Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.09.2013
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/2220/05/13

Վարչական գործ թիվ ՎԴ/2220/05/13
2013թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Աբովյան  

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

   

Վ. Աբելյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Է. Հայրիյանի

   

Տ. Պետրոսյանի

 

2013 թվականի սեպտեմբերի 25-ին,

քննարկելով ըստ հայցի Հակոբ Կիրակոսյանի ընդդեմ Երևան համայնքի (այսուհետ` Համայնք)` Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 37 շենքի բակում գտնվող թիվ 843 պաղպաղականոց-տաղավարի զբաղեցրած 14,24քմ մակերեսով հողամասի և 400քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրեր կնքելուն կամ հողի օգտագործման կամ գնման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը ճանաչելու մասին որոշում կայացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին, վարչական գործով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.06.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ Հակոբ Կիրակոսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Հակոբ Կիրակոսյանը պահանջել է պարտավորեցնել Համայնքին Երևանի Դավթաշեն 1-ին թաղամասի թիվ 37 շենքի բակում գտնվող թիվ 843 պաղպաղականոց-տաղավարի զբաղեցրած 14,24քմ մակերեսով հողամասի և 400քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագրեր կնքել իր հետ կամ հողի օգտագործման կամ գնման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը ճանաչելու մասին կայացնել որոշում:

ՀՀ վարչական դատարանի 29.03.2013 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 13.04.2013 թվականի որոշմամբ հայցադիմումի ընդունումը մերժվել է` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.06.2013 թվականի որոշմամբ Հակոբ Կիրակոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 13.04.2013 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հակոբ Կիրակոսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Համայնքը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը        

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասը, 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իրականությանը չի համապատասխանում Դատարանի այն պատճառաբանությունը, որ իբրև թե Համայնքը 07.02.2013 թվականի դիմումին պատասխանել է 20.02.2013 թվականին: Նման գրություն գոյություն չունի, քանի որ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) նամակների ելքային փոստով այդպիսի պատասխան չի առաքվել: Այսինքն` 20.02.2013 թվականի թիվ 20/11-մ884 գրությունը կեղծ է, կազմվել է հետին թվով, իսկ հակառակ դեպքում դրան կկցվեր այն ստանալու մասին հետադարձ ծանուցումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ բացարձակ անհիմն է Դատարանի այն ենթադրությունը, որ Հակոբ Կիրակոսյանի կողմից 07.02.2013 թվականին Երևանի քաղաքապետին (այսուհետ` Քաղաքապետ) ուղղված նույնաբովանդակ դիմումն ըստ էության իրենից ներկայացնում է բաց թողնված դատավարական ժամկետների նորացման փորձ:

Վերաքննիչ դատարանի վիճարկվող որոշմամբ խախտվել է Հակոբ Կիրակոսյանի` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սեփականության իրավունքը, և այն ամենևին էլ չի բխում արդարացի և հրապարակային դատաքննության, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.06.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Հակոբ Կիրակոսյանը ներկայացված հայցի հիմքում դրել է այն հանգամանքը, որ 07.02.2013 թվականին դիմել է Քաղաքապետարան` վիճելի հողամասերի նկատմամբ օգտագործման կամ գնման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը ճանաչելու կամ վարձակալության պայմանագիր կնքելու պահանջով, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացել: Մինչդեռ, նշված պատճառաբանությունն անհիմն է և ոչ ճշմարիտ, քանի որ վկայակոչված դիմումին պատասխանվել է դեռևս 20.02.2013 թվականի թիվ 20/11-մ884 գրությամբ, իսկ Հակոբ Կիրակոսյանը դատարան է դիմել միայն 27.03.2013 թվականին, երբ արդեն դադարել էր վերջինիս` դատարան դիմելու իրավունքը:

Միաժամանակ, Հակոբ Կիրակոսյանը նույն խնդրանքներով 03.02.2012 թվականին, 22.03.2012 թվականին և 10.10.2012 թվականին արդեն դիմել է Քաղաքապետարան, և այդ դիմումներին ևս պատասխանվել է, որպիսի դիմումներից և պատասխաններից ակնհայտ է, որ Քաղաքապետարանի դիրքորոշումը Հակոբ Կիրակոսյանին հայտնի էր դեռևս 03.02.2012 թվականի դիմումի պատասխանը ստանալիս:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայց ներկայացնելու համար սահմանված ժամկետների հաշվարկման հարցին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` պարտավորեցման հայցի դեպքում`

ա. մեկամսյա ժամկետում այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի ընդունումը,

բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է վարչական ակտ ընդունելու համար սահմանված առավելագույն ժամկետը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական վարույթի առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքով կարող են սահմանվել հատուկ` 30 օրից կարճ կամ ավելի երկար ժամկետներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու և որոշումը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում սկզբնական ներկայացնելու օրը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե` նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի թերությունները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենքի ուժով պարտավորեցման հայցի շրջանակներում հայցվորին իրավունք է վերապահված պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է կամ որը վերջինս չի ընդունել, որպիսի հայցատեսակով դատարան դիմելու համար սահմանված է մեկամսյա ժամկետ` վարչական ակտի ընդունումը մերժելու պարագայում, և երկամսյա ժամկետ` վարչական ակտը չընդունելու պարագայում: Առաջին դեպքում անհրաժեշտ նախապայման է մերժման վերաբերյալ վարչական ակտի գոյությունը: Այլապես, վարչական վարույթ իրականացնելու համար սահմանված առավելագույն ժամկետի ավարտից հետո նման վարչական ակտ չընդունվելու դեպքում կիրառելի է երկամսյա ժամկետը: Հետևաբար, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է պարզել անձի դիմումին ի պատասխան ներկայացված գրության` մերժման վերաբերյալ վարչական ակտ լինելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` Հակոբ Կիրակոսյանի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու խնդրանքով (պահանջով) Քաղաքապետին հասցեագրված 03.02.2012 թվականի, 22.03.2012 թվականի, 10.10.2012 թվականի և 28.11.2012 թվականի դիմումներին պատասխանվել է համապատասխանաբար 28.02.2012 թվականի, 26.03.2012 թվականի, 17.10.2012 թվականի և 30.11.2012 թվականի, իսկ 07.02.2013 թվականի դիմումին` 20.02.2013 թվականի գրություններով (գ.թ. 5-12, 46-50), որոնցից 07.02.2013 թվականի դիմումի պատասխանով (20.02.2013 թվականի գրությամբ) (գ.թ. 46) հայտնվել է, որ ներկայումս Քաղաքապետարանում ընթանում են Երևանի ճարտարապետական դիմագիծն ու գեղագիտական տեսքը վերականգնելու, ճարտարապետական փոքր ձևերով արտահայտված կառույցների տեղաբաշխումը կանոնակարգելու հարցերին համապատասխան լուծում տալու վերաբերյալ քննարկումներ, որի ավարտից հետո Քաղաքապետարանը պատրաստակամ է նորից անդրադառնալ բարձրացված հարցի քննարկմանը:

Տվյալ դեպքում Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ Հակոբ Կիրակոսյանը հայցադիմումը կրկին ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի նախկին («Հայցադիմումը վերադարձնելու մասին») որոշման մեջ նշված խախտումով, այն է` կրկին ներկայացված հայցադիմումով հայցվորը չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն: Մասնավորապես` Հակոբ Կիրակոսյանի կողմից Քաղաքապետին ուղղված 03.02.2012 թվականի, 22.03.2012 թվականի, 10.10.2012 թվականի և 28.11.2012 թվականի դիմումներին պատասխանվել է համապատասխանաբար 28.02.2012 թվականին, 26.03.2012 թվականին, 17.10.2012 թվականին և 30.11.2012 թվականին, իսկ 07.02.2013 թվականի նույնաբովանդակ դիմումին` 20.02.2013 թվականին:

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն պատճառաբանությունը, որ հայցադիմումը կրկին դատարան ներկայացնելիս Հակոբ Կիրակոսյանը չի կատարել հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման պահանջը, այն է` չի ներկայացրել բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդություն: Նման պարագայի համար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման, ինչը և իրավացիորեն իրացրել է Դատարանը բողոքարկված որոշմամբ: Ուստի, նշված որոշումը հիմնավորված է և առկա չէ դրա վերացման որևէ իրավական հիմք:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հակոբ Կիրակոսյանի կողմից պարտավորեցման հայց ներկայացնելու ժամկետը պահպանված լինելու կամ չլինելու հարցը պարզելու համար անհրաժեշտ է պատասխանել այն իրավական հարցին, թե արդյոք վերջինիս կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով Քաղաքապետին հասցեագրված 07.02.2013 թվականի դիմումի վերաբերյալ 20.02.2013 թվականի պատասխանը (գրությունը) հանդիսանում է  վարչական ակտ: Ըստ այդմ էլ կորոշվի` կիրառելի է արդյոք ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», թե «բ» ենթակետով սահմանված ժամկետը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետի համաձայն` միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ որևէ որոշում, կարգադրություն, հրաման կամ այլ անհատական իրավական ակտ որպես վարչական ակտ դիտարկելու համար անհրաժեշտ է օրենքով նախատեսված վարչական ակտին բնորոշ հատկանիշները կազմող տարրերի միաժամանակյա առկայությունը: Այսպես, վարչական ակտը պետք է ընդունվի վարչական մարմնի կողմից, ունենա արտաքին ներգործություն, ընդունվի հանրային իրավունքի բնագավառում, հետապնդի կոնկրետ գործի կարգավորման նպատակ և ուղղված լինի անձի համար իրավունքներ կամ պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն, իսկ միջամտող վարչական ակտի միջոցով վարչական մարմինն անձին, ի թիվս այլնի,  մերժում է իրավունքների իրականացումը: Միաժամանակ, վերոգրյալ տարրերից որևէ մեկի բացակայությունը բացառում է վարչական ակտի առկայությունը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հակոբ Կիրակոսյանի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով Քաղաքապետին հասցեագրված 07.02.2013 թվականի դիմումի վերաբերյալ 20.02.2013 թվականի պատասխանը (գրությունը) չի հանդիսանում վարչական ակտ, քանի որ այն չի համապատասխանում օրենքով վարչական ակտին ներկայացվող պահանջներին: Մասնավորապես` նշված գրությամբ Հակոբ Կիրակոսյանին չի մերժվել հայցվող իրավունքի իրականացումը, այլ այն ընդամենը տեղեկատվական բնույթի փաստաթուղթ է, որով վարչական մարմինը հայտնել է այն մասին, որ Քաղաքապետարանում ընթանում են համապատասխան քննարկումներ, որի ավարտից հետո վերջինս պատրաստակամ է նորից անդրադառնալ բարձրացված հարցի քննարկմանը:

Այսինքն` Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում այն հանգամանքը, որ տվյալ դեպքում վարչական մարմինը Հակոբ Կիրակոսյանի 07.02.2013 թվականի դիմումի կապակցությամբ այդպես էլ ըստ էության որևէ վարչական ակտ չի ընդունել, որպիսի պայմաններում նա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի ուժով իր պարտավորեցման հայցը դատարան կարող էր ներկայացնել երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրանար վարչական ակտ ընդունելու համար սահմանված առավելագույն ժամկետը: Դիմումը ներկայացվել է 07.02.2013 թվականին, որի հիման վրա հարուցված վարչական վարույթի առավելագույն` 30-օրյա ժամկետն ավարտվել է 08.03.2013 թվականին, իսկ հայցվորը Դատարան է դիմել 27.03.2013 թվականին, ինչը նշանակում է, որ սույն գործով պահպանվել է նշված  երկամսյա ժամկետը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես Դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ չեն գնահատել Հակոբ Կիրակոսյանի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու պահանջով Քաղաքապետին հասցեագրված 07.02.2013 թվականի դիմումի վերաբերյալ 20.02.2013 թվականի պատասխանը (գրությունը), ինչի արդյունքում հաստատված են համարել այն հանգամանքը, որ Հակոբ Կիրակոսյանը բաց է թողել պարտավորեցման հայց ներկայացնելու ժամկետն այն դեպքում, երբ ժամկետի բացթողում առկա չէ, որպիսի դեպքում վերջինս բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն ներկայացնելու պարտավորություն չի ունեցել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, մերժելով վերաքննիչ բողոքը, խախտել է վկայակոչված նորմերի պահանջները, ինչի արդյունքում սահմանափակել է բողոք բերած անձի` ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով ներկայացված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118.9-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.9-րդ, 118.15-րդ և 118.17-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.06.2013 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 13.04.2013 թվականի «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ե. Սողոմոնյան

  Վ. Աբելյան
  Ս. Անտոնյան
  Ա. Բարսեղյան
  Մ. Դրմեյան
 

Գ. Հակոբյան

  Է. Հայրիյան
  Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան