-26-րդ կետերում շարադրված փաստական հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը, խախտելով ՀՀ քրեական  դատավարության  օրենսգրքի 18-րդ, 25-րդ, 126-րդ, 127-րդ հոդվածների պահանջները, գործին վերաբերող փոխկապակցված հավաստի ապացույցների բավարար ամբողջության բացակայության պայմաններում Ս.Գասպարյանի նկատմամբ կայացրել է մեղադրական դատավճիռ։ Մինչդեռ, գնահատելով յուրաքանչյուր ապացույցն ըստ վերաբերելիության և թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, ստորադաս դատարանը հաստատված պետք է համարեր, որ գործով ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվում Սուսաննա Գասպարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարումը։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Ս.Գասպարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով մեղադրական դատավճիռ կայացնելիս Առաջին ատյանի դատարանը, իսկ նշված դատական ակտն անփոփոխ թողնելիս նաև Վերաքննիչ դատարանը պատշաճ չեն գնահատել սույն գործի փաստական հանգամանքները և դրանց չեն տվել համարժեք իրավական գնահատական։ Արդյունքում դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի ոչ ճիշտ կիրառում, ինչը հանգեցրել է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող դատական ակտի կայացմանը։ Այսինքն՝ թույլ են տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-398-րդ հոդվածներով նախատեսված նյութական և դատավարական իրավունքի խախտումներ։

Նախորդ կետում նշված խախտումները, որոնք ազդել են ամբաստանյալ Ս.Գասպարյանի մեղավորության հարցը որոշելու վրա, Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի     5-րդ կետի հիման վրա բեկանելու ստորադաս դատարանների դատական ակտերը, ճանաչելու և հռչակելու Ս.Գասպարյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի   118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, և քրեական գործի վարույթը կարճելու։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ,    419-րդ, 422-423-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ  

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Սուսաննա Արթուրի Գասպարյանի վերաբերյալ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի սեպտեմբերի 13-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի դեկտեմբերի 18-ի որոշումը բեկանել, ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Սուսաննա Արթուրի Գասպարյանին ճանաչել անմեղ և արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

1  Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 77-78:

2 Տե՛ս դատական նիստի արձանագրություն:

3 Տե՛ս դատական նիստի արձանագրություն:

4 Տե՛ս դատական նիստի արձանագրություն:

5 Տե՛ս դատական նիստի արձանագրություն:

6 Տե՛ս դատական նիստի արձանագրություն:

7 Տե՛ս դատական նիստի արձանագրություն:

8 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 33-34:

9 Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 53-65:

10 Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 47-65:

11 Տե՛ս Արևիկ և Ծովինար Սահակյանների գործով Վճռաբեկ դատարանի՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ի թիվ ԱՐԴ/0176/01/11 որոշման 20-րդ կետը:

12 Տե՛ս Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի գործով 2014 թվականի հոկտենմբերի 31-ի թիվ ԵԿԴ/0252/01/13 որոշման 29-33-րդ կետերը:

13 Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

14 Տե՛ս սույն որոշման 14-րդ կետը:

15 Տե՛ս սույն որոշման 15-րդ կետը:

16 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը:

17 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

18 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

19 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

20 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը:

21 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան