Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (13.07.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.13/17(1470) Հոդ.184
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0355/02/17

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0355/02/17
2018թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Դատավորներ՝

Ա. Խառատրյան

Ս. Թորոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը

 (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Ս. Միքայելյանի

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի հուլիսի 13-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի ներկայացուցիչ Վահագն Մարտիրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Քրիստինե Քամալյանի ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքի (այսուհետ` Համայնք)` աշխատանքից ազատելու կարգադրությունն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար գումար բռնագանձելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Քրիստինե Քամալյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ կարգադրությունը, վերականգնել նախկին աշխատանքում և գումար բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 19.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (դատավորներ՝ Կ. Չիլինգարյան, Ա. Խառատյան, Ա. Սմբատյան) 03.11.2017 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը վերադարձվել է, և սահմանվել է ժամկետ՝ վերաքննիչ բողոքում թույլ տված թերությունները շտկելու և այն կրկին ներկայացնելու համար:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.12.2017 թվականի որոշմամբ Համայնքի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Քրիստինե Քամալյանի ներկայացուցիչը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.    

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ և 210-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Քրիստինե Քամալյանին և Արմեն Ղազարյանին առաքված նամակների ծրարների վրա նշված են եղել ճիշտ հասցեներ, իսկ փոստային անդորրագրերի վրա կատարված նշումները «Հայփոստ» ՓԲԸ-ի աշխատակցի կողմից կատարված վրիպակի արդյունք են, որպիսի փաստը հաստատվում է «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանի 19.12.2017 թվականի ծառայողական նամակի բովանդակությամբ: Հետևաբար Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ փոստային առաքման անդորրագրերում համապատասխան հասցեների սխալ գրառումները տեղի են ունեցել վերաքննիչ բողոք ներկայացրած անձից անկախ հանգամանքներում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև ակնհայտ այն հանգամանքը, որ Երևան քաղաքը չի գտնվում Կոտայքի մարզում, հետևաբար փոստային անդորրագրերի վրա կատարված վրիպակներն աննշան են, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից սահմանափակվել է բողոք բերած անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել Վերաքննիչ դատարանի 04.12.2017 թվականի որոշումը և կայացնել նոր դատական ակտ»:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Վերաքննիչ դատարանի որոշման և վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերաքննիչ բողոքին կցված անդորրագրերում հայցվորի և նրա ներկայացուցչի հասցեները նշված են ոչ ճիշտ և ոչ ամբողջական, և խոսքը ոչ թե Երևան քաղաքը Կոտայքի մարզում չգտնվելու պարզունակ տրամաբանության, այլ ընդհանրապես նշված հասցեների ամբողջականության և լրիվության մասին է, ինչն էլ իրավացիորեն մատնանշել է Վերաքննիչ դատարանը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.   

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է սույն վճռաբեկ բողոքը ներկայացնելու և վարույթ ընդունելու պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի խախտման և դրա հետևանքով նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

ՀՀ վճռաբեկ դատարանը նույնպես նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ: Այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ այն չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե այն իրավաչափ նպատակ չհետապնդի և եթե չլինի ողջամիտ հարաբերակցություն ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև համաչափության առումով (տե´ս, Ashingdane v. The United Kingdom, թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57):

Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե´ս, Khalfaoui v. France, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները՝ խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի՝ դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):

ՀՀ սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե´ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`

 - դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի     1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս, Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ սկզբունքների լույսի ներքո պետք է մեկնաբանվեն նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ և 213-րդ հոդվածները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ, բացառությամբ այն ակտերի, որոնց համար վերաքննություն օրենքով նախատեսված չէ, վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքի պատճենները` դատական ակտ կայացրած դատարանին և գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելու մասին ապացույցները: (...)

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոք բերող անձը պարտավոր է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները:

Իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 210 հոդվածի պահանջները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրի կողմից սահմանվել է այն ընթացակարգը, որի պահպանմամբ անձը կարող է իրացնել բողոքարկման իր իրավունքը: Ըստ այդմ, վերաքննիչ բողոք բերող անձը պարտավորվում է գործին մասնակցող այլ անձանց պատշաճ ձևով ուղարկել բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ բողոքի և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու՝ վերաքննիչ բողոք բերող անձի պարտականության սահմանումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, այլ ուղղված է գործին մասնակցող անձանց`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված իրենց իրավունքների լիարժեք և արդյունավետ իրականացման ապահովմանը, որոնցից է, օրինակ, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը: Գործին մասնակցող անձը կարող է լիարժեք իրականացնել օրենքով սահմանված իր իրավունքները միայն այն դեպքում, երբ ծանոթ է վերաքննիչ բողոքին և դրա բովանդակությանը (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Ա/Ձ Հասմիկ Գալստյանի թիվ ԵԱՔԴ/0212/04/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ բողոքը գործին մաuնակցող այլ անձանց ուղարկելը նպատակ է հետապնդում վերջիններիս տեղեկացնել դատարանում իրենց իրավունքներին և շահերին առնչվող գործի առկայության մասին: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մաuնակցող այլ անձանց և արդյոք ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի պատշաճ իրականացումը: Նշված պահանջը չպահպանելու դեպքում վերաքննիչ բողոքը ենթակա է վերադարձման:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալը.

ՀՀ սահմանադրական դատարանը 12.07.2016 թվականի ՍԴՈ-1293 որոշմամբ դիրքորոշում է հայտնել այն մասին, որ իրավունքի ցանկացած սահմանափակում` որպես ժողովրդավարական ինստիտուտների և կոնկրետ անձի շահերի միջև հավասարակշռության ապահովման միջոց, պետք է կիրառվի խիստ բացառիկ դեպքերում: Որպեսզի «բացառիկ դեպքեր» հասկացությունը չմեկնաբանվի շատ լայն կամ կամայականորեն, Կոնվենցիան սահմանում է, որ անձի իրավունքները կարող են սահմանափակվել միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում և բխում է պետական անվտանգության, հասարակական կարգի, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ ուրիշ այնպիսի շահերից, որոնք ավելի մեծ հանրային կարևորություն ունեն, քան անձի համար նշված իրավունքների ապահովումն է:

Վճռաբեկ դատարանը վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո հարկ է համարում արձանագրել, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի խախտում չեն կարող դիտվել այն դեպքերը, երբ բողոքն ուղարկվել է թեկուզև որևէ թերություններով նշված հասցեով, սակայն նշված հասցեն բավարար է եղել ծրարը հասցեատիրոջը հանձնելու և իր իրավունքներին և շահերին առնչվող դատական գործի առկայության մասին տեղեկացնելու պահանջը կատարելու համար:

Վերոգրյալ վերլուծությունների հիման վրա Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վերաքննիչ դատարանի կողմից ոչ էական, աննշան թերությունների առկայության պատճառով անձին դատական ակտի բողոքարկման հնարավորությունից զրկելը հանգեցնում է արդար դատաքննության և դրա բաղկացուցիչ տարրը կազմող դատական մատչելիության իրավունքի սահմանափակման՝ նկատի ունենալով, որ դրանով խախտվում է դատավարության կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքը 

 

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն վերաքննիչ բողոքը չի պարունակել (հատոր 2-րդ, գ.թ. 43-44):

Համայնքը 28.11.2017 թվականին ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք (հատոր 2-րդ, գ.թ. 52-69): Վերաքննիչ բողոքին կցվել են «Հայաստան, Կոտայք, Երևան, 0000, Ազատության Պ. 2-րդ նրբ., Արմեն Ղազարյան» բովանդակությամբ թիվ RR250289577AM կոդով (առաքանի թիվ 3163) և «Հայաստան, Կոտայք, ԳՅ Քանաքեռավան, 0000, 10-րդ փ., Քրիստինե Քամալյան» բովանդակությամբ թիվ RR250289594AM կոդով (առաքանի թիվ 3162) փոստային անդորրագրեր (հատոր 2-րդ, գ.թ. 53-54): Ըստ հայցադիմումի՝ Քրիստինե Քամալյանի հասցեն է՝ «ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 10-րդ փողոց, 104 տուն», իսկ Արմեն Ղազարյանի հասցեն է՝ «ք. Երևան, Ազատության պողոտա, 2-րդ նրբանցք, 4-րդ շենք, 20-րդ բնակարան» (հատոր 1-ին, գ.թ. 2):

 Վերաքննիչ դատարանի 04.12.2017 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք կրկին վերադարձվել է՝ այն պատճառաբանությամբ, որ «բողոք բերած անձը թույլ է տվել [իրավահարաբերության ծագման պահին գործող] ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կանոնի խախտում։ Մասնավորապես` կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց (ինչ վերաբերում է վերաքննիչ բողոքին կցված` հայցվորի և նրա ներկայացուցչի անունը պարունակող փոստային առաքման անդորրագրերին (համապատասխանաբար թիվ 3162 առաքանի, կոդը` RR250289594AM, և թիվ 3163 առաքանի, կոդը` RR250289577AM), ապա դրանցում նշված հասցեները (համապատասխանաբար «Կոտայք ԳՅ Քանաքեռավան, 10-րդ փ.» և «Կոտայք Երևան, Ազատության Պ 2-րդ նրբ.»), չեն համապատասխանում նրանց հասցեներին` ըստ գործի նյութերի (համապատասխանաբար «ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 10-րդ փողոց, թիվ 104 տուն» և «ք. Երևան, Ազատության պողոտա, թիվ 2 նրբանցք, թիվ 4 շենք, թիվ 20 բնակարան»), որպիսի պայմաններում այդ անդորրագրերը չեն կարող համարվել բողոքի օրինակը հայցվորին ուղարկված լինելու փաստը հաստատող վերաբերելի ապացույցներ» (հատոր 2-րդ, գ.թ. 70-71)։ 

Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հ. Ավագյանի 19.12.2017 թվականի գրությունը, որի համաձայն՝ մասնավորապես` թիվ RR250289594AM պատվիրված նամակը՝ հասցեագրված Քրիստինե Քամալյանին՝ «ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քանաքեռավան, 10-րդ փողոց, տուն 104» հասցեով, 01.12.2017 թվականին հանձնվել է հասցեատիրոջը: Թիվ RR250289577AM պատվիրված նամակը՝ հասցեագրված Արմեն Ղազարյանին՝ «ՀՀ, ք. Երևան, Ազատության պող., 2-րդ նրբ., շենք 4, բն. 20» հասցեով, Երևանի թիվ 0037 փոստային բաժանմունքում մուտքագրվել է 30.11.2017 թվականին, որից հետո փոստատարի կողմից կատարվել է հասցեով առաքում, սակայն գրանցվել է առաքանու հանձնման անհաջող փորձ՝ առաքանին չի հանձնվել հասցեատիրոջը, թողնվել է ծանուցագիր՝ թիվ 0037 փոստային բաժանմունքից ստանալու համար: Նշված պատվիրված առաքանին գտնվում է Երևանի թիվ 0037 փոստային բաժանմունքում՝ պատվիրված առաքանիների պահպանման ժամկետում:  

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ կողմերի մրցակցության և հավասարության սկզբունքի պահպանության անհրաժեշտությունից ելնելով՝ վերաքննիչ բողոք ներկայացնող անձը պարտավոր էր վերաքննիչ բողոքն ուղարկել նաև գործին մասնակցող այլ անձանց, ընդ որում, այնպիսի պատշաճ հասցեով, որը կապահովեր վերջիններիս կողմից բողոքի ստացումը: Նման պատշաճ հասցեն տվյալ դեպքում հայցվորի և նրա ներկայացուցչի կողմից հայցադիմումում նշված հասցեն էր: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատավարության մասնակցի վրա պատշաճ հասցեով բողոքն այլ անձանց ուղարկելու պարտականությունն այնպիսի սահմանափակում չէ, որը խաթարի դատարանի մատչելիության իրավունքը: Ուստի Համայնքը պարտավոր էր պատշաճ հասցեով բողոքն ուղարկել Քրիստինե Քամալյանին և նրա ներկայացուցչին:

Անդրադառնալով նշված պարտականությունը Համայնքի կողմից կատարված լինելուն՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փոստային անդորրագրերից պարզ է դառնում, որ թեև հասցեատերերի հասցեները նշվել են թերություններով, սակայն թերություններն այնպիսին չեն, որ միանշանակ կերպով կասկածի տակ դնեին Համայնքի կողմից իր դատավարական պարտականությունը կատարված լինելու հանգամանքը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկրորդ անգամ վերադարձնելով վերաքննիչ բողոքը՝ Վերաքննիչ դատարանն այնքան է սահմանափակել Համայնքի` դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս է հասցվել այդ իրավունքի բուն էությանը:

Այսպիսով, ոչ էական թերություններ պարունակող փոստային անդորրագրերը չհամարելով որպես բողոքը գործին մասնակցող այլ անձանց ուղարկած լինելը հավաստող ապացույց՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի և դրա արդյունքում նաև ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 205-րդ հոդվածի խախտում, ինչն ազդել է գործի ելքի վրա:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ Համայնքի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել էր միայն այն պատճառաբանությամբ, որ վերաքննիչ բողոքին կցվել է սահմանված չափից պակաս չափով պետական տուրքի վճարման փաստը հաստատող ապացույց, իսկ պետական տուրքի չվճարված մասով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն վերաքննիչ բողոքը չի պարունակել:

Վերաքննիչ դատարանը 04.12.2017 թվականի որոշմամբ, կրկին ներկայացված վերաքննիչ բողոք վերադարձնելով իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կանոնի խախտման հիմքով, այն է՝ կրկին ներկայացված վերաքննիչ բողոքին չի կցվել դրա օրինակը հայցվորին ուղարկելու փաստը հաստատող որևէ վերաբերելի ապացույց, որևէ դատողություն չի ներկայացվել 03.11.2017 թվականի որոշմամբ արձանագրված թերությունը շտկված լինելու հարցի վերաբերյալ:

Նման պայմաններում անհրաժեշտ է գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության պարզելու համար՝ արդյոք շտկվել է պետական տուրքի մասով արձանագրված վերաքննիչ բողոքի թերությունը, և ըստ այդմ լուծել՝ վերաքննիչ բողոքի ընդունելության հարցը:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` սույն վճռաբեկ բողոքի ներկայացման և վարույթ ընդունման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և  ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 388-րդ, 405-րդ և 406-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.12.2017 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան

Ռ. Հակոբյան

Ս. Միքայելյան
Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան