Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/0059/05/14

2014 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0059/05/14 

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հուլիսի 30-ին

քննարկելով ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.05.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Քաղաքապետարանը պահանջել է Գայանե Մելքոնյանից 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը 20.12.2013 թվականին արձակել է վճարման կարգադրություն։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Մելքոնյանը պահանջել է վերացնել Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 18.09.2013 թվականի թիվ Վ-32/9 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի 21.01.2014 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի և հակընդդեմ հայցը վերադարձրել է:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր`Ա. Միրզոյան) (այսուհետ` Դատարան) 24.03.2014 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.05.2014 թվականի որոշմամբ Գայանե Մելքոնյանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարվել է ՀՀ վարչական դատարանի 24.03.2014 թվականի«Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին»  որոշումը վերացրել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը կարող է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնել միայն այն դեպքում, երբ տվյալ ժամկետը բաց թողած անձն ապացուցում է, որ դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով` իր կամքից անկախ:

Դատարանը ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պարտավոր է պարզել, թե արդյոք հարուցված հայցը ներկայացվել է դրա համար սահմանված դատավարական ժամկետների պահպանմամբ, իսկ հայցը ներկայացնելիս հայցվորն ուղղակիորեն կրում է հայցը` դրա համար սահմանված դատավարական ժամկետներում ներկայացված լինելու հանգամանքն ապացուցելու պարտավորությունը, իսկ բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու միջնորդություն ներկայացված լինելու դեպքում, հայցվորը կրում է սահմանված դատավարական ժամկետների բացթողման պատճառների հարգելի լինելու հանգամանքն ապացուցելու պարտավորությունը:   

Սույն գործով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված վիճարկման հայց ներկայացնելու դատավարական ժամկետը Գայանե Մելքոնյանի կողմից բաց է թողնվել ոչ թե հարգելի պատճառներով` իր կամքից անկախ, այլ նրա կողմից իր դատական պաշտպանության իրավունքից ոչ բարեխիղճ օգտվելու հետևանքով:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.05.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը սխալ կիրառելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է սույն օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնել միջամտող վարչական ակտը (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի միջամտող դրույթները):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել վիճարկման հայցի դեպքում՝ երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև` օրենքով սահմանված այլ եղանակներով:

Նույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշման համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանզի դատարանի մատչելիության իրավունքն ինքնին պետության կողմից կարգավորում պահանջող երևույթ է:: Այս առումով պետությունը որոշակի հայեցողություն ունի: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին դատարանի մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը չի կարող համատեղելի լինել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, եթե դա չի հետապնդում իրավաչափ նպատակ և առկա չէ ողջամիտ հարաբերակցություն` օգտագործվող միջոցների և հետապնդվող իրավաչափ նպատակի միջև (տե'ս` Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռ, կետ 57, Ashingdane v. the United Kingdom, judgment of 28 May 1985, Series A no. 93, p. 24, para. 57):Ժամկետային սահմանափակումները, որոնք սահմանվում են պետության կողմից, հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից, որի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը,  որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել այնպիսի դեպքեր, որոնք տեղի են ունեցել հեռավոր անցյալում՝ այն ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակ անցած լինելու պատճառով: Ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե'ս` Ստաբբինգսը և մյուսներն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, կետ 51,55, Stubbings and Others v. the United Kingdom, Judgment, 22.10.1996, par. 51,55) : Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը պետք է մեկնաբանվեն և կիրառվեն  ՀՀ Սահմանադրությամբ և կոնվենցիայով երաշխավորված անձանց վերոնշված հիմնարար իրավունքների լույսի ներքո:

ՀՀ օրենսդիրը ՀՀ դատական օրենսգրքի 35-րդ, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ և 10-րդ հոդվածներում սահմանել է վարչական դատարանի իրավասության շրջանակը: Ինչպես ցանկացած դատարան, վարչական դատարանն իրավասու է գործադրել օրենքով նախատեսված իր լիազորությունները միայն համապատասխան սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումի դեպքում, այսինքն` օժտված է հատուկ տեսակի իրավասությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` ՙՎարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա՚: Օրենսդիրը, սահմանելով վարչական դատարանում գործի հարուցման հիմքըª համապատասխան հայցը, միաժամանակ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածում սահմանել է այն ժամկետները, որոնց ընթացքում հայցը կարող է ներկայացվել վարչական դատարան: Օրենսդիրը վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները սահմանելու հետ մեկտեղ, միաժամանակ, սահմանել է բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման ինստիտուտը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը: Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումների ընդունումը մերժվում է վարչական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով, եթե բաց թողնված դատավարական ժամկետները վարչական դատարանի որոշմամբ չեն վերականգնվում։ Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված այլ փաստաթղթերը վարչական դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետները վերականգնելու մասին միջնորդությունը։ Նման միջնորդությունը բավարարվում է, եթե վարչական դատարանը համարում է, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:

Օրենսդիրը սահմանելով վարչական դատարան հայց ներկայացնելու ժամկետները, միաժամանակ, հատուկ սահմանել է բաց թողնված ժամկետների վերականգնելու իրավական հնարավորությունը համապատասխան միջնորդության և հարգելի պատճառների առկայության դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերի համար սահմանելով, որ դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց: Այսպիսով, օրենքով սահմանված դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները և այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում և վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով՚:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատավարությանը մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր դեպքերում էլ, բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները:

Վերոնշված իրավական նորմերի համադրված վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքից կարող են օգտվել օրենքով սահմանված ժամկետներում, իսկ այդ ժամկետները բաց թողնելու դեպքում անձինք այլևս չեն կարող իրացնել իրենց այդ իրավունքը: Այսպիսով, որպեսզի վարչական դատարանն իրավասու լինի գործադրել օրենքով սահմանված իր լիազորությունները կոնկրետ իրավական վեճն ըստ էության լուծելու համար, անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, առաջին` համապատասխան հայցի առկայություն, երկրորդ` հայցի ներկայացում վարչական դատարան` վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Դատավարական ժամկետները բաց թողնելու դեպքում երկրորդ պայմանն ապահովված կարող է համարվել միայն կոնկրետ վարչական գործում բաց թողնված դատավարական ժամկետների վերականգնման բավարարված միջնորդության առկայության դեպքում, իսկ մնացած դեպքերում անձը չի կարող օգտվել դատական պաշտպանության իրավունքից, իսկ վարչական դատարանն իրավասու չէ գործադրել օրենքով վարչական դատարանի համար նախատեսված լիազորությունները:

Վերոնշյալ իրավական դիրքորոշման հիման վրա անդրադառնալով սույն գործի փաստերին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանը, դիմելով դատարան, պահանջել է Գայանե Մելքոնյանից 400.000 ՀՀ դրամ բռնագանձելու նպատակով արձակել վճարման կարգադրություն: ՀՀ վարչական դատարանը 20.12.2013 թվականին արձակել է վճարման կարգադրություն։ Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Գայանե Մելքոնյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 18.09.2013 թվականի թիվ Վ-32/9 որոշումը: Դատարանի 21.01.2014 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարվել հայցային վարույթի և հակընդդեմ հայցը վերադարձվել է: Դատարանի 24.03.2014 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժվել է:Վերաքննիչ դատարանը, բավարարելով Գայանե Մելքոնյանի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ «Դատարանը Գայանե Մելքոնյանի միջնորդությունը մերժել է այն պատճառաբանությամբ, որ հայցադիմումին կից վարչական վարույթի նյութերում առկա թիվ AR131100015AM Ծանուցագրի համաձայն` Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված թիվ Վ-32/9 վարչական իրավախախտման որոշումը Գայանե Մելքոնյանը ստացել է 27.09.2013 թվականին: Վերաքննիչ դատարանը հարկ է համարել նշել, որ տվյալ թիվ AR131100015AM Ծանուցագրով որևէ կերպ չի հաստատվում այն, որ Գայանե Մելքոնյանին առաքվել է հենց Երևանի քաղաքապետարանի 18.09.2013 թվականի թիվ Վ-32/9 որոշումը, բացի այդ, որ տվյալ որոշումը ստացել է Գայանե Մելքոնյանի կողմից»:

Վերոնշյալ դիրքորոշման լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են, հետևյալ պատճառաբանությամբ.

Օրենսդիրը վարչական մարմնի համար սահմանել է պարտականություն՝ գրավոր վարչական ակտն ընդունումից հետո` եռօրյա ժամկետում օրենքով սահմանված եղանակով հանձնել վարույթի մասնակիցներին: Վարչական մարմնի կողմից օրենքով իր վրա դրված պարտականությունը պատշաճ կատարելուց հետո է միայն վարչական ակտն ստանում իրավաբանական ուժ և պարտադիր դառնում իր հասցեատիրոջ համար: Միաժամանակ, օրենսդիրը վիճարկման հայց ներկայացնելու համար սահմանել է վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետ: Այսինքն, անձինք իրենց դատական պաշտպանության իրավունքը պետք է իրականացնեն վերոնշված ժամկետներում, իսկ այդ ժամկետները բաց թողնելու դեպքում, այլևս չեն կարող իրացնել այդ իրավունքը, եթե չի վերականգնվել բաց թողնված դատավարական ժամկետները, որոնց վերականգնելու լիազորությամբ օժտված է բացառապես Դատարանը`  կողմի ներկայացրած հիմնավոր միջնորդության հիման վրա:

Սույն գործի փաստերի համաձայն` Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի 18.09.2013 թվականի թիվ Վ-32/9 որոշումը Գայանե Մելքոնյանին է ուղարկվել պատվիրված փոստի միջոցով: Գործի նյութերում առկա թիվ AR131100015AM ծանուցագրի համաձայն` Գայանե Մելքոնյանը թիվ Վ-32/9 որոշումը ստացել է 27.09.2013 թվականին և 28.09.2013 թվականից սկսած վերջինս իրավունք ուներ երկամսյա ժամկետում վիճարկման հայցով դիմել Դատարան վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերացնելու պահանջով: Սակայն Գայանե Մելքոնյանը վարչական ակտը վերացնելու պահանջ ներկայացրել է միայն Դատարանի կողմից վճարման կարգադրություն արձակելուց հետո` 08.01.2014 թվականին, այսինքն` բաց է թողել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետը, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի ուժով Գայանե Մելքոնյանը դատավարական ժամկետների ավարտից հետո կորցրել է հայց ներկայացնելու իրավունքը, քանի որ առկա չէ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու որևէ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հիմք:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 152-րդ և 163-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ,  163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վերացնել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 29.05.2014 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և ՀՀ վարչական դատարանի 24.03.2014 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը և հակընդդեմ հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան